ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ

ԹԵՀՐԱՆԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ 30-ԱՄԵԱԿ ԳԻՐՔԸ

 

 


Շնորհակալութեամբ ստացել ենք Յովիկ Մինասեանի աշխատասիրութեամբ լոյս տեսած Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու պատմութեանը նւիրւած գունաւոր եւ պատկերազարդ գրքոյկը: Ստորեւ ներկայացնում ենք հատւածներ այդ գրքից:


Ինչ վերաբերում է Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասին, նշենք, որ այն Թեհրանի հայաբնակ քաղաքամասերից մէկն է, որի հիմքը դրւել է դեռ 1950-ական թւականներին, երբ 1946 թւականի Հայաստան ներգաղթը կասեցւում է եւ մեծ թւով հայեր Իրանի հայաբնակ գաւառներից ու Թեհրանի տարբեր շրջաններից բնակութիւն են հաստատում այս քաղաքամասում։
Սկզբնական շրջանում քաղաքամասը զուրկ է եղել ամենանախնական հնարաւորութիւններից, սակայն ազգային իշխանութիւնների, բարեգործական միութիւնների եւ ազգանւէր բարերարների նիւթական ու բարոյական օժանդակութիւնների շնորհիւ՝ այն աստիճանաբար ամէն տեսակէտից զարգացում է արձանագրում։
1956 թւականին Զէյթուն քաղաքամասում բնակւում էին 150 հայ ընտանիքներ, որոնք ունէին 93 դպրոցական տարիքի աշակերտներ։ Այդ իսկ պատճառով՝ միտք է յղացւում՝ հիմնելու մի ազգապատկան կրթօջախ, որի անհրաժեշտութիւնը խիստ զգալի էր։ Այս ցանկութիւնն իրականանում է քաղաքամասի առաջին դպրոցը՝ Շիրւանզադէ անւամբ, որը հետագայում վերանւանւում է Արարատ։ Հետզհետէ այդ դպրոցում են կենտրոնանում քաղաքամասի ազգային-կրօնական եւ մշակութային բոլոր աշխատանքները, նաեւ այն մի առ ժամանակ ծառայում է որպէս եկեղեցի։ 1981 թւականից եկեղեցական արարողութիւնները կատարւում են Սուքերեան սրահում, մինչեւ Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու աշխատանքների սկսումը՝ 1983 թւականին։
Զէյթուն քաղաքամասի հայ բնակչութեան մեծ փափագն էր եկեղեցի ունենալը։ Երկար սպասելուց յետոյ՝ վերջապէս իրականացաւ այդ ցանկութիւնը եւ նրանք բախտ ունեցան՝ տեսնելու մի եկեղեցի, ուր կարող էին իրենց աղօթքները մատուցել Աստծուն։
Եկեղեցու հողամասը գնելու նպատակով՝ Տէր Գրիգոր աւ. քհնյ. Տէր-Պետրոսեանի նախագահութեամբ եւ քաղաքամասի մի շարք ազնւահոգի անձանց օժանդակութեամբ 1979 թւականին կեանքի կոչւեց Հանգանակիչ մարմին, որը կարճ ժամանակահատւածում քաղաքամասի բնակիչներից հանգանակեց 1,400,000 թուման։ Այս գումարին աւելացւեց Թ.Հ.Թեմական խորհրդի ներդրած գումարը, որով գնւեց 1600 քառ. մետր տարածութեամբ հողամաս։ Հետագայում Թեմական խորհրդի միջոցով գնւեցին յարակից երկու բնակարաններ, որոնցով ներկայում եկեղեցու տարածքը կազմում է 1834.5 քառ. մետր։ Ունի ընդհանուր առմամբ 450 քառ.մետր կառուցւածք, իսկ եկեղեցուն յատկացւած կառոյցը կազմում է 340 քառ.մետր։ Գմբէթի բարձրութիւնը յատակից 19.90 մետր է, որը ամենաբարձրն է Թեհրանի հայոց միւս եկեղեցիների գմբէթների համեմատ։ Եկեղեցու երկարութիւնը շուրջ 26 մետր է, լայնքը՝ 19.30 մետր։ Կառուցման համար օգտագործւել են՝ մետաղ, աղիւս եւ ցեմենտ շինանիւթերը։
Եկեղեցու զանգերը բերւել են Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցուց, որոնցից մէկի վրայ մակագրւած է 1896 թւականը։
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հողի օրհնութեան արարողութիւնը կատարւեց 1976 թւականին։
Եկեղեցու կառուցման աշխատանքներն աւարտւեցին 1982 թւականի ամռանը։ Օծումը կատարւեց 1983 թւականի ուրբաթ Յունւարի 14-ին՝ Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ։

 

Յոյս թիւ 125

27 Յունիս 2012