ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ


ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՒԱԾ ԷՋԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ
 

Ռոբերթ Սաֆարեան

 


Հրաշալի պատմական աշխատութիւն է Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի Նոր Ջուղայի Պատմութիւնը:
Ընդհանրապէս ասւում է, որ Շահ Աբբասը Հայերին բերեց Իրան եւ նրանց կալւածներ եւ հնարաւորութիւններ ընծայեց եւ հովանաւորեց, ինչի արդիւնքում բարգաւաճեց եւ հարստացաւ Նոր Ջուղան, հիմնականում իր վաճառականների հարստանալու արդիւնքում: Ասւում է նաեւ, որ Շահ Աբբասի միջոցով հայերի գաղթը Իրան բռանգաղթ էր, որի ընթացքում զոհւեցին հազարաւոր մարդ: Յարութիւն Յովհանեանը պատմում է իրականութեան երկու կողմի մասին էլ: Թէ՛ նկարագրում է բռնագաղթը, թէ՛ հայերի հաստատումն ու բագաւաճումը Նոր Ջուղայում: Նա բացատրում է Շահ Աբբասի հակասական եւ երկկողմանի, բարիացակամ եւ միաժամանակ բռնապետական, վերաբերմունքի պատճառները:
Սաֆաւեան թագաւորութեան վերջին արքայ` Շահ Սուլթան Հուսէյնի օրերից սկսում է Նոր Ջուղայի անկումը. վաճառականները եւ արհեստաւորները սկսում են թողնել Ջուղան եւ գաղթել Բուշեհր, Բասրա եւ այլ համեմատաբար ապահով քաղաքներ: Նրանց բնակարանները մնում է թափուր եւ քաղաքն սկսում է աւերւել, բնակչութիւնը պակսել: Գաղթողները չէին կարողանում վաճառել իրենց տները կամ ծախել տան կահկարասին: Ահա այս մասին հետեւեալն է գրում Պատմութիւն Նոր Ջուղայի հեղինակը. ...չորեքպատիկ վարձով ջորեպաններ վարձելով, գիշերւայ մէջ ելնելով` հեռանում էին Ջուղայից, իրենց ճամբորդութիւնը կատարում էին զոյգ իջեւաններով եւ փութարշաւ, որ չլինի թէ փնտրողները հետապնդեն նրանց, բռնեն եւ վերադարձնեն Ջուղա: Իրենց տներից մեկնելու ժամանակ փակում էին դուռը եւ բանալին ձգում էին տանիքները, բոլոր կարասիները լքելով դրանց մէջ եւ իրենց հետ վերցնելով միայն թեթեւակշիռ եւ թանկարժէք ստացւածքներ:
Ջուղայի դէմ հալածանքն ու ճնշումները Նադեր Շահի օրօք հասնում են իրենց գագաթնակէտին, սակայն Քեարիմ Խանի ժամանակներում քիչ թէ շատ մեղմանում են: Շահ Աբբասի օրօք հայերի բռնագաղթի եւ Իրանի սահմանադրական յեղափոխութեանը հայերի մասնակցութեան միջեւ ընկած համարեա երկու դարերի մասին քիչ բան գիտենք եւ այս գիրքը այդ առումով վստահելի աղբիւր է համարւում:
Կրօնափոխութեան սպառնալիքը զգալի է եղել բոլոր շրջաններում: Դա, երեւի, բնական է եղել մուսուլման երկրում ապրող քրիստոնեայ բոլոր համայնքների համար: Սական սկսած Շահ Աբբասի ժամանակից, դա չի եղել ընդհանուր քաղաքականութիւն: Յամենայն դէպս, Պատմութիւն Նոր Ջուղայի գրքում բազմիցս խօսւում է ուրացողներ-ի մասին եւ ասւում է, որ նրանց կողմից աւելի մեծ բռնութիւններ են գործադրւել Ջուղայի հասարակ հայ բնակչութեան նկատմամբ: Ապակեգործների դէպքը (գլուխ 57) եւ Լոյս Գրիգորի նահատակութիւնը (գլուխ 29), սիմւոլիկ պատումներ են, որոնք վկայում են կրօնափոխութեան վտանգի միշտ ներկայ սպառնալիքի մասին մասին:
Իսկ երբ օտար, քրիստոնեայ պետութիւնների հետ պատերազմ էր լինում, հայերը, որպէս քրիստոնեաներ, կասկածի էին ենթարկւում, որ հաւանական է օգնեն թշնամուն եւ ստիպւած էին խիստ պնդումներով, նամակագրութիւններով եւ այլ միջոցներով ապացուցել, որ այդպէս չէ: Այս մասին լաւ օրինակ է 1856-ին տեղի ունեցած Իրանի եւ անգլիացիների միջեւ կռիւը (գլուխ 66):

Տէր Յարութիւն Յովհանեանը իր գիրքը շարադրելիս, հետաքրքրւած է միայն իրականութիւնները արձանագրելով, եւ շատ լուրջ հետեւում է պատմագրութեան այս սկզբունքին: Նա հոգեւորական է, բայց այս գրքում հրապարակ չի գալիս որպէս քրիստոնեայ քարոզիչ, այլ որպէս անաչառ պատմաբան: Այս գրքում չկայ մերօրեայ իմաստով ազգային գաղափարախօսութիւն` անկախ հայրենիքի ստեղծում կամ վերադարձ հայաստան: Մեր օրերի պէս, եթէ գնում էին Ջուղայից, գնում էին աւելի հեռու: Չկայ բռնութիւնների դէմ պայքարելու միտում, կայ միայն գլուխը պահելու, գոյատեւելու հարց եւ ժողովրդի օրա-ւուր աղքատացում:
Իհարկէ չմոռանանք, որ խօսքը ֆէոդալական միապետական բռնակալութեան մասին է, ուր կամայականութիւնները եւ առօրեայ հալածանքը, կեղեքումները եւ հարկահաւաքները օրէնք էին եւ դրանց էր ենթարկւած երկրի ողջ բնակչութիւնը, ոչ միայն հայերը: Միայն թէ հայերի համար կրօնական տարբերութիւնը մի աստիճան եւս ծանրացնում էր նրանց վիճակը:

 

Յոյս թիւ 125

27 Յունիս 2012