ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆԸ` ՖԻԶԻԿԱՅԻ ԴՈԿՏՈՐ

 


Յոյս երկշաբաթաթերթի ընթերցողը արդէն ծանօթ է Շանթ Բաղրամեանի անւանը: Նա մեր թերթի էջերում ներկայացրել է ժամանակակից գրականութեան աչքառու դէմքերին եւ տպագրել` իր պատմւածքները: Շանթը մի քանի տարի նախագահում էր Արարատ-ի սկաուտական միութիւնը եւ կարեւոր դեր ունեցաւ այդ միութեան աշխատանքների աշխուժացման գործում: Եւ այժմ Շանթը նաեւ ֆիզիկայի դոկտոր է: Անցեալ տարի Օգոստոսին նա պաշտպանեց իր աւարտաճառը Թեհրանի Շարիֆ համալսարանի ֆիզիկայի դեպարտմենտում: Շանթ Բաղրամեանի թեզը կոչւում էր Տիեզերագիտական դիտարկումներ` մութ էներգիա եւ ձեւափոխւած ձգողական ուժ: Դա պատկանում է տիեզերագիտութեան (cosmology) գիտական ոլորտին եւ տպագրւել է միջազգային հեղինակաւոր գիտական պարբերաթերթերում: Թեզի աշխատանքները կատարւել են Շարիֆ համալսարանի Դոկտ. Սոհրաբ Ռահեարի եւ Կանադայի Պերիմիտեր ինստիտուտի պրոֆ. Նիայէշ Աֆշորդի վերահսկողութեան ներքոյ: Շանթի աւարտաճառն արժանացել է առաջին աստիճանի, իսկ ինքը՝ Շանթը աւարտել է որպէս գերազանցիկ շրջանաւարտ: Նա այժմ Կանադայում շարունակում է իր գիտական հետազօտութիւնները: Դոկտ. Շանթ Բաղրամեանին մաղթում ենք նորանոր յաջողութիւններ եւ ուրախ ենք, որ նա իր գիտական աշխատանքների կողքին շարունակում է հետեւել գրականութեանը եւ Յոյս-ին ուղարկել իր նոր գրութիւնները: Մեր յաջորդ համարում կարդացէք լատինամերիկացի անւանի գրող Ֆոէնտէսի մասին նրա յօդւածը:

 

Յոյս թիւ 124

13 Յունիս 2012