Ն. ՋՈՒՂԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՂՈՒԹԵԱՆ

ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՒԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ

 

Քիչ ուշացումով ստորեւ հրատարակում ենք Սպահանի հայոց թեմի կողմից հրատարակւած հաղորդագրութիւնը, որը տեղեկացնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքից անցեալ տարի կատարւած կողոպուտի մեղադրեալների դատավարութեան մասին: Հաղորդագրութեան համաձայն երկու հայեր դատւել են, որոնցից մէկը դատապարտւել է բանտարկութեան ու տուգանքի, իսկ միւսը՝ միայն տուգանքի: Նրանց անունները եւ ազատազրկման ու տոգանքի ստոյգ չափը եւս չի հրապարակւել:
 

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ


Սիրելի Հայրենակիցնեr`
Շուրջ եօթը ամիս առաջ` 2011 թւականի Հոկտեմբերի 11-ի թւակիր հաղորդագրութեամբ, մեր Թեմի ժողովրդին իրազեկել էինք Ս. Ամենափրկիչ Վանքի թանգարանից գրչագիր մատեանների 5 պատառիկ էջերի՝ սրբապատկերների եւ երկու նկարչութիւնների գողութեան եւ դրանց վաճառքի մէջ ամբաստանւող անհատների ձերբակալման մասին, որոնք նախնական հետաքննութեան աւարտից յետոյ մինչեւ իրենց դատավարութիւնն ու դատավճռի հրապարակումը, ազատ էին արձակւել իրենց կողմից իսկ ներկայացւած երաշխիքների դիմաց։
Այժմ տեղեկացնում ենք հանրութեանը, որ թւականիս Մայիսի 6-ին տեղի ունեցաւ երկու հայ անհատների՝ սոյն թղթածրարի առաջին եւ երկրորդ կարգի ամբաստանեալների դատավարութիւնը Սպահանի դատարանի պատկան ատեանում, որին իբրեւ հայցւոր ներկայ են եղել Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ներկայացուցիչը եւ լիազօրւած փաստաբանը եւ դատարանին են յանձնել ամբաստանեալների դէմ Թեմական Խորհրդի գանգատի եւ դրան հիմնաւորող փաստարկների բնութագիրը։
Ըստ դատարանի մի քանի օր առաջ հրապարակած դատավճռի, առաջին կարգի ամբաստանեալը Սպահանի Ս. Ամենափրկիչ Վանքից գողացել է՝ երկու նկարչութիւններ եւ մագաղաթեայ ու թղթեայ գրչագիր մատեանների նկարազարդ հինգ էջեր եւ դրանք վաճառելու նպատակով յանձնել է երկրորդ կարգի ամբաստանեալին։
Դատական ատեանը քննելով դատական թղթածրարը, կատարւած հետաքննութիւնները, ամբաստանեալների արտայայտութիւնները՝ հետաքննութեան նախնական փուլերում, կարգապահական մարմինների զեկոյցներն ու առկայ փաստերը, ամբաստանեալների յանցանքը ապացուցւած է յայտարարել՝ նրանից առաջնի համար սահմանելով բանտարկութեան եւ դրամական տուգանքի, իսկ երկրորդի համար դրամական տուգանքի պատիժները։
Նկատի ունենալով, որ սոյն դատավճիռները ենթակայ են բողոքարկման, առայժմ այլ մանրամասնութիւններ չենք կարող հրապարակել։
Աւելացնենք, որ Խորհուրդս իր փաստաբանի միջոցով պաշտօնական հայց է ներկայացրել նաեւ երրորդ՝ պարսիկ անհատի կապակցութեամբ դատախազութեան կողմից հետաքննութիւնը կասեցնելու հանգամանքները պարզելու ուղղութեամբ։

 

Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդ
26 Մայիս 2012

Յոյս թիւ 124

13 Յունիս 2012