ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

 


 

Կիրակի Մայիսի 27-ի առաւօտեան, ԹՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի թեմական խորհրդի մամլոյ ասուլիսը՝ խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանի, փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, նիւթականի պատասխանատու Րաֆֆի Գալստեանի եւ Ռուբէն Շահվերդեանի ներկայութեամբ: Համդիպմանը ներկայ էին Ալիք օրաթերթի, Արաքս շաբաթաթերթի եւ Յոյս երկշաբաթաթերթի ներկայացուցիչները:
Համդիպումն սկսւեց Թեմականի ատենապետ Է. Բաբախանեանի խօսքերով, որը զեկուցեց թեմական խորհրդի ընթացիկ աշխատանքների մասին: Նրա զեկոյցի մէջ մասնաւորաբար նշւեց.
-Թեմականը հանդիպում է ունեցել Թեհրանի կարգապահ ուժերի հրամանատարի եւ պատասխանատուների հետ, ուր խօսւել է հայկական միութիւնների ձեռնարկների համար արտօնագիր տալու գործընթացի արագացման մասին: Թէեւ նրանք չեն համաձայնւել հայկական միութիւնների միջոցառումներն առանց այդ արտօնագրի կայանալուն, բայց նրանց մօտեցումը հիմնականում բարիացակամ է եղել:
-Իր աշխատանքն է սկսել թեմի սոցիալական խորհրդականը: Նա սկսել է այցելել չքաւորներին, եւ նմանատիպ այլ աշխատանքներ կատարել:
-Ստացւել է կառավարութեան նպաստը փոքրամասնութիւններին. առայժմ 40 տոկոսը, որից հայերի մասնաբաժինը 370 միլիոն թուման է: Այս գումարը բաժանւելու է միութիւնների մէջ:
-Տարեց հայրենակիցների հաւաքատեղին Նայիրի-ում համարեա պատրաստ է եւ շուտով օգտագործւելու է:
-Սասուն մանկապարտէզի շինարարութեան աշխատանքը շարունակւում է եւ յաջորդ տարւանից երեխաները կարող են այնտեղ յաճախել:
-Բուժարանի հետ բանակցում են, որպէսզի 70-ից վեր մեր հայրենակիցները կարողանան անվճար օգտւել բուժարանի ծառայութիւններից:
-Գերեզմանատան մաքրութեան եւ գործերի կարգաւորման հարցերը ընթացքի մէջ են:
-Այսուհետ ծխական տուրքի գանձման նոր ձեւ է կիրառւելու. եկեղեցական խորհուրդներում եւ գրասենեակներում մարդիկ կարող են իրենց ծխական տուրքը ստացականի դիմաց վճարել՝ ինչքան որ ցանկանում են: Այլեւս ծխական տուրք գանձելու համար չենք դիմելու տները ընտանիքներին:
-Դպրոցների վերադասաւորման ծրագիր է մշակւել եւ ներկայացւել ՊԺ-ին: Սուբսիդներ յատկացնելու հարցում առաջնակարգը դպրոցներն են: Դպրոցների եւ յատկապէս մանկապարտէզների ուսման վերջնական արժէքը շատ բարձր է. Սակայն մտադրութիւն չկայ որեւէ մանկապարտէզ փակելու:
-Միրզայէ Շիրազի պողոտայում շէնքի շինարարութիւնը շուտով աւարտւելու եւ շահագործման է յանձնւելու: Շէնքը կառուցւել է մօշարեքաթի (համագործակցութեան) հիմունքներով, եւ այն վարձու տրւելով կարող է եկամուտ ապահովել:
-Ազգային կալւածների վարձերը վերանայւում են եւ հայ վարձւորների համար 25 տոկոս զեղչ է նկատի առնւել, բայց վարձերը որոշւելու են օրւայ արժէքների հիման վրայ:
Ի պատասխան Յոյս երկշաբաթաթերթի այն հարցի թէ՝ Թեմական Խորհուրդը ինչպէ՞ս է գնահատում Վեհափառ Հայրապետի այցը Իրան, եւ արդեօք նման այցելութիւնները նախապէս ծրագրւած եւ դրանց բիւջէն նախատեսւա՞ծ է թէ՞ ոչ, պրն. Բաբախանեանն ասաց.
-Այս տարի բիւջէում նախատեսւած էր: Գիտէինք որ Վեհափառը Երկխօսութեան համաժողովին մասնակցելու նպատակով ժամանաելու է Իրան եւ մտածել էինք առիթը օգտագործելով այցելութիւններ եւ հանդիպումներ կազմակերպել համայնքի հետ: Վեհափառի այցելութեան ժամանակ ընդհանրապէս հայերի դժւարութիւնների մասին աւելի բարձր մակարդակներում խօսւում է եւ յետոյ աւելի սահուն են ընթանում մեր հարցերը պետական մակարդակով: Իսկ ժողովրդի խանդավառութիւնը անհաւատալի էր: Այդ բոլորը շատ դրական ենք գնահատում եւ անհրաժեշտ ենք համարում: Այցելութեան ծախսերը թեմականն է հոգացել:
Վեհափառ Հայրապետի այցի վերաբերեալ Արաքս շաբաթաթերթի թղթակիցը այսպիսի հարց ուղղեց Թեմական խորհրդին. Արդեօք վեհափառը տեղեա՞կ էր, եկեղեցու ճակատին փակցւած բարի գալստեան պաստառի բովանդակութեան մասին, ուր նա կոչւել էր ամենայն հայոց կաթողիկոս:
Պարոն Բաբախանեանը պատասխանեց, որ պարզ է պաստառը նրան ցոյց չէին տւել: Իսկ Թեմականի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը այս կապակցութեամբ այսպէս ասաց. Պաստառի վրայ գրւած էր Կիլիկիոյ ամենայն հայոց կաթողիկոս, բայց քանի որ երեք իրանական լրատւական գործակալութիւնները չէին նշել հոզէյէ ալիյէ Սիլիսի (Կիլիկոյ վերին կաթողիկոսութիւն), թիւրիմացութիւն ստեղծւեց եւ այդպիսի աղմուկ բարձրացաւ: Ամէն դէպքում որեւէ այլ միտում չի եղել:
Ինչո՞ւ թեմականը հաւատարիմ չէ թափանցիկ գործելու իր խոստումներին. օրինակ ինչո՞ւ կալւածների ցանկ անւան տակ հրատարակւել է երկու էջանոց մի ցանկ, որը միայն հնարաւոր է տեսնել` դիմելով առաջնորդարան, սակայն չի կարելի պատճէնաւորել։ Այս մասին եւս հարց տւեց Արաքս շաբաթաթերթի թղթակիցը:
Է. Բաբախանեանը ի պատասխան ասաց. Մեզ ժամանակ է հարկաւոր: Մենք մեր խոստումին հաւատարիմ ենք մնացել: Ցանկը պատրաստել ենք, մեր հասարակութիւնը կարող է գալ եւ տեսնել: Ով հետաքրքրւած է, այս կամ այն շէնքի վիճակով կարող է գալ դրանք ստուգել: Իսկ ամբողջ ցանկը հրատարակելը թոյլ տւէք, որ մի քանի փուլում կատարւի: Որոշ մանրամասնութիւններ հրատարակելը եւ թերթերում տպելը կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար: Թողէք քայլ առ քայլ գնանք առաջ:
Յոյս երկշաբաթաթերթի կողմից հարց տրւեց թէ՝ ինչո՞ւ է շարունակւում բիւջէի բացը: Է. Բաբախանեանի բացատրութեամբ, այդ բացը նախահաշւի մէջ է, եւ իրական հաշիւներում դա շատ աւելի քիչ է:
Բայց ի վերջոյ կատարւո՞ւմ են խանյողութիւններ, թէ՞ շարունակւում է մշտական ընթացքը, ըստ որի ինչպէս արդէն ասւել է պատգամաւորական ժողովում եւս, մենք մեր գրպանից ենք ուտում, այսինքն՝ ծախելով մեր գոյքերը, որը բնականաբար չի լինի շարունակել: Արդեօք այսպէս չէ՞, -հարցրեց Յոյս երկշաբաթաթերթի ներկայացուցիչը,- որ կարծես չի լինում խնայողութիւն անել: Դպրոցն իր սուբսիդն է ուզում, ծախսերն իրենց տեղումն են եւ վերջում շատ բան չի փոխւում:
Թեմականի ատենապետը պատասխանեց. Մասամբ համաձայն եմ, որ վերջում շատ բան չի փոխւում: Բայց մեր նախահաշւոմ նաեւ շատ բան է փոխւել: Ծախսեր էլ կան, որ անխուսափելի են: Օրինակ շատ տաք-տաք խօսում ենք դպրոցների ծախսերի կրճատման մասին, ինն-ամսեայ պայմանագրերի մասին եւ այլն: Որպէս գործադիր մարմին կարելի է սրանք անել, բայց ի՞նչ գնով, ինչպիսի՞ դժգոհութիւններ ստեղծելով: Իսկ երբ տեսնում ես պատգամաւորների մեծամասնութիւնը ասում է չէ՛, չպիտի անենք, դու էլ պիտի ենթարկւես: Բայց փոփոխութիւններ լինում են: Կը տեւի, բայց մի շրջանից յետոյ պիտի եկամտաբեր դառնան մեր նախագծերը:
Ուսուցիչների եւ առաջնորդարանի պաշտօնեաների փոխհատուցումների վճարման հարցը որտե՞ղ է հասել։ Այս հարցին թեմական խորհուրդը պատասխանեց. Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը համարեա բոլորը հաշւեփակ եղան: Նոյնպէս եւ ուսուցիչների մօտաւորապէս կէսը, իհարկէ իրենց ցանկութեամբ: Ուսուցիչներից 40 հոգի եկան հաշւեփակ արին, տեսնելով որ դա իրենց օգտին է:
Հանդիպումը տեւեց շուրջ մէկ ժամ, որի աւարտին թէ՛ Թեմական խորհրդի անդամները եւ թէ՛ լրագրողները շեշտեցին, որ քննադատութեան եւ հանդուրժողականութեան մշակոյթի զարգացումը խիստ ցանկալի է մեր համայնքի համար:

 

Յոյս թիւ 123

30 Մայիս 2012