ԻՐԱՆԱՀԱՅ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՁԱԿԱԳԻՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԵԱՆ (1914-2012)

Իրանահայ գրող եւ հասարակական գործիչ Անդրանիկ Սարեանը 98 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տւեց Մարտի 6-ին Կալիֆորնիայի Գլենդէլում, ուր արդէն 25 տարի էր, ինչ հաստատւել էր: Անդրանիկ Սարեանը չարմահալցի էր եւ հպարտանում էր իր իրանական ծագումով: Նա իրանահայ ամենալուրջ արձակագիրն է. գրում է, ոչ միայն արւեստի ու գրական գործեր յօրինելու համար, այլ՝ հասարակական խնդիրներ արծարծելու նապտակով, ինչպէս Անլոյս քառուղիներում յուշավէպում կամ անցեալը անհետացումից փրկելու միտումով, ինչպէս Պատմութիւն Չարմահալ Գաւառի աշխատութիւնում, ուր փորձում է արձանա-գրել իր ծննդավայրի կենցաղն ու ազգագրութիւնը: Սարեանը ակտիւ էր մինչեւ կեանքի վերջին օրերը: Երբ սկսեցինք Հանդէս-ի հրատարակութիւնը, նա մի նամակով ողջունում է նոր պարբերաթերթի հրատարակութիւնը եւ մանրամասն անդրադառնում է իրանական երեք թեմերի Էջմիածնից անջատման հարցին, որը նա դատապարտում է ամենախիստ բառերով: Իսկ երբ վերջին տարիներին հարցեր են առաջ գալիս Հնդկաստանի Մարդասիրական ճեմարանում, նա հարկ է զգում որպէս ճեմարանին լաւածանօթ անձնաւորութիւն Ազգ օրաթերթում անդրադառնալ խնդրին: Մեր ընթերցողին հրաւիրում ենք կարդալ Ազատ Մաթեանի յօդւածը արձակագրի մասին, միաժամանակ ընդունելով, որ Անդրանիկ Սարեանի ժառանգութիւնը կարօտ է աւելի մանրակրկիտ եւ քննադատական ուսումնասիրութեան:
 

ԻՐԱՆԱՀԱՅ ԿԵԱՆՔԻ ԱՆԿԵՂԾ ՎԿԱՆ


Ազատ Մաթեան
 

 

Այս տարւայ Մարտին Լոս Անջելոսում 98 տարեկան հասակում աշխարհին հրաժեշտ տւեց Անդրանիկ Սարեանը: Իր ֆիզիկական աւարտին հասաւ շուրջ մէկդարեայ մի կեանք, որի աշխարհագրական գլխաւոր հանգրւաններն են Իրանի Չարմահալ գաւառի Սինագան գիւղը, Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը, Իրանի նաֆթարդիւնաբերութեան երբեմնի մայրաքաղաք Աբադանը, Թեհրանը եւ իհարկէ վերջին հանգրւան Լոս Անջելսը:
Անդրանիկ Սարեանը մշակոյթի մարդ էր: Նրա հետաքրքրութեան սահմանների մէջ էին գտնւում պատմութիւնը, հասարակական կեանքը, գրականութիւնը, թատրոնը, գեղանկարչութիւնը, սպորտը, բայց հիմնականում նա իրանահայ մշակութային կեանքում ճանաչւում է որպէս արձակագիր:
Տւեալ պահին Ա. Սարեանի հրատարակւած գործերից մեզ հասանելի են՝ Պատմութիւն Չարմահալ Գաւառի (1981), Պատմւածքներ Ա եւ Բ հատոր (1987), Անլոյս քառուղիներում (2002) եւ Մեր Օրերի Մարգարէն (2005): Հրատարակւած են նաեւ Հայկական Վագրը (1986) եւ Մեր Պղնձեայ Գայլը (2002):
Պատմութիւն Չարմահալ Գաւառի-ն ցայժմ մնում է իր տեսակի մէջ միակ քիչ թէ շատ համապարփակ աշխատութիւնը Իրանի Սպահան նահանգի այս երբեմնի ծաղկուն հայաբնակ գաւառի պատմութեան մասին: Աշխատութիւնը, բացի իր պատմական արժէքից, խօսում է հեղինակի իր ծագման ու ծննդավայրի հետ պահպանած հոգեկան կապի եւ իր ծագման նկատմամբ առանձին նախանձախնդրութեան մասին:

Հրատարակւած գործերից էլ կարելի է տեսնել, որ բազմաժանր ու բազմաբնոյթ է Անդրանիկ Սարեանի գրական վաստակը: Հրապարակախօսութիւն, յուշագրութիւն, գրական քննադատութիւն, պատմւածք, վէպ: Նա իրանահայ կեանքի գեղարւեստական պատկերման լաւագոյն ներկայացուցիչներից մէկն է, իսկ արձակագիրների թիւը մեր համայնքում, ինչպէս գիտենք, մեծապէս զիջում է բանաստեղծներին: Եւ ընդհանուր առմամբ կարելի է ափսոսանքով նշել, որ մեր բազմադարեայ համայնքը չի ստեղծել իր պատմութիւնն ու մանաւանդ կենցաղը մարմնաւորող արժէքաւոր գեղարւեստական գործեր: Մենք այստեղ նշում ենք երեւոյթը, չխորանալով պատճառների վերլուծութեան մէջ, որը կարիք ունի առանձին լուրջ ուսումնասիրութեան: Այս տեսակէտից էլ գնահատելի է Անդրանիկ Սարեանի կողմնորոշումը իր գրւածքներում իրանահայ կեանքի առանձին դրւագներ եւ մասնաւորապէս իր եւ իր սերնդակիցների կեանքը գեղարւեստօրէն մարմնաւորելու փորձը: Գեղարւեստական արձակի (պատմւածք, վէպ, թատերախաղ) մէջ է, որ յաղթահարւում է ամէն ինչ ջնջող ու աւերող ժամանակը, նրա միջնորդութեամբ է, որ շարունակում են ապրել մարդիկ, իրենց կենդանի խօսւածքով, իրենց մեծ ու փոքր յոյզերով ու մտորումներով, մի խօսքով իրենց անկրկնելի անհատականութեամբ ու ճակատա-գրով:
Ընդամէնը ութ-ինը տարեկան մանուկ Անդրանիկը գեղջուկ մանուկների 40 հոգանոց մի խմբի հետ կտրւում է հարազատ գիւղից ու ընտանիքից եւ ընկնում ամբողջովին խորթ ու անծանօթ մի միջավայր՝ Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը, որը եւ գծում է նրա եւ իր ընկերներից մեծ մասի ճակատագիրը, որպէս Իրանի նաֆթային ընկերութեան պաշտօնեաներ, դրան զուգահեռ նաեւ ազգային հասարակական, մշակութային գործիչներ: Այս մարդկանց պաշտօնական եւ իր ընդհանուր գծերի մէջ միակերպ կերպարի մասին տեղեկութիւններ կարելի է քաղել, եթէ դա իհարկէ կը հետաքրքրի որեւէ մէկին, հէնց պաշտօնական գրագրութիւնների ծալքերում, բայց թէ ինչպիսիք են եղել նրանք, որպէս իրական մարդիկ, որպէս նաֆթային հզօր աշխարհակալութեան մանր օբիեկտներ, ներկայացնել հնարաւոր է միայն գեղարւեստական արձակով: Անձամբ հանդիպած լինելով Կալկաթայի այս սերնդի անդամներից ոմանց, որոնք յաճախ անւանացի ներկայ են Սարեանի գրութիւնների մէջ, այդ թւում նաեւ իրեն՝ Անդրանիկ Սարեանին, կարող եմ ասել, թէ գրողը ի՜նչ լայնքով ու խորութեամբ է իր գրւածքներում վերարտադրել երիցս աքսորական այդ մարդկանց հարազատ պատկերը:
Անդրանիկ Սարեանը յուշագրող է եւ ոչ թէ վիպասան, եւ պատահական չէ, որ նա իր առաւել ծաւալուն գրւածքները անւանում է հէնց յուշավէպ: Սա նշանակում է, որ նրա գլխաւոր հերոսը ինքը հեղինակն է եւ նոյնիսկ այն պարագաներում, երբ նա փորձում է ներկայացնել այլ մարդկանց, դրանք պատկերւում են կամ բաւականին գունատ ուրւապատկերներով, կամ հեղինակի սուբիեկտիւ, յաճախ ռոմանտիկօրէն ուռճացւած դիմագծերով: Այնուամենայնիւ այդ մարդիկ կան Սարեանի եւ որ կարեւորն է, միայն նրա շարադրած էջերում: Ահա ամբողջ գաւառում հայ, թէ պարսիկ բնակչութեան սէրն ու յարգանքը վայելող սազանդար Յարութունը, որը, եօթն օր-եօթ գիշեր պարսիկ խանի հարսանեաց հանդէսին նւագելուց յետոյ մահանում է, սգի մատնելով բոլորին: Քեռի Զաւէնը, որ միայնակ հրաժարւում է համագիւղացիների հետ ներգաղթել Հայաստան եւ պարսիկ գիւղացիները նրան մահացած են գտնում իր հարազատների գերեզմանների վրայ: Եւ այսպէս բազմաթիւ դէմքեր ու անուններ, որոնք ցրւած են Սարեանի էջերում, շուրջ մէկդարեայ ժամանակաշրջանի եւ առնւազն երեք գլխաւոր մայրցամաքների տարածքով մէկ: Աննշան մարդիկ, առանց որոնց, սակայն, ժամանակն ու աշխարհը կը մնայ ահաւոր կերպով դատարկ, եւ որոնց մասին մենք կարող ենք իմանալ միայն Սարեանի գրւածքների միջոցով: Ինքը՝ Սարեանը այսպէս հետեւեալ երկու պարբերութիւնների մէջ է փորձում սեղմել իրեն եւ իր ընկերներին վիճակւած ճակատագիրը.

ՄԵՆՔ...
Մեր գեղջկական ծննդավայրի երազանքով անցաւ մեր մանկութեան օրերի մի սպանւած մասը եւ հեռաւոր հայրենիքի այրող կարօտով՝ գիտակից պատանեկութեան ամբողջ օրերը: Բայց ոչ մեր ծննդավայրին հասանք, ոչ հայրենիքին մեր հասունացած կեանքում: Ցիր ու ցան եղանք- մի մասը Լոնդոն, մի քանիսը Ամերիկա, մի քանիսը Աւստրալիա, մի քանիսը Թեհրան: Քանի-քանիսը մեռան դեռ պահելով իրենց բեռնաւորւած կեանքի մանուկ հոգիներում մանկութեան ու պատանեկութեան օրերի անկատար երազներն ու կարօտները:
Ապրողներիս մէջ դեռ տրոփում է այդ վաղեմի երազը...
Եթէ ինձ մի երկրորդ կեանք ապրելու շնորհում արւի, ես կասեմ՝ թողէք պահեմ առաջին կեանքիս մանկութեան առաջին օրերը, բայց ջնջէք միւս մասն ու պատանեկութիւնս, եթէ դրանք կրկին պիտի անցնեն՝ Կալկաթայի Խէյրաթխանա բարեգործական տնում եւ Բենգալեան ջունգլիների Ս. Թովմաս մենաստանում... նաեւ այն, որ այլեւս սովածութիւն չքաշեմ՝ Հայոց Մարդասիրական Ճեմարանում, ի քաղաքս Կալկաթա, յերկիրս Հնդկաստանայ: Ամե՛ն :

Սարեանի յուշավէպերից ամենատպաւորիչը, երեւի, հէնց Անլոյս քառուղիներում ստեղծագործութիւնն է, որտեղ նա պատմում է իր եւ իր ընկերների Հնդկաստան մուտքից մինչեւ ճեմարան ընդունւելը ընկած շուրջ մէկ եւ կէս տարւայ Խէյրաթխանայում եւ ապա բենգալեան ջունգլիներում գտնւող Ս. Յովհաննէս (թէ Թովմաս) եկեղեցու շրջափակում անցկացրած դաժան առօրեայի մասին: Հետաքրքրութեամբ են կարդացւում նաեւ հէնց ուսումնառութեան տարիների հետ կապւած պատմւածքներն ու յուշագրութիւնները, որոնք անկասկած մնում են այս խորհրդա-ւոր կրթական հաստատութեան մասին եղած բացառիկ վկայութիւններ:
Բացի թեմատիկայից, որն ունի անկասկած ճանաչողական մեծ արժէք, գրողի անհատականութիւնը գնահատւում է լեզւի հանդէպ ունեցած վերաբերմունքով:
Սարեանը լաւապէս տիրապետում է արեւելահայ գրական աշխարհաբարին եւ այս տեսակէտից էլ նա անկասկած իր սերնդի լա-ւագոյն իրանահայ ներկայացուցիչներից մէկն է: Սա առանձնապէս շեշտում ենք, որովհետեւ երեւոյթը այնքան էլ բնական չէ եւ, այսպէս, թէ այնպէս, գրական հայերէնը Հայաստանից դուրս ապրողի համար անպայման մայրենի լեզու չէ: Բայց չէ՞ որ մեր գրական աշխարհաբարի երկու ճիւղերն էլ ձեւաւորւել եւ ինքնահաստատւել են Հայաստանի սահմաններից դուրս: Գուցէ հէնց այդ է պատճառը, որ մինչեւ այսօր էլ գրական լեզւի եւ գեղարւեստական գրականութեան լեզւի խնդիրը մեզ մօտ մնում է չլուծւած:
Սարեանը տիրապետում է գրական արեւելահայերէնին եւ քիչ չեն այն էջերը, որտեղ նա այդ լեզուն օգտագործում է ստեղծագործաբար, այն ծառայեցնելով սեփական ասելիքին, բայց քիչ չեն նաեւ այն պարագաները, երբ տեղի է ունենում հակառակը, այսինքն՝ գրողն է տրւում լեզւի հմայքներին եւ փորձում ընթերցողին եւս բաժին հանել այդ լեզւական գեղեցկութիւններից, ինչը, ոչ միայն կապ չունի ասելիքի հետ, այլեւ բառային, մանաւանդ բարդ ածականների, կուտակումով փորձում է լրացնել ասելիքի պակասը: Այլ խօսքով, խօսքի գեղարւեստականացման ճիգը յաճախ ոչ միայն չի օգնում գրողին, այլ ընդհակառակը խանգարում է:
Գեղեցիկ, դալարագեղ որթատունկ էր: Կեանքի յարատեւութեան զւարթաշուք վկան՝ իր մռայլաշունչ շրջապատում:
Մշտապէս կանաչ, կանաչութեամբ դալար, թարմագեղ, հիւթեղ, ծիծղուն:
Որթատունկը սիրոյ մի թովիչ, մի թարմաշունչ անկիւն էր ներկայացնում նորահաս սիրահարների համար:
Շուտով մեր զրոյցը կտրւեց եւ մեր մտածումները խառնւեց որթատունկի հմայիչ դալարութեան հետ:
Այս որթատունկը ամուլ էր, չբեր, անպտուղ. բայց տերեւները թաւիշ կանաչին էին տալիս, դալարութիւն ու նրբագեղ թարմութիւն:

Ինչպէս տեսնում ենք, ածականների այս առատութիւնն ու կրկնողութիւնը, այն էլ ընդամէնը մէկ էջում չի համապատասխանում անհրաժեշտ չափի զգացումին:
Արձակի, յատկապէս ռէալիստական արձակի, կարեւորագոյն խնդիրներից մէկը հերոսներին խօսեցնելու խնդիրն է, նրանց լեզւական տիպականացումը: Սարեանին դա ամենաքիչն է յաջողւում: Գրեթէ բոլոր նման պարագաներում զգացւում է, որ խօսողը ինքը հեղինակն է, իսկ դա արտայայտւում է հէնց լեզւի մէջ: Բարբառային տարրերը, որոնք կոչւած են ինքնութիւն ու ճշմարտացիութիւն հաղորդել պատմողի, թէ նրա հերոսի կերպարին, դժւար են մերւում իրենց գրական միջավայրի հետ, ճիշտ այնպէս, ինչպէս իրենք՝ պատմողն ու իր հերոսներն են ողջ կեանքի ընթացքում դժւարացել մերւել իրենց խորթ ու օտար շրջապատին: Դրա օրինակներն են. սիրտը հուպ գալ, աչքերը խփել (փակել), աչքերը կախ գցել (հայեացքը խոնարհել), աչքը առնել (դիպչել, զարնւել), արիւն պայթել (ցայտել), ծիծաղը ետ պահել (զսպել), դարձւածքային ձեւերը: Սխալը ոչ թէ այդ տարրերի օգտագործումն է, այլ՝ դրանց եւ, այսպէս կոչւած, զուտ գրական տարրերի միաձուլումը, ինչպէս դա տեսնում ենք Թումանեանի եւ Բակունցի մօտ:
Վաղ հասակում հեռանալով գիւղական միջավայրից, Սարեանը վատ է պահպանել իր գաւառական խօսւածքը եւ ամբողջովին սխալ է վերարտադրում այն իր հերոսների բերանով:
Այս բոլորով հանդերձ Ա.Սարեանի թողած գրական վաստակը, որի մեծ մասը ըստ երեւոյթին մնում է անտիպ, անկեղծ եւ արժէքաւոր մի վկայութիւն է իրանահայ մի քանի տասնամեակների վրայ տարածւող կեանքի մասին:


Մայիս 2012

 

 

Յոյս թիւ 122

16 Մայիս 2012