ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՇՈՒՂ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ ՀԵՏ


Բէգը Ջուղա ու Շահինշահր, Խանը՝ Թեհրան եմ ձեզ ասում

 


 

Գարնանային արձակուրդների ընթացքում բախտն ունեցանք մէկ անգամ եւս հանդիպելու հանրայայտ աշուղ Ծատուրօղլուն եւ առիթը օգտագործելով, շահեկան զրոյցի նստեցինք նրա հետ ազգային մի շարք խիստ հրատապ խնդիրների շուրջ, որը սիրով յանձնում ենք ընթերցողների ուշադրութեանը:

Խմբագրութիւն
 

- Բարեւ ձեզ, պրն. Ծատուրօղլի, ներողամիտ եղէք, որ այս գեղեցիկ գարնանամուտին անգամ զրկում ենք ձեզ բնութեան այս շքեղ զարթօնքը վայելելու հաճոյքից եւ որպէսզի...
- Թոյլ եմ տալիս, օր անցնէք բուն նիւթին:

- Յարգելի աշուղ, բոլորովին վերջերս Շանթ-ի Ազատ գօտի ծրագրում Հայաստանի աշուղներն ու մասնագէտները քննարկում էին, թէ աշուղ եւ գուսան բառերից ո՞րն է հայերէն, եւ ազգային անվտանգութեան տեսակէտից ո՞րն է ճիշտ ու նպատակայարմար: Կուզենայինք իմանալ ձեր հեղինակաւոր կարծիքը: Եւ դուք ինքներդ ձեզ աշուղ էք համարում, թէ՞ գուսան:
- Էդ էլաւ երկու հարց, բալքամ էլ իրեք: Իմ կարճ խելքով էն ինչ ճիշտ է, նպատակայարմար չէ, էն էլ օր նպատակայարմար է, ճիշտ չէ:

- Եթէ չեմ սխալւում դրանք Սաադիի խօսքերն են...
- Խնդրեմ, համմեցէք, մենք հէնց ինչ ասեցինք, ասիք օտարներունն է: Հիմի էլ կպել էք էս աշուղին ու գուսանին: Եանի ուզում էք ասէք մենք հէնց օնչի՞չ:

- Քաւ լիցի, խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, պարզապէս մտքերի նմանութիւն կար:
- Կարող է պատահի, ես էդ խօսքերը ջահել ժամանակ օր էրթում ի Հնդկաստան, կարդացել եմ Շիրազի հայկական եկեղեցում պահւող հինգերորդ դարի ձեռա-գրից: Ասում է. Լաւ է զսուտ նպատակայարմար, քան զճիշտ խռովարար: Հաստատ Սաադին էլ էդ ձեռա-գրից է վեկալի:

- Բայց Սաադին հայերէն գիտէ՞ր:
- էդ եկեղեցու տէրտէրի մօտ դասի էր էրթում:

- Հիմա այդ ձեռագիրը կա՞յ:
- Մէ քանի տարի առաջ էդ ձեռագիրը Շիրազից փոխադրեցին Ջուղու վանքը, հիմի թէ թողած ըլնենան, կայ:

- Բայց դա ճի՞շտ է:
- Նպատակայարմար է:

- Հետաքրքիր է, բայց կարծեմ մենք բուն նիւթից մի քիչ շեղւեցինք: Խօսքը աշուղի եւ գուսանի մասին էր, հիմա դրանցից ո՞րն է հայերէն:
-Էրկուսն էլ մաքուր հայերէն են:

- Բայց, կարծես Հայաստանի մասնագէտներն ասացին, գուսանը հին պարսկերէն է, աշուղն էլ արաբերէն:
- Համմեցէք, էդ էլ մեր մասնագէտները, ասա, ա՛յ մարդ, թէ իմանում էք, օր ոչ մէկն էլ հայերէն չէ, բա էլ ի՞նչ էք իրուր գլխի տալիս, էն էլ թելեւիզեօնի մէջ: Չէ՞ք հաւատում, գնացէք, ո՛ր պարսիկին ուզում էք, հարցրէք՝ գուսան եանի ի՞նչ, թէ իմացաւ ես անունս կը փոխեմ: Աշուղն էլ մաքուր հայերէն է, աշել հայերէն նշանակում է նայել, ուրեմն, աշուղ եանի նայող:

- Բայց Ազատ Մաթեանը Պայման-ի մէջ գրել էր, որ աշուղը հէնց աշեղ բառն է, որ նշանակում է սիրահար եւ մենք թուրքերէնից ենք վերցրել:
-Ազատ Մաթեանը գլուխը քարն է տալիս: Ախեր մարդ մինչեւ չնայի ու չտեսնի, քոռեքոռ մո՞նց է սիրահարւում: Չէք լսի օր ասում է.
Ձուն դնեմ թաւեն խաշեմ,
Նստեմ երեսդ աշեմ,
Համայակ ջան:

- Իսկապէս, խօսեցիք անունը փոխելու մասին, ձեր անւան վերջաւորութիւնն էլ օղլի թուրքերէն չի՞:
- Չէ՛, լաւ էլ հայերէն է: Չարմահալ մենձ աշուղ ենք ունեցի, Հարթունօղլի, Ջուղա ունեցել ենք Բաղրօղլի, Քեօռօղլին էլ հաստատ հայ էլի, Սայեաթ Նովէն, Ջի-ւանին, Հաւասին, ըտոնք թամամն էլ հայ են էլի, իրանց անուններն էլ զուտ հայկական է: Հիմի մասնագէտները ինչ կուզեն ասեն: Թումանեանը, Նալբանդեանը, Շահազիզը, Շիրւանզադէն, Շիրազը, Ալիխանեան եղբայրները, ո՞ր մէկն ասեմ։

- Դէ, անցեալներում տարբեր էր, հիմա ունենք ազատ անկախ պետութիւն: Անյարմար չէ՞ք զգում, որ ձեր եւ Թուրքիայի արտաքին գործոց նախարարի անունները նոյն վերջաւորութիւնն ունեն:
- Օր վո՞վ ըլնի:

- Դաւութօղլուն:
- Լաւ օր փորփրէք, կը տեսնէք օր Էդ էլ էդ թաքուն հայերուց է: Հօր անունը Դաւութ էլի, չարմհալցիք էլ Դաւիթին ասում ին Դաւութ: Արտեօմ Երկանեանին պիտի ղրկենք սորաղը, թահ ու թուհը հանի, տեսնենք էդ անունը որդից է բերի:

- Հիմա դա ճի՞շտ է, թէ՞ նպատակայարմար:
- Ճիշտ ու սուտը չեմ գիդի, համա հաստատ նպատակայարմար է: Թուրքերն օր իմանան իրանց արտաքին գործոց նախարարը թաքուն հայ է, համ Դաւութօղլին աչքից կընգնի, համ էլ թուրքերու սիրտը կասկած կընգնի, կասեն, չըլնի մեր մենձերը թամամ հայ են ու մենք խաբար չենք, թամամ կը խառնւեն իրուր:
- Իսկապէս, չէ՞ք կարծում, որ աւելի լաւ կը լինի, որ գոնէ մեր գրողները, քաղաքական գործիչները եւ ընդհանրապէս ղեկավարութիւնը իրենց անուն ազգանունը հայացնելով, օրինակ ծառայեն նոր սերնդին:
- Բահ, բահ, ճիշտ են ասում, օր խելքը մեծ ու պստկի չունի: Իսկապէս օր ազգային անվտանգութեան տեսակէտից շատ-շատ խելացի առաջարկութիւն է: Ու շատ լաւ կըլնի, օր էդ բանը վիրեւից սկսենք:

- Ինչպէ՞ս թէ վերեւից:
- Թեմականից, Պատգամաւորականից, յատկապէս մեր զոյգ մեջլիսի պատգամաւորներից: Թէ իտոնք խօսքը մէկ անեն ու մէ ըտենց ազգաշահ որոշում տան, վրայ իմ աչքին, ես էլ իմ անունը կը փոխեմ, համա ճիշտն ասած, աչքս ջուր չէ խմում:

- Բայց ինչո՞ւ էք կարծում, որ նման համազգային նշանակութիւն ունեցող հարցում նրանք համաձայնութեան չեն գայ:
- Ասեմ, աղջիկ ջան, ասեմ: Ախեր թեմերը իրուր հետ անունի կռիւ ունեն: Էրկու շրջան էր, օր ջուղեցիք Բեգլարեանին ին ղրգում մեջլիս: Ըտեղ թեհրանցիք ու թաբրիզեցիք քիչ ին բերում, էտ էր օր էկան առաջ Բաբախանեանին դրին թեմականի նախագահ, ետոյ էլ Խանլարեանին ղրգեցին մեջլիս, եանի թէ, տեսէք, թէ ձերը մէկ է ու բէգ , մերոնք էրկու են ու էրկուսն էլ խան են: Հիմի Ջուղեցիք մնացել են մաթալ, օր ինչ անեն: Դարբեդար ման են գալիս թեմականի նախագահ ճարեն, օր շահ ըլնի, իհարկէ Շահնազարեանին ունէին, ձեռներից դուս էլաւ, փոխադրւեց Թեհրան, հիմի դէս ու դէն են ընկնում, բալքի կարողանան ետ տանեն Ջուղա ու նորից նստեցնեն թեմականի թախտին, օր կարողանան կշեռքի էրկու թաթերը ի՞նչ անեն, հաւսրեն:

-Ցնցող նորութիւն էր: Ուրեմն, ինչպէս ասացիք, վերեւից յոյս չկայ, իսկ ցածից ձեր կարծիքով կարելի՞ է մի բան անել, այսինքն խնդիրը տանենք ժողովրդի մէջ եւ նրան պայքարի դուրս բերենք այդ ֆէոդալական մնացուկների դէմ: Կարող ենք թերթերում ու կայքերում յօդւածներ դնելով միտք պատրաստել: ժողովրդին հասկացնենք, որ վերջապէս շահերի, բէգերի ու խաների ժամանակն անցել է:
- Հա, բարիքեալլա: Էդ գործը պիտի տանք Սաֆարեանի ու Սարդարեանի ու Քեշիշեանի ու ըտոնց ձեռը: Միրզախանեանին էլ ասենք մէ էրկու դանա տռուզ յօդւած տայ թերթին:

- Իսկ պարոն Մելիքեա՞նը:
- Չէ՛, Մելիքեանը իշխանամէտ է:

- Բայց մի րոպե, պարոն Ծատուրօղլի, ինձ թւում է, թէ դուք ինձ ձեռ էք առնում, որովհետեւ այդ անունները որ ասացիք, նախ իրենք պիտի փոխւեն:
- Հայ բարիքեալլա, էրե-ւում է, օր խելքդ շուտ է վրայ գալիս: Ձեր նման աչքաբաց սերունդ, օր ունենք, էլ ի՞նչ դարդ ունենք: Ամօթ չըլնի հարցնելը, օրիորդ ջան, քու անունն ի՞նչ է:

- Ռայնոմիտա:
-Բահ, բահ, բահ, շատ սիրուն անուն է, լաւութունն էլ էն է, օր օնչով չի կարայ ասի, հայկական է, թուրքական է, թէ ինչական: Նոր սերունդը իրա լուծումը եանի ռահալլը գտել ա:

- Պարոն Ծատուր...
- Ծատուրօղլի՛:

- Լաւ, պրն. Ծատուրօղլի, ինչպէս երեւում է այս խնդիրը, շատ ջուր վերցնող խնդիր է:
- Բա ինչ է, Ռոդինա, Իռենտիա, Ռոմին..., աղջիկ ջան, իսկի մտածե՞լ ես, օր թէ Ազգային Իշխանութունից խանը կտրենք տակն ինչ կը մնայ: Չէ՛, բալամ, էդ ըլնելու բան չէ: Մէ բան մտածէք, օր բան ըլնի:

- Լաւ, եկէք դրանից անցնենք, հիմա կարող էք համառօտ կերպով ասել ձեր կարծիքը խորհրդարանական ընտրութիւնների մասին:
- Խոբ էս մէ հարցին պիտի երգով պատասխանեմ:

Անգաջ արէք, հայ ժողովուրդ, զարմանք մէ բան եմ ձեզ ասում,
Էրկու նմաեանդա ունենք, ղուրբան ու ջան եմ ձեզ ասում,
Մէկը Բէգ ու Բէգլարս է, մէկը Խան ու Խանլարս է,
Էրկուսն էլ ուսումնական, խելքի մաքան եմ ձեզ ասում:

Աչքով չտամ, մէ լաւ նայէք մեր Բեգլարին ու Խանլարին,
Իրուր մէջքը մէջքի տւած պստիկ ու մենձ Մասիս սարին,
Ով նայում է, զարմանում է. Որտեղի՞ց են իստոնց ճարի
Բէգը Ջուղա ու Շահինշահր, Խանը՝ Թեհրան եմ ձեզ ասում:

- Պարոն Ծատուրօղլի, դուք որ այդպէս գովք էք ասում, բայց որոշներն ասում են, այս ընտրութիւնները դեմոկրատիկ չեն, որովհետեւ ամէն շրջանում միայն մէկ թեկնածու է եղել:

-Միք հաւատայ, էդ վո՞վ ա ասում, - մեր վիճակը թարիֆ չունի,
Ի՞նչ ընտրութիւն, երբ թեկնածուն մրցակից ու հարիֆ չունի,
Ի՞նչ հայութուն, օր իրա մէջ, ձախ ու աջի կռիւ չունի,- Մեր համայնքը, փա՜ռք Աստըծու, միասնական եմ ձեզ ասում:

Եփ թեկնածուն խան ու բէգ է, էլ ինչ հարիֆ ու մրցակից,
Ծանդր բեռը էն կը շալկի, օր կարենայ դուս գայ տկից,
Թէ չէ, ի՞նչ էք նի խցկւում ուղտի նման ասղի ծակից,
Ընտրւելը Ռոստամ Զալի, ես օխտը խան եմ ձեզ ասում:

- Դուք որպէս աշուղ շրջում էք ժողովրդի մէջ, նրանք ի՞նչ ակնկալիք ունեն զոյգ պատգամաւորից:
- Մահլաթըն ու Մէյդան թաղը, Նարմաքըն ու Մաջիդիէն,
Չորեք դիմեն հարց են տալի. բա ի՞նչ էլաւ հայի դիե-ն,
Ի՞նչ էք ուզում, ա՛յ ժողովուրդ, նաղդն էք ուզո՞ւմ, թէ՞ նսիեն,
Էս անգամւայ ընտրութունը բարի նշան եմ ձեզ ասում:

- Ձեր պատգամը, եթէ կարելի է:
- Ծատուր, բոլ է ինչ քաշեցինք օտար խան ու բէգի ձեռից,
Իստից դէնը արիք անձէն ինչ քաշում ենք, քաշենք մերից,
Ինչ էլ չըլնի, մեր խիզանն են, անկախ իրանց անուններից,
Անունների վերջի եան-ը ես հայկական եմ ձեզ ասում:

- Շատ շնորհակալ ենք ձեր բարի խորհուրդների համար:
- Խնդրեմ, նորից համմեցեք:

 

Յոյս թիւ 121

2 Մայիս 2012