ԹԱՒՐԻԶԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԼԻԼԱՒԱՆ ՈՒ ՂԱԼԱՆ ՄԻԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՐ


Աշոտ Մուրադխանեան

(Թեմական դպրոցի նախկին սան, հետագայում ուսուցիչ եւ տեսուչ)

 


 

Ատրպատականի Հայոց Թեմական դպրոցի դերը շատ խոշոր եւ նշանակալի է եղել ոչ միայն Թաւրիզում կամ Ատրպատականում, այլ եւ ամբողջ իրանահայ կեանքում: Նա բարերար ազդեցութիւն է գործել՝ տալով հայրենասէր, գաղափարական, հանրային կեանքին նւիրւած, հայկական միջնակարգ լրիւ կրթութիւն ստացած, հայ մշակոյթին հմուտ ուսուցիչներ, տեսուչներ, լրագրողներ, հանրային ու ազգային աշխատանքներին նւիրւած անկաշառ եւ անխարդախ բազմաթիւ գործիչներ:
Այս գրութեամբ ուզում եմ ներկայացնել նրա կատարած երկու շատ կարեւոր դերի մասին, որոնք ամբողջովին վերաբերում են Թաւրիզի հայ կեանքին: Մինչ այդ հարկ եմ համարում համառօտ կերպով ներկայացնել հին Թաւրիզը, որով աւելի ցայտուն կերպով երեւան կը գայ այդ երախտաշատ դպրոցի դերը:
Ինչպէս յայտնի է, Թաւրիզի հայութիւնը բնակւում է երկու իրար կից թաղերում՝ Բերդաթաղ (Ղալա) եւ Լիլաւա: Այս վերջինը տեղացի ազրբեջանցիների կողմից կոչւում է Լէյլաբադ:
Բերդաթաղը կամ Ղալան Թաւրիզի ամենահին եւ մինչեւ օրս կանգուն հայաբնակ թաղն է. այսօր սակայն դժբախտաբար գտնւում է անշուք վիճակում. հայութիւնը այնտեղ շատ է նւազել. այդ թաղի հայերին բնիկներ կարելի է համարել, որոնք ունէին իրենց յատուկ բարբառը, որից այլեւս գրեթէ հետք չի մնացել: Հին օրերին այլ հայաբնակ թաղեր եւս գոյութիւն են ունեցել, որոնք ինչ-ինչ պատճառներով շատ վաղուց այլեւս չկան. մի ժամանակ դրանց յիշողութիւնը հին թաւրիզեցիների մէջ, հայ կամ մահմեդական, պահւած էր. դրանցից միայն երկուսի հետքերը դեռեւս մնում են. առաջինը՝ Մարալան թաղը իր Աստւածածին մատուռով ու այգիով, որը մինչեւ այժմ ուխտատեղի է հայերի համար. այնտեղ կան հին հայկական գերեզմաններ, տապանաքարերով կամ առանց քարերի:
Երկրորդը՝ Թաւրիզի մեծ փակ շուկայի ծայրամասում գտնւող մեծ Մէյդան առեւտրական հրապարակի Սահաբբ-օլ-Ամիր մզկիթն է, որն ըստ աւանդութեան եկեղեցի է եղել. գիտակ անձինք որպէս փաստ մատնանշում են մզկիթի յատակագիծը եւ շէնքի կառուցւածքը, ըստ որում դա եղել է յար եւ նման քրիստոնէական բազիլիկաների:
Երկրորդ թաղը, Լիլաւան, աւելի բազմամարդ է եղել անցեալում, ինչպէս նաեւ այսօր: Բնակիչները Ատրպատականի զանազան կողմերից, գլխաւորաբար Ղարադաղից եկած հայեր են եղել. երբեմնի զուտ հայաբնակ թաղերը, այսօր այլեւս նախկին պատկերը չունեն. հեռացողների տները գնում են տեղացի մահմեդականները եւ այժմ համարեա խառն են ապրում:
Թաւրիզի զոյգ թաղերի ընդհանուր եւ լայն գծերով նկարագրութիւնն անելուց յետոյ անցնենք բուն նիւթին:
1-Հակառակ այն հանգամանքին, որ այս երկու թաղերն իրար կից եւ այսքան մօտիկ են եղել, թաղերի հայերի փոխյարաբերութիւնները բարեկամական չեն եղել: Ոմանք այս անսիրտ վերաբերմունքը վերագրում են այդ թաղերում տիրապետող դիրք ունեցած մեր քաղաքական երկու կուսակցութիւնների միջեւ եղած հակամարտութեանը. սա ճշմարտութեան միայն մի մասն է եւ վերաբերում է աւելի հետագայ ժամանակներին. ասացի որ Բերդաթաղի հայերը բնիկ են. ով գիտէ ո՛ր ժամանակւանից հաստատւած. գուցէ եւ հին պատմական ժամանակաշրջանից, երբ Հայաստանը պետութիւն էր. Թաւրիզը գտնւելով պատմական Հայաստանի սահմանին շատ մօտիկ եւ լինելով վաճառաշահ մեծ քաղաք, Արե-ւելք- Արեւմուտք համաշխարահային այն օրերի իմաստով առեւտրի տարանցիկ մեծ ճամփի մի խոշոր կենտրոն, չէր կարող հայ վաճառականին կամ արհեստաւորին դէպ իրեն չգրաւել, որով կազմւել է Թաւրիզի հայ հին գաղութը եւ բարեկեցիկ կեանք է ունեցել. այս մտածումս արդարացնող փաստ կարող է ծառայել այն վկայութիւնը որ անում է մեր պատմագիր Կիրակոս Գանձակեցին, ըստ որում Կիլիկիայի Հեթում թագաւորը Մունղուլիայից վերադարձի ճամփին, հիւր է մնում Թաւրիզի հայերի մօտ, մօտաւորապէս մի ամիս:
Հայրենիքից հեռու գտնւող հայերն իրենց հիւր արքայի պատւին եւ փառքին վայելող հիւրընկալութիւն ցոյց տալու համար պէտք է Թաւրիզում մեծատուն լինէին, որ կարողանային օտարութեան մէջ մեծարել հայ արքային եւ ինչու ոչ՝ նաեւ ողբալ իրենց պանդխտութեան եւ նւիրական հայերնիքի մեծ մասի բռնութիւնների ենթակայ եւ ոտքի կոխան լինելը, սելջուկ, թուրք, մոնղոլ խաժամուժի կողմից:
19-րդ դարու վերջին եւ 20-րդ դարու ակզբում, երբ Թաւրիզում հայ մշակութային կեանքը վերելք էր ապրում, հայ քաղաքական կուսակցութիւններն սկսեցին Թաւրիզում արմատաւորւել. հնչակեանները՝ Ղալայում, դաշնակցականները՝ Լիլաւայում: Սկսւեց բուռն պայքար, մինչեւ իսկ արիւն թափւեց. զոյգ թաղերի ոչ բարեկամական յարաբերութիւնները խստացան, որը սակայն երկար չտեւեց:
Թաղերի այս ոչ բարեկամական յարաբերութիւնները բացասաբար էին անդրադառնում թաւրիզահայ կրթական գործի վրայ: Լիլաւան իր տարրական դպրոցից եւ մանկական պարտէզից զատ օժտւած էր նաեւ միջնակարգ դպրոցով, Ղալան միջնակարգ դպրոց չունէր:
Երկու թաղերի ոչ բարեկամական յարաբերութիւնները, եւ Ղալայում միջնակարգ չլինելու իրողութիւնը, մտահոգել էր նաեւ ազգային բարձրագոյն իշխանութեանը՝ Թեմական Խորհրդին: Եւ ահա երկար խորհելուց եւ ծրագրեր կազմելուց յետոյ, որոշւում է երկու թաղերի համար բանալ տարիներից ի վեր փայփայւած Թեմական դպրոց. այդ նպատակով գնում են երկու թաղերի միջեւ գտնւող մի ընդարձակ այգի իր պալատանման շէնքով ու հիմքը դնում Ատրպատականի Հայոց Թեմական-Կենտրոնական Դպրոցի, որն իր ծրագրով նոյնն էր, ինչ Կովկասի մեր միջնակարգ այլ դպրոցները:
Այս նորահաստատ դպրոցը ոչ լիլաւացի եւ ոչ ղալացի հայինն էր, այլ ամբողջ Ատրպատականի հայերինն էր, ինչպէս եւ ողջ հայութեանը: Թեմական դպրոցում սովորել են բացի Իրանի զանազան քաղաքներից եկած տղաներ ու աղջիկներ, այլ նաեւ Կովկասից եկածներ:
Երկու թաղերի դպրոցներից եկած պատանի-ուհիները դիմում են նորաբաց դպրոցը, սկսւում է սերտ շփում. իրար ճանաչում, ծանօթանում ու մտերմանում են: Կուսակցութիւնների միջեւ եղած հակամարտութիւնը եւս մեղմանում է մինչեւ այն աստիճան, որ հնչակեաններից կազմւած Հոգաբարձութիւնը Ղալայի մանկապարտէզի եւ Արամեան դպրոցի համար ուսուցիչներ է հրաւիրում Լիլաւայից:
Թաւրիզում գտնւող կրթական եօթ օջախներն էին դիմում կրթական տարիք ունեցող բոլոր աղջիկներն ու տղաները. դպրոցներից երեքը ազգային էին՝
1-Ղալայի Արամեան եւ Սբ.Աննայեան տարրական դպրոց
2-Լիլաւայի Հայկազեան-Թամարեան վեցդասեան դպրոց, որ յետոյ դարձաւ տարրական
3-Ամերիկեան տղայոց դպրոց
4-Ամերիկեան օրիորդաց դպրոց
5-Ֆրանսիական Լազարիստների տարրական տղայոց դպրոց
6-Ֆրանսիական Օրիորդաց որբանոց-դպրոց
7-Ատրպատականի Հայոց Թեմական Կենտրոնական Դպրոց:
Ոչ ազգային դպրոցներն էին յաճախում հայ եւ ադրբեջանցի աշակերտ-ուհիներ, սակայն ճնշող մեծամասնութիւնը կազմում էին հայերը, որի հետեւանքով այդ դպրոցների վարչութիւնները հայ աշակերտութեան համար յատկացրել էին հայկական ծրագիր. աւանդւում էին հայոց լեզու, հայոց պատմութիւն եւ հայ գրականութիւն:
2. Յիշւած բոլոր դպրոցների եւ յատկապէս Թեմականի ու Մեմորիալի դերը շատ խոշոր է Թաւրիզի հայոց հին բարբառի վերանալու հարցում. Հազարաւոր տղայ ու աղջիկ ոչ միայն իրենց բարբառով չէին խօսում, այլ եւ գրական լեզուն տուն էին տանում:
Առանց դոյզն իսկ չափով միտում ունենալու մոռացութեան տալու կամ նսեմացնելու Լիլաւայի նախկին միջնակարգի ունեցած երախտիքը Թաւրիզի հայութեան կեանքում, պիտի շեշտել, որ Թեմական դպրոցն աւարտած սերունդները շնորհիւ իրենց նւիրեալ ուսուցիչների ունէին ազգային-մշակութային խորը եւ հաստատուն ըմբռնումներ. հէնց այդ երիտասարդ-ուհիներն էին, որ հիմնովին փոխեցին թաւիրզահայ կեանքը, ապրելակերպի նոր կարգ ու սարք մտցրին ընտանիքների մէջ, հայկականութեան առողջ ոգի ներշնչեցին իրենց շրջապատին եւ դա այն ժամանակներում, երբ հանուր հայութեան կեանքը բուռն վերելք էր ապրում երկու հատւածներում էլ:
Շատ հետաքրքրական կը լինէր Թաւրիզի բարբառի ուսումնասիրութիւնը կատարել, բայց թւում է թէ համարեա անկարելի է, որովհետեւ կենդանի խօսք չի մնացել այդ բարբառից. բացառութիւն կարելի է համարել երգիծական մի երկու պարբերականների մէջ լոյս տեսած զաւեշտական գրութիւններ:
Թեմական դպրոցը մեզ պարգեւած շատ եւ շատ բարիքներից զատ, վերոյիշեալ երկու հարցերում խոշոր եւ ակնառու դեր է կատարել եւ հանդիսացել է սատարիչ, որի հանդէպ երախտագիտական ջերմ զգացումներ պիտի տածել:


Աղբիւր՝ "Պատմութիւն Ատրպատականի Հայոց Թեմական դպրոցի", Թեհրան 1981, տպր."Ալիք"

 

 

Յոյս թիւ 120

18 Ապրիլ 2012