ՀԱՄԱՅՆՔԸ` ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՆՈՎՐՈՒԶ

 

Ռոբերթ Սաֆարեան

 

 


 

ԲԻՒՋԷԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2 ՄԻԼԻԱՐԴ ԹՈՒՄԱՆ ԲԱՑ

Մարտի 6-ին Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովում տարեկան նախահաշւի քննարկումներ տեղի ունեցան, եւ ժողովը համարեա միաձայնութեամբ վաւերացրեց թեմական խորհրդի կողմից ներկայացւած 55 միլիարդ ռիալանոց բիւջէն: Յառաջիկայ իրանական տարւան, թեմական խորհուրդը ընթացիկ ծախսերը հոգալու համար կարիք ունի 5.5 միլիարդ թումանի, իսկ նրա եկամուտները նախատեսւում են 3.3 միլիարդ թումանի շուրջ: Դա ցոյց է տալիս 2.2 միլիարդ թումանի, այսինքն՝ մօտ 40 տոկոսանոց բաց, որն օրէնքով պիտի հայթայթւի ազգային կալւածների վաճառումից գոյացած գումարով: Իհարկէ, կան տեսակէտներ այն մասին, որ այս բացը իրական չէ, եւ իրական բացը սրանից աւելի պակաս է: Հաւանական է, բայց այն մասին թէ կայ այդպիսի բաց, ոչ ոք չի կասկածում: Համայնքի բիւջէի այսպիսի պատկերը, որն արդէն տարիներ է, ինչ կրկնւում է, վկայում է այն մասին, որ համայնքը, այսպէս ասած, գրպանից է ուտում, իր ընթացիկ ծախսերը դրամագլխից է ապահովում: Իսկ սա բնականաբար տանում է դէպի սնանկութիւն:
Զարմանալին այն է, որ թեմական խորհուրդը այսպիսի նախահաշիւ է ներկայացրել, մինչդեռ խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանի ելոյթներից ու մեզ տւած հարցազրոյցից կարելի է այնպէս հասկանալ, որ նա լաւ գիտակցում է դրութիւնը եւ շեշտը դնում է խնայողութիւնների անհրաժեշտութեան վրայ: Ի՞նչն է պատճառը, որ կրկին այսպիսի մեծ բացով նախահաշիւ է ներկայացւում եւ առաւել եւս՝ վաւերացւում համարեա միաձայնութեամբ:
Բիւջէի քննարկումների ժամանակ, հարց առաջացաւ, մի շարք անորոշ ծախսերի, օրինակ "զանազան ծախսեր" գլխի տակ յատկացւած գումարների մասին: Յատկանշական էին պատգամաւոր Ժոզեֆ Մեհրաբեանի խօսքերը. նա ասաց, թէ բոլորս էլ գիտենք, որ այդ գումարի մի մասը յատկացւում է հայ դատին, եւ զարմանք յայտնեց, թէ ինչո՞ւ է ժողովը վախենում դա պարզ ասել:
Իրօք այդպէս է: Սակայն պարզ է նաեւ, որ Հայ Դատը մի գաղափար է, եւ գաղափարին փող չի լինի տալ, փողը պիտի տալ այդ գաղափարը կրող կազմակերպութեանը: Ուստի պէտք է դա էլ պարզ ասել, թէ ում է տրւում այդ գումարը: Դաշնակցութեա՞ն: Հուսկի՞ն: Այս հարցերի մասին է, որ բիւջէն պիտի աւելի թափանցիկ դառնայ: Ոչ դաշնակցական թեւի մտահոգութիւններից մէկը միշտ այն է եղել, որ տարբեր ձեւերով ազգային բիւջէն տրամադրւում է մի կուսակցութեան:


Ի՞ՆՉ Է "ՊԱՐԶ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ"-Ը
Ի՞ՆՉ ԱՆՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ ԿԱՅ ՍՐԲԱԶԱՆԻ ՌՈՃԻԿԸ ՆԱԽԱՀԱՇՒՈՒՄ ՅՍՏԱԿ ՆՇԵԼՈՒ ՄԷՋ

Զարմանալի էր, որ լուրջ բանակցութիւններ տեղի ունեցան այն մասին, թէ ինչ է նշանակում պարզ մեծամասնութիւնը: Հարցը սկսւեց այնտեղից, որ այս տարւայ բիւջէում յստակ գումար է նշւած թեմակալ առաջնորդի համար: Դա, երեւի, մէկի ուշադրութիւնն էլ չէր գրաւի, եթէ պատգամաւոր Հայկազ Շիրւանեանը հարց չբարձրացնէր, որ դա անպատեհ է, եւ չառաջարկէր, որ այդ գլուխը հանւի եւ նշւած գումարը՝ սրբազանի եւ իր օգնականի կեցութեան ծախսի հետ միասին, ներառւի թեմակալ առաջնորդին վերաբերող մի ընդհանուր գլխի տակ: Առաջարկը քւէարկութեան դրւեց եւ ձեռք չբերեց ներկաների պարզ մեծամասնութեան ձայնը: Ուրեմն նախահաշիւը մնաց այնպէս, ինչպէս որ կար:
Ընդմիջումից յետոյ, դիւանի կողմից հարց արծարծւեց, որ երեւի սխալութիւն է եղել քւէարկման ձեւի մէջ: Առաջարկւում էր, որ նախ հանւի ձեռնպահների թիւը ընդհանուր ներկաների թւից եւ յետոյ՝ ո՛ր տարբերակի կողմնակիցների թիւը աւելի բարձր է, այն էլ կիրառւի: Հարցը նրանումն էր, որ այդ դէպքում աւելի մեծ թւով քւէարկողներ կողմ էին, որ սրբազանի ռոճիկի գումարը չնշւի նախահաշւում: Այստեղ էր, որ բանակցութիւններ սկսեցին այն մասին, թէ՝ ի՞նչ է պարզ մեծամասնութիւն: Քանի որ ժողովը չէր կարողանում եզրակացութեան գալ, որ ինչ է նշանակում պարզ մեծամասնութիւնը, երկրի խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանի առաջարկով, որոշւեց, մէկ անգամ եւս հարցը քւէարկութեան դնել: Այդպէս էլ արւեց եւ այս անգամ վա-ւերացւեց Հայկազ Շիրւանեանի առաջարկը եւ այս անգամ վաւերացւեց: Այսպիսով նախահաշւից հանւեց սրբազան հօր ռոճիկի յստակ գումարը եւ այն ներառւեց մի ընդհանուր գլխի տակ:
Իրօք, զարմանալի առաջարկ, բանավէճ եւ որոշում էր: Նախ՝ ի՞նչ անպատեհութիւն ունի սրբազան հօր ռոճիկի յստակ գումարի նշումը բիւջէում: Երկրորդ՝ յամենայն դէպս գումարը կայ, միայն կեցութեան ծախսերի հետ մէկտեղ: Երրորդ՝ ամենազարմանալին այն էր, որ որոշումից դժգոհ անձինք, ինչպէ՞ս են հարցականի տակ տանում այնպիսի պարզ տերմինի իմաստը, ինչպիսին է՝ "պարզ մեծամասնութիւն"-ը: Ով չգիտի, որ պարզ մեծամասնութիւն նշանակում է՝ ներկաների թւի կէսը գումարած մէկ ձայն:


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՒ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐԻ ՀԱՇՒԵՓԱԿԻ ՀԱՐՑԸ
ՄԻԱՅՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՄԲ ԵՆ ԿԱՏԱՐՒԵԼՈՒ ՀԱՇՒԵՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Ընդմիջումից յետոյ, գիշերւայ ժամը 10-ին, ժողովն սկսեց իր քննարկումները մի կարեւոր հարցի շուրջ: Թեմական խորհուրդը առաջարկել էր, Ջոմհուրի պողոտայում մի կալւածի վաճառման գումարի այն 50 տոկոսը, որ օրէնքով պիտի յատկացւէր նոր կալւածի գնմանը, յատկացւի 105 ուսուցիչների հաշւեփակմանն անհրաժեշտ 800 միլիոն թուման ծախսերին: Նշենք, որ վերոյիշեալ կալւածի վաճառումը արդէն վաւերացւել էր ՊԺ-ի կողմից. հարցը վերաբերում էր նրան, որ ըստ ՊԺ-ում վաւերացւած օրէնքի, որեւէ կալւածի վաճառման դէպքում, դրա 50 տոկոսը պիտի յատկացւի նոր կալւածի գնմանը: Թեմական խորհրդի առաջարկն այն մասին էր, որ ուսուցիչների եւ պաշտօնեաների հաշւեփակի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար, ՊԺ-ն բացառաբար խախտի այդ օրէնքը: Թեմական խորհրդի առաջարկն այդ էր, բայց պատգամաւորներին աւելի շատ հետաքրքրում էր նախ՝ հէնց հաշւեփակի բացասական հետեւանքները մեր համայնքային կեանքում, եւ այն որ ի՞նչ կարիք կայ այս պահին, բոլոր ուսուցիչների եւ պաշտօնեաների հետ մէկտեղ հաշւեփակում կատարել:
Վիճակի պարզ պատկերը հետեւեալն է: Հայկական դպրոցների 85 ուսուցիչներ եւ առաջնորդարանի 20 պաշտօնեաներ պաշտօնական համաձայնագրով (ղարարդադէ ռասմի) եւ պետական ապահովագրմամբ վարձւած լինելով, թոշակի անցնելու պահին պիտի առաջնորդարանը վճարի նրանց Սանաւաթը կամ փոխհատուցումը (տարեկան մէկ ամիս ռոճիկ): Թեմական խորհուրդը որոշել է ապագայի ֆինանսական բեռը թեթեւացնելու համար, այդ 105 հոգու հետ, գալիք տարւայ ընթացքում (իրանական 1391-ի Խորդադին) հաշւեփակում կատարել, որից յետոյ նրանք տարեկան պայմանագրով կաշխատեն: Դա նշանա-կում է, որ ամէն տարի պէտք է նրանց աշխատանքի պայմանագիրը նորոգւի եւ նրանց կրկին չվարձակալելու պարագային (ինչը հաւանական է թւում, նկատի առնելով համայնքի քանակի նւազումը) այլեւս առաջնորդարանը նրանց բան չպիտի վճարի: Սա, բնականաբար, աշխատանքային անապահովութիւն է ստեղծում այդ մարդկանց համար: Պատգամաւորները, հասկանալով թեմական խորհրդի մտահոգութիւնները, սակայն մեծամասնաբար դէմ էին հարցը մէկտեղ լուծելուն եւ մտածում էին դա մեծ դժգոհութիւն կառաջացնի ուսուցիչների մէջ եւ կը խախտի համայնքի անդորրը: Ժողովի վերջում որոշւեց հաշ-ւեփակումը կատարել հանգրւանային՝ ոչ մէկտեղ, այլ՝ փուլ առ փուլ, եւ ինչը կարեւոր է՝ փոխհամաձայնութեամբ: Դա նշանակում է, որ եթէ տւեալ պաշտօնեան կամ ուսուցիչը համաձայն չէ հաշւեփակում անել, ոչ ոք նրան չի պարտադրելու: Նկատի ունենալով խնդրի կարեւորութիւնը, առանձին ներկայացնում ենք ժողովում հնչած կարծիքներից որոշ հատւածներ:


ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԷՄԻԼ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.
ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՎ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆՈՒՄ
Ես ուզում եմ անդրադառնալ թեմական խորհրդի այն տրամաբանութեանը, որի պատճաւով այս քայլին է ուզում գնալ (հաշ-ւեփակ կատարել պաշտօնեաների եւ ուսուցիչների հետ) եւ մէկ ընդմիշտ այս հարցը փակել: Եթէ թոյլ տաք այդ դիտանկիւնից նայել խնդրին:
Սրանից 4 տարի առաջ նախահաշիւը քննարկելուց, թեմական խորհուրդը այդ շրջանի բացը ներկայացրեց 300 միլիոն թուման. դա 5-6 տարւայ ընթացքում հասել է 2 միլիարդ 400 միլիոն թումանի: Ես հակւած եմ այն մտքին, որ մենք պէտք է մտահոգւենք, որ մեզ սնանկացման վտանգն է սպառնում, այսինքն՝ մենք մեր հարստութիւնները ծախսելով ենք առաջ գնում:
Իմ ամենամեծ մտահոգութիւնն այն է, որ 5 կամ 10 տարի յետոյ էլ բոլորովին գումար գոյութիւն չունենայ, որ յետոյ սիրելի ուսուցիչները մտածեն թէ մեծ գումար են ստանալու: Այսօր ուսուցիչները աշխատանքի ապահովութեան մասին են մտածում, եւ գնահատելի է, որ իրենց ձայնն այսպիսով կարողանում են հասցնել Պատգամաւորական ժողով: Բայց ո՞վ պէտք է ազգային իշխանութեան տնտեսական անվտանգութեան մասին մտածի, եթէ ոչ ազգային գերագոյն ատեանը՝ Պատգամաւորական ժողովը:
Ես գնահատում եմ թեմական խորհրդին, որ իր շրջանից աւելի հեռուն է նայում, այսինքն՝ նայում է 10 տարի յետոյ ինչ է լինելու մեր վիճակը եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում:
Փորձենք մի քիչ իրար աւելի լաւ հասկանալ: Միակողմանի չդատենք, երկու կողմերի մասին էլ մտածենք: Ես վստահ եմ բոլոր պատգամաւորները մտահոգ են ուսուցիչների համար, եւ ես էլ երկրորդում եմ նրանց, որ չպէտք է որեւէ կտրուկ գործողութեամբ կամ բիրտ միջոցներով անախորժութիւն առաջացնել այս գործում: Թողէք ճանապարհներ գտնենք, խրախուսանքի միջոցներ կիրառենք: Առաջարկութիւն կար նոյնիսկ թեմական խորհրդի ձեռքը գումարի հարցով աւելի բաց թողնենք, աւելի բարձր բիւջէ յատկացնենք այդ աշխատանքը կատարելու համար, բայց հասկանանք նաեւ ընդհանրական շահերը, այսինքն՝ ազգային տնտեսական շահերը նկատի ունենեալով այս հարցը քննարկենք:
Ես այս կապակցութեամբ այսինքն՝ մեր տնտեսական ընդհանուր ընթացքի մասին մի առաջարկութիւն ունեմ, որը միայն ուսուցիչների խնդրին չի վերաբերում:
Ես առաջարկում եմ ներկայ Թեմական խորհրդին, որ մեր համայնքի տնտեսական գործի համար հրաւիրենք գործարար մարդկանց: 5-6 տարի առաջ այս առաջարկութիւնը չընդառաջւեց այն տրամաբանութեամբ, որ մեր տնտեսական ազգային իշխանութեան հաշիւները այնպէս չեն, որ լինի բացել բոլորի համար: Բայց ներկա Պատգամաւորականում արդէն դա բաց է եւ մամուլի ներկայացուցիչներն այստեղ են: Նոր մտքեր ու նոր դէմքեր են հարկաւոր այս գործի համար: Եթէ պէտք է նախքան այն, որ յանձնախումբ կեանքի կոչւի, մի սեմինարանման փորձ կատարւի եւ համայնքի բոլոր գործարար մարդիկ հաւաքւեն, մոբիլիզացւած մի շարժում կազմակերպւի: Ստեղծենք այն ենթակառոյցը, որը կարողանայ ինչ-որ եզրակացութեան յանգել եւ մեր ազգային տնտեսութեան կառոյցը փոխել:
 


ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՇԱԷՔ ԱՒԵՏԵԱՆ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՊԻՏԻ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵԼ
Եթէ հարցին նայենք գործատիրոջ ակնոցից, այո՛, դա շատ ճիշտ որոշում է նիւթական առումով, իսկ եթէ նայենք պաշտօնեայի ակնոցով, դա լաւ չէ, որովհետեւ արդէն երկար ժամանակ է, որ շշուկների պատճառով խնդիրներ են առաջացել մեր ուսուցիչների եւ պաշտօնեաների մօտ, եւ նրանք իրենց զգում են անարգւած եւ անտեսւած: Մենք քանի որ մեր առօրեան անցնում է դպրոցում, դրանք լաւ տեսնում ենք ու լսում:
Եթէ խօսենք համայնքի, մեր ժողովրդի շահերի առումով, թեմական խորհրդի որոշումը ճիշտ քայլ է: Բայց Մենք գիտենք, որ երբ փորձել ենք մի բան կատարել շատ շտապ, արագ ու միանգամից, միշտ կանգնել ենք ժողովրդի դժգոհութեան ու խնդիրների դիմաց: Փորձը կայ, արել եւ տեսել ենք, ու չի թւում կարիք լինի կրկնելու:
Ես հաւատացած եմ, որ ուսուցիչներին պիտի հանգիստ թողնել: Ուսուցիչը պիտի հանգիստ աշխատի, մենք դպրոցում եթէ որեւիցէ ուսուցչուհու պէտք է նկատողութիւն անենք, հաւատացէք, որ դա թողնում ենք տուն գնալու պահին, ոչ դասամիջոցին, ոչ էլ օրւայ սկիզբը, որ այդ ուսուցիչը պէտք է մտնի դասարան: Հաւատացէք դա ազդեցիկ է: Եթէ ուսուցիչը անհանգիստ է մտնում դասարան, միգուցէ աշխատի, բայց այն չի անելու, որ պէտք է անի: Եթէ խօսում ենք դպրոցների որակ բարձրացնելու մասին, էլ ինչո՞ւ ենք խանգարում սիրելի ուսուցչին:
Ես տեսնում եմ այս ամէն ինչը մօտիկից: Հաւատացած չեմ, որ այն ուսուցիչը որ պայմանագրային է, աւելի լաւ կաշխատի, որպէսզի յաջորդ տարի էլ իր պայմանագիրը կնքւի, ո՛չ, այն մարդը, ինչ սիրում է իր աշխատանքը, այն մարդը, եթէ հանդարտ միջավայրում է աշխատում, սիրում է իր գործը ու լաւ է աշխատում:
Մեր ուսուցիչները ինձ որպէս պատգամաւոր դիմեցին ու զեկոյց ներկայացրին, որ թող Թեմական խորհուրդը կիսի մեզ հետ իր խնդիրները, մենք պատրաստ ենք մեր երեք ամսւայ ռոճիկը նւիրել ազգային իշխանութեանը, բայց մեզ չնւաստացնեն: Դա այն զգացումն է, ինչ նրանց մէջ կայ: Մենք դա տեսնում ենք, լսում ենք:
Ես կարծում եմ, որ այն ինչ որ տրամաբանօրեն պիտի կատարւի, թող կատարւի, բայց եկէք ձեւեր ու ելքեր գտնենք, որպէսզի ճիշտ ձեւով կատարւի:
Մենք ընդհանրապէս խօսում ենք ու ասում, որ չթողնենք ժողովուրդը գնայ, ինչպէ՞ս արտագաղթի առաջն առնել: Սա էլ հէնց նոյն խնդիրներից մէկն է, ուսուցիչն ամենաքիչ վարձով է աշխատում, բայց սիրում է իր աշխատանքը, ես ինձ եմ օրինակ բերում, թէ կարող եմ գնալ ու ուրիշ տեղ բարձր ռոճիկով աշխատել, բայց գիտեմ, որ չեմ կարող, որովհետեւ փոխարէն մտածեմ իմ բանկային հաշիւներն աւելացնելու՝ մտածում եմ իմ հոգիս բաւարարելու մասին, եւ գիտեմ, որ իմ գործակիցներս էլ այդպիսին են, որովհետեւ եթէ մտածէին նիւթականի մասին չէին մնայ այս պայմաններում:
Հիմնականում մենք միշտ ասում ենք դպրոցները սուբսիդաւորել: Ինչո՞ւ ենք դա անում: Ինչո՞ւ չենք մտածում՝ կարելի է թոշակները այնքան բարձրացնել, յետոյ էլ ասել, որ դէ լաւ, ով կարող է գալ հայկական դպրոց, ով էլ չէ՝ գնայ պարսկական. բայց մենք դա չենք անում, մենք մտահոգ ենք, որ պարսկական դպրոցից յետ վերադարձնենք մեր աշակերտին, ուրեմն եթէ սուբսիդաւորում ենք դպրոցները, ուրեմն պիտի ուսուցիչներին էլ սուբսիդաւորենք: Ուսուցչի ձեռքում է մեծանում ու դաստիարակւում մեր ապագայ սերունդը, մեր համայնքը:
Իսկ մի ուրիշ հարց, այն ուսուցիչը, որ պայմանագրային ձեւով չհամոզւի, ի՞նչ ենք անելու: Ասելու ենք թող, գնայ: Բնականաբար ուսուցիչը կը գանգատւի ու մենք այդպիսին չենք ուզում:
Միւս հարցը այն է, որ չկորցնենք ժողովրդի վստահութիւնը, որ ամենակարեւորն է: Այս օրերին, դպրոցներում խօսւում է թէ՝ Թեմական խորհուրդը կտրեց մեր բիմէյէ թաքմիլին (լրացուցիչ ապահովագրութիւն), մեր բուժարանի քարտերն էլ յետ է վերցրել, հիմա էլ հերթը մեր աշխատավարձերին ու պայմանագրերին է հասել: Ես ինձ Թեմական խորհրդից չեմ առանձնացնում, այս հարցը ինձ էլ է վերաբերում, եւ բոլորս այստեղ հաւաքւել ենք այդ հարցի համար լուծում գտնելու: Ուրեմն եկէք լաւ մտածենք եւ մեր ժողովրդի վստահութիւնը չկորցնենք:

 


ՄԵՋԼԻՍԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՅ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ
ԴԱ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻ՞Թ Է
Մարտի 2-ին տեղի ունեցաւ երկրի խորհրդարանական ընտրութիւնները: Ընտրութիւնների արդիւնքում իրանահայութեան թեկնածուներից մէկը` Սպահանի թեկնածու եւ ներկայի պատգամաւորը՝ Ռոբերտ Բեգլարեանը ձեռք բերեց քւէների 100 տոկոսը, այս առումով գրաւելով առաջին տեղը երկրի մասշտաբով, իսկ միւսը` Կարէն Խանլարեանը Թեհրանից գրաւեց երկրորդ տեղը, քւէների 92-տոկոսով: Դա իհարկէ մրցակցի բացարձակ բացակայութեան հետեւանքն է, եւ չեմ կարծում շատ էլ հպարտանալու առիթ լինի:
Ընդհանրապէս 80-ից աւելի քւէների շահումը վկայում է միապետական իշխանութեան գոյութեան մասին, ինչպէս եւ գրել է Ռուբիկ Մինասեանը "Իրանահայեր" կայքում. "... մենատիրութեամբ վարակւած կառոյցների համար նման միջավայրում աշխատելը երազանք է, սակայն անհասկանալի է դառնում նոյն կուսակցութեան դեմոկրատական կամ ընկերվարական գաղափարներին յարելու յայտարարութիւնը Հայաստանում եւ սփիւռքի որոշ համայնքներում: Միթէ այս նոյն կուսակցութիւնը հայրենիքում կը հանդուրժէ՞ր նմանօրինակ ընտրութիւններ, որտեղ այլախոհեր չլինեն եւ ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացնեն միայն մի կուսակցութեան յարող թեկնածուներ": Բայց կարելի է հարցնել նաեւ, որ ի՞նչն էր արգելում իրանահայ համայնքի ոչ դաշնակցական թեւին իր թեկնածուները առաջադրելու՝ ինչպէս հարցնում է նոյն յօդւածի տակը մեկնաբանութիւն գրողներից մէկը. "Ո՞վ է խանգարել միւս թեւին իր նախաընտրած թեկնածուին առաջադրելու համար": Բնական է, որ դաշնակցականները պարտականութիւն չունեն միւս թեւի համար էլ թեկնածու առաջադրել եւ քարոզարշաւ տանել, սակայն կարելի է հարց տալ թէ ի՞նչն է պատճառը, որ այսպէս կոչւած ընդդիմադիր թեւը ընդհանրապէս հրաժարւել է թեկնածու ունենալ: Այս հարցի պատասխանը պիտի որոնել երկար տարիների ընթացքում միապետական իշխանութիւն ստեղծելու ուղղութեամբ տարւած գործունէութեամբ, որի ընթացքում իշխող կուսակցութիւնը ամէն գնով, ամէն օրինական եւ ոչ-օրինական միջոցներով փորձել է խեղդել ընդդիմադիր ցանկացած ձայն: Եւ ահա արդիւնքը: Ահա յաջողութիւնը: Միակ իշխանութիւնը եւ միակ պատասխանատուն:
Սակայն համայնքի ոչ դաշնակցական թեւի անգործութեան մեղքը, երեւի, ճիշտ չի լինի ամբողջութեամբ բարձել դաշնակցութեան իրականացրած երկարատեւ քաղաքականութեան գլխին, ինչպէս ասւել է վերը մէջ բերւած մեկնաբանութիւնում երբ "... էս կողմի ուժերը թեկնածու չեն առաջադրում եւ պասսիւ են, իրար միս են ուտում, չեն կարողանում փոխհամաձայնութեան գալ ...", անհնարին է միասնական թեկնածու ներկայացնել: Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան նախագահ` Աստղիկ Բա-բայեանի եւ "Համայնք" կայքի վարիչ ու ՊԺ-ի անդամ` Ռուբիկ Սարդարեանի միջեւ տեղի ունեցած վէճը, դրա մի նմուշը կարելի է համարել: (Այս մասին՝ նոյն համարի էջ 3-ում)

 

Յոյս թիւ 119

2 Ապրիլ 2012