ԹԱՒՐԻԶԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՀՈԳԻ` ԼԵՒՈՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ
 

Հայկ Աճէմեան


Իրանահայ վաստակաւոր երաժիշտ ու խմբավար` Լեւոն Գրիգորեանը ծնւել է 1894 թւականին Թաւրիզում, կեանքին հրաժեշտ է տւել 1957 թւականին Թեհրանում: Նա երաժշտութիւն է սովորել Թիֆլիսում, իսկ յետոյ՝ Բելգիայում: Հիմնականում դասաւանդել եւ որպէս խմբավար աշխատել է իր ծննդավայր Թաւրիզում: Հայկ Աճէմեանը մի գրքոյկ է հեղինակել նւիրեալ երաժշտագէտի մասին, որից ստորեւ ներկայացնում ենք մի քաղւածք:
 

Լեւոն Գրիգորեանը Թաւրիզ հասաւ 1912 թւի ամառն՝ երա-ժշտագիտական պատրաստութեամբ՝ ինչպէս նաեւ իբր հմուտ ջութակահար: Նոյն թւի աշնան, հրաւիրւեց Ատրպատականի Հայոց Թեմական Դպրոցը իբր երգ-երաժշտութեան դասատու-ուսուցիչ՝ Հայոց նորընտիր Առաջնորդ Ներսէս Վարդապետ (յետոյ եպիսկոպոս) Մելիք Թանգեանի ժամանակ: Միաժամանակ նաեւ երգ-երաժշտութեան դասեր ստանձնեց Թաւրիզի Հայոց Արամեան ազգային դպրոցում:
Ալէքսան Տէր Վարդանեանի տեսչութեան տարիներին: Երկու դպրոցներումն էլ կազմեց քառաձայն խմբեր, որոնք դպրոցական հանդէսների եւ տօների ժամանակ երգում էին ազգային, հայրենասիրական եւ ժողովրդական երգեր՝ Լեւոնի խմբավարութեամբ: Թաւրիզի Հայոց Ս.Աստւածածին Մայր Եկեղեցում ամէն կիրակի եւ տօն օրերի պատարագներին Թեմական դպրոցի քառաձայն երգչախումբը երգում էր՝ Լեւոնի անմիջական խմբավարութեամբ:
Դպրոցական աշխատանքներից ու ժամերից դուրս Լեւոն Գրիգորեանը երաժշտութեան եւ ջութակի ու այլ եւրոպական երաժշտական գործիքների դասընթացներ էր բացել եւ ունէր մեծ թւով աշակերտներ: Երաժշտութեան եւ նւագի ուսուցման աշխատանքներին լծւած էր բուռն թափով միաժամանակ նաեւ երկու դպրոցների երգչախմբերի փորձերն էր կատարում, երգեր ներդաշնակում, մեներգիչներ պատրաստում եւ այլն:
Թաւրիզի հայ համայնքը՝ հանդիսաւոր եւ տօնական օրերին հոգեկան անհուն հրճւանքով դիտում էր բեմերի վրայ կանգնած երկսեռ երգչախումբը, որ հիանալի ներդաշնակութեամբ երգում էր ազգային, հայրենասիրական եւ ժողովրդական երգեր՝ շնորհալի խմբավար Լեւոն Գրիգորեանի անթերի ղեկավարութեամբ:
Սակայն 1914 թւի ամռան պայթեց համաշխարհային մեծ պատերազմը, որի արհաւիրքները նոյն թւի աշնան մօտեցան Կովկասին ու ապա Իրանի Ատրպատականի նահանգի սահմաններին: Նոյն թւի Դեկտեմբերին տաճկական բանակները յարձակողականի անցան: Մահւան սպառնալիքի տակ էր Ատրպատականի հայութիւնը, որ նոյն ամսի կէսերից խուճապահար անցաւ Արաքս գետը եւ ապաստան գտաւ Կովկասում: Սակայն կարճ ժամանակից յետոյ, պատերազմի բախտը փոխւեց:
Տաճկական բանակները խուճապի մատնւած նահանջեցին Կովկասի եւ Ատրպատականի ճակատներից դէպի Թուրքիոյ խորքերը: Ռուսական բանակները յարձակողականի անցան եւ արագութեամբ գրաւեցին Տաճկահայաստանի սահմանամերձ նահանգները.- Վան, Բիթլիս, Էրզրում եւ այլ վայրեր:
Կովկասն ապաստանած Ատրպատականի հայութեան մեծ մասը 1915-ին եւ 1916-ին վերադարձաւ իր ծննդավայրը: Վերադարձան Թաւրիզից գաղթած հայերը, որոնց մէջն էր նաեւ Լեւոն Գրիգորեանը՝ հանդերձ ընտանեօք:
Թաւրիզում վերակենդանացաւ հայ կրթական եւ մշակութային կեանքը: Ահա այս շրջանում, 1916-ին Լեւոն Գրիգորեանը Թաւրիզում հիմնեց իր նշանաւոր ՍԱԼՈՆ նւագախումբը, որի անդամների թիւը հասնում էր մինչեւ քսանի: Այս նւագախումբը ամբողջ երեսուն տարի (1916-1946) գոյութիւն ունեցաւ Թաւրիզում: Նւագախմբի անդամների թիւը փոփոխական էր: Երեսուն տարիների ընթացքում՝ "Սալոն" նւագախմբում սերունդներ յաջորդեցին իրար, բայց նւագախումբը միշտ գոյութիւն ունեցաւ՝ ղեկավարութեամբ Լեւոն Գրիգորեանի:
"Սալոն" նւագախումբը Թաւրիզի մշակութային կեանքի զարդերից եւ մնայուն արժէք ներկայացնող ձեռնարկներից մէկն էր: Դպրոցական, ազգային կուսակցական, պետական, պարսկական եւ եւրոպական ամէն տեսակ հանդէսների, տօնակատարութիւնների, պաշտօնական խնջոյքների, մեծածախս հարսանիքների եւ նման բազմատեսակ ձեռնարկների ժամանակ "Սալոն" նւագախմբի ներկայութիւնը կենսական անհրաժեշտութիւն էր:
Լեւոն Գրիգորեանը երգ-երաժշտութեան եւ նւագի շուրջ՝ իր աշակերտների մէջ զարգացրել է միտք ու ճաշակ, սէր ու համակրանք: Մղում է տւել նրանց ընդունակութիւններին, քաջալերել է նրանց եռանդն ու աշխատանքը: Եւ այս բոլորի հոյակապ արդիւնքն այն աղաւ, որ նա ամբողջ իրանահայութեան համար պատրաստեց երաժշտական մի դաստիարակւած սերունդ-ուսուցիչ, դասատու, ջութակահար, դաշնակահար, լարաւոր եւ փողաւոր գործիքներ նւագողներ, երգահաններ, երաժիշտներ, խմբավարներ, երգիչներ, մեներգիչներ եւ այլն, որոնք տասնեակ տարիների ընթացքում Իրանի մէկ ծայրից միւսը, Թաւրիզից մինչեւ Նոր Ջուղա եւ Ռաշտից մինչեւ Աբադան տարածեցին եւ դասաւանդեցին՝ երգն ու երաժշտութիւնը եւ նւագն ու ձայնագրութիւնը:
Խորին երախտագիտութեան արժանի են Լեւոն Գրիգորեանի այդ աշակերտները, որոնցից ոմանք ժամանակին անցան արտասահման եւ աւելի զարկ տւին իրենց երաժշտագիտական կրթութեանը, ոմանք ժամանակի եւ տնտեսական պայմանների պատճառով ուրիշ ասպարէզներ ընտրեցին, իսկ մի մասն էլ տասնեակ տարիներ իբրեւ դասատու, երաժիշտ, խմբավար, նւագող եւ այլն շարունակում են իրենց հանրա-նւէր աշխատանքը:
Լեւոն Գրիգորեանը տարիների ընթացքում ներդաշնակել է բազմաթիւ երգեր (Դուդուկ, Դարձեալ անուշ, Դլէ եաման, Բըկիդ մարջան, Բերդիցը դուրս ելայ): Իր վաղամեռիկ Հրաչիկ որդու յիշատակին ձայնագրել է Աւետիք Իսահակեանի երկու բանաստեղծութիւններ՝ Է՜յ դու ջահէլ եւ Ուռիների տակ , որը լոյս է ընծայել առանձին տետրակով: Քառաձայնի է վերածել Մեհրաբեանի Խնձորի ծառի տակին, եւ Գնչուի երգը:
Ներդաշնակել է նաեւ պարսկերէն երգեր (Իրանի ազգային Հիմն, Իրան, Դէլ փասանդ, Ջէլվէյէ գոլ, Սօրուդէ թաւանայի (քառաձայնի է վերածել) Սօրուդէ քարնաւալ (քառաձայն) Մորդէ բաստէ): Նաեւ պարսկական աւազներ, թասնիֆներ, փիշդարամադներ, եւ այլն:
Թաւրիզում պարսիկներից կազմեց յատուկ նւագախումբ: Թաւրիզի պարսկական դպրոցներում երգի եւ ձայնագրութեան դասատու-ուսուցիչ էր: Այդ դպրոցներում կազմեց նաեւ քառաձայն երգչախմբեր: Թեհրան տեղափոխւելուց յետոյ, ութը տարի պետական երաժշտանոցում ձայնագրութեան եւ ջութակի դասատուի պաշտօն վարեց:
Ատրպատականի Հայոց Թեմական դպրոցում Լեւոն Գրիգորեանը ամբողջ 25 տարի (1912-1936) ունէր երգչախումբ եւ նւագախումբ:
Մօտ հարիւր երկսեռ երգիչներից եւ նւագողներից բաղկացած այդ պատկառելի խումբը ոչ միայն Թեմական դպրոցի ձեռնարկներին, այլեւ ազգային եւ այլ մեծ տօնակատարութիւններին բերում էր իր մասնակցութիւնը: Վարդանանց փառատօնը, Ապրիլեան սգատօնը, Հայ Մշակոյթի օրը, յոբելենական հանդէսները, նոր տարւայ երեկոյթները, սգահանդէսներ, ազգային եւ գրական մեծ դէմքերին նւիրւած երեկոյթներ եւ այլն փառաւորւում էին Լեւոն Գրիգորեանի երգչախմբի քառաձայն երգերով, մեներգերով կամ նւագներով, որոնց բոլորի մէջ կար երաժշտական ճաշակ, նրբութիւն, հմայք եւ հոգեկան հաճոյք: Եւ այս բոլորի մէջ փայլում էր Լեւոնի կատարած անձնւէր եւ բարեխիղճ աշխատանքը եւ արւեստագէտի կատարելութիւնն ու հմտութիւնը:

 

Յոյս թիւ 118

7 Մարտ 2012