ՀՐԱՊԱՐԱԿՒԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԿԱԼՒԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ԹՈՅԼ ՉԻ ՏՐՒՈՒՄ ՊԱՏՃԷՆԱՒՈՐԵԼ ԵՒ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

Ռոբերթ Սաֆարեան

 

"Ի գիտութիւն Թեհրանի հայոց թեմի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ համաձայն Թեմական խորհրդի որոշման, որի մասին տարբեր առիթներով, հանդիպումներում եւ մամլոյ ասուլիսներում յայտարարւել է, նաեւ կատարւած խոստումների համաձայն, ազգային իշխանութեան ազգապատկան կալւածների ցանկերը յանձնւած են ազգային առաջնորդարանի թիւ 14 գրասենեակին:
Ցանկացողները եւ հետաքրքրւողները կարող են Ազգային առաջնորդարանի աշխատաժամերին դիմել գրասենեակի պատասխանատուին":

Յունւարի 12-ին ԹՀԹ առաջնորդարանի կայքում հրատարակւել է այս յայտարարութիւնը՝ հէնց "Յայտարարութիւն" խորագրի ներքոյ, առանց նշելու թէ ինչ է յայտարարութեան բովանդակութիւնը, ուստի եւ վրիպել էր մեր աչքից: Ինչ որ է, դրա մասին տեղեկանալուց յետոյ, Փետրւարի 15-ին դիմում եմ առաջնորդարան, սենեակ համար 14, որը ազգային կալւածների գործերի կարգաւորման գրասենեակն է: Գրասենեակի պատասխանատու` պարոն Սեպուհ Համբարձումեանը տրամադրում է կալւածների ցանկը: Դա բաղկացած է երկու էջերից. մէկը` Թեհրանի ազգային կալւածների ցանկն է, միւսը` շրջանների: Խնդրում եմ ունենալ ցանկերի պատճէնները, դրանք ուսումնասիրելու կամ հրատարակելու համար: Պարոն Համբարձումեանը ասում է, որ իրաւասու չէ պատճէններ տրամադրել: Ասում եմ՝ լաւ, ուրեմն գրի կառնեմ ցանկի մի քանի թւեր եւ տեղեկութիւններ: Ասում է՝ դա էլ հնարաւոր չէ. կարող էք ինչքան ուզում էք դիտել եւ ինչքան կարող էք անգիր անել:
Ինչ հասցրի անգիր անել հետեւեալն է. Թեհրանի ցանկը բաղկացած է 21 կալւածներից, որոնցից որոշները իրենք պարունակում են մի քանի խանութ կամ յարկաբաժին: Ցանկում կայ կալւածի հասցէն, ասւած է թէ այն վարձու է տրւած թէ ինչ, սակայն չկայ վարձի գումարը: Ցանկի ներքեւում նշւած է, որ առաջնորդարանի ամսական եկամուտը կալւածների վարձերից 33 միլիոն թուման է, իսկ դրանց համար պահ դրւած ընդհանուր գումարը` 42 միլիոն թուման: Պարոն Համբարձումեանի բացատրութեան համաձայն, շրջանների (Ղազւին, Ռաշտ, Գորգան եւ այլն) կալւածների եկամուտները յատկացւում է հէնց տւեալ շրջանի ծախսերը հոգալու համար:
Եւ ճիշտն ասած մի քիչ արհամարհւած եմ զգում մերօրեայ զարգացած տեխնոլոգիայի ժամանակաշրջանում, անգիր անելով, եւ հաւանական վրիպումներով, տեղեկութիւններ փոխանցել ընթերցողին: Արդեօք սրա անունը կարելի է դնել ցանկ "հրատարակել": Արդար լինելու համար պիտի ասենք, որ մասամբ այո: Փաստն այն է, որ ամէն մարդ կարող է դիմել առաջնորդարան եւ ցանկը դիտել: Առաջարկում ենք յատկապէս որոշ կալւածների մասին հարցեր ունեցող մարդիկ անպայման այդ գործն անեն: Այժմ հնարաւոր է, որ եթէ որեւէ մարդ գիտի ուրիշ կալւածներ, որոնք ներառւած չեն ցանկում, եւ որոնց եկամուտները հաշւի չեն առնւել, դիմի եւ ստուգի ցանկը: Իհարկէ դրա համար, երեւի, պէտք է ցանկը լրացնել իւրաքանչիւր կալւածի առանձին վարձի գումարով: Հակառակ դէպքում, այսինքն առկայ ցանկի հիման վրայ, դժւար է դատել, թէ դրանք վարձատրւած են օրւայ նորմա՞լ արժէքներով, թէ՞:
Սակայն մի այլ իմաստով ցանկը չի կարելի "հրատարակւած" համարել: Հէնց հիմա, իմ վերը փոխանցած տեղեկութիւնները փաստաթղթային արժէք չունեն: Միւս օրը կարելի է, ուրիշ ցանկով փոխարինել իմ տեսածը: Այսպիսով նաեւ դժւար է ուսումնասիրել ցանկը: "Հրատարակել", բառիս բուն իմաստով, նշանակում է հանրութեան սեփականութիւնը դարձնել՝ որեւէ զանգւածային լրատւամիջոցով հրապարակելով: Այս դէպքում լաւագոյն բանն այն է, որ այս ցանկերը տեղադրւեն հէնց առաջնորդարանի կայքում: Գրասենեակի պատասխանատուն ասում է, որ երեւի կան "Նկատառումներ", որ թեմական խորհուրդը նման որոշում չի կայացրել: Իսկ թէ՝ որո՞նք են այդ նկատառումները, չգիտենք:
Եւ ի վերջոյ մի քանի բառ էլ ցանկի հրատարակման լուրը հրապարակելու մասին: Այցելէք առաջնորդարանի կայքը եւ փորձէք գտնել լուրը: Դա եթէ անհնարին չլինի, շատ դժւար է: Լուրը տպագրւել է "Յայտարարութիւն" խորագրի ներքոյ, առաց նշելու թէ ինչի մասին է այդ յայտարարութիւնը: Մի խօսքով ամէն բան արւել է, որ թէ լուրը տեխնիկական իմաստով հրատարակւած լինի, բայց հնարաւորին չափ աննշմարելի: Դա միտումնաւո՞ր է, թէ՞ Կայքի պատասխանատուի անու-շադրութեան հետեւանքը, դա թողնում ենք ընթերցողի դատողութեան:
Անդրադառնանք նաեւ մի թիւրիմացութեան: Կալւածների ցանկի հրատարակումը, որի պահանջը դրւել է մամուլի եւ այդ թւում "Յոյս"-ի կողմից, սկզբունքային պահանջ է համայնքի ազգային մարմինների աւելի թափանցիկ գործելաոճի ուղղութեամբ: Կարեւորն այն է, որ այդ ցանկը հասանելի լինի հանրութեանը: Դա իրաւունքի հարց է: Իսկ հանրութիւնը, ցանկացած մարդ, կամ թերթերը երբ կօգտւեն այդ իրաւունքից, դա արդէն իրենց խնդիրն է: Իսկ դրանից օգտւելը իր պայմաններն ունի: Դրանք պիտի ուսումնասիրւեն լաւատեղեակ ֆինանսական փորձագէտների կողմից, եւ դա ժամանակ է պահանջում: Եղել են արտայայտութիւններ, որ իբր թէ նման պահանջ դնողները, աւել-պակաս են խօսում, եւ իրականում ցանկանում են ամէն բանի մէջ սխալ գտնել, իբր թէ պատրւակ են փնտրում ազգային իշխանութիւնների գործը խանգարելու համար եւ իրապէս հետաքրքրւած չեն այդ հարցով: Ինչո՞ւ, քանի որ ցանկի հրատարակումից յետոյ (այն էլ այդպիսի հրատարակումից) անմիջապէս չեն դիմել այն դիտելու:
Ազգային կալւածների հրատարակումը նոյնիսկ այսպիսի թերի ձեւով, մի դրական քայլ է: Առաջարկում եմ թեմական խորհուրդը այն լրացնի՝ գոնէ այդ ցանկերը հէնց առաջնորդարանի կայքում տեղադրելով:

 

Յոյս թիւ 117

22 Փետրւար 2012