ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԸ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն Է ՄԵՐ ԹԵՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Ազատ Մաթեան

 


Ոմանց իրանահայ համայնքի ներկայ հասարակական կառոյցը կարող է թւալ բաւարար, միւսներին՝ անբաւարար: Բայց չեմ կարծում, պնդողներ լինեն, թէ դրանք աշխատում են անթերի: Իրականութիւնն այն է, որ համայնքային հարցերով հետաքրքրւող բոլոր խմբաւորումներն էլ համակերպւել են եղածի հետ եւ այսպէս, թէ այնպէս համոզւել, որ պիտի աշխատեն այդ կառոյցների ներսում, եթէ ուզում են "մի բան անել":
Տարիներ շարունակ այդպէս է մտածել նաեւ տողերիս գրողը, հետեւաբար, այն ինչ յանձնում եմ ընթերցողի ուշադրութեանը անձնական նկատումների արդիւնքն է:
Ամենեւին նպատակ չունեմ թերագնահատելու որեւէ մէկի աշխատանքը, բայց անձամբ բաւարարւածներից չեմ, չունեմ նաեւ փոփոխութեան պատրաստի տարբերակ, բայց համոզւած եմ, որ միայն աւանդոյթի եւ սովորութեան հետ համակերպւելը այնքան էլ արդիւնաւէտ չէ:
 

Իրանահայութեան քաղաքացիական իրաւունքները
Մինչեւ Իրանում սահմանադրական կարգերի հաստատումը, իրանահայ համայնքի իրաւական խնդիրները կարգաւորւել են արքայական հրովարտակների եւ նահանգային ու գաւառական իշխանաւորների որոշումների հիման վրայ: Իսկ իշխանութիւնների մօտ համայնքը ներկայացրել են եկեղեցին, յանձինս թեմակալ առաջնորդի եւ իշխանութիւններին մօտ կանգնած հայ անհատների, առանց յստակ իրաւական սահմանումների: Նոր Ջուղայում գոյութիւն է ունեցել նաեւ թաղապետ: Թաղապետները, որ կոչւել են նաեւ քալանթար կամ քեադխուդա, իրականում եղել են պետական պաշտօնեաներ եւ նշանակւել են տեղական իշխանաւորի կողմից: Թաղապետը կարող էր նաեւ լինել վերջինիս վստահութիւնը վայելող հայազգի անձնա-ւորութիւն:
Սահմանադրական կարգերի հաստատումից ի վեր (1905), հայ համայնքը, ըստ սահմանադրութեան պաշտօնապէս ճանաչւել է որպէս կրօնական փոքրամասնութիւն, որով նրան իրաւունք էր տրւում ազատօրէն դաւանել իր կրօնը եւ ընտանեկան հարցերում (ամուսնութիւն, ժառանգութիւն) առաջնորդւել իր դաւանած կրօնական օրէնքներով:
Սրանով, կարելի է ասել, քաղաքացիական իրաւունքի տեսակէտից իրավիճակը էական փոփոխութիւն չկրեց, այլ օրէնքով ամրագրւեց այն, ինչ արդէն իսկ գոյութիւն ունէր որպէս չգրւած օրէնք: Այսօր եւս համայնքը ներկայացնում են թեմակալ ա-ռաջնորդն ու թեմական խորհուրդը, որոնց իրաւունքները, ըստ պետական սահմանադրութեան, սահմանափակւում են դաւանաբանական եւ ընտանեկան խնդիրներով. "Ահւալէ շախսիէ":

Պետական իշխանութիւն եւ ազգային իշխանութիւն
Համայնքը ներկայացնում եւ գործերը վարում է "Ազգային իշխանութիւն"-ը:
"Պատգամաւորական Ժողով"-ը ընտրւում է ժողովրդի կողմից, որն եւ ընտրում է "Թեմական խորհուրդ". սրա կողմից նշանակւում են մարմիններ, իսկ այս բոլորին ի պաշտօնէ նախագահում է նոյն պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմակալ առաջնորդը: Վերջինիս պարագային ընտրութեան հնարաւորութիւնը խիստ սահմանափակ է եւ, կարելի է ասել, թեմակալ առաջնորդները կաթողիկոսի կողմից նշանակւում են անսահմանափակ ժամկէտով:
Թեմերի կանոնադրութիւնները երեւութապէս կազմւում են 1860-1863 թթ. արեւմտահայութեան համար կազմւած "Ազգային սահմանադրութեան" հիման վրայ, սակայն դրանք յարմարեցւում են նաեւ երկրի "Կուսակցութեանց եւ հասարակական միաւորումների օրէնք"-ին եւ հաստատւում են պետութեան կողմից: Համայնքային ընտրութիւնները կատարւում են ՆԳ Նախարարութեան հսկողութեամբ: Համապատասխան նախարարութիւնների հսկողութեամբ են կատարւում նաեւ համայնքային մարմինների հասարակական գործերը, ըստ համապատասխան օրէնքների, կառավարական որոշումների ու շրջաբերականների:
"Ազգային իշխանութեան" եւ պետութեան փոխյարաբերութիւնները հիմնականում կարգաւորւում են Թեմական Խորհրդի կամ սրա վստահւած անձանց միջոցով եւ ամբողջովին անվերահսկելի են համայնքի անդամների կողմից: Բանակցութիւնները գրեթէ երբեք քննութեան չեն դրւում, ոչ Պատգամաւորական Ժողովում, եւ ոչ էլ հրապարակայնօրէն:
Այս բոլորը "Ազգային իշխանութեանը" ձեռնտու է, համայնքի մօտ ստեղծում է որոշ ինքնավարութեան պատրանք: Այսպիսով "Ազգային իշխանութիւնը" իր ձեռքում է պահում համայնքի ղեկը, այսինքն ապահովում է իր "իշխանութիւնը", եւ իր հսկողութիւնից դուրս որեւէ շփում պետական օրգանների հետ առանց այլեւայլութեան համարւում է "ազգային դաւաճանութիւն":

Դատական մարմին
Տրամաբանական է, իհարկէ, որ համայնքի ներկայացուցիչը պետութեան մօտ լինի համայնքի կողմից ընտրւած մարմինը կամ անձը, բայց հարկաւոր է նաեւ, որ այդ մարմինը, ոչ միայն բարոյապէս, այլ նաեւ պաշտօնապէս հաշւետու լինի իրեն ընտրող համայնքին , մինչդեռ գոյութիւն չունի նման հաշւետւութեան որեւէ մեխանիզմ:
Իրականում չկայ նաեւ ոչ մի իրաւական մարմին, որը ի զօրու լինի պատասխանատւութեան հրաւիրել կամայ, թէ ակամայ խախտումներ թոյլ տւած համայնքային մարմնին կամ անձին: Նոյնիսկ կարելի է ասել, որ այս տեսակէտից անցեալներում թեմակալ առաջնորդները աւելի լայն իրաւասութիւններ են ունեցել, քան այսօր: Նրանք կարող էին, որոշ պարագաներում ներքին կարգով պատժել յանցաւորներին: Պատգամաւորական Ժողովը ընտրում է, իհարկէ, "հաշւեքննիչ մարմին", բայց ոչ մի, այսպէս կոչւած, ներքին կանոնադրութեան մէջ նշւած չէ, թէ օրէնքով ինչպէս կարելի է հետապնդել ազգային ունեցւածքին հասցւած վնասի դէպքերը:
Այսօրւայ դրութեամբ խախտում կատարած անդամը շատ-շատ կարող է հեռացւել, իսկ դա էլ ընդհանրապէս կատարւում է սուս ու փուս, մեր ձէնը մեր տնով անելու ժողովրդական իմաստութեամբ, իսկ պաշտպանւելու կամ վրիպումների համար ներողութիւն խնդրելու բարոյական պարտականութիւն որեւէ մէկը կը զգա՞յ, թէ՞ ոչ, դա թողնւած է միայն մարդու խղճին եւ արժանապատւութեան զգացումին: Չենք վարանում ասելու, որ այս իրավիճակը պարունակում է, ինչպէս Հայաստանում են ասում, լուրջ կոռումպցիոն ռիսկեր:
Ինչպէս ասացինք, սահմանադրութեամբ ամրագրւած են կրօնական փոքրամասնութիւնների կրօնական եւ ընտանեկան "ահւալէ շախսիէ" իրաւունքները, աւելի ճիշտ, արտօնւած է դրանց տնօրինութիւնը ըստ մեր եկեղեցական օրէնքների: Այս տեսակէտից համայնքի անդամների եւ "Ազգային Իշխանութեան" միջեւ տարաձայնութիւն չկայ, եւ եթէ թեմը, որպէս կրօնական կառոյց սահմանափակւէր միայն այդ խնդիրներով, այսպիսի բազմաճիւղ կառոյցի կարիք երեւի չլինէր: Բայց ազգային կառոյցը իր ուսերին է վերցրել նաեւ կրթական, բարեգործական, մշակութային, մարզական, քաղաքական եւ կալւածա-տնտեսական խնդիրներ: Ահա այս բնագաւառներում է, որ հայ քաղաքացին ասելիք ունի, բայց, մնալով երկւութեան մէջ, նա յստակ չի պատկերացնում իր իրա-ւունքները, մի կողմից, որպէս երկրի քաղաքացի, իսկ միւս կողմից, որպէս հայ-քրիստոնեայ:
"Ազգային իշխանութիւն" անւանումը ինքնին չափազանց յաւակնոտ է, որովհետեւ համայնքը ազգ չէ, ոչ էլ համայնքային կառոյցն է իշխանութիւն: Այլ խօսքով, թիւրիմացութիւն կայ "ազգ" եւ "իշխանութիւն" քաղաքական եզրերի կապակցութեամբ: Կայ նաեւ մի ներքին երկւութիւն, որը եւ պակաս թիւրիմացութիւնների առիթ չի տալիս: Դա հոգեւոր եւ աշխարհիկ իշխանութեան խնդիրն է: Ինչպէս գիտենք "թեմերը կրօնական կառոյց է, իսկ մեր պարագային "Թեմական Խորհուրդը" առաւելաբար զբաղւում է ոչ կրօնական գործերով:
Բայց յաւակնութիւնը բերում է նաեւ պատասխանատւութիւն: Յաճախ ենք լսում պատասխանատու մարդկանց կողմից հնչող արտայայտութիւնը. "Մենք պետութիւն չենք", որը նշանակում է, մեզանից մի սպասէք այն, ինչը պետութեան պարտականութիւնն է, իսկ մենք վերցրել ենք մեզ վրայ:
Բայց որո՞նք են պետութեան պարտականութիւնները սահմանադրութեամբ ճանաչւած կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ, որպէս այդպիսիք: Նման պարտականութիւններ եւս ոչ մի հիմնական օրէնքով նախատեսւած չէ:
Այս տեսակէտից կրօնի ուսուցիչների պաշտօնականացումը, ինչպէս նաեւ վերջին տարիներին պետութեան կողմից փոքրամասնութիւններին յատկացւող բիւջէն համեմատաբար նորութիւն են եւ, ինչքան գիտենք, չունեն պատշաճ իրաւական հիմնաւորում:
Փաստօրէն հայութիւնը Իրանում հայ-քրիստոնեայ է մնացել ա-ռանց պետական հովանաւորութեան, վայելելով միայն կրօնական մեծամասնութեան յարաբերական հանդուրժողականութիւնը, որի համար միշտ էլ շնորհակալ է եղել եւ պարտքի տակ էլ չի մնացել, լիուլի կատարելով օրինապահ եւ ստեղծագործ քաղաքացու իր պարտականութիւնները, որպէս քաղաքացի, առանց յստակ պատկերացում ունենալու իր իրաւունքների մասին, որպէս փոքրամասնութիւն:

 


 

Ժողովրդավարակա՞ն է մեր թեմերի կանոնադրութիւնը
Յաճախ է խօսւում մեր թեմական կանոնադրութեան Ժողովրդավարութեան մասին, որը խիստ կասկածելի է, որովհետեւ ժողովրդի կողմից ընտրւած Պատգամաւորական Ժողովում ի պաշտօն" մէկական ձայնի իրաւունք ունեն նոյն ժողովին հաշւետու Թեմակալ առաջնորդը, Թեմական Խորհուրդը եւ Կրօնական Խորհուրդը: Այս երեք ձայնին գումարւում է 1/7 հոգեւոր դասի ներկայացուցիչների ձայնը, որոնք իրականում նշանակւում են նորից նոյն ժողովին հաշւետու Կրօնական Խորհրդի եւ սրան հաշւետու պաշտօնեայ հոգեւորականների կողմից: Պատգ. Ժողովին վճռական ձայնի իրա-ւունքով մասնակցում են նաեւ գրեթէ հայաթափւած շրջանների մէկական անդամներ, որոնք, հակառակ թեմի կանոնադրութեան, ոչ թէ ընտրւում են ժողովրդի ուղ-ղակի քւէով, այլ նշանակւում են տեղի վարչութեան կողմից, որը մեծ մասամբ ենթակայ է հաշւետու Թեմական Խորհրդին: Եթէ սրան աւելացնենք, որ, ըստ կանոնադրութեան, գործող թեմականի կողմից են նշանակւում նաեւ ընտրական յանձնախմբերը, եւ նրա տրամադրութեան տակ են թեմի բոլոր հաստատութիւնները՝ պաշտօնեաներ, ուսուցիչներ, ազգային գոյքից օգտւողներ եւ այլն, ապա պարզ կը դառնայ, թէ ինչպիսի պատնէշներ պիտի յաղթահարի որեւէ ընդդիմադիր ուժ սոյն Պատգ. Ժողովում երբեւէ մեծամասնութիւն կազմելու համար: Աւելացնենք, որ սահմանադրութիւնից այս կողմ ծանօթ քաղաքական պատճառներով իրանահայութեան մէջ չի կարողացել ինքնահաստատւել որեւէ այլ աւանդական, թէ նոր ընդդիմադիր ուժ, որը կարողանար ինչ-որ չափով հակակշռել գործող իշխանութեանը: Պարզ է, որ նման պայ-մաններում խօսել մեր համայնքային կառոյցի ժողովրդավարութեան մասին անհեթեթութիւն է:

Բիւջէ
Յայտնի է, որ որեւէ հաստատութեան բիւջէի վերլուծութեամբ միայն կարելի է ճիշտ գաղափար կազմել նրա որդեգրած քաղաքականութեան մասին:
Թեմի ընթացիկ բիւջէն հիմնականում գոյապահպանման բիւջէ է եւ զարգացման բաժինը նրանում չնչին տեղ է զբաղեցնում: Սա այն բնագաւառն է, որը ամէնից շատ կարիք ունի մասնագիտական վերլուծութեան, բայց բուջէն այս տեսակէտից երբեք քննարկման առարկայ չի դառնում եւ ամէն տարի որոշ տոկոս յաւելումով հաստատւում է:

Թեմերի համագործակցութիւն
Իրանահայ երեք թեմերը (թէ ինչո՞ւ երեք, դա դեռ ինքնին հարց է) միմեանց հետ չունեն որեւէ կազմակերպչական կապ եւ ամենեւին շահագրգռւած էլ չեն դրանով, ընդհակառակը նրանք խիստ նախանձախնդիր են իրենց անկախութեան նկատմամբ, եւ նրանց միջեւ համագործակցութիւն գրեթէ գոյութիւն չունի, թէեւ Արամ Ա Կաթողիկոսը իր այցելութիւնների ժամանակ յայտնել է, թէ կեանքի է կոչելու թեմերի համագործակցութեան յանձնախումբ: Ի՞նչ արած, սա էլ է տիպիկ հայկական: Եթէ նոյն կաթողիկոսական աթոռին եւ նոյն կուսակցութեանը ենթակայ թեմերը միմեանց չեն հանդուրժում, ուրեմն ընդդիմադիրները հանդուրժողականութեան ակնկալիք, երեւի, պիտի չունենան:
Կարելի՞ է մտածել, որ "օպտիմալացումը" կը տարածւի նաեւ երեք թեմերի վրայ, եթէ ոչ նրանց միացման, առնւազն որոշ համատեղ ծրագրերի իրականացման տեսակէտից:

Խորհրդարանի պատգամաւորներ
Այս իրաւական բացը ինչ-որ չափով կարող են լցնել խորհրդարանի հայ պատգամաւորները, որովհետեւ իրականում ըստ երկրի սահմանադրութեան նրանք են համայնքի լիիրաւ ներկայացուցիչները, բայց նրանք նախ օրէնսդիր ուժի ներկայացուցիչ են եւ ո՛չ գործադիր, իսկ երկրորդ՝ "ազգային" կանոնադրութեան մէջ նրանց մասին չկայ ոչ մի յօդւած, այսինքն՝ "Ազգային իշխանութեան" համար պատգամաւորները ընդհանրապէս գոյութիւն չունեն: Նրանք Պատգամաւորական Ժողովի նիստերին հրաւիրւում են միայն խորհրդակցական ձայնի իրաւունքով, թէեւ դա էլ կանոնագրով նախատեսւած չէ, ուստի եւ ՊԺ-ը կարող է նրանց չհրաւիրել (սա նախընթաց ունեցել է): Իսկ քանի որ չգրւած օրէնքով պատգամաւորների ընտրութիւնը մեծապէս պայմանաւորւած է "Ազգային Իշխանութեան" հաստատումից, վերջինս նրանց համարում է իրեն հաշւետու, եւ պարզ է, որ խորհրդարանի պատգամաւորից համայնքային առումով քիչ թէ շատ անկախ գործունէութիւն չի կարելի ակնկալել, իսկ "Ազգային իշխանութեան" գործունէութեան վրայ հսկողութիւն՝ առաւել եւս: Իրականում խորհրդարանի պատգամաւորները աւելի ակտիւ են հայ անհատ-պետութիւն, մասամբ նաեւ "Ազգային իշխանութիւն"-պետութիւն յարաբերութիւնների ասպարէզում, իսկ համայնք-"Ազգային իշխանութիւն" յարաբերութիւնների տեսակէտից նրանք գրեթէ ոչ մի դեր չունեն:
Հասարակական
կազմակերպութիւններ եւ
միութիւններ
Հաւասարակշռութիւնը ինչ-որ չափով կարող էին պահել հասարակական կազմակերպութիւնները, եւ անկախ մամուլը:
Արդէն բազմիցս ասւել ու կրկնւել է, որ իրանահայ համայնքում գործող միութիւնների հիմնական մասը իրականում իշխող կուսակցութեան մասնաճիւղերն են եւ "Ազգային իշխանութեան" գործակատարները: Սրանք կոչւում են "քոյր" միութիւններ, վայելում են "Ազգային իշխանութեան" հովանաւորութիւնը եւ լիովին օգտւում են համայնքային սեփականութիւն հանդիսացող գոյքից :
Ինչպէս գիտենք, անցեալ վարչակարգի օրերին բացառւած էր ինչ-որ ձեւով այլախոհ համարւող կազմակերպութիւնների եւ մամուլի գոյութիւնը, ինչ վերաբերում է ներկային, թէեւ պետութիւնը պաշտօնապէս հաստատել է մի շարք նման կազմակերպութիւնների ծրագիր կանոնագիրը, եւ արտօնել նրանց գոյութիւնը, սակայն "Ազգային իշխանութիւնը" ոչ մի օրէնքով հաստատւած պարտաւորութիւն չունի նման միութիւնների նկատմամբ, եւ ամենե-ւին պարզ չէ կամ աւելի շուտ պարզից էլ պարզ է, թէ ինչ չափանիշերով են միութիւններից ոմանք արժանանում "քոյր" ընտանեկան կոչմանը, իսկ միւսներ, որպէս ապօրինի ծնունդներ, զրկւում նման շնորհից, ինչը նշանակում է մեկուսացում համայնքային կառոյցից: Իսկ ընդհանուր առմամբ դժւար է բաւարար համարել գործող միութիւնների հասարակական եւ մշակութային ակտիւութիւնը համայնքում:

Մամուլ եւ տեղեկատւութիւն
Մեր համայնքային կեանքի ամենացաւոտ խնդիրը երեւի հէնց տեղեկատւութեան պակասը կամ իսպառ բացակայութիւնն է: Համայնքի միակ օրաթերթը ցայսօր "իշխանութեան" սնամէջ հաղորդագրութիւնները հրապարակելուց այն կողմ չի անցել: Հազւադէպ են նաեւ համայնքային խնդիրների աշխոյժ քննարկումները:
Այսօր համայնքում լսւում են նաեւ այլ ձայներ: Ողջունելի է նաեւ, որ վերջերս մամուլի թղթակիցներին արտօնւել է ներկայ գտնւել Պատգ. Ժողովի նիստերին: Նորութիւն պիտի համարել նաեւ Թեհրանի Թեմական Խորհրդի նախագահի մամուլին տւած հարցա-զրոյցները, բայց դեռ վաղ է խօսել դրա ընթացքի եւ արդիւնքների մասին: Կունենա՞ն, արդեօք, ե-ղած մամուլի ներկայացուցիչները կարողութիւն, նման կառոյցի խառն ու խուճուճ ժողովներից հանել լուրջ եզրակացութիւններ, որոնց վերլուծութեամբ հնարաւոր լինի անել գործնական առաջարկներ եւ, որ ամենակարեւորն է, կը կարողանան նրանք համայնքային խնդիրների շուրջ անտարբեր մեծամասնութեան մօտ ստեղծել աշխոյժ հետաքրքրութիւն:

Եկեղեցի եւ դպրոց
Մեր քննարկման սահմաններից դուրս մնացին այս երկու հիմնական հաստատութիւնները, այն պատճառով, որ մեր խնդիրը մեր քաղաքացիական իրաւունքներն էին: Այստեղ այսքանը միայն ասենք, որ եկեղեցին չպիտի լինի զուտ ծիսական ներկայութիւն, իսկ դպրոցներում բացի ընդհանուր որակից, վերանայման կարիք են զգում հայերէն առարկաների դասաւանդման ծրագիրը:

 

 

Յոյս թիւ 116

8 Փետրւար 2012