ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ ԵՒ ՆԵՐԿԱՅ ԿԵԱՆՔԸ


Կոլիա Տէր Յովհաննիսեան

 


Անառարկելի է այն երեւոյթը, որ վերջին տարիներին, հայկական սերիալները կարողացել են ներթափանցել Հայաստանի եւ Սփիւռքի հայ հասարակութեան կեանքի մէջ, դարձել նրանց "պարապ վախտի խաղալիքը", երբեմն էլ՝ ոչ պարապ վախտի: Դեռ աւելին, քաղաքական կամ օրւայ վիճայարոյց խնդիրներից յետոյ հայկական սերիալները առատ նիւթ են մատակարարում ընտանեկան կամ ընկերական մտեմիկ հաւաքներին ու նոյնիսկ գործնական հանդիպումներին, ընդ որում, մտքերի բուռն փոխանակութիւն է ծաւալւում ոչ միայն սերիալների դէպքերի ընթացքի այլեւ դէմքերի ու նրանց ունեցած ինտիմ կեանքի մասին:
Հետաքրքիր է նաեւ այն երե-ւոյթը, որ, սերիալների մասին արտայայտւած կարծիքները, առհասարակ, քննադատական են, շատ քչերն ունեն լրիւ դրական մօտեցում, բայց դրանով հանդերձ, ճիշտ ժամին, բոլորն անխնտիր՝ թեր, թէ դէմ, մեխւած հեռուստացոյցի առջեւ՝ դիտում են հերթական սերիան, լարւում են, ուրախանում, տխրում, երբեմն արտասւում եւ դժգոհ փնթփնթում, երբ գովազդ է յայտնւում էկրանին:
Հարց է առաջանում, սերիալների նկատմամբ աճող հետաքրքրութիւնն ի՞նչ ազդեցութիւն կունենայ մեր հասարակութեան մշակութային կեանքի ձեւաւորման վրայ: Ո՞վ կը շահի, կամ ո՞վ կը լինի տուժող կողմը՝ հի՞ն, թէ՞ նոր սերունդը. միայն ասել, որ պարզապէս սերիալները վատ են կամ ունեն բացասական ազդեցութիւն, ճիշտ չէ: Հէնց այն փաստը, որ հեռուստադիտողների քանակը մեծապէս գերազանցում է ընթերցանութեամբ զբաղւողների քանակին, դա շատ բան է ասում: Սա է, որ կայ: Պէտք է ընդունել, որ հիմնովին փոխւել են 21-րդ դարի մարդու նախասիրութիւնները: Գիրքը, գրականութիւնը եւ իսկական արւեստի միւս ճիւղերը եթէ չեն մղւել յետին պլան, ապա նախկինի պէս առջեւում էլ չեն: Դա աւելի յատկանշական է երիտասարդ սերնդի մօտ. իրօք շատ բան է փոխւել, սկսած հագուկապից, վերջացած էլեկտրոնային նորագոյն սարքաւորումներով:
Ոմանք, հեռուստատեսութեան ծրագրերը համարելով հասարկութեան "գլուխը խառնելու" եւ ժողովուրդներին կառավարելի դարձնելու միջոց՝ ստեղծւած "տխուր" իրավիճակի համար մեղադրում են պետութիւններին. "Կառավարութեան վերեւի անդամները ո՛ր ոլորտի նկատմամբ հետաքրքրութիւն ունեն, դա էլ ծաղկում է,- գրում է իմ բարեկամուհի՝ Արմինէ Պետրոսեանը Քեաւառից (տես http://armgrak .info/node/14),- իսկ գրականութիւնը "մոդայիկ"չէ, որովհետեւ ոչ բոլորն են կարողանում հասկանալ, ըմբռնել իսկական արւեստի գործերը, դրա համար էլ աւելի լաւ է միջակութիւն քարոզել, սերիալներով ու անիմաստ հեռուստածրագրերով յագեցնել հեռուստաեթերը, որ հայ մարդու միտքը տարւի միայն սիրելի սերիալի սիրելի հերոսի ապրումներով, որ մոռանայ իր տնտեսական ու քաղաքական վիճակը, որ դառնայ ցածր ճաշակի, նեղ աշխարհայեացքի ու տարօրինակ լեզւամտածողութեան կրող: Սերիալներ, ռաբիս, ժամանցային թեթեւ ծրագրեր ամէն տեղ էլ կան ու որոշակիօրէն պէտք են մարդուն, որպէսզի մի փոքր ցրւի, բայց ոչ այնքան, որ նոյնիսկ առաջինն համարւող, մեր երկիրը աշխարհին ներկայացնող հեռուստաալիքով օրւայ մէջ երեք անգամ կրկնեն նոյն ցածրաճա-շակութիւնը, որ բոլորը "ի վիճակի լինեն" տեսնել...":
Այնուամենայնիւ, թւում է, թէ սնկի պէս աճող հայկական հեռուստասերիալների դէպքում պետական "պատւէր"-ից աւելի՝ զօրեղ լծակ են մեր օրերի մարդու "մոդայիկ" պահանջները եւ այն կախարդական արկղը, որ կոչւում է՝ հեռուստացոյց:

Դեկտեմբեր, 2011

Յոյս թիւ 114

11 Յունւար 2012