ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԱԿՆՈՑՈՎ
 

Քարմէն Ազարեան

 


 

Արդէն տարիներ է, ինչ սփիւռքը վայելում է հայրենի արբանեակային հեռուստաալիքների հաղորդումները: Երեւի դեռ շատերիս յիշողութիւնից չի ջնջւել ոչ շատ հեռու անցեալում հայրենի ռադիոյի՝ հեռու-հեռաւոր թւացող, իրականում շատ մօտիկ, հայրենիքի ձայնը՝ "Երեւանն է խօսում"-ը, եւ Յ. Բադալեանի ու Օ. Համբարձումեանի երգերը, որոնք մեր հոգիները լցնում էին առեղծւածային այդ աշխարհի հանդէպ անասելի կարօտով: Թերեւս ոչ ոք այն օրերին չէր կարող նոյնիսկ երեւակայել, որ այսքան մօտ ապագայում աշխարհն այնքան է փոքրանալու, եւ յատկապէս մեզ՝ իրանահայերիս համար հայրենիքը այնքան է մերձենալու, որ ոչ միայն կարող ենք ուզած պահին այցի գնալ, այլեւ 24 ժամ ըմբոշխնել Երեւանի ձայնը, եւ ոչ միայն ձայնը, այլեւ պատկերը:
Ներկայ պայմաններում, իրանահայութեանը հասանելի են հայկական հինգ հեռուստաալիքներ՝ "Հ1", "Շանթ", "Արմենիա", "Երկիր Մեդիա" եւ "Կենտրոն": Ընդհանրութեան մէջ այս ալիքներից եթեր են տրւում տարբեր հաղորդումներ: "Հ1"-ը լինելով պետական հանրային հեռուստաալիք, բնականաբար աւելի պաշտօնական եւ քարոզչական բնոյթի հաղորդումներ է եթերում, լրատւութիւնը եւ քաղաքական հաղորդումները խիստ միակողմանի են: Ցաւօք այս հինգ հեռուստաալիքներն էլ, նոյնիսկ "Երկիր"-ը իր լուրջ լրատւական, քաղաքական, հասարակական, մշակութային հաղորդումներով, հակւած լինելով Հ.Յ.Դաշնակցութեանը, չի կարող համակողմանիօրէն եւ անաչառ ներկայացնել հայրենի երկրի հասարակաքաղաքական պատկերը: Գալով "Կենտրոն" ալիքին կարելի է ասել, որ վիճակը նոյնն է եւ այստեղ եւս խօսում է միայն "Բարգաւաճ Հայաստան"-ը եւ հիմնականում հաղորդումները դառնում են այդ կուսակցութեան գործունէութեան շուրջ:
Այս առումով մասամբ տարբեր են "Շանթ"-ը եւ "Արմենիա"-ն. նրանք եւս թէեւ ունեն լրատւական բաժին եւ քաղաքական-քարոզչական հաղորդումներ, բայց եւ հեռու են միւսների կտրուկ ու բացայայտ կողմնորոշումից եւ իրենց մօտեցումներով աւելի զուսպ են: Նոյնիսկ "Շանթ"-ի "Հորիզոն" լրատւական հաղորդումը, այնքան է սար ու ձոր ընկնում եւ աշխարհի ամենահեռաւոր անկիւնների դէպքերին ու աղէտներին կամ հէնց Հայաստանում պատահող մանր-մունր աւտօվթարներին անդրադառնում, որ հեռուստադիտողը մոռանում է, որ կայ մի Հայաստան էլ, որտեղ քաղաքատնտեսական շատ բարդ իրավիճակ է տիրում եւ հէնց այդ օրը Երեւանի կենտրոնում բազմահազարանոց հանրահաւաք է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ թւում է, թէ այդ հաղորդումները պատրաստւում են յատկապէս սփիւռքահայութեան համար, յաճախ լուրերը վերաբերում են պետական, պաշտօնական այցելութիւններին ու յայտարարութիւններին, ցեղասպանութեանն ու Հայ Դատին, իսկ քանի որ արտասահմանում ապրող հայը հեռու է եւ բնականաբար չի կարող իրազեկ լինել երկրի ներքին անց ու դարձերից, թերանում են ներքին անց ու դարձերի ներկայացման մէջ: Ընդհանուր առմամբ այս հինգ ալիքների լրատւական ու քաղաքական հաղորդումները շատ կցկտուր ու միակողմանի պատկեր են ներկայացնում երկրի քաղաքատնտեսական իրակա-նութիւններից՝ իւրաքանչիւրն ըստ իր քաղաքական կողմնորոշման եւ իշխանութիւնների հանդէպ որդեգրած դիրքորոշման:
Այնուամենայնիւ այս ալիքների շնորհիւ տեղեկանում ենք ոչ միայն Հայաստանի եւ աշխարհի ամենակարեւոր իրադարձութիւնների մասին, այլեւ ծանօթանում ենք այս կամ այն երկրում ապրող հայերի վիճակին, իսկ "Շանթ"-ի "Հայկական աշխարհ" հաղորդման միջոցով պատկերացում կազմում հայ ձեռներեց ու հանրայայտ այնպիսի դէմքերի հետ, որոնց մասին մինչ այդ չէինք էլ լսել, եւ ակամայ լցւում ենք ազգային հպարտութեամբ:
Հայկական ալիքների եթերաժամը մեծ մասամբ լցւում է մի քանի անգամ կրկնւող հայկական ու լատինամերիկեան սերիալներով, որոնք ի դէպ լայն խաւի զբաղմունքի միջոցն են դարձել: Այս ալիքներից եթեր տրւող լատինամերիկեան ամենօրեայ սերիալները, պատրաստւած են ընտանեկան ու ընկերական յարաբերութիւններին միահիւսւած քրէական յանցագործութիւնների սիւժէներով: Դրանք լի են թեթեւ ու երբեմն մեր մշակոյթին անյարիր ու անհասկանալի դրւագներով: Այս սերիալների մէջ արժէ անդրադառնալ յատկապէս հայկական արտադրանքներին, որոնք ընդհանուր գծերով թէեւ չեն տարբերում նախորդներից՝ արտասահմանեան տարբերակից, բայց եւ ունեն առանձնայատկութիւններ: Այս ֆիլմերի շնորհիւ, առաւել քան որեւէ լուրջ ու վերլուծական զրոյցի, կարելի է պատկերացում կազմել տարբեր խաւերի ու տարիքի պատկանող հայաստանցի մարդու կերպարի, ընտանիքի, հասարակական յարաբերութիւնների, տնտեսական վիճակի մասին: Ընտանեկան դաւաճանութիւնը, տնտեսական անապահովութիւնից դրդւած արտագաղթը եւ ընտանիքների քայքայումը, կաշառակերութիւնը եւ սոցիալական անարդարութիւնը, յանցաւոր աշխարհի ներկայացուցիչների գործելաոճը եւ խեղճ զոհերի անճարակութիւնը, վերնախաւի աննկարագրելի վայելքները եւ հակառակ ծայրում տառապող գործազուրկ ու թոշակռու մարդկանց խեղճութիւնը այս բոլորը ցուցադրւում են հէնց այդ ֆիլմերում: Այս ուղղութեամբ հետաքրքիր են նաեւ երգիծական հաղորդումները՝ "Շանթ"-ի "Վիտամին ակումբ"-ը, "Արմենիա"-ի "Կարգին Սերիալ"-ը, "YERE1"-ը եւ "32 ատամը", իւրաքանչիւրը երգիծական սուր հայեացքով որսում ու ծաղրի առարկայ է դարձնում մարդկային ու հասարակական արատները: Այս հաղորդումները թէեւ երբեմն այնքան էլ հասկանալի չեն սփիւռքահային, որը ծանօթ չէ հայաստանեան այս ու այն խաւի յատուկ ոճին ու ժարգոնին, կամ այս ու այն յատուկ դէմքին, այնուամենայնիւ շատ բան են ասում օրինակ նախագահական ընտրութիւնների շեմին կանգնած ժողովրդի, կուսակցութիւնների ու թեկնածուների քարոզարշաւի մասին: Այս ուղղութեամբ շատ դիպուկ են յատկապէս "Արմենիա"-ի հաղորդումները: Մասամբ երգիծական թեթեւ սերիալների մէջ աչքի է ընկնում յատկապէս "Շանթ"-ի "Բանակում"-ը, որը ներկայացնում է իբր հայկական բանակում ծառայող զինւորների առօրեան: Կատակը՝ կատակ, բայց երբ լուրեր ես լսում բանակում անցնող իրական դէպքերի մասին, ակամայ մտածում ես, որ եթէ այս բոլոր ծիծաղաշարժ դէպքերը իրականում կատարւեն ի՞նչ կը ստացւի հայկական բանակից: Ուզում ենք հաւատալ, որ այդ բոլորը լոկ մեզ ծիծաղեցնելու համար ֆանտազիայի արդիւնք են եւ հայոց բանակում երբեւիցէ որեւէ զինւոր չի ստորացւում սպայի կողմից, դաւաճանւում կամ ծեծի ենթարկւում զինընկերոջ կողմից:
Իմիջիայլոց, հարկ է նշել նաեւ որ այս, նոյնիսկ անարւեստ ֆիլմերի միջոցով հարստանում է սփիւռքահայի բառապաշարը, լեզուն, իհարկէ եթէ անտեսենք ժարգոնների եւ ռուսերէն բառերի գործածութիւնը, որոնք բացասական ազդեցութիւն ունեն յատկապէս մատաղ սերնդի լեզւի վրայ: Զանազան հաղորդումերի շնորհիւ ընդհանուր առմամբ զարգանում է նաեւ նրանց պատմամշակութային ընդհանուր գիտելիքները:
Այս ալիքների հաղորդումների մէջ սփիւռքահայութեան ուշա-դրութեանն է արժանանում յատկապէս երգի ու պարի եւ այլ մրցութիւն-փառատօները, որոնց ուշիուշով հետեւում են բոլորը: Իրանահայերը թէեւ չեն կարողանում քւէարկել բայց դա չի խանգարում նրանց, որ մրցութեան մէջ մտնեն, կարծիք կազմեն եւ զրուցեն համերգների ու առանձին ելոյթի՝ պարողի կամ երգիչի մասին: Այս կարգի հաղորդումները՝ "Թաքնւած տաղանդ"-ը, "Սուպեր Սթար"-ը, "Պարահանդէս"-ը, "Գեղասահքի փառատօն"-ը եւ այլն, որոնց երբեմն մասնակցել են կարող նաեւ սփիւռքահայերը, լայն ժողովրդականութիւն են վայելում եւ մեծ հաճոյք պատճառում թէ՛ մեծերին եւ թէ՛ փոքրերին, եւ այս առումով անփոխարինելի դեր խաղում հայրենիք-սփիւռք մշակութային կապի ամրապնդման ուղղութեամբ: Պակաս հետաքրքիր չեն նաեւ օրինակ "Կենտրոն" ալիքի "Ուրւագիծ"-ի ու "Դիպւած"-ի եւ "Երկիր Մեդիա"-ի "Կռւախնձոր"-ի պէս հաղորդումները, որոնց զրոյցների միջոցով հեռուստադիտողը ծանօթանում է որեւէ նշանաւոր գործչի կեանքի կամ գործունէութեան մանրամասն հանգամանքներին, ականատեսը լինում որեւէ երեւոյթի իրական ու կենդանի պատկերին, եւ մի խօսքով ընթացիկ կեանքի որեւէ անկիւնին:
Այս բոլորն ի նկատի ունենալով, Նոր տարւայ սեմին կանգնած, հայկական հեռուստաալիքներին մաղթում ենք անխափան, առանց սահմանափակումների, լայնարձակ սահմաններով ու հորիզոնով եթեր: Չէ՞ որ մենք, ուր որ էլ լինենք, ամէն օր ու ամէն պահ սպասում ենք նրանց

 

Յոյս թիւ 114

11 Յունւար 2012