ՏԽՈՒՐ ՄԻ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ


ՓԱԿՒՈՒՄ Է ԻՍԼ.ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ

ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆԸ


Քարմէն Ազարեան
 

Շուրջ 15 տարի է, ինչ Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում բացւել է հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը: Ամբիոն, որն այսքան տարի զանազան դժւարութիւններով հանդերձ, եւ ամէն տարի քանի տասնեակ, սկզբում նոյնիսկ 100-ից աւել հայ եւ պարսիկ հայերէնագէտներ դաստիարակելով, ցաւօք այսօր կանգնած է փակման տխուր փաստի առջեւ: Չգիտես ում եւ ինչ ասես, որ քեզ կրկնած չլինես: Վերջին շրջանում ում եւ ուր, որ պէտք էր, զգուշացրել ենք այս մասին եւ օգնութիւն խնդրել: Այս մասին "Յոյս"-ում էլ գրեցինք՝ յուսալով, որ ողջ համայնքը քայլեր կը ձեռնարկի հայագիտական այս միակ ակադեմիական կենտրոնը Թեհրանում պահպանելու համար: Ցաւում ենք, որ դարձեալ ձայն բարբառոյ յանապատի: Այնուամենայնիւ, ելնելով մեր համայնքի իսկ շահից, աւելորդ չենք համարում մէկ անգամ եւս բարձրաձայնել մեր մտահոգութիւնը:
Այո, կրկնում եւ կրկնում ենք, ով հայ ժողովուրդ, մենք ունենք հայերէնագիտական պաշտօնական համալսարան, որը հակառակ նրա դասախօսական կազմի, յատկապէս դոկտ.Անդրանիկ Սիմոնեանի բոլոր ջանքերի, արդէն զրկւել է ուսանողութիւնից եւ փակւում է: Այս կապակցութեամբ զանազան առիթներով խօսւել է թէ մեր ազգային մարմինների եւ թէ պետական պատասխանատու անձանց հետ, բայց իզուր: Վերջին քանի տարիների ընթացքում, երբ ընդունւող ուսանողների թիւը 10-ից չէր անցնում, նման օրին հասնելը այնքան էլ անսպասելի չէր: Տեղն էր՝ հէնց այդ ընթացքում, գոնէ ազգային մարմինների կողմից աւելի լուրջ ու գործնական քայլեր ձեռնարկւէին, որպէսզի վառ պահւէր այս բարձրագոյն կրթական բացառիկ օջախը: Պէտք է դպրոցներում յատկապէս միջնակարգ օղակում քարոզչութիւն տարւէր այդ մասին եւ չբաւարարւէին միայն ուսուցիչ դիմորդներ ուղարկելով, որոնց թիւը խիստ սահմանափակ էր: Կարեւորը ա-շակերտութիւնն էր՝ մեր երիտասարդութիւնը, որոնք մեծ մասամբ անտեղեակ են նման մի կենտրոնի գոյութեան մասին, եւ երբ պատահաբար լսում են զարմացած ասում են "Մի՞թէ այդպիսի համալսարան էլ կայ":
Ինչպէս տեղեկացանք, վերջին շրջանում թէ՛ ԹՀԹ առաջնորդի՝ Տ.Սեպուհ Արք.Սարգսեանի եւ թէ՛ Իսլ.Խորհրդարանում հայ պատգամաւորների՝ Գեւորգ Վարդանի եւ Ռոբերտ Բեգլարեանի կողմից այս համալսարանի ղեկավարութեանն ուղղւած նամակներ են յղւել՝ շեշտելով այս կենտրոնի գոյութեան կարեւորութիւնը եւ նրա գործունէութեան շարունակման անհրաժեշտութիւնը:Սակայն հայ-իրանական քաղաքատնտեսական ու մշակութային օրաւուր զարգացող յարաբերութիւններով եւ կնքւող իրարայաջորդ պայմանագրերով հանդերձ, փաստօրէն հայերէնագիտական այս միակ ամբիոնը Թեհրանում վերջնականապէս փակւում է: Ներկայ պայմաններում մեզ մնում է յուսալ եւ ոչ մի ջանք չխնայել: Եթէ մի դպրոցի փակման համար այդքան ցաւում ենք ու բողոքում, հապա ինչո՞վ կարելի է բացատրել այս անտարբերութիւնն ու լռութիւնը՝ հայոց լեզւի եւ գրականութեան բարձրագոյն այս օղակի կորստի վերաբերեալ:

 

Յոյս թիւ 114

11 Յունւար 2012