ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ 2011-ԻՆ


Որո՞նք էին մեր համայնքի կարեւոր իրադարձութիւնները անցեալ տարի
 

Ռոբերտ Սաֆարեան

 


 

"ՀԱՅԱԶ"-Ը ՓԱԿԻԵՑ
Անցեալ տարի Ապրիլին պարզւեց, որ "Հայազ"-ը դադարեցրել է իր աշխատանքը: "Հայազ"-ը իրանահայերի համար ծանօթ անուն էր, կապւած հազարաւոր իրանահայերի հանգիստ արտագաղթի հետ: Մօտաւորապէս մի տասնամեակ էր, ինչ "Հայազ"-ն էր կազմակերպում իրանահայերի գաղթը դէպի Գլենդել` Վիէննայի ճանապարհով: Բայց դրա փակւելու մէջ որեւէ դեր չունէինք մենք: Այն բիւջէ էր ստանում ԱՄՆ-ի կառավարութիւնից, որն իր տնտեսական ճգմաժամի պատճառով, այս տարի չյատկացրեց այդ բիւջէն: Ինչ որ է, մէկ-երկու ամիս ժամանակ տրւեց, որ այն հայրենակիցները, որ ցանկանում են, իրենց դիմումները ներկայացնեն, եւ յետոյ վերջ: Մինչ այդ թւականը դիմում ներկայացրածները մտահոգւելու կարիք չունեն, քանի որ նրանց գործերը կը կարգադրւի: Սա ամենեւին լաւ լուր չէր, իրանահայ հասարակ մարդու համար, իսկ համայնքի ղեկավարութիւնից ոչինչ չլսւեց այս մասին: Յամենայն դէպս, հայ ժողովուրդը, յատկապէս իրանահայերը, հնարամիտ ժողովուրդ են, այսպիսի բաներից չեն յուսահատւում եւ ուշ թէ շուտ կը գտնեն նոր ճանապարհներ: Վիէննա չեղաւ Մադրիդ կամ Լարնակա կամ ...

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՎԱՆՔԻ ԳՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Անցեալ տարւայ կարեւորագոյն դէպքը, որի մէջ մեր իրանահայ հայրենակիցները իրապէս ակտիւ դեր ունէին, դա Ն. Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մի քանի մանրանկարների գողութիւնն էր: Ընդհանրապէս, երբ որեւէ վարչական մարմնի յանձնւած գործերի շրջանակում գողութիւն է լինում, նրանք ներողութիւն են խնդրում ժողովրդից իրենց թերացման համար եւ ուղղակի պատասխանատուները հրաժարւում կամ պատժւում են: Բայց հարկ չէ մենք հետեւենք ուրիշներին: Մեզ մօտ ամէն բան իր ինքնուրոյն ձեւն ունի:
Սպահանի հայոց թեմի հաղորդագրութիւնների եւ արտայայտութիւնների համաձայն, իրանահայութիւնը պիտի իրեն երախտապարտ զգայ Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին: Նրանք բազմիցս յայտարարել են, որ ազգային մարմինները ոչ մի ջանք չեն խնայել վանքի թանգարանի իրերի դասակարգման եւ պահպանման գործում, իսկ գողութիւնից յետոյ, ամենաարագաշարժ ձեւերով գտել են գողերին եւ ձերբակալել տւել: Նրանք վստահեցնում են մեզ, որ մտահոգւելու բան չկայ: Նրանք յատկապէս մեղադրում են "անպատասխանատու" լրատւամիջոցներին, որ խանգարել են գործի վերահասութիւնը, թէ չէ սրանից էլ աւելի լաւ կաշխատէին: Միայն մոռանում են ասել, որ եթէ չլինէին այդ լրատւամիջոցների լրատւութիւնը, դեռ երեւի ոչ ոք ոչ մի բան էլ չէր իմանայ այդ գողութեան մասին:

ՆՈՐ ԹԵՄԱԿԱՆ` ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹԵԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Անցեալ տարի, Մայիսին, Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովը այսինքն՝ մեր՝ իրանահայերիս Մեջլիս-ը ընտրեց նոր թեմական խորհուրդ (այսինքն՝ կառավարութիւն): Նոր թեմական խորհրդի ատենապետն է էդւարդ Բաբախանեանը, որ հրապարակ է եկել թափանցիկութեան եւ խնայողութեան խոստումներով Հանդիպումներ միութիւնների ներկայացուցիչների հետ, այցելութիւններ թաղամասեր, մամլոյ ասուլիս: "Յոյս"-ին տւած հարցազրոյցում, նա խոստացել է հրապարակել ազգային կալւածների ցանկը. թող ամէն մարդ իմանայ ինչ ունենք, որտեղից է գալիս փողերը եւ ուր է ծախսւում: Հիանալի: Սպասում ենք:

"ԹՈՒՆԵԱՆ" ԴՊՐՈՑԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ՎԻՃԱՅԱՐՈՅՑ ՇԷՆՔԸ
Այսպիսի վիճայարոյց շէնք իրանահայերը չեն ունեցել: Դա մի քանի տարի ընկած էր քանդւած կիսաւեր վիճակում, յետոյ շտապ աշխատանք սկսեց, եւ շէնքը շահագործման յանձնւեց այս տարի Սեպտեմբերին: Բայց վատն այն էր, որ երբ եղանակը ցրտեց եւ ուզեցին միացնել ջեռուցումը, դասարանների եւ նոյնիսկ դպրոցի տեսչի գրասենեակի առաստաղից սկսեց ջուր թափել, եւ մի քանի տեղ էլ ծածկը փլեց փառք Աստծոյ դէպքի ժամանակ մարդ չկար դպրոցում, թէ չէ աւելի վիճայարոյց էլ կը դառնար "Թունեան"-ի շէնքը: Դպրոցը աշակերտութեան մեծ գոհունակութեամբ եւ ծնողների լուրջ դժգոհութեամբ մի քանի օր արձակւեց, իսկ հիմա վերսկսել է իր նորմալ ընթացքը, իհարկէ ասւում է, սրահում վառարան էլ են տեղադրւել, որը, բնականաբար նոր ծախս է եւ այնքան էլ չի համընկնում նոր թեմականի խնայողական քաղաքականութեանը:
Միաժամանակ պատգամաւորականի նիստերից մէկի ընթացքում, հաշւեքննիչ մարմինը հարց բարձրացրեց շէնքի կառուցման ծախսերի որոշ հարցերի շուրջ, որը պիտի ստուգւի ապագայում: Աստծով:

"ԱԼԻՔ"-Ի 80-ԱՄԵԱԿԸ
Երբ պակասում են դէպքերը, ամեակներն ու տարեդարձները դառնում են դէպք: Անցեալ տարի մեր համայնքի միակ օրաթերթի` "Ալիք"-ի 80-ամեակն էր, որը միաժամանակ Իրանում անընդմէջ հրատարկւած երկրորդ հին թերթն է: Տեղի ունեցան ձեռնարկներ, աշակերտութեան այցելութիւններ օրաթերթի տպարան, եւ կլոր սեղան: Ի վերջոյ կատակ բան չէ 80 տարի թերթ հրատարակելը. պէտք էր, բայց մի գուցէ՝ մի քիչ շատ:

ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ
Յուլիսին Անթիլիասից Թեհրան է ժամանել Տէր Մակար Վարդապետ Աշքարեանը, եւ գործի է անցել որպէս ԹՀԹ առաջնորդի օգնական: Նա չի կատարելու աւագ քահանայի դերը, որը Սրբազան Հօր բացակայութեան ժամանակ տնօրինում է թեմի աշխատանքները, այլ օգնելու է առաջնորդին իր հոգեւոր աշխատանքներում, այդ թւում, հաւանաբար հոգեւոր դպրոց հիմնադրելու գործում: Այդ բոլորը տեղին եւ լաւ, բայց իրականութիւնն այն է, որ այստեղ մի բան մի քիչ նեղացնում է իրանահայերին: Արդեօք հնարաւո՞ր չէր, այդ պարտականութիւնները կատարւէր իրանահայ ուժերի միջոցով եւ արդեօք այդ գործերի համար էլ մենք կարիք ունե՞նք Անթիլիասից գործուղւած հոգեւորականների:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏԱՐԻ
Անցեալ տարի յայտարարւել էր մանուկների տարի, որի առիթով տեղի ունեցան զանազան միջոցառումներ: Հոկտեմբերի 14-ին, Արարատ մարզաւանում, մատուռի շրջափակում կայացաւ թռուցիկների փառատօն, որին իր մասնակցութիւնը բերեց նաեւ ԹՀԹ առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը: Սրբազան հայրը ծանօթացաւ եւ մօտից շփւեց մանուլների եւ նրանց ծնողների հետ:

 

Յոյս թիւ 113

21 Դեկտեմբեր 2011