"ԹՈՒՆԵԱՆ" ԴՊՐՈՑԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ԱՂՄԿԱՅԱՐՈՅՑ ՇԷՆՔԸ

Քարմէն Ազարեան

 

 

Երկար չտեւեց "Սասուն" թաղամասի ժողովրդի աննկարագրելի ուրախութիւնը՝ "Թունեան" օրդ. տարրական դպրոցը նորակառոյց շէնք տեղափոխելու կապակցութեամբ: Իրօք, որ բացման արարողութեանը ներկայ իւրաքանչիւրի սիրտն ու հոգին համակել էր մի մեծ ոգեւորութիւն, ասես թէ դա մի նոր յոյսի դուռ էր բացում՝ արտագաղթի ու այլ պատճառներով յուսալքւած համայնքի համար: Սակայն, դա, ինչպէս ասւեց երկար չտեւեց, քանի որ առաջին իսկ թափւող անձրեւաջրի հետ յօդս ցնդեց: Ջուրը չգիտես որտեղից հասնում էր կախովի ոչ ջրակայուն առաստաղին, որը եւ տեղ-տեղ թրջւում ու վայր էր ընկնում: Այն լուրը, իբր որի՝ նոր ու զարգացած միջոցներով, շինանիւթերով ու տեխնիկայով կառուցւած շէնքի ինչ-որ մասերը փլւել է, ասես ռումբի պէս պայթեց ողջ թաղամասում: Բոլորն անխտիր, ասես լսածին չհաւատալով, իրար էին ուղղում միեւնոյն հարցը "Ճի՞շտ է, որ": Հարւածը կայծակնային էր, այնուամենայնիւ, այն շատ շուտով հաստատւելով, սովորական դարձաւ: Մի խօսքով փաստի առջեւ կանգնած ժողովուրդը համակերպւեց դրա հետ: Միւս կողմից հոսանքն էլ բաւարար չէ, շէնքը բուֆէ չունի, գազը դեռ միացւած չէր : Բայց դրանցով հարցը չփակւեց: Եղանակը ցրտեց եւ բնականաբար հարկ եղաւ ջեռուցումը միացնել, մի բան որ աւելի բարդացրեց իրավիճակը: Այս անգամ խողովակներն սկսեցին ջուր բաց թողնել եւ դարձեալ ջուրը յայտնւեց ամենուր եւ առաստաղն սկսեց թափթփւել: Իմիջիայլոց այս շուրջ մէկ ամսւայ ընթացքում դպրոցը շարունակ չի աշխատել եւ առաստաղի թափւելու կամ թէ գազը միացնելու եւ այլ պատճառներով պարտադրաբար փակւել է եւ երեխաները կանոնաւոր դպրոց չեն յաճախել:
Վերջին այսպէս կոչւած "աւերածութիւնը" տեղի ունեցաւ Նոյեմբերի երկրորդ շաբաթւայ ընթացքում, երբ ջեռուցման համակարգը շահագործման յանձնւեց, որի հետեւանքով վերստին փակւեցին դպրոցի դռները եւ վիճակից դժգոհ ու մտահոգ ծնողները դպրոց շտապեցին իրավիճակին վերահասու լինելու: Իրադրութեանը մօտից ծանօթանալու եւ թերեւս խնդիրներին լուծում տալու նպատակով, կիրակի, Նոյեմբերի 13-ի առաւօտեան "Թունեան" դպրոց եկան Թեմական խորհրդի ատենապետ պրն. Է. Բաբախանեանը, պրն.Ռ.Սարխոշեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ տկն.Ի.Աբնուսեանը: Ստացւած տեղեկութիւնների համաձայն շէնքի կապալառուն այս բոլոր խնդիրների պատճառը շտապողականութիւնն է համարել, որով շէնքը համապատասխան ու պարտադիր փորձնական շրջանը չի անցել: Այս բոլորի արդիւնքում ազգային մարմինների ներկայացուցիչները դպրոցը լքեցին՝ տնօրինութեանը յանձնարարելով, որ ծնողների հետ մի ժողով գումարեն եւ հէնց իրենք որոշեն թէ այս նոր շէնքում մնա՞ն թէ՞ "Նայիրի" դպրոց վերադառնան: Երկու քարի արանքում յայտնւած ծնողները, որոնք մեծ դժւարութեամբ ու տքնաջան աշխատանքով դպրոցը հազիւ էին տեղափոխել այդ նոր շէնքը, բնականաբար որոշեցին ետ չգնալ, բայց եւ այսուհետ վերահսկել շինարարութեանը:
Այս միջոցին բազմաթիւ հարցեր մնում են անպատասխան.
- Եթէ նման փորձնական շրջան անցկացնելը պարտադիր էր, ապա ինչո՞ւ դա չարին. ո՞վ էր շտապողը՝ պատասխանատունե՞րը թէ՞ քանի տարի համբերութեամբ սպասած ժողովուրդը:
- Ինչո՞ւ են այս դժւարին կացութեան մէջ ծնողներին մենակ թողնում եւ նրանց են վստահում գնալ-մնալու բարդ որոշումը՝ նրանց վզին փաթաթելով հետագայ պատասխանատւութիւնը: Ինչո՞ւ մասնագէտներ չեն հրաւիրում շէնքի ներկայ վիճակը գնահատելու եւ ըստ այդմ որշում կայացնում: Չէ՞ որ մեր երեխաների անվտանգութեան հարցն է մէջտեղում, եւ ոչ մասնագէտ մարդը չի կարող ասել թէ կարելի է մնալ թէ ոչ, անվտանգ է թէ ոչ:
- Ի վերջոյ, անձրեւն ու ցրտերը մեղաւոր լինել չեն կարող, պէտք է մեղաւորին բացայայտել, ով որ է՝ ճարտարապետը թէ գործադիրն ու կապալառուն, միեւնոյն է պատասխանատուն պէտք է յայտնւի եւ իր թերացման համար ուր որ պէտք է պատասխանատւութեան ենթարկւի ու պատժւի:
- Նման երեւոյթի վրայ աչք փակելն ու արդարացման ցանկացած անհիմն փորձ անընդունելի է: Նրանք, ովքեր գտնում են, թէ այս բոլորը "փոքր ու անկարեւոր" բաներ են, որ սովորաբար բոլոր նոր շէնքերում պատահում են (դեռ հարց է, թէ քանի շէնքում են նման բաների ականատես եղել), նախ՝ անտեսում են մի կարեւոր փաստ, որ սա դեռ սկիզբն է եւ յայտնի չէ սրանից յետոյ ինչ անակնկալներ են սպասում մեզ, եւ երկրորդ՝ առաւել կարեւորն այն է, որ այդ շէնքում ամէն օր ելումուտ են անելու հարիւրաւոր մանուկներ եւ արդեօք մենք իրաւունք ունե՞նք նրանց կեանքը ռիսկի տակ դնելու:
 

"ԹՈՒՆԵԱՆ"-Ի ԼՈՒՐԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ "ԱԼԻՔ"-ՈՒՄ

(14 Նոյեմբերի համարի "Դիտանկիւն" սիւնակում)
Սոյն գրութեան հէնց առաջին պարբերութեան մէջ նշւում է. "ու շէնքի կիսաւարտ առաստաղը կաթկթեց ու կախովի առաստաղը վնասւեց՝ որոշներին ծառայելով որպէս "փլւած պատ": Երեւի նրանց հէնց այդ էր պակասում: Աւար էր պէտք" (Ընդգծումը մերն է) Հէնց այսքանը շատ խօսուն է թերթի դիրքաւորւած լինելու առումով: Նախ՝ երբ բոլորը տեսել են, թէ ինչպէս է սրահի յատակը լցւել ջրով եւ ամենուր թափթփւել են այդ կախովի կոչւած առաստաղները, որոնք սովորաբար պատ ու առաստաղ են ասւում, արդէն "վնասւեց" ասելը շատ եւ շատ մեղմ է ասւած: Գալով "որոշներին" բառին, հարց է առաջանում թէ ովքե՞ր են այդ չարակամ "որոշները", որոնց այդ "փլւած պատերն" ու "աւարն" էր պէտք: Այդ մասին անյայտ հեղինակը լռութիւն է պահպանել: Գուցէ՞ նրանք այն բողոքող ու վրդովւած ծնողներն են, որ քանի տարի ուշացումով ստացած դպրոցը դեռ չվայելած ստիպւած են ամէն օր իրենց գլխի եկածը լացել: Կամ էլ հնարաւոր է դէսից-դէնից մամուլում կցկտուր տեղեկութիւններ տւողները լինեն, որ չգիտես ինչու ժողովրդին տեղեկացնելով կատարւածի մասին նման վրդովմունքի ու ժողովրդական բողոքի պատճառ են եղել: Ո՜վ գիտէ թէ հեղինակը ո՞ւմ է փորձում "քօղազերծել":
Շարունակութեան մէջ փլուզում բառը չակերտների մէջ առնելով հեղինակը հէնց այդքանով փոխանցում է այն գաղափարը, որ դա այն փլուզումը չէ, որ սովորաբար ասում են, եւ այդ կախովի պատերի ընկնելու համար աւելի ճիշտ կը լինի օգտագործել "վնասւել" բառը:
Յաջորդ չակերտաւոր բառը գալիս է անմիջապէս յետոյ՝ երկու-երեք տողից, "Տրամաբանօրէն դժգոհ ծնողները իրենց "անկեղծ" բառապաշարով բողոքեցին եւ արդիւնքում դպրոցը մի քանի օրով աշակերտութիւն չընդունեց" Չգիտես ինչու է հեղինակը դժգոհել, երբ ծնողը իր տրամաբանական բողոքն արտայայտում է անկեղծ՝ առանց աւելորդաբանութիւնների ու կեղծ շողոքորթութեան, մի բան, որին կարծես մեր ականջները վարժւած են: Իսկ 80-ամեայ փորձառութեամբ, համայնքայինի յաւակնութիւն ունեցող թերթը ինչպէ՞ս է արձագանքել այս ողջ անցուդարձը: Արդեօք ժամանակին, երբ անձրեւի այդ չարաբաստիկ "երկարաշունչ կաթկթոցը" աւերներ էր գործում ու ջեռուցման ուշացումով հարիւրաւոր աշակերտներ ու ծնողներ խիստ անյարմար դրութեան էին մատնւել, որեւէ լուսանկարով կամ առանց մեկնաբանութեան ու ստոյգ լրատւութեամբ փորձել է կանխել այդ "որոշների" իր ասած սուտ լրատւութիւնը եւ դրանով իսկ հանգստացնել վրդովւած ժողովրդին:
Գրութիւնը նոյն ոգով շարունակւում է՝ կանգնելով պատասխանատուների պաշտպանի դերում. "Պատճառների մասին յետոյ կը խօսենք:" Հետաքրքիրն այն է, որ այսքանից յետոյ զուտ լրատւական առումով ուշացած տեղեկատւութիւնը դեռ թողնւում է ապագային, թէ "յետոյ"-ն ո՞ւմ է պէտք, պարզ չէ: Եւ ի վերջոյ մտքի ընկնում՝ "Ի՞նչ անել կամ ինչպէ՞ս անել, որ այս իրարայաջորդ իրադարձութիւնները չյանգեցնեն անվստահութեան ալիքի, երբ գործն արւում է, ծախսերը կան ե՛ւ փակւել ե՛ւ դեռ փակւում են, կամքն էլ անպակաս է, սակայն արդիւնքներն էլ, ժամանակն էլ շտապողականութեան իսկական զոհերն են" (Ընդգծումը մերն է) Հեղինակի այս տողերից կարելի է այնպէս եզրակացնել, որ ամէն ինչ տեղը տեղին արւել է եւ ծախսերն էլ անում են, եւ ժողովուրդը իզուր է մեղադրում եւ պատասխանատւութեան կանչում ղեկավարներին. Չէ՞ որ "շտապողականութիւնն" է միայն մեղաւոր: Դեռ մի կողմ թողնենք այն պարագան, որ թերթը իրաւասու չէ ժողովրդի հարստութեամբ կառուցւած շէնքը նրա երեսովը տալ, ազգային իշխանութեան համապատասխան անձինք սեփական գրպանից չէ, որ այդ շէնքը կառուցել են:

 

Յոյս թիւ 111

23 Նոյեմբեր 2011