ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ 125- ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ (1887-2012)

Նոր Ջուղայի Թատրոնի սկզբնաւորումը եղել է
1887թ. Փետրւար 9-ին, Իսկ Ռաշտինը՝ 1884թ. Յունւարի 28-ին

Նիկիտ Միրզայեանց
 


"Նոր Ջուղայի Թատրոնի պատմութիւնը" գիրքը, պատկանում է պրն. Յ.Գ.Մինասեանի գրչին(1):
Ուսումնասիրելով սոյն գիրքը նկատւում է որոշ բացթողումներ եւ նոյնիսկ զեղչեր, երեւի թէ հեղինակի հնարաւորութիւնները եղել են սահմանափակ, որ չի կարողացել համապարփակ ձեւով ընդգրկել բոլոր մանրամասնութիւնները, եւ գուցէ էլ Սուրբ Ամենափրկիչ Վանքի արխիւային անմխիթար եւ ոչ բարւօք վիճակն է, որ հեղինակին զրկել է կատարեալ աշխատանքից:
Ինչեւիցէ կարիք կայ արխիւների բարեկարգման լուրջ ծրագիր, եւ յուսանք ազգային իշխանութիւնը իր նպաստը կը բերի այս յոյժ կարեւոր գործին, որ մենք կարողանանք անաչառ կերպով հետազօտել մեր համայնքի անցեալը եւ մատուցել դրանք մեր ապագայ սերունդին, որպէս պատմութեան դասեր:
Առայժմ մենք ձեռքի տակ ունենք 3 վաւերագրական փաստաթղթեր, առաջինը իրենից ներկայացնում է Ռաշտ(2)քաղաքի հայկական Թատրոնի հիմնադրումը եւ կազմաւորումը (պիէսները՝ "Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք" եւ " եչոյի Թուզը"), իսկ երկրորդը՝ Ն. Ջուղայի(3) առաջին Թատրոնի բեմադրութիւնը (" եչոյի Թուզը" եւ "Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք"), եւ վերջապէս երրորդը՝ Ն.Ջուղայի արդէն տպագիր առաջին յայտագիրը դերակատարների ճշգրիտ անւանացանկով ("Տաճկական խոստմունք" եւ "Շտապ տագնապի"):
Նոր-Ջուղայի Թատրոնի պատմութեան գրքի 17-րդ էջում կարդում ենք. "Այսպիսով հաստատւում է, որ Ն.Ջուղայի Թատրոնը հակառակ սկզբնական օրերի հասկացողութեան, ոչ թէ հիմնւել ու սկսել է 1888 թւին, այլ 1886 թւին, այսինքն՝ երկու տարի աւելի շուտ, քան այն ինչ գրւել էր: Թէեւ այս մասին դժբախտաբար այլ մանրամասնութիւն չկայ, իսկ Տիգրան Աբգարեանն եւս չի նշել իր ձեռք բերած աղբիւրը, բայց այդուհանդերձ վստահելի է իր խօսքը եւ որեւէ կասկածի տեղիք չունի:"
Արդէն իսկ վերոգրեալ հատւածը այդ գրքից ապացուցում է, որ առանց հաւաստի սկզբնաղբիւրի չի կարելի վստահել արտագրութիւնների՝ նոյնիսկ հեղինակաւոր անձանց կողմից:
Ըստ մեր ներկայացրած փաստաթղթի, որ պատկանում է հէնց Աբգարեաններ տոհմի կայքէջին(3), Ն.Ջուղայի Թատրոնը հիմնւել եւ սկսել է 1887թ. Փետր.9-ին եւ ոչ թէ՝ 1886-ին եւ այս թւականը համեմատելով Իրանի միւս հայաբնակ շրջանների սկզբնաւորման հերթական թւականների հետ, արդէն իսկ պէտք է կռահել, որ Ն.Ջուղան ոչ թէ երրորդ տեղում է, այլ՝ զիջելով Ռաշտին, զբաղեցնում է 4-րդ տեղը(4), (Թեհրան, Թաւրիզ, Ռաշտ, Ն.Ջուղա), ամենայնդէպս Ռաշտի հայ համայնքը մօտ լինելով Թիֆլիսի եւ Բաքւի մտաւորականութեանը եւ շփւելով նրանց հետ, պարզ է, որ գոնէ թատրոնի առումով պիտի առաջ անցնէր Ն.Ջուղայից:
Համեմատելով Ռաշտի եւ Ն.Ջուղայի Թատրոնի յայտարարութիւնը, հարց է ծագում թէ, ո՞վ է Բեգլար Աղայեանը, որ մեր համայնքին ծանօթ դէմք՝ Յովսէփ Միրզայեանի(5) հետ միասին, բնութագրական դերերով են հանդէս եկել թէ Ռաշտի եւ թէ Ն.Ջուղայի Թատրոնի սկզբնաւորման հրաշափայլ գործում: Հաւանաբար նրանք եղել են մտերիմներ եւ հասակակիցներ, 87 թւականին Յ.Միրզայեանը լինելով 19-տարեկան մի ուսեալ երիտասարդ եւ օժտւած բարձր կուլտուրական գիտակցութեամբ պէտք է ունենար իր խառնւածքի նման մի ընկեր, որ կարողանային դերակատար լինել այս սրբազան սերմնացանին:
Ցաւօք սրտի Բ.Աղայեանի կեանքի մասին տւեալները շատ աղօտ են եւ միայն գիտենք, որ նա եղել է ղարաբաղցի եւ բնակւել է Թաւրիզում եւ զբաղւել լուսանկարչութեամբ(6), դա մեզ թոյլ է տալիս ենթադրել որ նա ունենալով գեղարւեստական բարձր ճաշակ, մեծ հաւանականութեամբ պէտք է լինի նոյն ինքը, թատերասէր Բեգլար Աղայեանը:
Իսկ Ն.Ջուղայի առաջին ներկայացման դէմքերից ովքեր են, Աստւածատո՞ւրը եւ Յարութի՞ւնը:
Համեմատելով Ն.Ջուղայի 1887 եւ 88 թւականի յայտարարութիւնները, որոնք իրարից տարբերւում են միայն մէկ տարով, մեծ հաւանականութեամբ պէտք է ասել, Աստւածատուրը նոյն ինքը՝ Աստւածատուր Սարգսեանն է, եւ Յարութիւնը՝ Յարութիւն Տէր Կարապետը, նամանաւանդ, որ նրանք երկու պիէսներում էլ ունեցել են դերեր:
Իսկ վերջում անդրադառնանք թոյլ տւած կարեւոր մի վրիպումի: Ռաշտի փաստաթուղթը հայերէնից պարսկերէն թարգմանւելու ժամանակ, որը տեղ է գտել Ֆարամարզ Թալեբիի, "Գիլանի թատրոնի պատմութիւնը" գրքում, որոշ դերակատարների ազգանունները սխալ են թարգմանւել եւ դրա պատճառը եղել է ձեռագրի դժւար ընթեռնելու խնդիրը, դրանք են՝ Սաֆրազեանց եւ ոչ թէ Սաֆարեան, Բեգլար Աղայեանց եւ ոչ թէ՝ Բեգլարա Ազայեան, Տէր Յակովբեանց եւ ոչ թէ Տէր Հախբեան, Զառափեանց եւ ոչ թէ Ջաւախքեան, եւ վերջապէս Հաղլաթեանց եւ ոչ թէ Հաղվերդեան:
Յուսանք ինչքան շուտ կը վերանայւի վերոյիշեալ գրքի սխալները եւ մեր պարսիկ թատերական բանասէրները կը փրկւեն այս մոլորութիւնից:
Փառք ու պատիւ Ն.Ջուղայի հասարակութեանը, որ շուտով կը տօնի իր ազգային թատրոնի փառահեղ անցեալի 125-ամեակը (1887-2012):
 


Ծանօթագրութիւն
1- Ն.Ջուղայի Թատրոնը, 1995 Յ.Գ. Մինասեան
2- Ռեշտու Թատրոնական հաշւին վերաբերեալ ծանօթութիւն. Մովսէս Անանեան
3- Աբգարեանց արխիւ www.abcarians.com.
4- Ն.Ջուղայի Թատրոնը, էջ15
5- Յովսէփ Զ.Միրզայեանց (1868-1935)-գրականագէտ, թարգմանիչ, Իրանի խորհրդարանի առաջին հայ պատգամաւոր:
6- "Յոյս" երկշաբաթաթերթ, Դ տարի, թիւ 89, 2010, էջ14

Հոկտ.20 2011թ

 

 

Յոյս թիւ 111

23 Նոյեմբեր 2011