"ԱԼԻՔ"-Ը՝ 80-ՏԱՐԵԿԱՆ
 


ՀԱՄԱՅՆՔԱՅԻ՞Ն ԹԷ՞  ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹԵՐԹ

Ռոբերթ Սաֆարեան


Տօնական առիթ է, "Ալիք"-ի 80-րդ տարեդարձը, եւ չգիտես ինչ գրել, որ թէ համապատասխանի տօնական տրամադրութեանը եւ միաժամանակ, կոպիտ ասած, չդաւաճանես ճշմարտութեանը, կամ առնւազն ինքդ քեզ եւ այն տեսակէտներին, որ ունես օրւայ "հերոսի" մասին: Տօնական առիթները, թէեւ հարկաւոր են մարդկանց եւ հաստատութիւնների ձեռքբերումներն ու արժանիքները գնահատելու համար, սակայն ունեն գովասանքների վերածւելու պոտենցիալը, ինչը դէմ է այն քննադատական ոգուն, որն սպասւում է մամուլից: Անձամբ հասել եմ այն համոզման, որ տւեալ անձի, հաստատութեան, հրատարակութեան կամ արւեստի գործի մեծարումը, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նրա քննադատումը: Այսպիսի քննադատութիւն նաեւ առիթ կարող է հանդիսանալ քննադատողի համար՝ վերանայելու իր անցեալի կեցւածքը այդ երե-ւոյթի կամ գործի նկատմամբ:
Վերադառնանք "Ալիք"-ին: "Ալիք"-ի մեղքերի կամ մեղադրանքների ցուցակը նրա հակառակորդների մօտ բաւական երկար է, իսկ նրա եւ նրա համախոհների մօտ, "Ալիք"-ը լիովին զերծ է որեւէ մեղքից: "Ալիք"-ի մօտ բացարձակապէս բացակայում է ինքնաքննադատութիւնը: Նա 80 տարի շարունակ միայն ծառայել է ժողովրդին, ազգի վսեմ գաղափարներին, բոլոր իրանահայ ընտանիքները ամէն երեկոյ անհամբեր սպասում են իրենց սիրելի օրաթերթին, եւ այսպէս: Սա միաժամանակ նշանակում է, որ դրա հակառակորդները մի խումբ անհանգիստ անձինք կամ խմբեր են, որ լաւագոյն պարագային, չեն հասկանում իրականութիւնը, իսկ վատագոյն դէպքում, ծառայում են ազգի թշնամիներին: Այս սուր հակասութիւնը, ինքինին վկայում է համայնքի պառակտւածութեանը, որ իհարկէ այս գրութեան նիւթը չէ:
"Ալիք"-ի ամենամեծ, մայր մեղադրանքը նրա անհանդուրժողականութիւնն է: Օրինակները չեն պակասում, "Յոյս"-ի հրատարակման քանի տարիներում մի քանի դէպքերում անդրադարձել ենք դրանց: Սակայն այդ հանդուրժողականութիւնը պիտի հասկանալ աւելի ընդհանուր ենթատեքստում: Նախ, "Ալիք"-ը չի կարելի բաժանել Դաշնակցութիւնից, որն իրեն մինչ օրս որակում է "Յեղափոխական" կուսակցութիւն եւ գիտենք, որ յեղափոխական հոգեբանութիւնն ու միջոցները այնքան էլ չեն համընկնում ժողովրդավարական սկզբունքների հետ, որոնցից կարեւորագոյնը քննա-դատութիւնը հանդուրժելու սկզբունքն է: Յեղափոխական մօտեցման մէջ, նախ որոշւում է մի թշնամի (օրինակ՝ Սովետական միութիւն կամ Թուրքիա), յետոյ այդ թշնամու դէմ պայքարելու մի ռազմավարութիւն, իսկ այնուհետեւ, որեւէ քննադատութիւն այդ ռազմավարութեան դէմ որակաւորւում է որպէս թշնամու հետ համագործակցութիւն: Ահա "եթէ ինձ հետ չես, թշնամիս ես" սկզբունքը: "Ալիք"-ը այսպիսի յեղափոխական կուսակցութեան պաշտօնաթերթն է եղել եւ նրանից չպիտի սպասել լիբերալ ազատական արժէքներին եւ սկզբունքներին հաւատարիմ մամուլի վերաբերմունք: Հանդուրժողականութիւն, բազմակարծութիւն, երկխօսութիւն եւ նման սկզբունքներ վերջին երկու տասնամեակներում շրջանառութեան մէջ մտած եզրեր են: Անաչառ լինելու համար, պիտի ասենք, որ "Ալիք"-ի հակառակորդներն էլ, որոնց կարելի է ընդհանուր առմամբ որպէս "ձախ" բնութագրել, հանդուրժողականութեան մարմնացումը չեն եղել: Նրանք էլ մի օտար տեսակի յեղափոխականներ են եղել, եւ նոյնքան անհանդուրժողականութիւն են ցուցաբերել, որքան Դաշնակցութիւնն ու "Ալիք"-ը: Սա իհարկէ սկզբունքային եւ տեսական առումով: Պատմականօրէն, ում մեղքն ինչքա՞ն է, ով ու՞մ հետ է համագործակցել, ով ու՞մ է մատնել, եւ նման հարցեր առանձին յօդւածների նիւթ կարող են լինել: Սակայն մի բան պարզ է, վերջին տասնամեակներում "Ալիք"-ը լինելով համայնքի միակ օրաթերթը մեծ պատասխանատւութիւն է կրում անհանդուրժողականութեան գոյատեւման համար:
Այժմ թոյլ տւէք անցնենք մի շատ աւելի մանրամասն հարցի, որը սակայն սերտ կապի մէջ է վերը նշւած հիմնական հարցի հետ. այն է "Ալիք"-ի գրելաոճը, որի երկու հիմնական յատկութիւններն են.

 

Ալիքի հիմնադիրները՝ աջից ձախ՝ Յովսէփ Թադէոսեան (խմբագիր), Վարդան Յովհաննիսեան (արտօնատէր),

Յարութիւն Ստեփանեան, Եղիշէ Իշխանեան, Ստեփան Խանբաբեան, Համբարձում Գրիգորեան


Առաջին՝ ածականների շռայլ գործածութիւն. բոլոր նպատակները վսեմ ու վեհ են, բոլոր ազգային գործիչները նւիրեալ եւ ազնիւ, բոլոր գաղափարները սուրբ. հիմա արի ու քննադատի այդ վեհերին, ազնիւներին ու սուրբերին: Երեւի այս ածականների թիւը տաս-քսանից չի անցնում, բայց դրանք կրկնւում ու կրկնւում են, եւ ստեղծում են մի հոգեբանական ճնշման մթնոլորտ, որը դժւարացնում է խօսել թերութիւնների դէմ, դժւարացնում է քննադատել եւ հեշտացնում է քննադատողին տեղը նստեցնել:
Երկրորդը՝ ոճային իւրայատկութիւնը ընդհանուր խօսելն է: Զանազան ձեռնարկների հաղորդագրութիւնները կարելի է մէկը միւսի տեղ տպագրել միայն անունները փոխելով: Միշտ "հոծ բազմութիւն", միշտ "գեղարւեստական կատարումներ" եւ ... ինչ պակասում է կոնկրետ նկարագրութիւնն է, որը կարող է հաղորդագրութիւնը դարձնել կենդանի եւ իւրայատուկ: Բայց այդ կոնկրետը յաճախ համարւում է անպարկեշտ, անմակարդակ: Իսկ սա ճիշտ այն բանն է, որ լրագրական կենդանի գրութիւնը դարձնում է քլիշէներով լի անհետաքրքիր շարադրութիւն: Յաճախ կարդում ենք թէ ներկաները հարցեր տւին, ազգի ջոջերը նրանց պատասխանեցին եւ ... թէ ի՞նչ էին հարցերը, որո՞նք էին պատասխանները, ի՞նչ էր բովանդակութիւնը, այսպիսի հաղորդագրութիւններում բացակայում է:
"Ալիք"-ի թերութիւնների մի մասը, իհարկէ, իրանահայ մամուլի հրատարակման ընդհանուր դժւարութիւնների արդիւնքն են: Հայերէն լեզւի ընդհանուր ցածր մակարդակը, որը մամուլի համար նշանակում է ընթերցողի եւ գրողի պակաս, հանդուրժողականութեան պակասը իրանական հասարակութեան մէջ ընդհանրապէս, նիւթական դժւարութիւններ, իրանահայութեան ուսման ոչ բարձր մակարդակը եւ արտագաղթը, բոլորն էլ դժւարացնում են որակեալ հայերէն թերթ հրատարակելու գործը:
Արդեօ՞ք դրական փոփոխութիւններ վերջին տարիներին եղել են: Կարծում եմ այո, բայց դրանք շատ սահմանափակ բնոյթ են ունեցել: Հէնց 80-ամեակին հնչող ճառերում յաճախ լսում ենք, որ "Ալիք"-ը փորձել է եւ փորձում է լինել ոչ միայն կուսակցական թերթ: Լաւ, ի՞նչ է նշանակում համայնքային մամուլ: Համայնքային այսինքն՝ պատասխանել ժողովրդի լրատւական կարիքներին` հաւատարիմ մնալով լրատւական սկզբունքներին, արտացոլելով բոլոր կարեւոր լուրերը, անկախ նրանից, որ հաւանում ես այն թէ՝ ոչ: Սակայն վիճակը դեռ այսպիսին է, որ գողանում են Ս. Ամենափրկիչ վանքի մանրանկարչութիւնները եւ "Ալիք"-ը միայն տպագրում է Առաջնորդարանի պաշտօնական հաղորդագրութիւնը: Կամ Հայաստանում տեղի են ունենում մեծ մասշտաբի նստացոյցեր ՀԱԿ-ի ղեկավարութեամբ, "Ալիք"-ում՝ համարեա ոչինչ դրանց մասին: Մի նորմալ այսինքն ոչ-կուսակցական օրաթերթ չի կարող աչք փակել այդպիսի լուրերի վրայ: "Ալիք"-ը համայնքային չէ նաեւ այն առումով, որ չի կարող արտացոլել համայնքում առկայ բոլոր մտածելակերպերը: Թերթի մահազդերի եւ գովազդերի բաժինը հաւանաբար այն բաժիններն են որ մի կերպ ծառայում են համայնքի ընդհանուր կարիքներին, բայց դա դեռ շատ քիչ է համայնքային թերթ դառնալու համար:

 

 

 

Գիտելիքներ "Ալիք"-ի մասին
 

Ալիքի առաջին համարը`

1931, Մարտի 22 (4 էջ)
 

Պարբերականութիւն`
1931-1934 ` շաբաթաթերթ (175 համար)
1935-1940` երկօրեայ թերթ (875 համար)
1941-1960` Առաւօտեան օրաթերթ
1960-2011` Երեկոյեան օրաթերթ

 

Խմբագիրներ


1931-1935 ` Յովսէփ Թադէոսեան

 

 

 


1936-1937` Երւանդ Հայրապետեան
1937-1941` Անդրէ Տէր-Օհա-նեան (Ամուրեան)
1941-1942` Մանուէլ Մարութեան (մի քանի ամիս)
1942-1948` Յովսէփ Յովհաննիսեան


1949-1955` Տաճատ Պօղոսեան
 

 

 



1955-1958` Յովսէփ Յովհաննիսեան
1958-1960` Անուշաւան Գրիգորեան (խմբագրութեան պատասխանատու)
1960-1971 ` Դոկտ. Բաղդիկ Մինասեան
1971-74` Օշին Սուրէնեան, Արսէն Մամեան, Խաժակ Տէր Գրիգորեան, Տաճատ Պօղոսեան (խմբագրութեան պատասխանատուներ)
1974-1976` Անդրէ Տէր-Օհանեան (Ամուրեան)
1976-1978` Նորայր Պահլաւունի


1978-1980` Հրայր Խալաթեան
 

 

 

 


1980-1983` էդւարդ Երիցեան (տնօրէն-խմբագիր)
1983-1984` Էդւարդ Ղահրամանեան (տնօրէն-խմբագիր)
1984-1993` Նորայր Էլսայեան
1993-1994` Խմբագրական խորհուրդ
1994-2003` Սեդա Դաւթեան
2004- ` Դերենիկ Մելիքեան
 

Պատասխանատու տնօրէններ`


1931-1951` Դոկտ. Վարդան Յովհաննիսեան
 

 

 

 


1951-1960` Արտաշէս Բաբալեան
1960-1980 ` Դոկտ. Ռոստոմ Ստեփանեան
1980- - ` Ալբերտ Աճեմեան


Դադարներ`
Երկու անգամ դադարել է "Ալիք"-ի կանոնաւար հրատարակութիւնը, երկու անգամն էլ երկրի ընդհանուր քաղաքական պայմանների բերումով
1942 Դեկտեմբեր - 1943 Մարտ` երկրորդ աշխարհամարտի օրերին երկրում տիրող անորոշ դրութեան պատճառով
1978 Նոյեմբեր - 1979 Յունւար` իրանական մամուլի 62-օրեան գործադուլին մասնակցութեան պատճառով
Յաւելւածներ եւ կից հրատարակութիւններ
"Ալիք Ամսագիր" (1961-63), Խմբագիր` Նորայր Պահլաւունի
"Ալիք Պատանեկան" երկշաբաթաթերթ (1969-1978), Խմբագիրներ` Ժիրայր Ղարիբեան, Սայ-եաթ Բաբումեան, Միշա Հայրապետեան
"էջ 404" գրական յաւելւած (1989-2003), յետոյ առանձին պարբերաթերթ Վահէ Արմէնի խմբագրութեամբ
"Խաչմերուկ" երիտասարդական յաւելւած (1994- )

 

Յոյս թիւ 111

23 Նոյեմբեր 2011