ՔԱՐՄԷՆ ԱԶԱՐԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ Հ.Մ.Մ. "ՐԱՖՖԻ" ՀԱՄԱԼԻՐԻ ՄՇԱԿՈՅԹԻ
ՕՐՒԱՅ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ (ՀԱՏՒԱԾ)


ՄԵՐ ՄՇԱԿՈՅԹԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԸ

 


...Իրօք պահը բարդ է եւ ճակատագրական: Փաստօրէն նւազել ենք թէ քանակով եւ թէ որակով: Մեր համայնքը վերջին տասնամեակների ընթացքում քանակապէս հետեւաբար եւ որակապէս տանուլ տւեց եւ կորցրեց շատ բաներ, որոնք ստեղծւել էին դարերի ընթացքում: Երկրի հայա-շատ գաւառներից շատերը հայաթափւեցին եւ նրանց ստեղծած նիւթական ու հոգեւոր հարստութիւնը անհետ կորաւ: Նրանց տնտեսութեան հետ, բնականաբար քայքայւեց ու աստիճանաբար մոռացութեան մատնւեցին նրանց խօսակցական լեզուն՝ բարբառը, նաեւ սովորութիւններն ու յատուկ աւանդոյթները, ոչնչացան ճարտարապետական ժառանգութիւնը՝ յատկապէս լքւած եկեղեցիները, սրբավայրերը,
Այսօր եւս մեր աչքերի առջեւ նոյն կերպ հայաթափ լինելով այս եւ այն քաղաքը, մեր տնտեսական ու մշակութային ժառանգութիւնը գնալով փոքրանում ու փոքրանում է: Մի բան, որ մեր ազգային մարմիններին պարտադրել է կիրառել յատուկ քաղաքականութիւն՝ "օպտիմալացում եւ վերադասաւորում" անւան տակ: Փակւում են մեր նախնիների մեծ ջանքերով կառուցւած դպրոցները, որի հետ ի դէպ մենք չենք կարողանում հաշտւել: Սակայն չի կարելի անտեսել այն, որ մեր դպրոցների աշակերտութեան թիւն այնքան է պակասել, որ անիմաստ ու անխոհեմ քայլ կը լինէր մեր կողմից դրանց դուռը բաց պահելը: Այնուամենայնիւ մեր պարտքը դրանով աւարտւած չի կարելի համարել: Եթէ փակում ենք մի դպրոց, ուրեմն պէտք է անպայման ներդրում կատարել միւս աշխատող դպրոցների վրայ, ինչպէս կատարւեց "Թունեան" դպրոցի պարագայում, եւ նրանց զինել նորագոյն տեխնոլոգիայով, լաւագոյն, արհեստավարժ մասնագէտ ուսուցիչներով ու անձնակազմով: Դրա շնորհիւ գոնէ կապահովենք մնացողների բարձր մակարդակը՝ թէ որակով եւ թէ թւով: Չէ՞ որ մեր դպրոցների անորակ լինելու պատճառով շատերը գերադասում են իրենց երեխաներին պարսկական դպրոցներ ուղարկել: Ուրեմն մեր պարտքն է առաջին հերթին մեր ազգային հարստութիւնը ծառայեցնել մեր դպրոցների, ապա եւ միութիւնների հնարաւորութիւնների զարգացմանը: Յատկապէս հայեցի դաստիարակութեան եւ հայոց լեզուն փրկելու համար, ելնելով համայնքի ընդհանուր շահերից, անհրաժեշտ է անկախ քաղաքական նկատառումներից եւ զուտ մասնագիտական դիտանկիւնից վերանայել մեր կարծր դիրքորոշումները մի շարք կարեւոր հարցերում, օրինակ ուղղագրութեան վերաբերեալ: Եթէ առ այսօր շատ կարեւոր է համարւել թէ "յաջողութիւն"-ը յ-ով է գրւում թէ հ-ով, կամ "կարօտ"-ը օ-ով է գրւում թէ ո-ով եւ հայոց լեզւի ուսուցման գործում մեծ ուժ է խլել երեխային սովորեցնելու անսխալ գրելը, այսօր ըստ իս գլխաւոր նպատակ պիտի դարձնել նախ երեխային սովորեցնել այդ "յաջողութիւն" կամ "կարօտ" բառը ճիշտ եւ տեղին գործածել, հարստացնել նրա բառապաշարը եւ մի խօսքով զարգացնել նրա խօսելու ունակութիւնները: Բնականաբար պէտք է ինչքան շուտ տեղի մասնագէտների համագործակցութեամբ որո-շում կայացնել ուղղագրութեան վերաբերեալ, որի կարեւորութիւնը տարիներ շարունակ, ասես թէ անտեսւել է համայնքի ղեկավարութեան կողմից: Հայաստանի անկախացումից յետոյ ստեղծւած պայմաններում, որով արեւելախօս իրանահայութիւնը առաւել քան որեւէ այլ համայնք կարող է մշակութային սնունդ ստանալ հայրենիքից, ուղղագրութեան զանազանութիւնը խոչընդոտ է հանդիսանում այդ ուղղութեամբ: Ներկայ շփումների ընթացքում յատկապէս մեր երեխաների համար հարց է առաջանում թէ ինչո՞ւ են նրանք մեզանից տարբեր գրում: Եւ մենք ի՞նչ պատասխան ունենք տալու: Ինչպէ՞ս բացա-տրենք այդ երկակի գրութեան պատճառը: Եւ մինչ մենք մտածում ենք, կամ գուցէ բոլորովին չենք էլ մտածում, մեր երեխաները իրենց գործը օրեցօր հեշտացնում ու կամաց-կամաց, աննկատելիօրէն անցնում են դիւրահաս պարսկերէնին կամ լաւագոյն դէպքում թէ բանաւոր եւ թէ գրաւոր խօսքում սխալներով լի հայերէնին:
Պարզ է, որ ժամանակները փոխւել են եւ ակնյայտ է, որ ներկայ պայմաններում, արդէն 400-ամեայ գոյութեան փաստը կրկնելով ու անցեալի փառքը բարձրաձայնելով չենք կարող դաստիարակել ու ազգային ոգով սնուցանել մեր նոր սերնդին, որը գուցէ չի տիրապետում հայոց լեզւին ու գրականութեանը, բայց եւ այնպէս իր հերթին հետաքրքրւած է նորագոյն տեխնոլոգիաներով ու միջազգային թեմաներով, եւ դրա միջոցով կարող է տիրապետել այն ողջ գիտելիքին, որին հասնելը այնքան էլ հեշտ չէր նախորդ սերունդների համար: Մի խօսքով պէտք է ընդունենք, որ նոր ժամանակները նոր զէնքեր, նոր ձեւեր են պահանջում: Այլեւս հնացած, Տէր Թոդիկեան մեթոդներով ու վերաբերմունքով չենք կարող կրթել ու դաստիարակել մեր երեխաներին: Այս նպատակով անհրաժեշտ է վերապատրաստել թէ մեր ուսուցիչներին եւ թէ դասագրքերը:
Հարկաւոր է իւրաքանչիւր պաշտօնի համար ընտրել համապատասխան ու պրոֆեսիոնալ անձին, թէկուզեւ ոչ հայ, եւ չբա-ւարարւել լոկ նրա "ազգին նւիրւածութեան", "վստահելի ընտանիքի զաւակ" կամ այսինչ միութեան անդամ լինելու եւ նման այլ երկրորդական յատկանիշներով եւ միշտ առաջին տեղը տալ պրոֆեսիոնալիզմին՝ հրաժարւելով սիրողական գործելաոճից: Միայն այդպէս կարող ենք ապահովել գործի կատարելութիւնը, խոյս տալ հնարաւոր թերացումներից ու ամենուր նկատւող թափթփւածութիւնից: Որպէս օրինակ կարող ենք յիշել թէկուզ վերջին Համահայկական խաղերը, որի շուրջ ասէկոսէները դեռ շարունակւում են: Նման վերաբերմունքով ոչ միայն հիասթափւում է մարզիկն ու մարզիչը, այլեւ յօդս է ցնդում մեծ թւով ազնիւ ու գործին նւիրւած մարդկանց, այսինքն կազմակերպիչների ողջ աշխատանքի արդիւնքը:
Այս բոլորով հասնում ենք այն եզրակացութեան, որ օպտիմալացումն ու վերադասաւորումը պէտք է գործի ոչ միայն մեր նիւթական, այլ նաեւ հոգեւոր հարստութեան վերաբերեալ: Պէտք է մեր դպրոցները եւ այլ հաստատութիւնները առաւելագոյնս ծառայեն հայ մշակոյթի տարածման ու զարգացման գործին: Պէտք է մատաղ սերնդին մատուցանել կրօնը, մայրենի լեզուն ու գրականութիւնը արւեստներն ու աւանդոյթները նորագոյն մեթոդներով ու յարմարանքներով, օրինակ՝ խտասկաւառակներով (Սի-Դիներով) ու ֆիլմերով, շրջագայութիւններով ու այցելութիւններով եւ այլն: Պէտք է նրան ծանօթացնել հայ գրականութեանը, պատմութեանը, ժամանակակից երգարւեստին, թատրոնին, պարին, եւ այլնին, բարձրացնելով նրանց վայր ընկած ճաշակը, որով մի կողմից նրանց կապահովագրենք օտար, յատկապէս ցածրորակ չարւեստի դէմ, եւ միւս կողմից նրանց հոգիները կը լցնենք հպարտութեամբ իր ազգայինի հանդէպ:
Վերջում ուզում եմ յիշեցնել, որ մատաղ սերնդի դաստիարակման գործում գլխաւոր դեր է կատարում ընտանիքը, հետեւաբար պարտաւոր ենք առաջին հերթին ուղղել մեզ եւ մեր կեցւածքով օրինակ հանդիսանալ մեր երեխաների համար, որոնք մեր ապագան են կերտելու: Այսինքն այս գործում որոշիչ դեր է վերապահւած բոլորիս՝ անհատ առ անհատ, որպէս հասարակ քաղաքացիներ: Բոլորս պիտի միշտ ու անդադար աշխատենք այդ ուղղութեամբ, սովորենք ճիշտն ու անսխալը, ձգտենք լաւագոյնին ու բարձրագոյնին՝ անկախ տարիքից, եւ նոյնը փոխանցենք մեր երեխաներին: Այդպիսով միայն կարող ենք ունենալ զարգացող սերունդ, զարգացող կառոյցներ՝ դա թող լինի դպրոց թէ միութիւն կամ ազգային մարմիններ, եւ մի խօսքով բարձր մակարդակով համայնք:
 

Յոյս թիւ 109

26 Հոկտեմբեր 2011