ԼՌՈՒԹԻՒՆԸ ԻՆՉԻ՞ ՆՇԱՆ Է

Ազատ Մաթեան

 


Տասնամեակներ շարունակ ազգային ունեցւածքը պահւել է "չար աչքից" հեռու, իսկ դրանց հետ կապւած գործարքների մանրամասները համարւել են "պետական" գաղտնիք: Գործադիր թեմական եւ կրօնական խորհուրդների, ինչպէս նաեւ հաշւեքննիչ մարմինների տարեկան նիւթա-բարոյական զեկոյցները մնում էին փակ դռների յետեւում եւ նոյնիսկ պատգամաւորներին չէր թուլատրւում դրանք դուրս հանել ժողովներից, իսկ, թէ ինչքանով էին այդ զեկոյցները արտացոլում իրական պատկերը, այլ հարց է:
Յեղափոխութիւնից յետոյ շուրջ 20 տարի ընտրութիւններ տեղի չունեցան, եւ ազգային գործերը շարունակում էին վարել նախկին կազմերը:
2000 թւին, վերջապէս ընտրութիւնների իրաւունք տրւեց եւ Ջուղայում ներկայացւած երկու ցանկերից համամասնական կարգով ընտրւեց 47-րդ պատգամաւորական ժողովը: Տողերիս գրողը եւս երկրորդ՝ փոքրամասնութեան ցանկից ընտրւեցի պատգամաւորական ժողովի անդամ: Այստեղ ուզում եմ վկայել, որ այդ եւ դրան յաջորդող պատգամաւորական ժողովները շատ էին տարբերւում նախորդ շրջաններից: Հէնց համամասնական ձեւը նորութիւն էր եւ համարւում էր յետյեղափոխական շրջանի նւաճում: Նիստերը անցնում էին բուռն քննարկումներով, որոնց ընթացքում ցանկ մէկի՝ մեծամասնութեան երիտասարդ դաշնակցական անդամները ցուցաբերում էին քննադատական մօտեցում խդիրներին եւ նրանցից ոմանք նոյնիսկ տարակուսանք էին յայտնում երկրորդ ցանկի պատգամաւորների մեղմ կեցւածքի մասին: Նրանցից մէկը նոյնիսկ հասաւ այն բանին, որ ազգային մարմինների գործելակերպը ընդհանրապէս հռչակեց դաւաճանութիւն եւ կոչ արեց յեղափոխական քայլերի: Թէեւ պարզ չէր, թէ կոնկրետ ինչի մասին է խօսքը, բայց այս բոլորը նորութիւն էր ինձ համար, որ տարբեր ժամանակներում եղել էի ժողովներում: Նկատելի էր կուսակցութեան ներսում սերնդափոխութեան միտում: Նկատելի էր նաեւ հանդուրժողականութեան տրամադրութիւն, ինչը իսպառ վերացել էր յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ Ջուղայում բարձրացած ժողովրդական բողոքի բուռն շրջանից յետոյ: Կար նաեւ այն, որ Հայաստանի անկախացումից շուրջ տաս տարի յետոյ դաշնակցականները հրաւիրել էին միասնականութեան սեմինար: Մի խօսքով, ինչ-որ բան փոխւել էր եւ իրավիճակը յոյս էր ներշնչում, որ ամէն ինչ գնալու է դէպի լաւը, բայց, թարսի պէս, մի քանի մեծագոյն սխալներ կատարւեցին հէնց այս շրջանում, որոնցից կարելի է նշել Թոհիդ պողոտայի եւ մի քանի այլ հողամասերի միատեղ վաճառքը, Հայաստանում կատարած ներդրումները, Սաէր Սէյրը, Ակումբի նորոգութիւնը, գերեզմանատան կից հողամասի մասնատման ձախողած ծրագիրը, Ղարաբաղի վերաբնակեցման ծրագիրը, ութ յարկանի շէնքի կառուցումը, նոր կրթական եւ մարզական համալիրների կառուցման առնւազն վիճելի նախագծերի իրագործումը, բնակարանաշինութեան ասպարէզում թոյլ տրւած վրիպումները, բազմաթիւ ընդունւած, բայց չիրականացւած որոշումները եւ այլն:
Շուրջ վեց տարւայ իմ ներկայութեամբ սոյն ժողովներին ես եկայ այն եզրակացութեան, որ ախտաճանաչման տեսակէտից ՊԺ-ը գրեթէ ոչ մի պակաս չունի, աջ թէ ձախ, ցանկ մէկ, թէ ցանկ երկու, բոլորն անխտիր դժգոհում էին իրավիճակից եւ այն գտնում ճգնաժամային, իսկ երբ բանաձեւային յանձնախումբը, որի անդամն էի նաեւ ես, փորձեց այդ բոլոր դժգոհութիւնները բանաձեւել եւ մանաւանդ իր ներկայացրած բանաձեւում օգտագործեց "ճգնաժամ" բառը, ժողովը ընտրեց մի ամբողջ յանձնախումբ, որպէսզի քննարկի իրավիճակը եւ լուծումներ գտնի, բայց որն իր պարտականութիւնը կատարեց սոյն "չարաբաստիկ" բանաձեւը "բարեփոխելով", որովհետեւ, ըստ ոմանց, վիճակն այնքան էլ վատ չէր, եւ չէր կարելի նման բացասական փաստաթուղթը ներկայացնել Վեհափառին կամ որեւէ մէկին: Իսկ թեմական խորհրդի նախագահը յայտարարեց. "Ճգնաժամ չկա՛յ, ութ յարկանի շէնքը, որ ծախենք, դեռ 20 տարի կապրենք": Եւ այսպէս արդէն մի քանի տասնամեակ է, որ թեմը գոյատեւում է անցեալի հաշւին: Վաճառւած են հսկայական հողամասեր, եւ ընթացքը շարունակւում է: Հայապատկան կալւածները յայտնւել են արագօրէն զարգացող քաղաքի կենտրոնում, իսկ դրանք շահութաբեր դարձնելու ծրագրերը կամ մնում են արխիւներում կամ իրագործւում են մեծ վնասներով: Համայնքը նոսրանում է քանակով եւ որակով: Նոր դպրոցական եւ մարզական "համալիրների" կառուցումը նման է այն գիւղացուն, որն իր եզները վաճառում է մի քանի գիշեր հինգ աստղանի հիւրանոցում գիշերելու համար:
Հետաքրքիրն այն էր եւ է, որ բոլորն անխտիր, սկսած տասնեակ տարիներ ամենապատասխանատու պաշտօններ զբաղեցրած մարդկանցից մինչեւ հա-մայնքի շարքային անդամը կողմնակի զրոյցներում մեղքը բարդում են ինչ-որ երրորդ անյայտ էութեան կամ գոյութեան վզին,-այսպէս են անում, այնպէս են անում, - բայց ոչ ոք պատրաստ չէ յանձն առնել պատասխանատւութեան իր բաժինը:
"Յոյս" երկշաբաթաթերթի համար 104-ում լոյս տեսած Հրաչ Միրզախանեանի ծաւալուն յօդւածը մօտաւոր պատկերացում կարող է տալ վերոնշեալ գործարքներից մի քանսի մասին: Ասում ենք մօտաւոր, որովհետեւ ուսումնասիրութիւնը, որն, ի դէպ, իր տեսակի մէջ կարելի է համարել աննախընթաց, հիմնւած է Սպահանի Հայոց Առաջնորդարանի զեկուցագրերի ժլատ տեղեկութիւնների եւ մի շարք ակնյայտ փաստերի վրայ, իսկ իրական պատկերը, որը շատ աւելի ան-մխիթարական է, կարիք ունի աւելի լայն տեղեկութիւնների ու լուրջ հաշւեքննութեան: Սակայն նման հաշւեքննութեան եւ հաշւետւութեան համար գոյութիւն չունի ոչ մի մեխանիզմ, հետեւաբար որեւէ հարցադրում, արդարացի, թէ անարդար հանդիպում է պատասխանատուների, լռութեան պատին:
Ասում են լռութիւնը համաձայնութեան նշան է: Այդ դէպքում այս լռութիւնը նշանակում է հետեւեալը. "Այո, այդպէս է, յետոյ ի՞նչ": Յետոյ ոչինչ: Հողամասերը վաճառւած են, ութ յարկանի շէնքը կառուցւած ու վաճառւած է, ակումբը նորոգւած ու դուռը փակւած է եւ այսպէս շարունակ:
Մի շէնքի նորոգութեան համար ՊԺ-ը քւէարկել էր ԹԽ-ի կողմից առաջարկւած մէկ միլիոն թուման բիւջէ: Թեմականը տարեկան զեկոյցում ներկայացրեց 15 միլիոն թուման ծախս: Ժողովականի հարցին ԹԽ նախագահը պատասխանեց."Պէտք է եղել, ծախսել ենք, չէք ուզում, կը քանդենք": Եւ ժողովը հանգիստ կուլ տւեց վիրաւորանքը:
Սա մի փոքրիկ օրինակ է, իսկ պարսկական առածն ասում է. "Մոշթ նեմունէյէ խարւարէ":
Այստեղ լռութիւնը միայն համաձայնութեան նշան չէ, դա նաեւ արհամարհանք է, իբր թէ դուք ո՞վ էք, որ մենք ձեզ պատասխանենք: Բայց լռութիւնը նաեւ վախի նշան է, որովհետեւ ամէն մի պատասխան կարող է տասնեակ նոր հարցեր առաջացնել, դեհ, արի ու այդ բոլորի տակից դուրս արի:
Իսկ ո՞վ է պատասխանելու: Մեր իշխանաւորները յաճախ իրենց պահում են երկնային արարածների նման, որոնք պարզ մահկանացուների հետ երկխօսութեան մէջ մտնելու տրամա-դրութիւն ամենեւին չունեն: Իսկ եթէ իրենց ճակատին կրում են նաեւ գաղափարական առաջնորդի լուսապսակ, ուրեմն վեր են կանգնած ամէն դատ ու դատաստանից:
 

Յոյս թիւ 109

26 Հոկտեմբեր 2011