ՇԱՀԻՆ ՇԱՀՐ ՔԱՂԱՔԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԹԻՄԸ ՀՐԱԺԱՐՒԵԼ Է ԽԱՂԱԼ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԵՏ

 


"Համահայկական խաղերի շրջանակներում Իրանի Շահին Շահր քաղաքի ֆուտբոլային թիմը վիճակահանութեամբ Օգոստոսի 14-ին պէտք է հանդիպէր Իսրայէլի հայազգի քաղաքացիներից կազմւած Երուսաղէմի թիմի հետ: Շահին Շահրի թիմը, սակայն, այդպէս էլ խաղադաշտ դուրս չի եկել, եւ դրա պատճառը եղել է քաղաքական:
Իրանից ժամանած բոլոր խմբերի պատասխանատու Ալֆրեդ Հաւանը, որը նաեւ Համահայկական խաղերի կազմկոմիտէի անդամ է, տեղի ունեցածը մեզ հետ զրոյցում "թիւրիմացութիւն" կոչեց: "Դա լոկ թիւրիմացութիւն էր: Ընդհանրապէս պարսկական խմբերը որեւէ հանդիպման Իսրայէլի խաղացողների հետ չեն մասնակցում, եւ իրանահայ թիմը թիւրիմացաբար մտածել է, որ այս անգամ էլ չպէտք է մասնակցեն: Բայց յետոյ իրենց ուշադրութիւնը հրաւիրեցինք, որ Երուսաղէմից եկածը նախ հայկական խումբ է եւ որեւէ կապ չունի այդ մտածմունքի հետ: Երկրորդը` պարսիկ կառավարութիւնն ընդհանրապէս մտածում է, որ Երուսաղէմը պատկանում է քրիստոնեաներին, մուսուլմաններին եւ մովսիսականներին, իսկ նրանց (Շահին Շահրի թիմի) արարքը աւելի շատ հաստատում է, որ Երուսաղէմը Իսրայէլինն է: Եւ դա հակառակ էլ է իսլամական մտածմունքին: Այսինքն` մեր Իրանի ղեկավարութեան մտածմունքին",- ասաց Ալֆրեդ Հաւանը:
Նա վստահեցրեց, որ եթէ առաջիկայում եւս այնպէս պատահի, որ իրանական որեւէ խումբ հանդիպում ունենայ Երուսաղէմի թիմի հետ, իրենք անպայման պէտք է մասնակցեն դրան: "Ոչ մի կասկած",- յայտարարեց Հաւանը: Վերջինիս խօսքով, ինքը նախապէս չի իմացել, որ Շահին Շահրի թիմը հրաժարւելու է մասնակցել խաղին: "Եթէ իմանայի, կը պարտադրէի, որ խաղար: Տեղի ունեցածը բացարձակապէս թիմի պատասխանատուի սխալն է եղել, որովհետեւ որոշողը ես պիտի լինէի, ես պիտի ասէի` խաղացէք կամ մի խաղացէք: Իրենք իրենց գլխու են արել, ես էլ իրենց հարցրի, ինձ բացատրութիւն տւեցին, որ ինչ է: Ասացի, որ եթէ սրանից յետոյ Երուսաղէմի որեւէ թիմի հետ խաղ ունենան, անպայման խաղան",- նշեց Ալֆրեդ Հաւանը":
Ահա մի հատւած "Հայկական Ժամանակ" կայքի հաղորդագրութիւնից: Այս միջադէպի մասին "Իրանահայեր" կայքը հարց է ուղղել Շահին Շահր քաղաքի վարչութեան պատասխանատու պրն. Ջանիկ Թահմազեանին.
"-Պրն. Թահմազեան, ձեր ֆուտբոլի հաւաքականը բոյկոտեց Երուսաղէմի հաւաքականի հետ մրցութիւնը, որն անսովոր դէպք էր Համահայկականում: Ինչո՞ւ նման քայլի դիմեցիք: Արդեօ՞ք այդ հաւաքականը ձեր կարծիքով Իսրայէլ էր ներկայացնում:
-Նախ ներողամտութիւն ենք հայցում մեր կամքից անկախ առաջացած այս պրոբլեմի համար: Պէտք է ասեմ նաեւ, որ ապագայում Սեւան ֆուտբոլի ակումբի (որ Համահայկական մրցութիւններում մասնակցում էր Շահին Շահրի անւան ներքոյ), համար բարդութիւններ չառաջանալու մտահոգութիւնից ելնելով մենք պարզապէս դիմեցինք պետական կողմի վերաբերմունքը ճշտելու, իհարկէ, յիշեցնելով իրենց, որ այս խաղերը համահայկական են եւ իւրաքանչիւր հաւաքական ներկայացնում է իր երկրի հայկական համայնքը: Բայց ըստ երեւոյթին մեր բացատրութիւնները ճիշտ չի ընկալւել ինչ-որ պատասխանատուի կողմից, որն մեզ յորդորեց չմասնակցել այդ մրցութեան: Այստեղ իհարկէ, ազդեցիկ դեր ունեցաւ նաեւ դրօշների եւ յատուկ այս դէպքում Իսրայէլի դրօշի ծածանումը, որն աւելի բարդացրեց խնդիրը: Այս էր ցաւալի իրականութիւնը, այլապէս աշխարհի բոլոր քաղաքներից ժամանած հայկական խմբերն էլ մեզ համար սիրելի են եւ յարգելի":
Այս դիպքին անդրադարձել է նաեւ "Հայելի" կայքը.

"Փորձեցինք ճշտել, թէ ինչ է պատահել: Պարզւում է, որ Շահին Շահրի մարզիչը, որն ի դէպ Ջուղայի Սեւան ֆուտբոլային թիմի մարզիչն է ու թիմն էլ հէնց Սեւան թիմն է, երբ իմանում է, որ պէտք է խաղայ Երուսաղէմի թիմի դէմ, որոշում է, որ պէտք է ճշտել դրա քաղաքական հետեւանքները իր եւ իր թիմի համար: Մոռանալով, որ այն խաղերը, որին մասնակցում է համահայկական է եւ ամբողջովին զուրկ է քաղաքական ենթատեքստից կապ է հաստատում պետական պաշտօնեաների հետ: Նա դարձեալ մոռանում է, որ, եթէ նոյնիսկ չնչին մտահոգութիւն կար այդ առումով, կարելի էր նախ զանգել պատկան թեմի Առաջնորդարան կամ էլ Հարաւային իրանահայութեան Պատգամաւորին: . . . Հիմա, զաւեշտալի ու տհաճ իրադրութիւն է ստեղծւել իրանահայ միւս մարզիկների, մեր՝ իրանահայերիս ու նոյնիսկ Իրանի պետութեան համար, թէ իբր մենք չենք կարող նոյնիսկ ֆուտբոլ խաղալ Երուսաղէմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բայց ախր այս ամէնից կարելի էր խուսափել միայն "աշից տաք քասայ" չդառնալու կամ առաջին հեռախօսազանգը ճիշտ ուղղութեամբ կատարելու դէպքում":
 

Յոյս թիւ 105

24 Օգոստոս 2011