ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻՆ ՎԱՆՔԻ
ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԱՅՏՆՒԵԼ ԵՆ ԼՈՆԴԱՆՈՒՄ


Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հաստատել է

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մանրանկարչութիւնների անհետացումը

 



Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ թանգարանի հինգ մանրանկարչութիւնների եւ երկու իւղաներկ նկարչութիւնների մասին առաջին անգամ գրեց Հայաստանի "Ազգ" օրաթերթը` իր Յուլիսի 7-ի համարում: Ըստ այդ գրութեան, Յունիսի 12-ին որոշ անձինք Նոր Ջուղայի Ս. Ամերնափրկիչ վանքի որոշ մանրանկարչութիւններ վաճառել են ցանկացել Լոնդոնում: Ահա "Ազգ"-ի գրութիւնը ամբողջութեամբ:

ԹԱԼԱՆՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻՑ
Ըստ մեզ հասած տեղեկութիւնների, Յունիսի 12-ին երկու հայ անձնաւորութիւններ Լոնդոնում պատարագի աւարտին մօտեցել են Ներսէս աւագ քհն. Ներսէսեանին "նրա կարծիքը իմանալու համար 5 հայկական մանրանկարների եւ երկու իւղանկարների վերաբերյալ: Նրանց հետաքրքրում էր այդ պատկերների նիւթական արժէքը վաճառքի դնելու պարագայում: Տէր Ներսէսը ճանաչում է պատկերների պատկանելութիւնը, որպէս մասունքներ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի եւ բացատրում է երկու անձերին դրանց գողացւած լինելը: Նկարների պատկերները տպւած են վանքի տպագրւած ձեռագրերի ցուցակում, եւ նկարների տակը տեղադրւած արձանագրութիւնները պարսկերէն գրութեամբ տալիս են պատկերների նկարագրութիւնը:
Տ. Ներսէսը նկարների մասին անմիջապէս տեղեկացնում է Անթիլիաս, Արամ կաթողիկոսին, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանին, եւ Նոր Ջուղայի թեմական խորհրդին:
Ըստ Անթիլիասի վեհարանի քարտուղար Խաչիկ Դեդէյեանի "Արամ Վեհափառը, տեղեկանալով կատարւածի մասին, հրահանգել է Նոր Ջուղայի ազգային իշխանութիւններին անյապաղ եւ ամենայն լրջութեամբ հետեւել խնդրին:
Թէ իրականում ի՞նչ է կատարւել ձեռագրերի հետ, կարող են պարզել միայն վերոյիշյալ պատասխանատուները, որոնք ցարդ լռում են, այնինչ ոչ միայն իրանահայ համայնքը, այլեւ ողջ հայ ժողովուրդը իրաւունք ունի իմանալու ճշմարտութիւնը եւ յատկապէս խնդրի անմիջական պատասխանատու Նոր Ջուղայի թեմական խորհրդից եւ թեմի առաջնորդ Բաբկէն արք. Չարեանից սպասում է յստակ բացատրութիւն:

"Ազգ"-ը հրատարակել էր նաեւ մանրանկարչութիւնների պատկերները, որոնց ներքեւում պարսկերէն բացատրութիւններ կային տւեալ գործերի մասին: Թէ ինչպէս են այդ տեղեկութիւնները հասել "Ազգ"-ին այժմ պարզ չէ, եւ նոյնիսկ կարելի էր կասկածանքով դիտել լուրը, եթէ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը չհաստատէր լուրը` նախ "Արաքս" շաբաթաթերթի հետ հեռախօսազրոյցում, յետոյ Յուլիսի 9-ին, հետեւեալ պաշտօնական հաղորդագրութեամբ.

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԻՒԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
"Սպահանի հայոց Թեմական խորհուրդը մեր ժողովրդին յայտնում է, որ տեղեկացել է՝ Անգլիայում աճուրդի են դրւել Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչութեան էջեր:
Անմիջապէս կապւել ենք մեզ վստահած մասնագէտ անձանց հետ՝ աւելի մօտկից ստուգելու հարցը եւ մեզ տեղեակ պահելու, որպէսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք:
Առ այդ՝ հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով, եւ ներկայ փուլում ստուգւում են հանգամանքները՝ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով
Այսու մեր ժողովրդին դիմում ենք, որ անհիմն մեկնաբանութիւններից խուսափեն եւ վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ նախանձախնդիր են եւ այս հարցը հետապնդելու են մինչեւ բարւօք լուծում":

Եթէ մի բան պարզւում է այս հաղորդագրութիւնից, դա այն է, որ ճիշտ է, Անգլիայում են յայտնւել "Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչութեան էջեր": Իսկ թէ ինչու այդ մասին հանրութեան տեղեակ չի պահել Սպահանի հայոց թեմի ազգային դիւանը, հաղորդագրութիւնը բացատրում է. "հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում էինք՝ յանցագործին ի յայտ բերելու՝ գործընթացը չվնասելու նպատակով": Մի խօսքով, հարցը պիտի գաղտնի պահւէր, որպէսզի յանցագործին ի յայտ բերելու գործընթացը չվնասւէր:
Սպասելի էր, Սպահանի թեմի յարգելի դիւանը, այժմ, հարցը բացայայտւելուց յետոյ, աւելի յստակ եւ մանրամասն բացատրութիւններ տար հանրութեանը, անհետացած մանրանկարչութիւնների, դրանց պահպանման պատասխանատու անձանց կամ մարմինների վերաբերեալ, ոչ թէ պահանջատէրի դիրքերից դիմէր ժողովրդին եւ խօսէր հաւանական "անհիմն մեկնաբանութիւններ"-ի մասին: Երբ արդէն իրենք էլ հաստատում են, որ վանքի գոյքերի մի մասը յատնւել է երկրից դուրս, կամ աւելի պարզ լեզւով գողացւել է, եւ այդ մասին ոչ մի յայտարարութիւն չի կատարւել մինչեւ հայաստանեան մի թերթի բացայայտումը, էլ ինչ խօսք կարող է լինել "անհիմն մեկնաբանութիւններ"-ի մասին: Լաւ կը լինէր գոնէ Սպահանի թեմի ազգային դիւանը յստակեցնէր ինչ անհիմն մեկնաբանութիւնների մասին է խօսքը: Ահա թէ ինչպէս պատասխանատու մարմինը իր թերութիւների մասին խօսելու փոխարէն՝ հանդէս է գալիս պահանջատիրոջ դերում. իրենք ամէն բան արել են եւ ամէն բան ճիշտ ընթացքի մէջ է, միակ դժւարութիւնը ժողովրդի "անհիմն մեկնաբանութիւններն" են:
Հաղորդագրութեան մէջ խօսւել է "ձեռագրի էջերը վերադարձնելու" մասին: Յոյսով՝ դա հնարաւոր լինի, բայց թէ այդ ինչպէս է տեղի ունենալու, կարօտ է Սպահանի թեմի բացատրութիւններին:

 

Յոյս թիւ 102

13 Յուլիս 2011