ԱՒԱՐՏՒԵՑ ԳԱՒԱԹԻ 30-ՐԴ  ՄՐՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Արման Տ. Ստեփանեան

 


Ինչպէս բոլորն էլ գիտեն, այսօր աշխարհի ամենահետաքըրքիր մարզանքն է համարւում ֆուտբոլը: Գրեթէ բոլորն էլ սիրում են խաղալ, դիտել կամ քննարկել այն: Ֆուտբոլը շատ սիրւած մարզանք է նաեւ իրանահայ համայնքում: Դրա ամենից վառ փաստը այն է, որ արդէն տասնեակ տարիներ է ինչ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կազմում միշտ լինում են հայ ֆուտբոլիստներ: Գրեթէ բոլոր իրանահայ ֆուտբոլիստները իրենց մարզական կարիերան սկսել են Հ.Մ.Ա.Կ-ի "Արարատ" ակումբից, որը երկար տարիներ շատ փայլուն ներկայութիւն է ունեցել Իրանի ֆուտբոլային տարբեր մրցութիւններում: Վերջին տարիների ընթացքում, հիմնականում համայնքի արտագաղթի, ինչպէս նաեւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լաւ չհովանաւորւելու պատճառներով, "Արարատ"-ը լուծարւեց: Սակայն, բարեբախտաբար, արդէն կարճ ժամանակ է ինչ այն վերականգնւել է: Իրանի պաշտօնական լիգայի մրցութիւններից բացի, իրանահայ ֆուտբոլասէրերի ծարաւը յագեցնելու համար ամեն տարի ֆուտբոլի տարբեր մրցութիւններ են տեղի ունենում մեր համայնքում: Այս մրցութիւնների մէջ, կարելի է ասել, ամենաշատ սիրւածն է "Գաւաթ"-ի մրցաշարը, որը "Հ.Մ.Ա.Կ-"ի նախաձեռնու- թեամբ ամեն տարի կայանում են "Արարատ" մարզաւանում: Գա-ւաթի մրցաշարի հիմնական տարբերութիւնն այն է, որ հակառակ այլ մրցութիւնների, մասնակիցները չեն ներկայացնում միայն համայնքում գտնւող միութիւնները, այլեւ անհատապէս կարող են մասնակցել այս խաղերին: Մրցութիւնները, արդէն երկար տարիներ է ինչ, շատ կարեւոր իրադարձութեան են վերածւել իրանահայ ֆուտբոլասէրերի մէջ. դա կարելի է փաստել այն բանով, որ ամէն տարի մրցութիւնների աւարտից քիչ անց, շատ աշխոյժ կերպով վերսկսւում են միւս տարւայ խաղերի համար նախապատրաստական փորձերը: Իսկ այդ շրջանի լաւ մարզիկներին ուրիշ հաւաքականներ առաջարկում են խաղալ իրենց խմբում, որպէսզի կարողանան յաջող եւ փայլուն խաղեր ներկայացնել յաջորդ տարւայ մրցութիւններում: Մրցութիւնների գնահատելի կէտերից մէկն այն է, որ չնայած համայնքի բնակչու-թեան արտագաղթին, մասնակցողների թիւը գրէթէ չի նւազում, իսկ ամէն տարի աւելանում է աւելի կրտսեր մարզիկների թիւը:
"Գաւաթ"-ի մրցութիւնները ամէն տարի կայանում են Նոր Տարւայ արձակուրդներից քիչ անց եւ վերջանում մինչեւ իրանական Նօ-Ռուզի արձակուրդները: Սակայն այս տարի մրցութիւնները սկսւեց ինչ որ ուշացումով եւ դա պատճառ հանդիսացաւ, որ խաղերը տեւեն մինչեւ վերջին օրերս, սակայն նոյնիսկ դա էլ չխանգարեց, որ խաղերը չշարունակւեն եւ չդիտւեն բարձր տրամադրութեամբ: Այս տարւայ մրցութիւնների եզրափակիչ խաղը կայացաւ ուրբաթ Յունիսի 17-ին, Արարատ մարզաւանում` ՐԱՖՖԻ մարզամշակութային համալիրի եւ Հ.Հ.Ը.Մ-ի միջեւ: Խաղը ընթացաւ շատ բարձր մակարդակով, իսկ վերջում Հ.Հ.Ը.Մ-ն էր, որ կարողացաւ յաղթել եւ դառնալ այս տարւայ մրցութիւնների ախոյեան: Այս տարւայ խաղերում 3-րդ տեղը գրաւեց "Արմէն" հաւաքականը, իսկ չորրորդ տեղը` "Ալեքս"-ը: Ամենահետաքրքիրն այն էր, որ Հ.Հ.Ը.Մ-ն եւ "Արմէն"-ը նախընտրական փուլում գտնւում էին նոյն ենթախմբում:
Այսպիսով, կարելի է կրկնել, թէ այս խաղերը մեր համայնքում վերածւել են շատ հետաքրքիր մարզական իրադարձութեան, որը շատ գնահատելի է, քանի որ այսպիսով պատճառ են դառնում բարձր պահել եւ, ինչու ոչ, կատարելագործել իրանահայ համայնքի ֆուտբոլի մակարդակը:

 

Յոյս թիւ 101

29 Յունիս 2011