ՈՅՍ"-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՐԻՒՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ


Շանթ Բաղրամեան

 


"Յոյս" հասարակական-մշակութային երկշաբաթաթերթի 100-րդ համարն էք ընթերցում: Սա ինքնըստինքեան կարեւոր երեւոյթ է: Այսօրւայ իրանահայ համայնքում, այս իրադարձութիւնը յաջողութիւն է: Անկասկած հարկ ու պատշաճ է՝ շնորհակալութեան խօսք ուղղել "Յոյս" երկշաբաթաթերթի լուսամիտ խմբագրին ու ամբողջ անձնակազմին: Վարձքներդ ի կատար:
"Յոյս" երկշաբաթաթերթը արդէն իսկ լոյս է տեսնում առաւել քան 4 տարի եւ ըստ հէնց իր պաշտօնական կայքի բացատրութեան այն՝ "...ընդհանուր, հանրամատչելի, ոչ-գաղափա-րախօսական, ոչ-կու-սակցական անկախ երկշաբաթաթերթ է, որն աշխատում է իր էջերում արտացոլել իրանահայ համայնքի կարեւոր իրադարձութիւնները եւ հասարակութեանը վարժեցնել քննադատութեան եւ հանդուրժողականութեան":
Կարելի է այսօր քննել ու հարցնել թէ ինչքանո՞վ է "Յոյս" երկշաբաթաթերթին յաջողւել իր իսկ ճշտած առաքելութիւնը իրականացնել: Ինչքանո՞վ է այն հանրամատչելի եղել, անկողմնակալ, կամ որքանո՞վ է յաջողել "Յոյս"-ին, արտացոլել իրանահայ կեանքը իր հարցերով ու դժւարութիւններով եւ այսպէս...
Այս երկտողը վերի հարցերը պատասխանելու մտադրութիւն չունի: Այդ հարցերի պատասխանը գտնելու համար կարելի է պատրաստել վիճակագրական հարցարաններ, կարելի է դիմել մասնագիտական քնարկումների ու լսել հասարակութեան տարբեր խաւերի տեսակէտներն ու դիտանկիւնները:
Այնուամենայնիւ վերոյիշեալ հարցերը պատասխանելու փոխարէն, ստորեւ կանդրադառնամ այն դրւագներին, որը ընդհանրապէս մամուլին դասում է մի աշխոյժ ու ակտիւ հասարակութեան մասնիկը, ի մասնաւորի իրանահայ համայնքի իւրայատկութիւնները նկատի ունենալով: Հետեւաբար "Յոյս"-ի կամ ցանկացած առողջ մամուլի ներկայութիւնն ու հրատարակումը պիտի ն-կատւի անհրաժեշտութիւն:
1)Մամուլի բազմատեսակ պարտականութիւներից մէկն այն է, որ իրեն պատկանող համայնքի ու հասարակութեան տեղեկութիւնները արտացոլի ճշգրիտ, գրաւոր կերպով: Գրա-ւոր մշակոյթը, սեւը սպիտակի վրայ գրւած տեղեկութիւնները հիմնական դեր ու ազդեցութիւն ունեն տեղեկութիւնների ճիշտ ու անկողմնակալ շրջանառութեան մէջ: Այսօր մեր համայնքում աւելի շատ խօսում ենք քան թէ գրում: Այսօր աւելի շատ լսում ենք քան թէ կարդում: Դա ինքնըստինքեան տեղեկութիւնների սխալ ու անմակարդակ փոխանցման պատճառ է դառնում: Անկախ ամէն ինչից, այսօր գրելու ու կարդալու մշակոյթը պակասում է մեզ մօտ ու պարզապէս ցանկացած նոր գրաւոր տեղեկագիր՝ մամուլ, կայքէջ եւ այլն ... պիտի օգնի մեզ՝ գրաւոր մշակոյթի զարգացման գործընթացում:
2)Մամուլը, ժողովրդավարութեան հասնելու միջոցներից մէկն է: Բազմաձայն հասարակութիւնը, որ իր տեսակէտներն ու հարցերը կարողանում է բազմապիսի խողովակներից ու դիտանկիւններից արտայայտել, աւելի ժողովրդավար է: Կասկածելի չէ, որ բոլորը քաջ գիտակցում ու ցանկանում են այդպիսի մի հասարակութիւն: Այնուամենայնիւ ժողովրդավար հասարակութիւն ունենալու ցանկութիւնը բաւական չէ, այլ նաեւ պիտի յարգել ժողովրդավար հասարակութիւն ստեղծելու եւ պահպանելու նախապայմաններն ու ճանաչւած ձեւերը: Իսկ ազատ, թափանցիկ ու անկողմնակալ մամուլը այդ նախապայմաններից մէկն է:
3) Մեր համայնքի համար, կարեւորութիւն պիտի ունենայ, այն հանգամանքը, որ մենք որպէս հայերէնով մտածող ժողովուրդ, կարող լինենք աշխարհը դիտել ու ընկալել հայերէն լեզւով: Ժամանակակից մատուցման ձեւերով օժտւած մամուլը, անհերքելի դեր է կարող ունենալ այս գործօնում: Հայը պիտի ունակ լինի՝ կարդալ, հասկանալ ու վերլուծել աշխարհը հայերէնով ու այս աշխարհը միայն չի սահմանափակւում մեր նեղ շրջանակներով: Համայնքը իմանալով իր աշխարհագրական իրավիճակն ու հարցերը նաեւ պիտի ըմբռնի թէ աշխարհը ո՞ւր է գնում:
4)Համայնքում տպագրւող մամուլը լոկ պասիւ դիրքերում չպիտի գտնւի: Նրա միակ դերն այն չէ, որ արտացոլի համայնքի ու հասարակութեան հարցն ու խնդիրը: Այլ այն նաեւ կարող է ակտիւ դեր ունենալ համայնքում՝ այն կարող է նոր մտքեր ձե-ւաւորի, նոր հարցեր արծարծի ու լուծումներ գտնի: Մամուլը նաեւ կարող է պատրաստի այն միջավայրը, ուր համայնքի արեւստագէտը, մտաւորականը, բանաստեղծը եւ ... արտացոլի իր մտքերն ու ստեղծագործութիւնը: Մի խօսքով բազմապիսի, բազմաոճ մամուլն ու հրատարակչութիւնը նաեւ կարող է աջակից դառնալ համայնքի մտային վերելքում:
5)Մամուլը կարող է ազնիւ ու հահոյանքներից ձերբազատւած, քննադատութեան մթնոլորտ ստեղծի համայնքում: Այն հասարակութիւնը, որ իրեն քննադատելու ու շտկելու ձեւեր չի գտնում, անկասկած գտնւում է փակուղում: Հասարակութիւններում միշտ էլ եղել է հասարակական մի խաւ, որ խուսափել է այս անհրաժեշտութիւնից ու քննադատութիւններն ու սխալների մատնանշումը համարել է սրբապղծութիւն: Դա միշտ պատահում է: Կարեւորն այն է, որ հասարակութիւնը հասնի այն հասունութեան, որը ընկալի թէ քննադատութիւնը հարկաւոր է առաջադէմ հասարակութիւն ունենալու համար: Իսկ մամուլը մեծ դեր է կարող ունենալ այս մթնոլորտը ստեղծելու համար:
6)Առաջադէմ հասարակութեան յատկանշերից այն է, որ իր պատասխանատու անձինք ու նաեւ համակարգները իրենց պատասխանատու են համարում համայնքի առջեւ: Ոչ արթուն համայնքը, անգիտակցաբար մղում է պատասխանատուներին դէպի այն դիրքերը, որում նրանք իրենց ոչ թէ պատասխանատու ու պարտական են համարում ժողովրդին, այլ իրենց իշխանութիւնը համարում են աստւածատուր: Մամուլը մեծ դեր ունի հասարակութեանը արթնացնելու եւ ծանօթացնելու իր տարրական իրաւունքներին:
7)Մամուլը ժամանակի ընթացքում նաեւ դառնում է պատմագրութեան աղբիւր: Տարիների ընթացքում արտացոլւում են մի հասարակութեան պատմութիւնը ցանկացած մամուլի էջերում: Պարզապէս ի-րանահայ համայնքի համար, նաեւ մեծ արժէք պիտի հանդիսանայ օրաթերթերը եւ պարբերաթերթերը՝ նրանք պահպանելու են Իրանում ապրող հայերի պատմութիւնը:

...Եւ այսքանը: Կարելի է մէկ անգամ եւս յիշել "Յոյս"-ի ընտանիքը ջանքերը 100 համար "Յոյս" տպելու համար:
Իսկ վերջում՝ յաճախ պատահում է, որ ընկերական հաւաքներում, յիշելով օրւայ դժւարութիւններն ու չարիքները՝ մէկը հոգոց է հանում ու ասում՝
-Յոյս չկայ:
Ու այս չորս տարւայ ընթացքում յուսահատը խրախուսւում է այսպէս՝
-Յոյս կայ, առնւազն երկու շաբաթ մէկ:

 

Յոյս թիւ 100

15 Յունիս 2011