Եղիշէ Չարենց 1897-1937

Ռոմանտիզմից ռէալիզմ, նաեւ դէպի ազգային գաղափարաբանութեան հասունացում տանող պոէմների ու շարքերի վերընթաց ուղին

Հեզ ծաղիկներից մինչեւ էպիքական լուսաբաց

20-րդ դարի հայ գրականութեան ամենապայծառ դէմքը Եղիշէ Չարենցն է։ Քիչ է պատահում, որ գրական անդաստանի որոշակի շրջանի համար հնարաւոր լինի որեւէ մէկին նախընտրել, բայց Չարենցն ու 20-րդ դարի հայ գրականութիւնը այնպիսի փոխադարձ ու անքակտելի կապերով են միմեանց հետ կապւած, եւ այնքան մեծ է կարսեցի բանաստեղծի դերը 20-րդ դարի հայ գրականութեան ձեւաւորման ու հետագայ ծաւալման մէջ, որ նրան խոշորագոյնը համարելու համար կասկածի ու երկմտանքի տեղ չի մնում։
Եղիշէ Աբգարի Սողոմոնեանը ծնւել է 1897 թ.-ի Մարտին Կարսում։ Անցել է զարմանալիօրէն բարդ ու դժւարին ուղի մինչեւ 1937 թ. Նոյեմբերը, երբ նրա կեանքն աւարտի է հասել Երեւանի բանտում։
Թշնամիները Չարենցին մոռացութեան մատնելու նպատակով ու հայ ժողովրդի մտքից ընդմիշտ հանելու ցանկութեամբ նրա դիակը Երեւանի խանդակը նետեցին, երբեք չգիտակցելով, որ ժողովրդի սրտում տուն գտած մարդուն չի կարելի անհետ կորցնել եւ բռնութեան զոհ դարձած երգիչը, յաւերժանալու համար, հողաթմբի կարիք չի ունենալու։ Այդ բանը արդէն մէկ անգամ ապացուցւել էր մէկ դար դրանից առաջ՝ Խաչատուր Աբովեանի օրինակով։ Իսկ Չարենցի ոսոխները, երեւի պատմութիւն էլ չգիտէին։
Արեւելեան փոշոտ ու դեղին քաղաքում հասակ նետեց Եղիշէն, մտքում միշտ պահելով անկեանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, հինգ յարկանի վարչական շէնք եւ այլ մանրամասներ Կարսից (չակերտւածներն իր բառերն են)։
Սովորեց հայկական ծխական դպրոցում։ 1908 թւականին փոխադրւեց ռէալական դպրոց։ Սերտեց հայոց լեզու եւ հայոց պատմութիւն։ Գիրքը նրանից միշտ անբաժան էր, անյագուրդ ծարաւով ընթերցում էր եւ շուտով դարձաւ քաղաքի ակնառու պատանիներից մէկը։ Դեռ դպրոցից նրան ճանաչեցին, որպէս հայ հին ու նոր գրականութեան լաւագոյն գիտակ, յափշտակւած գրասէր, որ հաւասարապէս սիրում ու ընթերցում էր այն ամէնն ինչ պատահէր՝ հայ, ռուս եւ եւրոպական գրականութիւնից։ Նա կարդացել է անկանոն, բայց բուռն ու հետեւողական։
1912 թւականին, Թիֆլիսում լոյս տեսնող Պատանի ալմանախում տպագրւում է պատանի Եղիշէ Սողոմոնեանի բանաստեղծութիւնը.


Ծաղիկները հեզ թեքւում են քամու օրօրի տակին-
Եւ լսում նրա հեռւիցը եկող երգը տխրագին
Քամին ծաղկունաց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում,
Եւ լուռ մրմնջում, թէ հեռուներում ինչպէս են սիրում

Տէրեանական տենդով բռնկւած՝ այս տողերի ստեղծող պատանին, շուտով լոյս է ընծայում բազմաթիւ բանաստեղծութիւններ եւ յատկապէս մի պոէմ, որը պիտի նրա հայրենաբաղձ հաւատամքի առաջին հիմնաքարերից մէկն ու նրա աշխարհայեացքի ձեւաորման առաջին փուլը համարւի։

Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչեայ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու աւերակ
Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։
..........................

Կապուտաչեայ սիրուհիս,
ամուսնանանք պիտի մենք
Արեւի տակ՝ հայրենի
հովիտներում կանաչուն։
Ու հնամեայ աշխարհում մենք
բախտաւոր կը լինենք,
Կապուտաչեա՛յ սիրուհի՛ս,
դրախտայի՜ն իմ թռչուն։

Այսպէս էր մտածում եւ այսպէս էր հաւատում կարսեցի պատանի պոէտը 1915 թւականին։ Նա, որ ժամանակից շուտ՝ իր ժողովրդին բաժին հասած ծանր օրերին, թափառական էր դարձել։ Բայց կապուտաչեայ սիրուհու հետ յաւիտեան ցնծալու նրա փայփայած պատրանքը շուտով յօդս է ցնդում։ Չարենցը հայկական 6 եւ 7-րդ կամաւորական բանակների շարքերում մեկնում է Վանի մօտակայքը։ Տեսածը՝ զարհուրելի տեսարանների ամբողջութիւն էր։ Տեսածը ահ էր ու մահ, վայրենի կոտորածի ու սպանդի սահմռկեցուցիչ հետքեր։ 1915-16 թւականներին գրած նրա Դանթէական առասպել պոէմը, հասուն ու խօսուն վկայութիւնն է նրա ցանկութիւնների պատիր երազի անհետացումի։

Եւ ահա -կրկին մի քանի դիակ։
Եւ այստեղ ահա -վարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ-
Փտած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղից -մենակ,
Քարացա՜ծ սրտով, լուռ առանց լացի

Իսկ այստեղ ահա -Մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկայ։ Ընկած է անձայն։
Քիչ հեռու գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ էլ այնկողմ -ատամներ ցիրցան։

Հայրենիքի ազատագրման փափագով պատերազմ մեկնած պատանին կարողանում է իրենց՝ պատերազմ մեկնածների մտքերի եւ իրական կեանքի միջեւ եղած սարսափելի տարածութիւնը դիտել։ Նա տեսնում է մահւան հետքում մնացած ամայի գիւղեր, քաղաքներ, յոյզերով լի մարդկանց այլանդակւած դիակներ եւ

Եւ ես հարց տւի յանկարծ ինքս ինձ
Թէ ուր ենք գնում այսպէս եռանդով։

Վերադարձից յետոյ 1916-ի վերջերին, պատանին նոր եզերքների փնտրտուքով հասնում է Մոսկւա, առնչւում ժողովրդի ալեկոծ վիճակի ընդերքում հասունացող իրադարձութիւնների ծալքերի հետ։
1918-ին մասնակցում է Ռուսաստանում ընթացող ներքին պատերազմին։ Տեսնում է թէ ժողովուրդը ինչպիսի հերոսութեամբ է պայքարում իր ճակատագիրը տնօրինելու համար։ Այդ ամբողջը տեսնելով նա նոր լիցքեր էր կուտակում իր ժողովրդի՝ եղեռնազարկ ու տառապեալ ժողովրդի ազատագրման ուղղութեամբ։ Ցարիցինի ռազմաճակատում գրում է Սոմա պոէմը, իր յեղափոխական առաջին ստեղծագործութիւնը։ Սոման հին հնդիկների համար սրբազան կրակի եւ ազատութեան դիցուհին է։ Սոմայի հրամանով է արեւը բացւում։ Սոման կարող է հարբեցնող գինի դառնալ եւ կիզիչ կրակ։

Ու չէր վառւում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար,
Հիմա վառւեց Խենթ ենք մենք էլ
ու Խելագար։-

Պար ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում-
Այն ամէնը, ինչ որ կար
Հազարամեայ աշխարհում։

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըւում է կեանքը քար-
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։

Եւ այսպիսով Սոմա-ն ծնում է Ամբոխները խելագարւած պոէմը։ Սոմա-ի ոգին իջնում է պայքարը ելած՝ քաղաքացիների ու գիւղացիների ու ստեփներից եկածների վրայ, նրանք իւրովի Սոմա-ներ են դառնում ու պայթում է ըմբոստացումը՝ յանուն ազատութեան, յանուն ազատագրւելուն։ Եւ ըմբոստացած մարտնչողների պայքարի գովքը դառնում է Չարենցի քնարի ամենակրակոտ երգերից մէկը՝ ասքը ազատութեան տենչանքով ռազմադաշտ ելած ամբոխների։

Նրանց ձգւած մկաններում ուժն է նստել խոնաւ հողի,-
Եթէ ուզեն՝ արեւներին նոր տեմպ կը տան ու նոր ուղի
Եթէ ուզեն՝ արեգակնե՛ր կը շպրտեն երկինքն ի վեր.
Եթէ ուզեն՝ վար կը բերեն երկինքներից արեգակներ
Եթէ ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառւած-
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարւած

1919-20 թթ. Չարենցը Հայաստանում է, թուրքը հայոց սահմաններում։ Մահւան տեսիլը այդ օրերի երգն է՝
Թող ո՛չ մի զոհ չպահանջւի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մօտ չգան,
Եւ թող տեսնեն ի՜մ աչքերի մէջ կախւածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

1920 թւականին Չարենցը հրապարակում է իր հռչակաւոր ռադիօպոէմները. ա-Նաիրի երկրից, բ-Դէպի ապագան, գ-Բրոնզէ թեւերը կարմիր գալիքի խորագրերով։
Այս պոէմները յեղափոխութեան ջատագովի հրաւէրի կանչեր են։ Նա բոլոր մարդկանց հրաւիրում է միաւորել ուժերը ընդդէմ հին աշխարհի։ Սրանք Չարենցի քաղաքական հաւատամքի լիարժէք արտայայտութիւններն են։
Սրանց յաջորդում են խաղաղութեան ռադիօ եւ երգ ժողովրդի մասին ոչ շատ ակնառու պոէմները եւ Ամենապոէմ զօրեղ ստեղծագործութիւնը։
1921 թւականը նշանաւորւում է Տաղարան շարքի հրապարակումով։ Չարենցի երգը թովիչ է ու գերող, յատկապէս ամենաբարձր գագաթը՝ Ես իմ անուշ Հայաստանին դառնում է բոլոր ժամանակների ամենահայաստանակարօտ տաղը, մշտապէս յուզելով բոլորի, բոլորի սրտերը՝ ե՛ւ հեռւից ե՛ւ մօտից Հայաստանը կարօտողների սրտերը։
1922-ի Յունիսի 1-ին ստորագրում է Չարենց նամէ պոէմը։
1922 թւականի Յունիսի 14-ին խորհրդային Հայաստան օրաթերթում լոյս է տեսնում մի նիւթ Երեքի դեկլարացիա վերնագրով։ Գեւորգ Աբովը, Ազատ Վշտունին եւ Եղիշէ Չարենցը՝ բացայայտօրէն շեփորելով իրենց ֆուտուրիստական հայեացքները, բարձրաձայն աղաղակում են այն գաղափարները, որ կրում էին դեռ յեղափոխութեան սկզբից։ Նրանք հիմնովին ժխտելով մինչեւ իրենց օրերի ստեղծւած ամբողջ գրականութիւնը, այն համարում են խոտան եւ ոչ պիտանի։ Անողոքաբար քննադատւում ու ժխտումի էր արժանանում հայոց մեծերի ամբողջ ստեղծագործութիւնը։ Եղիշէից մինչեւ Նարեկացի ու Թումանեան ու Տերեան համարւում էին ժամանակավրէպ, սխալ ու անպետք։
Ձախ մոլորութեան տարիները երկար չտեւեցին, յատկապէս Չարենցի համար։ Ճիշտ է նրա Ռոմանս անսէր պոէմն ու Պոէզո զուռնա, Կոմալմանախ ժողովածուները լոյս աշխարհ եկան հէնց այս միտումներից ելնելով, բայց նա սթափւելուց յետոյ երգում էր՝

Կայ Մեծարենց կայ Տէրեան
Եւ շատ ուրիշ պոէտներ կան
Բայց Թումանեանն է անհաս
Արարատը մեր նոր քերթութեան։

Ձախութեան մանկութեան շրջանը, իր բոլոր բացասական կողմերով հանդերձ, մի դրական յատկութիւն ունեցաւ։ Այդ շրջանում մէկ անգամ եւս ուսումնասիրութեան եւ ուշադրութեան արժանացաւ հայ գրականութիւնը, մանրամասնօրէն քննարկման ենթարկւեցին բոլոր գրաւոր յուշարձանները՝ բոլոր ստեղծագործողները եւ ի վերջոյ այդ գրականութիւնը իր ողջ հմայքով կանգնեց՝ որպէս պայծառ ու խնդուն արեւ, բոլորի կողմից ողջունւած եւ ընդունւած։
1924 թւականի նոր տարին բացւում էր երբ Ալեքսանդր Միասնիկեանի հովանաւորութեամբ ու յանձնարարականով Ե.Չարենցը արտասահման է մեկնում։ Լինում է բազմաթիւ երկրներում։ Հանդիպում է Աւետիք Իսահակեանին։ Լինում է Եւրոպայի արւեստի կենտրոններում եւ մօտիկից ծանօթանում բարձրարւեստ ու մնայուն ստեղծագործութիւնների հետ։
Այդ ճանապարհորդութեան թողած բարերար ազդեցութիւնը գեղագէտ Չարենցի հասունացման ընթացքի վրայ անուրանալի է եւ անհերքելի։
Վերադառնալով բազմաթիւ պոէմներ է բերում, որպէս ընծայ նւիրելով հայ գրականութեանը։
Այս շրջանում Չարենցը շատ պոէմներ ու բալլադներ է գրել, որոնցից աւելի հռչակւած են՝ Էլեգիա՝ գրւած Վենետիկում, Կոմունարների պատը Փարիզում, Բալլադ քսանվեցի մասին, Իմ ընկեր Լիպօն, Խմբապետ Շաւարշը նաեւ Լենինի մասին նրա գրած բալլադները։
Շուտով լոյս է տեսնում Էպիքական լուսաբաց գիրքը։ Սա չափաւոր Չարենցի ծննդեան վկայականն է դառնում եւ մեծ նախապատրաստումը այն ուղու, որի վերջում պէտք է կանգնի Գիրք ճանապարհին, որպէս կտակ, որպէս յաւերժական յուշարձան՝ Չարենցի այն սիրոյ ու հաւատարմութեան, որ տածում է Հայաստան աշխարհի, նրա անցեալի, ներկայի եւ յատկապէս մեծ ապագայի նկատմամբ։
Գիրք իմացութեան
Ռուբայիներ
Թ

Ամէն պոէտ՝ գալիս՝ իր հետ՝ մի անտես նետ է
բերում,
Եւ նետն առած, խոհակալած-որս է անում
երգերում.
Բայց դառնում է պոէտ նա մեծ ոչ թէ նետի՝
մեծութեամբ,
Այլ նշանի՛ ահագնութեամբ, որ հանճարներ է սերում։-

Ժ

Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած՝ լինի այդքա՛ն ինքնաբաւ ու այդքան
նո՛ր.-
Ա՜խ, բոյր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն
խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ-ցոլք ու ցնորք
հեռաւոր։-
1934.

Թումանեանի մասին

Ես կարդում եմնրան ու ասում.-Այս հմո՛ւտ,
հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գեօթէի հետ մի օր՝ հաւասար՝ նստել է
քէֆի,
Եւ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տւել ու
առել,
Ինչպէս իր պապերն են առել՝ իրար հետ
խնջոյքի նստելիս։-
1933.

***
Նա մեծ էր աւելի, քան եղաւ։-Երկընքի նման
ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կեանքը
անեզր։-
Եւ ոգու ափերին նստած՝ նա նայում էր
հայեացքով պայծառ-
Եւ որսում էր երգեր ու խոհեր, եւ տեսնում էր
չքնա՜ղ երազներ
1933.

***
Նա մեծ էր հողո՛վ, արիւնո՛վ։-Արմատնե՜ր ունէր
նա հողում։
Իր երգերը-գեղջուկ նայիրցու քրտինքո՛վ էր նա
ողողում։
Հանճարեղ երգերում նրա-իր երկրի արե՛ւն էր
շողում։-
Նա մեծ էր հողո՛վ, արիւնո՛վ։-Արմատնե՜ր ունէր
նա հողում։
1933.

Կարմիր նժոյգները

Կարմիր նժոյգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժոյգները՝ բաշերը փրփուր։
Վառւում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր։

Վառւե՜լ է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժոյգները վառե՜լ են երկիրը,-
Թռչում են-հողմի՛ պէս-անընդհատ շարքով,
Ամէն տեղ - երաշտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է։

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՜ռ,
Կայծերը նետի՛ պէս ճեղքում են գալիքը.
Հողմի մէջ փլչում են շէնքերը մարմար.
Ամէն տեղ հրդեհ է, ու հուրը - բարիք է։

Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժոյգները, բաշերը - փրփուր,
Վառւում, հրդեհւում են հետքերը նրանց-
Կարմիր նժոյգները հրդեհ են ու հուր
1919

***
Ամէն տեսակ երգ երգեցի - ամէնից լաւ տաղն է
էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն
է էլի։

Ինչքան էլ լէն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր
ըլնի շարած՝
Անմահական մրգերի տեղ - շահնշահի բաղն է
էլի։

Բախչի միջի ծաղիկները, ինչքան էլ լաւ ջրով
անես՝
Ծաղիկների ջուրը ուզած - առաւօտւայ շաղն է
էլի։

Գնա կուզես Ֆրանգստան, ամենամեծ քուչէքը
տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ - սիրեկանի թաղն է
էլի։

Վա՜յ քեզ, Չարենց, լա՛ւ իմացի, ականջ արա
սիրեկանին՝
Ամէն բանից լաւ ու անուշ սիրեկանի դաղն է
էլի։

Մահւան տեսիլ

Ակադեմիկոս Թամանեանի անմահ յիշակտակին

Որքա՜ն նման է եղել պահն այդ՝ մարող
կանթեղի
.....
Նրա կոպերը երէկ երբ քարացել են խաղաղ-
Կապոյտ բոցով բռնկւած վերջին ջերմում
ուղեղի,
Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք
Ինչպէս մաքուր մարմարի կապոյտ կողին
նկարած
Արեւային ժամացոյց՝ քարտէզն ահա քաղաքի,-
Պողոտանե՜ր, փողոցներ՝ բոլորաձիգ
երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտեայ մի
բագին։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում սիրտ պայթելու չափ
պայծառ -
Սիւնաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր
մարմարէ,
Եւ պարտէզնե՜ր ոսկեզօծ, շատրւաննե՜ր
երգաձայն
Աշտարակնե՜ր երկնահաս եւ կամարնե՜ր
կորանիստ,
Քանդակազօծ կարնիզնե՜ր, պատուհաններ
նուրբ հատած.
Եւ մարմարիոն մարմնագոյն, եւ գանգրահեր
գրանիտ
Եւ վարդաբոյր տուֆաքար, եւ բիլ բազալտ
սրբատաշ

Պարզել է ձեռքը դողդոջ դէպի ցնորքն այդ
կապոյտ,
Այնքան մօ՜տ է, այնքան մօտ - կը շօշափի նա
հիմա-
Բայց ծանրացել է յանկարծ ձեռքն հանճարեղ
ու հմուտ,
Ընկել է վար չոր կրծքին լռութի՛ւն։ Մահ։
1936

Սո՛մա
(հատւած)

VII
Հէ՜յ, հեռաւոր ընկերներ ու եղբայրներ,-
Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,-
Զւարթ ու սէգ,
Եկէ՛ք, մտէ՛ք շուրջպարը մեր-
Եկէ՜ք, եկէ՜ք։

Օ, կո՜յր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թէժ.
Եկէ՛ք, եկէ՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզւող ու հրակէզ։
Ով որ երազ - պէտք է իր հետ
Ողջակիզւող մի սիրտ բերի -
Եկէ՛ք, հսկայ պարը մտէք
Աշխարհային հրդեհների։

Ու ծաւալւի՛ թող
Աշխարհովը մէկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշէկ։

Կեանքը հնամեայ,
Որ մխում է զուր -
Թող մոխի՛ր դառնայ
Ու անցնի իզուր։

Հո՛ւրը թող մնայ,
Հրդեհը հոգու,
Ու հրաշք դառնայ
Սո՛մա, խօսքը քո։

VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կեանքը հին ու սնամէջ
Ողջակիզեն կրակին։

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրւում է կեանքը քար -
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։

Ու արիւնը մեր, խառնւած հրին,
Վառւում է հրում՝ զո՛հ է սրբազան -
Ու ժպտում է քո դէմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան
Ամբոխները խելագարւած
(հատւած)

Գիշերի դէմ խաւարամած, աչքերն յառած
կարմիր կէտին՝
Ամբոխները խելագարւած սպասում են
առաւօտին։
Ու վառւում է խաւարակուռ հոգիներում նրանց
անգայթ
Կէտը այդ մուգ, որպէս հեռու, հրաբոսոր մի
ճառագայթ,
Սուր մխւել է նրանց սրտում, որպէս մի թէժ,
կարմիր բեւեռ -
Թոյն է լցնում ու բորբոքում ու երազներ
աշխարհաւեր
Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին,
հազարամեայ -
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ
սրտում հիմա։
Լուրթ աչքերում փայլում է վառ արիւնամած մի
ցանկութիւն -
Ու աչքերը միլիոնաւոր թո՛յն են թքում, արիւն ու
թոյն։
Բարձրանում է նրանց սրտից տարիների
մաղձը աղի -
Ու վառւում է լուրթ աչքերում՝ արիւնալից ու
կատաղի։
Ու աչքերը արիւնամած անթարթ յառած
կարմիր կէտին՝
Ամբոխները խելագարւած սպասում են
առաւօտին։

Յոյս թիւ 15
28 Նոյեմբեր 2007