Հարցազրոյց Վահէ Արմէնի հետ
Յովհաննէս Գրիգորեանը Վահէ Արմէնի թարգմանութեամբ

Շաքէ Ա. Պետրոսեան

Այսօր, աւելի քան երբեւէ, իրանական մամուլում հանդիպում ենք հայ գրականութեան մասին յօդւածների եւ հայ բանաստեղծութեան թարգմանական նմուշների։ Վերջին տասնամեակում աշխուժացել են մեր թարգմանիչները, որոնք ներկայացնում են հայ գրականութիւնն ու պատմութիւնը պարսկալեզու ընթերցողներին։ Ողջունելի մի շարժում, որը պէտք ունի ոչ միայն խրախուսանքի, այլեւ հովանաւորութեան, ծրագրաւորման եւ ներդրումների։
Նաշրէ Ամրուդ-ը հրատարակել է 105 էջանոց մի գիրք Բոլորովին ուրիշ աշուն վերտառութեամբ, որը պարունակում է հայրենի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանի քերթւածների ընտրանին (1975-2005)՝ Վահէ Արմէնի թարգմանութեամբ։
Գիրքը ներկայացւել էր Թեհրանի Գրքի 22-րդ միջազգային ցուցահանդէսին եւ բաւականին լաւ ընդառաջում գտել, ինչպէս հաւաստում էին Ամրուդ-ի հրատարակիչները։ Վահէն մի քանի տարի առաջ նաեւ լոյս էր ընծայել ժամանակակից հայ բանաստեղծների ընտրանին, որի հրատարակիչն էր Նաշրէ Մեշքի-ն։
Բանաստեղծ եւ թարգմանիչ Վահէ Արմէնի հետ զրուցեցինք նրա խաղաղ բնակարանում. մեր զրոյցը ընկերական էր ու հեռու պաշտօնական հարցազրոյցային կաղապարներից ։
Վահէ Արմէնը 11 տարի անընդհատ խմբագրել է Ալիք օրաթերթի գրական յաւելւածը, տպագրել իր բանաստեղծութիւնների հատորները՝ Դէպի սկիզբ, Ճիչ, Բալհայաշ ռա քենարէ շէրամ ջա գոզաշթ ու ռաֆթ. պարսկերէնով առաջին հատորը, եւ կատարել է Փունէ Նեդայիի Վիրաւոր Պատը, եւ Ռասուլ Իւնանի բանաստեղծութիւնները՝ Գետը, որ հոսում էր նկարչութեան կտաւներում հայերէն թարգմանութիւնները։ Վահէն չափազանց բծախնդիր է, յատկապէս թարգմանութեան դէպքում. դրա վկայութիւնն է Յ. Գրիգորեանի քերթւածների թարգմանական պարսկերէն լեզուն՝ գեղեցիկ, գրագէտ ու նուրբ, ինչպէս բնագիրը։
Վահէն մշտական ներկայութիւն է պարսկալեզու գրական ամսագրերում կամ օրաթերթերի գրական էջերում (Համշահրի, Քարգոզարան, Թեհրանէ Էմրուզ, Դոնեայէ Սոխան, Մէ՛եար, Շոքարան երկամսեայ հանդէս, Ֆարհանգէ Աշթի օրաթերթ եւ այլն)։
Գրիգորեանը ըստ ամենայնի ժամանակակից հայի, ժամանակակից հայաստանցու, հին գիւմրեցու եւ ամենաաշխարհաքաղաքացի հայ բանաստեղծն է։ Գունագեղ, խոր ու տառապանքով լի կեանքի մասին է գրում Յովհաննէս Գրիգորեանը եւ արժէ նրան կարդալ թէ՛ բնագրով եւ թէ՛ Վահէ Արմէնի թարգմանութեամբ։ Հիմա, երբ մեր պատանիներն ու երիտասարդները ցաւալիօրէն դժւարանում են հայերէնով ընթերցել, յուսով լինենք, որ ձեռք կառնեն ոչ միայն Յ. Գրիգորեանի Բոլորովին ուրիշ աշուն պարսկերէն գրքոյկը, այլ նաեւ մեր միւս թարգմանիչների պարսկալեզու հրատարակութիւնները։ Ուսանելի կը լինի համեմատել հայ եւ պարսիկ լեզուների արտայայտչաձեւերը, ոճական առանձնայատկութիւնները եւ այլ խնդիրներ։

- Ի՞նչն է քեզ գրաւում Յ. Գրիգորեանի պոէզիայում։
- Որեւէ բան՝ մարդ, ծառ, իրեր ու առարկաներ, բոլորի մէջ ոգի է դնում Գրիգորեանն ու դառնում են բանաստեղծական, լցւում են բանաստեղծութեամբ։ Եթէ մարդը բանաստեղծօրէն չի ապրում, չի կարող գրել։ Լեզուն պարզ է, խորքային եւ միեւնոյն ժամանակ պերճ, ճոխ ու գրական, դաս չի տալիս, ընթերցողին ընտրութեան իրաւունք է տալիս։ Խենթ է։ Իսկական։

- Ո՞վ առաջարկեց թարգմանել Յ. Գրիգորեանին։
- Թէպէտ տարբեր բանաստեղծների թարգմանել էի, բայց շատ էի ցանկանում թարգմանել մէկ հոգու, ամբողջութեամբ։ Ազատ ժամ գտնելով սկսեցի թարգմանել Յ. Գրիգորեանին, յետոյ արդէն իրենից մակագրւած գիրք նւէր ստացայ, որով ցանկութիւն էր յայտնել, որ ես թարգմանեմ իրեն։ Մի քանի էջ կարդացի Ռասուլ Իւնանիի եւ Փունէ Նեդայիի համար, ասացին, որ հրաշալի բան ես մտածել եւ առաջարկեցին տպագրել Ամրուդ հրատարակչութեան միջոցով։

- Յաջորդը՞։
- Նոր ժողովածուս արդէն հրատարակչական փուլում է եւ համարեա պատրաստ, շուտով տպարան կը գնայ։ Հրատարակիչն է Ահանգէ դիգար-ը, որը ամենայայտնի գրողներին է հրատարակում եւ շատ յատուկ գրքեր։ Ներկայացրեցի եւ ընդունւեց, սպասում ենք

- Անունը՞
- Փաս ազ օբուրէ դոռնահա։ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԵՐԹԻՑ ՅԵՏՈՅ։

- Մուսադ բարեհա՞ճ է քո նկատմամբ, շուտ-շուտ է այցելո՞ւմ, ե՞րբ։
- Ուշ եմ պառկում քնելու. առաջին բառերը գրւում են այդ պահերին։ Իսկ առաւօտեան 8-ից մինչեւ 1։30-ը գրում եմ, հիմնականում նախորդ գիշերւայ ներշնչումները տեսք են ստանում։ Արւեստագէտները հողեղէն մուսաներից պիտի հեռու մնան, պիտի ազատ լինել. ինձ մեծ վիշտ են պատճառել նրանք, բայց գոնէ 10-12 բանաստեղծութիւններ պարտական եմ նրանց։

- Նախնական ներշնչումներդ անփոփո՞խ են մնում, թէ՞
- Հետեւողական եմ, թէպէտ ներշնչման ընթացքը ամենահաճելին է, բայց աշխատում եմ, մշակում եմ, խմբագրում եմ, մի խօսքով, կարող եմ նաեւ ընթացքում զբաղւել ուրիշ աշխատանքով, բայց վստահ եմ, որ ա՜յն մի՜ տողը կը վերադառնայ

- Առաջին անգամ ե՞րբ ներկայացար որպէս բանաստեղծ։
- Մէկ տարի էր, որ գրում էի, 80-ականներին, կարդացի ընկերոջս ու նրա ստիպումով գնացինք Սաթօ Ա.-ենց բնակարանը, ուր հաւաքւած էին գրական Սեղմ շրջանակ խմբի անդամները՝ Արմանը՝ Յարութիւնեան, Ռազմիկը՝ Ամիրխանեան, Սաթօն, Լէոնիդ Սարւարեանը, այդ անգամ Ռ. Բէնն էլ ներկայ էր՝ Ռուբիկ Յովհաննիսեանը եւ ուրիշներ։

- Այդ անունները ի՞նչ դեր ունեցան քո կեանքում։
- Կեանքում լաւ ուսուցիչներ եմ ունեցել։ Շաբաթը 2-3 անգամ Լէոնիդ Սարւարեանն էր գալիս, եւ Արմանը, որոնցից շատ բան եմ սովորել։ Առաջին դասը սա էր, որ լուրջ վերաբերւեմ գրականութեանը։ Լինել եւ գրել զգացումային, բայց աշխատանքի հանդէպ ՉԼԻՆԵԼ զգացումային, եւ երբեք չմոռանալ կողքիդ ունենալ երրորդ աչք։
Շատ պարտական եմ այս երկուսին։ Հանգուցեալ Ռ. Բէնը, թէեւ քիչ եմ հանդիպել, բայց լաւ ու տեղին խորհուրդներ է տւել ժամանակին։ Ուզում եմ յիշատակել Գալուստ Խանենցին. այն ժամանակ, երբ Ալիք-ի գրական էջն էի խմբագրում, առաջին մարդն էր, որ գալիս էր մեր տուն, շնորհաւորում էր, գրականութեան մասին զրուցում եւ ինձ ամաչեցնում, քանի, որ ես իրաւունք չունէի 404 գրական էջ-ում տպագրել նրա բանաստեղծութիւնները։

- Հեռակայ ու մօտակայ ընկերութիւն ես անում հայրենի գրողների հետ, ովքե՞ր են քո ընկերները։
- Էդւարդ Հախվերդեանի հետ հէնց առաջին հանդիպումից շուտով մտերմացանք։ Երկրորդ անգամ ասաց՝ երկար չեմ խօսում, ակնարկեմ՝ կը հասկանաս ասելիքս։ Առաջին որսը բանաստեղծութեան մասին, միւս բանաստեղծութիւններում ինքդ կը գտնես ու կը շտկես։ Վերջաւորութիւնը այսպիսին էր՝ Յետոյ գնդակի սուլոցը լսւեց /Երկուսս էլ ընկանք/ Թռչունը հողին/ Ես՝ հուրը խղճիս։ Ասաց՝ Թող ընթերցողը հասկանայ՝ թռչունը ո՞ւր ընկաւ, դու՝ ուր

- Իրանահայ գրական շրջանակներից քեզ հեռու ես պահում, պատճառնե՞ր ունես։

- Այո, քիչ եմ յարաբերւում, յարգելի եւ սուրբ պատճառ ունեմ։ Ափսոսում եմ ժամերս։ Ես միայնութեան մէջ հաճոյքով տրւում եմ ընթերցանութեան եւ ստեղծագործութեան, ժամերս չեմ վատնում։

- Շնորհակալութիւն եւ յաջողութիւն։
- Ես էլ շնորհակալ եմ Յոյս-ին հարցազրոյցի համար։

Յոյս թիւ 51
3 Յունիս 2009