ԳԻՔՈՐԻ
ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ազատ Մաթեան

Թումանեանը Գիքոր-ը գրել է, հաւանօրէն, 1895 թ. Հորիզոն գրական հանդէսի երկրորդ գրքի համար, ինչպէս այդ երեւում է նրա մի նամակից` ուղղւած Փ. Վարդազարեանին (նամակը գրւած է 1908 թ.), եւ Արշ. Բարխուդարեանի նամակից` ուղղւած Հորիզոն գրական հանդէսի հրատարակիչ` նոյն Փ. Վարդազարեանին (նամակը, հաւանօրէն, գրւած է 1895 թւականին) Առաջին անգամ տպագրւել է` 1907 թ. Հասկեր-ի թիւ 2 եւ 3-ում Երկրորդ անգամ լոյս է տեսել նոյն թւականին` առանձին, պատկերազարդ հրատարակութեամբ, արտատպւած Հասկեր-ից Երրորդ անգամ տպագրւել է 1909 թ., Ռոտտերի նկարներով:


Գրական գործը նախ եւ առաջ պիտի գնահատել հէնց գրական արժանիքների տեսակէտից, ինչը սակայն շարքային ընթերցողին այնքան էլ չի հետաքրքրում: Նա դրանք ընկալում է բնազդաբար, կամ եթէ կուզէք, ենթագիտակցաբար, մանաւանդ եթէ խօսքը Թումանեանի Գիքորը պատմւածքի նման մի ստեղծագործութեան է վերաբերում: Կարելի է ասել, որ նման գործերը հէնց այդպէս բնազդով ու ենթագիտակցութեամբ էլ գրւում են: Թումանեանական պատումը գալիս է հազարամեակներից: Նա, եւ դա հէնց նրա լաւագոյն գործերի մեծագոյն արժանիքն է, ոչինչ չի ստեղծում, ձեւի եւ բովանդակութեան հակադրութեան ու միասնութեան մասին չի մտածում, նա պատմում է այնպէս, ինչպէս իր պապերն են արել, եւ կարողանում է խուսափել գրականութիւն անելու գայթակղութիւնից: Գիքորը խօսք ու պատմւածք լինելուց առաջ երաժշտութիւն է, հին-հին ժամանակներից` հայկական էպոսից ու հեքիաթներից եկող մեղեդի, որն իր հերթին, Թումանեանական անտենայով հզօրացած արձագանքւում ու ծփում է արեւելահայ արձակի վրայ, Բակունցից մինչեւ Հրանտ Մատթէոսեան:

Լինում է, չի լինում, մի մարդ ու կին (հեքիաթ):
Գիւղացի Համբոյի տունը կռիւ էր ընկել(Թումանեան):
Կաքաւաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում (Ակսէլ Բակունց):
Լենինականի հին թաղերից մէկում, ձորի բողազում, որն ամենայն իրաւամբ դեռ կարող էր կրել Գիւմրի անունը, մեռնում էր աղբիւրների հռչակաւոր վարպետ` ուստա Մկրտիչը (Մկրտիչ Արմէն):
Ոչխարի հօտը մակաղել էր Թաղթուն սարի լանջին (ՍԷրօ Խանզադեան):
Սարի գլխին մի կտոր սպիտակ սառոյց կար (Հրանտ Մատթէոսեան):
Կարծում եմ, որ գրեթէ պատահաբար ընտրւած տարբեր գրողների գործերի վերը բերւած ըսկըզբնաւորումների մէջ լսւում է Գիքոր-ի առաջին տողի արձագանքը:
Եւ այսպէս, թումանեանական արձակի չափ ու կշռոյթով ստեղծւել է մի ամբողջ գրականութիւն, ինչը, ինչքան էլ տարօրինակ թւայ, չենք կարող ասել նրա բանաստեղծութեան մասին, քանզի Թումանեանի բանաստեղծութիւնն էլ հիմնականում պատումային է, մինչդեռ նրան անմիջապէս յաջորդող Յոհ. Յովհաննիսեանը, Աւ. Իսահակեանը եւ Վահան Տէրեանը քնարական բանաստեղծներ էին, այնպէս որ կարելի է ասել, Ամենայն Հայոց Բանաստեղծը որպէս բանաստեղծ յետնորդ չունեցաւ, այլ շարունակւեց որպէս արձակագիր, իսկ դրանում շատ մեծ է Գիքորը պատմւածքի դերը:
Ինչ վերաբերում է այս պատմըւածքի համաժողովրդական ընդունելութեանը, թւում է թէ դրա պատասխանը պիտի ամէն բանից առաջ որոնել հայոց ազգային հաւաքական հոգեբանութեան մէջ: Գիքորը, ինչպէս եւ Թումանեանի բոլոր հերոսները, ոչ թէ եզակի անհատ է, այլ հաւաքական կերպար: Դա դարերով անպաշտպան ու անապահով կեանքով ապրած հայ, հիմնականում գիւղացի զանգւածի ողբերգութեան մարմնաւորումն է: Գիքորը, դա պանդուխտ հայն է, սպառնալից ու օտար աշխարհի դէմ, ծեծւած, արհամարհւած, անլեզու, խեղճ: Նա միայն գիւղացին էլ չէ, նա հայն է ընդհանրապէս: Հայը, որին իր ծնողը, իր ծննդավայրը, գիւղը, երկիրը կեանք է տւել, բայց պաշտպանել չի կարողանում: Ամենեւին էլ պատահական չէ, որ Կոմիտասն ու Թումանեանը տարեկիցներ են, եւ որ նա մշակել ու հային է վերադարձրել Կռունկ-ն ու Անտունի-ն, իսկ սա` Գիքորն ու Հառաչանքը: Պանդուխտը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդական բանահիւսութեան գլխաւոր հերոսներից եւ մշակողներից մէկը: Իսկ գրականութեան աշխարհականացումից ի վեր, ահա աւելի քան 150 տարի,անգամ սեփական հայրենիքում պանդուխտ լինելու եւ մասնաւորապէս, թէկուզ հայրենիքում, գիւղից քաղաք աքսորւելու տառապանքը,մնում է հայ գրականութեան գլխաւոր թեման: Այլ խօսքով այդ գրականութիւնը այսպէս կամ այնպէս կրկնում է իրեն եւ կամայ թէ ակամայ ձախողեցնում է կախարդական օղակից դուրս պրծնելու այնպիսի փորձերը, ինչպիսին ասենք Չարենցինն էր:
Եւ այսպէս,Գիքոր-ի յաջողութեան գաղտնիքը նրանումն է, որ ամէն հայ իր հոգու ամենախորքում մի Գիքոր է: Եւ դեռ այդ պատմւածքը գրւել է Մեծ Եղեռնից 20 տարի առաջ: Գիքորական սարսափը թշնամի աշխարհի դիմաց արտայայտւած է նոյն Թումանեանի մշակած մի այլ ժողովըրդական հեքիաթի`Կիկոսի մահը-ի մէջ: Ըստ էութեան, խորապէս հոգեբանական այս զրոյցը կարելի է Գիքոր-ի նախատիպը համարել: Աղէտի սուր կանխազգացումը, որն արդիւնքն է դառը կենսափորձի, դառնում է իրականութիւն:
Ես չգիտեմ իրապէս ինչ են զգում, ասենք, Ռուսաստան, թէ ԱՄՆ եւ այլուր գաղթած հայաստանցի հայերը, բայց կարող եմ ասել, որ Գլենդելում հաւաքւած իրանահայերը գիքորական շատ բան պիտի ունենան իրենց մէջ: Աւելի ցաւալին այն է, որ Հայաստան ներգաղթողներն էլ են տառապում գիքորախտով, ինչպէս էր պարագան շատ իրանահայերի, որոնք լքեցին դարեր երազած իրենց (բայց արդեօք իրենց) հայրենիքը, այնտեղ տասնամեակներ ապրելուց յետոյ:
Այստեղ կարելի է դնել մի այսպիսի հարց եւս,արդեօք գիւղից քաղաք փոխադրւած կամ սփիւռքում յաջողած հայեր չկա՞ն կամ չե՞ն եղել: Իհարկէ եղել են, բայց նրանք, եթէ մտել են գրականութեան մէջ, ապա հիմնականում որպէս բացասական կերպարներ: Յաջողութիւնը, յատկապէս տնտեսականը, ներկայացւել է որպէս հակաարժէք եւ ընդհակառակը, թշւառութիւնը` արժանիք: Սա գուցէ եւ ինքնին ազգային յատկանիշ չէ, դեռեւս Յիսուս Քրիստոսն էր բացառում հարուստների մուտքը երկնային արքայութիւն, բայց անմեղ զոհի պաշտամունքը չափազանց խորն է նստած հայի հոգում, այնքան, որ դրանից հրաժարումը կարող է համարւել ազգային դաւաճանութեան նման մի բան, բայց եւ այնպէս, Համբօների եւ Գիքորների բախտ որոնելու եւ այս աշխարհում երջանկութեան իրենց բաժինը նւաճելու ձգտումը մնում է նրանց անկապտելի մարդկային իրաւունքը:
14 Յուլիս 2009

Յոյս թիւ 59

23 Օգոստոս  2009