ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ
ԾՆՆԴԵԱՆ 140-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԷՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ

Հայ գրողներից, Թումանեանը ամենամեծ ազդեցութիւնն է թողել հայ մշակոյթի վրայ։ Դա նա յաջողել է անել, ոչ միայն վերամշակելով հայ ժողովրդական հեքիաթներն ու պատումները, այլ նաեւ իր ինքնուրոյն բանաստեղծութիւններով, պօէմներով եւ արձակ գործերով: Բոլորս էլ դպրոցական տարիքում ծանօթացել ենք նրա Գառնիկ ախպէրը, Շունն ու կատուն, Մի կաթիլ մեղրը վերամշակւած հեքիաթների, ինչպէս նաեւ Գիքորը եւ Իմ ընկեր Նեսօն պատմւածքների հետ: Տարիք առնելով, ոչ բոլորս, բայց երեւի շատերս հասկացել ենք, որ Թումանեանը եղել է նաեւ հասարակական ակտիւ գործիչ, նրա սիրտը ցաւացել է ժողովրդի ցաւերով եւ միշտ փորձել է օգնել նրան: Նրա համակրանքը հասարակ ժողովրդի նկատմամբ, արտացոլւել է նրա գործերում, ուր նկարագրել է ժողովրդի (որն այդ օրերի Հայաստանում նշանակում էր գիւղացիութեան) աղքատութիւնն ու խեղճութիւնը` իր գործունէութեան հէնց սկզբնական շրջանից, երբ դեռ վաղ երիտասարդ տարիքում նա նկարագրում է գիւղացու խրճիթը, ուր երեխաները հաց են ուզում, իսկ մայրը բան չունի նրանց տալու: Սակայն Թումանեանի կապը ժողովրդի հետ միայն չի սահմանափակւում նրա կողմից ժողովըրդի ծանր վիճակի նկարագրութեամբ. նա հասկանում է նաեւ ժողովրդի իմաստութիւնը` ժողովրդի փիլիսոփայական հայեացքը կեանքին, ուր երբեմն այն ընկալում է փուչ, ինչպէս Մի կաթիլ մեղր-ում, երբեմն լաւատեսօրէն երազում է յաղթահարել դասակարգային պատնէշները, ինչպէս Չախչախ թագաւորը եւ այլ հեքիաթներում, իսկ հիանալի սրանկատութեամբ ու երգիծանքով տեսնում է մարդ արարածի թերութիւններն ու հակասական յատկութիւնները: Կիկոսի մահը մարդու ինքնախաբէութեան ընդունակութիւնը երգիծական ոճով նկարագրելու աննման օրինակ է:
Թումանեանը լաւ գիտէր իր ժամանակակից աշխարհի գրականութիւնը եւ ազդւած էր իր օրերի ռուսական եւ գերմանական ռոմանտիկ գրականութիւնից: Ինքը խօսել է Լերմոնտովի եւ աւելի ուշ՝ Շեքսպիրի նկատմամբ իր հմայւածութեան մասին:
Արմատներ ունէր նա հողում, ասել է Չարենցը Թումանեանի մասին: Դա երեւի ամենահակիրճ եւ խորը նկարագրւթիւնն է Թումանեանի մասին: Այո, նա արմատներ ունէր հողում, իսկ հող-ը այստեղ կարելի է մեկնաբանել, թէ՛ որպէս այն հողը, որի վրայ աշխատում էր գիւղացին, թէ՛ ընդհանրապէս ժամանակի երկնային կեանքը, իր բոլոր խնդիրներով, որոնց հետ սերտ կապի մէջ էր Հանճարեղ Լոռեցին կրկին Չարենցի բնութագրութիւնը, եւ թէ՛ մարդ էակի վիճակը երկրի վրայ ընդհանրապէս:
Գիքոր, Լոռի, Անուշ, Թիֆլիս, Վերնատուն. սրանք դրւագներ են մի բազմաշերտ ու բեղմնաւոր կեանքի, որը Թումանեանն է, եւ որը ձեւաւորել է իւրաքանչիւրիս ներաշխարհի ու մտային կառոյցի մի անկիւնը գոնէ, եւ որին մեր յարգանքի տուրքն ենք մատուցում այս օրերին, իր ծննդեան 140-ամեակի առթիւ:

Ռ.Ս.

Յոյս թիւ 59

23 Օգոստոս  2009