ՄՈՒԶԻԿԱԼ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ
ԱՇՈՒՂ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ ՀԵՏ

 


Ճիշտն ասած, նոր տարւայ համարի համար էինք ուզում Ծատուրօղլու հետ հարցազրոյց անել: Անցեալ տարի նրա երգի բառերը զարդարել էին թերթիս շապիկն ու մեծ ընդունելութիւն գտել մեր ընթերցողների կողմից: Իսկ մեր սայթում նրա գրութիւնները ամենա-շատ ընթերցւողներից էին: Սակայն ինչքան փորձեցինք` չգտանք: Մոբայլը չէր պատասխանում, տան հեռախօսը "անսրինգ"-ին էր միանում, իսկ ինչքան "ի-մէյլ" էինք ուղարկում Tzadooroghli@gmail.com, էրոր էր տալիս: Մի խօսքով` չստացւեց:
Հիմա երեւակայէք, այս բոլոր դժւարութիւններից յետոյ, յանկարծ հէնց Նոր տարի գիշեր, բախտի բերմամբ, թէ պատահմամբ, հանդիպում ես փնտրածիդ: Էն էլ ուր` հոթել հայթում: էն էլ որտեղ` բեմի վրայ: Էն էլ ինչ վիճակում` թառը միացրած ամփլիֆայերին, ասես մեթալ գիտարիստ, նստած չգիտեմ ջազ թէ Ռոկ նւագախմբի կենտրոնում, միկրոֆոնի մէջ տաղ ասելիս: Ընդմիջումին կարողանում եմ մի երկու րոպէ հանդիպեմ: Էս մարդն էլ ժամանակ չունի, մէկ այս օրիորդի հետ է լուսանկարւում, մէկ միւսի տետրն է ստորա-գրում, ու անընդհատ վիզիտ քարտ է բաժանում իր երկրպագուներին: Ինձ էլ է ուզում է քարտ տալ, ասում եմ՝ ա՛յ մարդ քարտը ո՞րն է, "Յոյս" երկշաբաթաթերթից եմ, մոռացե՞լ ես մի տարի առաջ անընդհատ զանգում էիր տեսնես տաղերդ տպելու ենք թէ չէ, սանսուր անելու ենք (ներողութիւն` խմբագրելու ենք) թէ չէ, հիմա "թահւիլ չես առնում": Յիշում է, ներողութիւն է խնդրում, ասում է աչքերը գործողութիւն է արել, լաւ չի տեսնում: Սեւ ակնոցներ է դրել (Քիառոստամիի պէս): Յամենայն դէպս պայմանաւորւում ենք հարցազրոյցի համար. ասում եմ չունգուռդ էլ բեր, թող մեր հարցա-զրոյցը մուզիկալ լինի: Ասում է թող լինի, ի՞նչ կայ որ:


Թղթակից. Բարե՛ւ ձեզ պարոն Ծատուրօղլի, ինչպէ՞ս էք:
Ծատուրօղլի. Օպտիմալ:
Թ.Երկար ժաանակ է չէք երեւում: Որտե՞ղ էիք:
Ծ.Հայրենիքում, հրաւիրւած էի ժամանակակից ա-շուղների համահայկական համաժողովին, շքանշան ին բաժանում, մէկն էլ ինձ հասաւ:
Թ.Օ՜, Ուրեմն պիտի շնորհաւորել, ուրիշ ի՞նչ նորութիւն, այս անգամ հայրենիքը ինչպէ՞ս տեսաք:
Ծ.Օպտիմալ:
Թ.Ինչպէ՞ս թէ օպտիմալ: Դա ի՞նչ է նշանակում:
Ծ.Ժամանակն է էդպէս, ջանս, ժամանակից չպիտի ետ մնանք: Հիմա բոլորս էլ պիտի օպտիմալանանք, թէ չէ հաշիւներս մաքուր է: Տեսէք, ես առաջին անգամը օր Հայաստան գնացի էդ գլխակեր Ստալինի ժամանակ էր, ում հարցնում իր՝ ինչպէ՞ս ես, ասում էր՝ ոչինչ: Մենք ծիծաղում ինք: Եանի ի՞նչ, թէ ոչինչ: Ետոյ իմացայ օր ուզում են ասեն՝ այ մարդ, դու տես իսկի կա՞նք, օր քեֆ ես հարցնում: Երկրորդ անգամն օր գնացի, Ստալինը գլուխը դրել էր գետին, իհարկէ, ասում ին օր Միկոյեանը գլուխը կերել է, գործ չունեմ, Բրեժնեւի ժամանակն էր, համա ընդուր վախը դեռ մարդկանց սրտի մէջ էր, օր հարցնում իր՝ ո՞նց էք, ասում ին՝ նորմալ, ախեր վախենում ին, լաւ ասեն, կրակի մէջ են, կասէին. ո՞նց թէ, ժողովրդի հէրը չկայ, դու ո՞նց կարող ես լաւ ըլնես, վատ էլ ասեն՝ կրակի մէջ են, սովետական երկրի քաղաքացին ո՞նց կարող էր վատ ըլնէր: Էդ էր օր ասում ին նորմալ, եանի կանք, համա նա լաւեներս ենք իմանում, նա վատեներս:
Իսկ հիմա ասում են օպտիմալ: Եանի, պարսկերէն ասած՝ "միզուն": Ես էլ, որպէս իմ ազգի խոնարհ ծառայ, օպտիմալ, օպտիմալ եմ, .այսինքն՝ ի՞նչ, այսինքն՝ "միզունէ միզուն":
Թ. Հա՜, ...կարծես սկսում եմ մի քիչ հասկանալ, բայց եթէ մի երկու բառով լուսաբանԷիք համ ինձ, համ մեր ընթերցողներին վատ չէր լինի, ախր գիտէք, խեղճ ժողովուրդը տեսնում է, որ ինչ-որ բաներ կատարւում են իր շուրջը ու մանաւանդ իր համար, ու լսում են, որ անունը օպտիմալացում է, բայց գլուխ չեն հանում, կատարւածը լա՞ւ է թէ՞ վատ:
Ծ. Լսիր, աւալան օր, պարսկական առածն ասում է՝ "ազգի լաւն ու վատը մենձերն են հասկանում", այսինքն, էն ինչ մենձերի համար լաւ ա, կարող ա ժողովրդի համար վատ ըլնի, կամ հակառակը: Ու էս հարցերը մէկ էրկու բառով ոչ դու կը հասկանաս, ոչ էլ ձեր ընթերցողները: Հալա, թէ մէ ընթերցող էլ ունենաք: Համա, օր ասում ես, դէ, մենք էլ լուսահոգի Սայեաթ Նովու խօսքով ասած, խալխի նոքար ենք, մեզանից ասել, իրանից չհասկանալ: Ուրեմն լաւ անգաջ դի, օր իմանաս օր մեր ազգի ապագան կապւած է հէնց էդ օպտիմալացումից:
Թ. Այստեղ յարգելի աշուղը չունգուռը դնում է դոշին ու երգում:
 


ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Երբ Սովետի չարն աշխարհից խափանւեց,
Անկախութեան դրօշակը ծածանւեց,
Մէյդան եկան ազգի թազզա ջոջերը,
Մկրատեցին հին ջոջերի պոչերը,
Ռաղիբներին մէյդանիցը քշեցին,
Դէպի վերին Երուսաղէմ տշեցին,
Հռչակեցին ազգային իշխանութիւն,
Երկրո՞րդ, թէ՞ երրորդ հանրապետութիւն,
(Ո՞ր մէկն է ճիշտ, վալլա ես էլ կուրսի չեմ,
Արիք, հիմա դրա մասին չվիճենք):

-Մենք ենք հիմի դասակարգը էլիտար՝
Ինչ տարել ես, հալալ է քեզ, էլի տար,
Ա՜խ, ուր էր թէ բախտը մեզ էս աշխարհում
Ինչ տւել է, բազմապատիկն էլի տար:

Եւրոպայի դասը կիսատ սերտեցին,
Մեր պատմութեան թազզա էջը թերթեցին,
Ազգի համար վառ ապագայ կերտեցին,
Ժողովրդի կաշին սաղ-սաղ քերթեցին:

Առաջ էկան խալխի լուսը մարեցին,
Մութը տեղը ծակ ու ծուկը ճարեցին,
Ինչ կեր չկեր բերին մէջտեղ դիզեցին,
Ախպօր նման իրանց մէջը կիսեցին:
Բենզինը մեզ, շոկոլադը Գրանդին,
Ֆրանսացուն մեր կոնեակն ու բրանդին,
Ռուսաստանին մեր ՀԵԿերն ու ՋԵԿերը,
Ժողովրդին դատարկ բանկի չեկերը:
Շաքարը տանք Շամոյին,
Գարեջուրը Գագոյին,
Էս աթոռը Ռուբոյին,
Էն սեղանը Սերգոյին...:
Ժողովրդի՞ն՝ ազատութիւն՝ առանց հաց,
Առջեւները աշխարհի ճամբէքը բաց,
Ասին."ինչքան հայ մնացիր հերիք ա,
Լեն աշխարհը տեսնելը քեզ կարիք ա:
Ինչ ես անում հայրենիքի դրախտը,
Գնա ուրիշ տեղ որոնիր քո բախտը:
Մենակ բոլ բոլ դոլլար ղրկիր դուրսիցը,
Միշտ արխային դրա ներքին կուրսիցը":

Հին ռեժիմի մեծապատիւ գողերը,
Լաւ լւացին իրանց հարամ փողերը,
Տասնապատիկ տռզեցին ու իւղոտան,
Գրաւեցին Հիւսիսային պողոտան:
Շրջկալեցին օպերայի թատրոնը,
Բաժանեցին Երեւանի կենտրոնը,
Ամէն մէկը մէ կտորը խլեցին,
Քաֆէները սնկի նման ծլեցին,
Ռեստորան ու Կազինօ ու կաբարէ,
Սաունայում, ախպէր, էդ ի՞նչ խաբար է:
Ծառ ու ծաղիկ արմատիցը հատեցին,
Տարածքները սաղ կառուցապատեցին,
Քարխանէքը վերածեցին թափոնի,
Վաճառեցին Իրանին ու Ժափոնին:
Կողոպտեցին քաղաքներն ու գէղերը,
Կուլ տւեցին երկրաշարժի դեղերը,
Փողերն առան լցրին իրանց ջբերը,
Ներմուծեցին մոդել բալա ջպերը:

Հները երբ տեսնում ին էս խաղերը
Կծկծում էր նրանց փափուկ տեղերը,
Տունը նստած լաւ օրերն ին վերյիշում,
Ու երազում Ստալինի բեղերը:
Շատերն արագ կուսակցութիւն փոխեցին,
Գլուխները թազզա ախոռ կոխեցին,
Անհաւատ ին, դառան պապից պապական,
Թունդ լիբերալ, ռամկավար ազատական
Եկան լցրին ՀՀՇ-ի շարքերը,
Հաստատեցին շուկայական կարգերը,
Որոշներն էլ շտապեցին ՀոՀիԴա,
Ասին կթան սփիւռքը լաւ կաթ կը տայ:

Կոմկուսի կենտկոմի դուռը ցխեցին
Բազում թազզա կուսակցութիւն թխեցին,
Էլ ՀՀԿ, էլ ՕԵԿ, էլ ԲՀԿ,
ՀԺԿ ու ՀԴԿ ու ՔԴԿ:

Երկրի ղեկը տւին Ռոբերտ Քոչարին,
Լեւոնիկի երազները փուչ արին
Հայոց ազգին միասնութեան կոչ արին,
Արաղի շուրջ բռնեցին քոչարին:
Ծափ տւին ու պար եկան ու արին հալ
Ու ամէն ինչ էսպէս դառաւ օպտիմալ:

Թ. Իսկ, որպէս մշակոյթի մարդ, ի՞նչ կարծիքի էք մշակութային Օպտիմալացման մասին:
Ծ.
Վա՜յ, մշակոյթը, մեռնեմ իր ջանին,
ՆայիրTV-ի կապոյտ էկրանին
Տես մեր վիրտուալ Հայոց աշխարհը,
Տես հեզ ու ճկուն մեր ողնաշարը,
Ամէն սազով էլ պարել մենք կարանք,
Կլասիկ, թէ ջազ, դանդաղ թէ արագ:

Բա աստղածորան մեր շոու բիզնեսը,
Կերել է ուղիղ մեր կեանքի կէսը,
Արի, թէ ունես թաքնւած տաղանդ,
Թէ կարաս, հիմնիր դու էլ մի աղանդ,
Ամէն ինչ արա բաց ու թափանցիկ,
(Թէկուզ համարեն քեզ ցոփ ու ցիցիկ),
Ու թէ չես կարող, նստիր քո տանը,
Հանգիստ միացրու կապոյտ էկրանը,
Ու տես, թէ ոնց է հայոց Մադոննան
Տկլոր, մօրէ մերկ մտնում իր վաննան,
Տակից երեսից նա ի՞նչ է հագնում,
Ի՞նչպէս է ուտում, ի՞նչպէս է քնում,
Նրա մեքենան քանի ակ ունի,
Ինքը քանիսից քանի ձագ ունի:
Քանի ննջարան ունի իր տունը,
Ում հետ են քնում ինքն ու իր շունը,
Շունն ում է սիրում, կամ ում է խածում.
Անունն ի՞նչ դնենք՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Բա մեր նորաթուխ սերիալները,
Դագաղից յառնող մեռեալները,
Ելան ու արար աշխարհին ասին,
Ինչպէս մեր "Վէրք"-ի հերոս "Աղասին",
Էդ ու՞մ վրայ էք ձեր թուրը հանում
Բա դուք չէ՞ք լսել Հովոյի մասին:
Հովօն է ազգի օրւայ հերոսը,
Ժամանակակից քաւոր Պետրոսը:
Մեր ազնիւ արեան վերջին երակը
Խաչագողների մեր նոր որակը,
Մեր կեանքի միակ լուսաւոր կէտը,
Ամենակարողն, ամենագէտը:
Մեր բարոյական նոր չափանիշը,
Վկայ սեղանի կոնեակի շիշը,
Շշի կողքին էլ կոնեակի պեկը
Նրա ձեռքումն է քաղաքի ղեկը,
Նա է ներմուծում, նա է արտածում,
Շակալին խփում, ուռոտին ծեծում,
Պետութեան հարկն իր գրպանը մուծում,
Հաստատում կարգ ու ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Թ. Լաւ, պարոն Ծատուրօղլի, այդ բոլորը ինչ որ ասացիք հայրենիքի մասին, մասամբ հասկանալի է, բայց, եթէ հետեւում էք մեր մամուլին, մերոնք էլ են խօսում օպտիմալացումից, ի՞նչ կարծիքի էք այդ մասին:
Ծ. Վալլա, ճիշտն ասած մե քիչ ծերացել եմ, ոչ կարգին տեսնում եմ, ոչ լսում, ոչ էլ կարողանում եմ խօսամ:
Թ. Բայց այդքան բան որ ասացիք, լաւ էլ տեսնում ու խօսում էք:
Ծ. Դէ, հա, դեռ լրիւ չեմ քոռացել, համա մօտիկն ու հեռուն մե քիչ սեւ ու մութ եմ տեսնում:
Թ. Ոչինչ, մենք ձեզ մաղթում ենք պայծառատեսութիւն ու խնդրում ենք մի քանի խօսք էլ մեր համայնքի օպտիմալացման մասին ասէք:
 


ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՄԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ
Դէ, մենք մի ազգ ենք ու մի մշակոյթ,
Չպիտի նստենք անհոգ ու անփոյթ,
Այլ հետեւելով մայր հայրենիքին
Հեծած մեր նաւը քշող Ալիքին,
Կամքով միակամ ու միասնական
Օպտիմալացնենք գալիքն ու ներկան:

Բայց մենք էլ ունենք մեր խանութիւնը,
Տեղիս ազգային իշխանութիւնը,
Ունենք մեր դրւածքն ու մեր կառոյցը,
Մեր օրակարգն ու մեր օրացոյցը,
Ատենադպիրն, ատենապետը,
(Մենք էլ ուտում ենք հէնց սրանց փէտը):
Շարժուն ու անշարժ ազգային գոյքը,
(Չար աչքից հեռու, քորէք հետոյքը),
Ուրեմն պիտի մենք էլ մեր տեղում,
Ինչպէս ամէն մի գեղցի իր գեղում,
Հետեւելով մեր քեադխուդի կոչին
Աւիլը կապենք մկնիկի պոչին,
Ու թէ մկնիկը չմտաւ ծակը,
Միասին գոչենք."Մահ պառակտիչին",
Քցենք բամփի տակ ու նաեւ քացու,
Անունն ի՞նչ դնենք՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Մենք էլ պիտի էս լուսաւոր դարում
Մեր գործերին տանք նոր դասաւորում՝
Խալխի գլխի տակ փափուկ բարձ դնենք,
Ժողով անենք ու լուրջ-լուրջ հարց դնենք,
Խամ ջուրը լցնենք սանդն ու ծեծենք,
Համահայկական խնդիրներ լուծենք:
Արտագաղթի դէմ պայքարենք թափով,
Մեկնողին ճամփենք ծիծաղ ու ծափով,
Ինչքան հեռանան, էնքան մեր մուֆտը,
Դրանք են ազգի քֆուրն ու քուֆտը,
Ինչքան պակասի համայնքի թիւը,
Կը շատանայ մեր գլխահաշիւը:

Մեր կալւածները ծախենք ծախծխենք,
Միութիւնների դռները ցխենք,
Երեք դպրոցը բերենք մէկտեղենք,
Իզուր ղոռ չտանք, թէ տեղից նեղ ենք,
Նոր դպրոց շինենք եղածի ծոցում,
Ջանդամն օր էդ նոր մեր դարբնոցում
Ուսուցիչները սոմախ են ծծում,
Պիտի իմանան որ մենք ազգովին
Գնում ենք դէպի ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Վարժապե՛տ, արի դառնանք շինարար,
Թեմականի հետ կապենք մի ղարար,
Ազգի սնդուկից մէ գունդ փող պոկենք,
Մեր փլցրածը վերանորոգենք,
Երեսը սիրուն ծեփենք ու կոկենք,
Խաչով խաչվառով կատարենք բացում
Դուրս գանք ու դուռը նորից ետ փակենք:

Վկայ Նոր Ջուղու Հայոց Կլուբը,
Տեսնես լցրել է քանսի ջուբը:
Ա՛յ խալխ, էլ ի՞նչ ես հայ տալիս հարցում.
"Թէ փակելու իք, էլ ո՞ւր իք բացում,
Կամ ո՞ւմ համար էք էս նահանգ վախտին,
Առանց նայելու էս արտագաղթին,
Նոր մարզաւան ու դպրոց կառուցում,
Անունն էլ դնում՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Ու էսպէս հեծած իր չոլախ էշը
Ժողովականը բզում է, բզում,
Բայց խռռայ կտրած էդ անասունը
Առաջ գալու տեղ, ետ- ետ է վազում:
Մէկ-մէկ էլ իշու փալանը փոխում,
Մախաթը սխալ տեղեր է կոխում,
Էշն էլ խրտնած քացի է գցում,
Ու թռչում դէպի ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Թ. Լաւ, պարոն Ծատուրօղլի, դժբախտաբար մեր թերթի էջերը սահմանափակ են, եւ եթէ այսպէս շարունակէք, գովազդների համար տեղ չի մնայ, ուրեմն եթէ թոյլ տաք, անցնենք յաջորդ հարցին, որը շատ կենսական է մեր ժողովրդի համար: Ի՞ նչ է ձեր կարծիքը Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների եւ հայրենիքում ներդրումներ կատարելու մասին:
Ծ. Նախ, աշուղ, ոչ թէ պարոն, երկրորդը՝ փառք տիրոջը, էսօր ունենք սփիւռքի նախարար, որ թեւերը բացած, կարօտած մօր պէս կանչում է."Արի՜ տուն, արի՜ տուն": Համա հաւասներդ ջամ արէք, էլ էս էն ժամանակւայ մէրը չի, օր մէ կապ ծամոնով ու մէ ջուխտ նայլոն գուլպով խաբւի:

Գնա, թէ հարուստ մէ բիզնեսմէն ես,
Հայրենիքը հէնց սպասում է քեզ.
Քեզ իր կարօտած թեւերին կառնի,
Կը տանի Սեւան, Գեղարդ ու Գառնի.
Գառ կը մորթի ու սեղան կը բացի,
Ողջ Հայաստանում քեզ կը ման ածի,
Կը գտնես հազար հոպար ու քեռի,
Կարօտած աչքը անվերջ քո ձեռին,
Կասեն."Ապեր ջան, քո ցաւը տանենք,
Դուրս գանք երկիրը մի քիչ սէյր անենք,
Որ հայրենիքիդ կարօտը առնես,
Չըլնի, կարօտից անմուրազ մեռնես:
Գնանք Ծաղկաձոր սփռոցը փռենք,
Կոտայք խմենք ու ծառի տակ շռենք,
Ետոյ կիջեցնեն Աշտարակ ձորը,
Իւղոտ չալաղաջ կը լցնեն փորդ,
Ետոյ կը մտնէք շքեղ կազինօ,
Կողքիդ կը նստի մի սիրուն Նինօ,
(Մէկը փափկասուն էն փերիներից,
Որ կարծես իջած աստղոտ եթերից,
Բիզնես են անում Դուբայ ու Պոլիս
Տալիս են առնում, առնում են տալիս.
Շէյխ ու սուլթանի ոսկէ պալատում
Հալալ քրտինքով դոլլար են հատում)
Կասի. "Ազիզ ջան, քեզ շատ եմ սիրում,
Արի միասին անենք ներդրում,
Ու երբ էս բախտից լրիւ շլանաս,
Փողիդ քսակի բերանը բանաս,
Որ հայրենիքիդ տաս հոգուդ պարտքը,
Բկիդ կը չոքեն թաղի տղերքը,
Լաշներին քաշած կաշւէ վերարկուն,
Եզան վզերին ծալ-ծալ ճրագուն,
Ոսկէ շղթան ու բրդոտ դոշերը,
Ոտերին վեռնի սուր-սուր կօշերը,
Թէ բա ոնց կըլնի, ապէր մեր բանը,
Բա մէ հատ չես էլ նայում էս եանը,
Փողը քեզանից, գործը մեզանից,
Կը պաշտպանենք քեզ գէլ ու գազանից:

Բայց, ես ո՞վ եմ, որ խօսեմ էդ մասին,
Թող մեր յարգարժան Թեմականն ասի,
Թէ ինչպէս յանկարծ բոլորից թաքուն
Լցւած հայրենի սիրով կրակուն
Նրա կարօտով սիրտը բաբախեց,
Մէ քանի կտոր հողամաս ծախեց,
Մայր Հայաստանում գտաւ գործընկեր,
Ասաւ, մենք կը տանք դու նստիր ու կեր,
Շերիքով գնեց կաթի գործարան,
Թթու թանը մեզ, կարագը նրան,
Չէ, ի՞նչ եմ ասում, ո՞ր թթու թանը,
Դառանք շերիքի չաղլիկ կթանը,
Կթիր ու մերիր պանիր ու մածուն.
Ինչ էլ մերում է իր փորն է ածում,
Անունն էլ դնում՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ:

Դէ, ո՞րը ասեմ ու ո՞րը թողնեմ,
Օր դուք իմանաք, թէ ես ո՞ւմ կողն եմ,
Կամ ո՞ւր եմ խօսում ձախից ու աջից,
Նազար փողոցի երկու գարաջից,
Թրաւըլ աժանս մեր Սա Էր Սէյրից,
(Թեմականն անցաւ սրա էլ խէյրից),
Վերանորոգւող քոհնա համամից,
Նրա կլեկած պղնձէ ջամից,
Գերեզմանատան բաց հողամասից,
Թէ ութ յարկանու շահ ու վնասից...

Թ. Չէ՛, չէ՛, բաւական է, ինչպէս ասացի, մեր թերթի էջերը սուղ են: Զարմանում եմ թէ ձեր այս ափեղ-ցփեղներով հայրենիքը ինչպէս է ձեր վաստակը գնահատել շքանշանով, կարելի է ասէք, ինչի՞ համար են ձեզ պարգեւատրել:

Ծ.Դէ, ինձնից լաւն էլ ո՞վ կայ աշխարհում,
Երբ ես հանճարեղ չունգուռս լարում,
Աղբիւրի նման ակունքից բխում,
Հայրենակարօտ երգեր եմ թխում,
Յետոյ առնում եմ կանաչ դոլլարը
Եաւաշ կոխում եմ թղթերիս ծալը,
Էրթում մտնում եմ գրողների տուն,
Իմ տուրքը տալիս ազգային ոգուն,
ՀԳՄ շեֆին ընտրում խմբագիր,
Բաղին հասկացիր ու լեզուդ փակիր:

Թ. Հասկանալի է: Բայց, ախր ժողովուրդը իրա աշուղից աւելի լաւ բաներ է սպասում՝ մի իմաստուն խօսք, մի խրատ:
Ծ. Ես, խրատող ըլնեմ, հէնց ինձի կը խրատեմ. ժողովուրդն էլ թող իրա գլխի ճարը տեսնի:

Ձէնդ անսպառ, ո՛վ Ծատուրօղլի,
Խօսքերդ նման նաբաթ ու նողլի,
Ախեր, ասողին լսող էլ է պէտք,
Վիլ արա, կպի մէ իւղոտ շողլի:

Արի ու մի՛ տայ քու բախտին քացի,
Էս էրկու օրւայ ղադրը իմացի,
Կամ ձէնդ կտրի, վեր ընկի տանը,
Կամ էլ արի ու ՕՊՏԻՄԱԼԱՑԻ:


Ծատուրօղլի
Դեկտեմբեր 2010

 

Յոյս թիւ 94

9 Մարտ 2011