ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ
ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱ-ՀԱՅ ԳՐՈՂ

 


Կարապենցը ծնւել է Իրանի Թաւրիզում, աշխատել ու հասունացել է Ամերիկայում, ապրել է Հայաստանում` երեւակայութեան մէջ: Մեր ժամանակներում շատ է խօսւում սփիւռքի կամ պանդխտութեան գրականութեան մասին: Այնպիսի գրականութիւն, որն ստեղծւում է իրենց ֆիզիկական հողը օտար զգացող գրողների միջոցով, որոնք ապրում են "այստեղ"` հեռաւոր "այնտեղի" երեւակայութիւններում մոլորւած: Կարապենցը այդպիսի գրողների լաւ օրինակն է եւ կրկնակի այդպէս է: Նրա հեռաւոր երեւակայական աշխարհը թէ Հայաստանն է, թէ Իրանը: Նրա մտազբաղումն է արեւելքցի մարդու ճակատագիրը արեւմուտքում: Դա ակնյայտ է, նրա "Ադամի գիրքը" գործում, որի հետ իրանահայ արւեստասէրը ծանօթ է մի քանի տարի սրանից առաջ ներկայացւած "Ո՞ւր եմ թաղւելու" թատերգութիւնով: Այդ թատերգութեան մէջ նոյն մարդու երկու հակասական դէմքերն ու անհատականութեան կողմերը ներկայացւած են հանդիսատեսին: Կարապենցը միայն կեանքի վերջին տարիներին գրեց անգլերէնով. մինչ այդ նա պնդում էր գրել հայերէն: Վերջին տարիներին Ամերիկայում Արա Ղազարեանը անգլերէնի է թարգմանել Կարապենցի մի շարք պատմւածքներ` "Ընդլայնւող շրջանակներ" (Widening Circles) խորագրի ներքոյ: Այս պատմւածքներում քիչ չեն պարսիկ կերպարները, եւ հետաքրքիր է, որ նրանց խնդիրներն էլ վերաբերում են օտարների հետ նրանց յարաբերութիւններին եւ մնալու կամ գաղթելու թեմային:
2008 թւականին Երեւանում հրատարակւել է Կարապենցի պատմւածքների հատընտիր հատոր: Գիրքը կազ-մել է Սէյրանուհի Գեղամեանը, որը գրել է նաեւ դրա առաջաբանը: Ստորեւ վերատպում ենք այդ առաջաբանը, ուր ներկայացւած են տեղեկութիւններ Կարապենցի կենսագրութեան եւ գրական աշխարհի մասին: Յաջորդող յօդւածը հէնց իր` Կարապենցի գրչին է պատկանում, ուր նա խօսում է գրելու իմաստի եւ փորձառութեան մասին: Ինչ խօսք, Կարապենցն աւելի լուրջ ու ընդարձակ ուսումնասիրութեան է արժանի, որում, ելնելով գրողի իրանական ծագումից, պիտի իրենց ներդրումը կատարեն նաեւ իրանահայերը:

 

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
 

Սէյրանուհի Գեղամեան


Սփիւռքահայ գրականութեան ամենատաղանդաւոր ու ամենաինքնատիպ գրողներից է Յակոբ Կարապենցը (Կարապետեան):
Թերեւս նաեւ ամենամիայնակ ու ամենատառապող գրողներից: Կարօտը, որբութեան զգացումը, "չփոխադարձւած" սէրը, հոգեբանական դրամատիկ իրավիճակները ի սկզբանէ եղել են Կարապենցի կեանքի ուղեկիցը՝ դառնալով նաեւ գրականութեան հիմնական նիւթը:
Ծնւել է Պարսկաստանի Թաւրիզ քաղաքում՝ 1925-ին: Երեք տարեկան հասակից ապրել է մայրական ամենօրեայ սիրուն ու գուրգուրանքին կարօտ, քանի որ ծնողների համատեղ կեանքը չի ստացւել: Արդէն պատանի, նա հասկացել է հայրենի հողից հեռու ծնւած լինելու դժբախտութիւնը, բայց եւ հպարտութիւնը՝ Հայաստան աշխարհի գոյութեան համար: "Հպարտ էինք, -գրում է նա իր ինքնակենսագրական պատմւածքներից մէկում,- որ Հայաստանը կայ, որ եղել ու լինելու է միշտ:
Իսկապէս, հետագայում, տեղափոխւելով Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Կարապենցն իր ամբողջ գիտակցական կեանքի ընթացքում տառապեց հայրենիքից հեռու լինելու իրողութիւնից, հայրենիքը սիրեց "միակողմանի, անել, ձախող սիրով" եւ մինչեւ կեանքի վերջին տարիները՝ մինչեւ Հայաստանի անկախութիւնը, "անցանկալի անձ" դիտւեց հայրենիքում (թէեւ մի քանի անգամ այցելել էր Հայաստան, որպէս ամերիկեան կառավարութեան ներկայացուցիչ), իսկ նրա գրականութիւնն անհասու մնաց հայրենի ընթերցողին: Պատճառն այսօր աւելի քան անհեթեթ ու անհասկանալի կարող է թւալ. Կարապենցը երկար տարիներ աշխատում էր "Ամերիկայի ձայն" ռադիոկայանում, նրա հայկական բաժնի տնօրէնն էր: Իսկ այն տարիներին "Ամերիկայի ձայնը" արգելւած էր Խորհրդային Միութեան տարածքում՝ հակախորհրդային քարոզչութիւն իրականացնելու համար: Մինչդեռ "հակախորհրդային" ասւածը ընդամէնը ճշմարիտ խօսքն էր երկրի բռնատիրական կարգերի, որի, միակուսակցական նեղ-մտութեան, ազգային դրսեւորումների հանդէպ ցուցաբերող անհանդուրժողականութեան եւ նման մերժելի այլ երեւոյթների մասին:
"Հայ գրող եւ ամերիկացի խմբագիր, Պարսկաստան ու Ամերիկա եւ դրանց արանքում մի տասնեակ երկրներ, իսկ զենիթում՝ Հայաստան՝ առանց հասնելու, առանց պատկանելու, ինչպէս անտէր մնացած նաւ՝ լերկ ժայռուտի երախում". ահա Կարապենց մարդու եւ գրողի իր իսկ տեղորոշումը, երկատւած մի կացութիւն, որով պայմանաւորւած են նրա հոգեկան ու ստեղծագործական ողջ տառապանքն ու փնտրտուքները:
Կարապենցը պատկանում է սփիւռքահայ այն գրողների թւին, ովքեր իրենց ներկայութեամբ ու վաստակով կարեւոր դեր ստանձնեցին՝ իրենց գրականութեան մէջ արտացոլելով ցեղասպանութեան հետեւանքով մէկ սփռւած անհայրենիք հայութեան պատմական ու ազգային-հոգեւոր յիշողութիւնը, դրանով իսկ օգնելով նրանց այլ քաղաքակրթութիւնների միջավայրում կապւած մնալ իրենց ար-մատներին ու ազգային պատկանելութեանը, լեզւին ու մշակոյթին:
Կարապենցը գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, սակայն իր ստեղծագործութիւնների առաջին հատորը՝ "Անծանօթ հոգիներ" խորագրով, հրատարակութեան է յանձնել միայն 1970 թւականին: Այնուհետեւ, յաջորդաբար լոյս են տեսել "Կարթագենի դուստրը" (վէպ,1972 թ.), "Նոր աշխարհի հին սերմնացանները (պատմւածքների ժողովածու, 1975թ.), "Միջնարար" (պատմւածքների ժողովածու,1981թ.), "Ադամի գիրքը" (վէպ, 1983թ.), "Ամերիկեան շուրջպար" (պատմւածքների ժողովածու,1986 թ.) "Անկատար" (պատմւածքների ժողովածու,1987թ.):
"Երկու աշխարհ, գրական փորձագրութիւններ" (խոհափիլիսոփայական եւ գրականագիտական յօդւածների ժողովածու,1992 թ.) եւ վերջինը՝"Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմւածքներ" ժողովածուն (1994 թ.): Իր այնքան պաշտած հայրենիքում գրողն այդպէս էլ ականատէս չեղաւ իր ստեղծագործութիւնների հրատարակմանը: Միայն մէկ պատմւածք՝ "Ամերիկեան շուրջպար"-ը 1994-ին տողերիս հեղինակի նախաձեռնութեանբ եւ առաջաբանով հրա-տարակեց "Արեգ" հրատարակչութիւնը: 1995-ին, արդէն գրողի մա-հից յետոյ, ակադեմիկոս Հրանտ Թամրազեանի ընդարձակ առա-ջաբանով "Նայիրի" հրատարակչութիւնը լոյս ընծայեց Կարապենցի երկերի ժողովածուի առաջին հատորը, սակայն նախաձեռնութիւնը շարունակութիւն չունեցաւ:
Այս իմաստով Հայաստանը պարտք է Կարապենցին:
Պատկերելով ժամանակակից սփիւռքը՝ նրա վայրիվերումները, նրա անհատական ու հաւաքական տագնապները, նրա վտանգւած ապագան, սերնդափոխութեան հարցը, հայապահպանման մշ-տառկայ խնդիրը, աւանդութիւնների յեղաշրջումը, աշխարհաքաղաքացի հայը, որը տառապում է տնտեսական յենարանի կառուցման եւ ազգային պատկանելութեան` գնալով նւազող ազդակների միջեւ գրողն իր հերոսների առօրեայ կեանքի դրւագների միջոցով արծարծում է ոգու եւ լեզւի, հողի եւ հայրենիքի, ազգային յիշողութեան ու պատկանելութեան կենսական հարցերը՝ կարեւորելով դրանք որպէս գոյատեւման հիմք, լինելիութեան պայման: Եւ նա ուղղակի պաշտում է ժառանգականութիւն կոչւող հրաշք երեւոյթը, երբ պապի կեանքը, յիշողութիւններն ու երգերը, որոնք անհետանալու եզրին էին, յանկարծ ծնունդ են առնում թոռան մէջ՝ հաւաստելով, թէ աշխարհի ամենահեռաւոր անկիւններում էլ ապրելու է հայ ոգին, հայ երգը, Հայաստանի կերպարը, առանց որոնց ամայի, անիմաստ ու անդէմ է դառնում աշխարհը:
Ընդհանրութեան մէջ Կարապենցի ստեղծագործութիւնները ներծծւած են մարդկային մաքուր, անաղարտ զգացմունքների քնքշութեամբ եւ դրանց կորստի մեծ ցաւով: Նա խոր ափսոսանքով է նկատում, թէ ինչպէս կեանքի մեքենայացումով մարդը կորցրեց իր խարիսխը, սկսեց խարխափել նիւթականութեան անարժէք, անլոյս լաբիրինթոսում: Մեքենան, նիւթապաշտութիւնը ճզմեցին մարդուն, սպանեցին նրա երազներն ու անհատականութիւնը եւ խլելով հողից ու համայնքից՝ նրան նետեցին անորոշութեան երախը: Մարդը սկսեց օտարանալ: Նա խորթացաւ ինքն իրենից, շրջապատից, աշխարհից:
Գրողի տագնապայարոյց մտորումներն աւելի ուժգին են արտացոլւած յատկապէս նրա "Ադամի գիրքը" եւ "Կարթագենի դուստրը" վէպերում, որոնք յուժկու բողոք են բռնութեան, դաժանութեան, հասարակութեան սպառողական մտայնութեան դէմ եւ գրւած են գե-ղարւեստական բարձր մակարդակով, կուռ, դինամիկ ոճով, հոգեբանական նրբին բացայայտումներով, բանաստեղծական շնչով:
Կարապենցի գրական արժանիքներից մէկն էլ կերպարներ ստեղծելու նրա մեծ տաղանդն է. ուժեղ, տպաւորիչ, բացարձակապէս անկրկնելի, իրական, յախուռն: Կարելի է ասել, որ մէկ անգամ ծանօթանալով նրա ստեղծագործութիւնների հերոսներին, այլեւս անկարող ես մոռանալ. նրանք դառնում են ընթերցողի հարազատը, մտերիմը, ընկերը՝ նրան ներքաշելով իրենց բարդ ու հակասական ներաշխարհը, դարձնում իրենց անձնական փոթորիկների, տառապանքների, յոյսերի ու յուսախաբութիւնների, ճշմարտութեան փնտրտուքների մասնակիցը: Այս ամէնի մէջ, անշուշտ, մեծ դեր ունի Կարապենցի խօսքի մշակոյթը: Ինքը` գրողը, մեծ երկիւղածութիւն ունէր բառի, խօսքի հանդէպ."... Խօսքը կարեւոր է: Խօսքը, որ քանդակւում է ժայռերից, հոգիների ընդերքից, փորձառութեան գետերից, ցաւով ու երկունքով, խինդով ու խենթութեամբ եւ՝ կշիռով ու տրամաբանութեամբ ու նաեւ արեան երգով...": Հէնց այսպիսին է Յակոբ Կարապենցի խօսքը՝ պարզ, յստակ, ամուր անսեթեւեթ, միաժամանակ հարուստ ու յորդուն, մերկ ու գեղեցիկ:
Եւ, այս ամէնով հանդերձ, իր յօդւածներից մէկում Կարապենցը գրում է."Ես աշխարհը փրկելու պատրանք չունեմ: Եթէ կարողանամ մի կաթիլ գութ ստեղծել հեռաւոր մի հոգում, ապա հասած կը լինեմ իմ նպատակին: Արւեստը հասած կը լինի նպատակին...Եթէ կարողանանք ճշմարտութիւնն ասել այնպէս, ինչպէս որ է, ապա մասամբ հասած կը լինենք արդարութեան: Արւեստը մեր ազնւագոյն յոյսն է..."
Այո, մարդկութեան ցաւն իրենց հոգում կրող ազնիւ, անկաշառ, մաքուր հոգիների համար արւեստը յոյս է ու նաեւ փրկութիւն:
Մեծ բարեբախտութիւն էր, որ գրողը ականատես եղաւ Հայաստանի անկախացմանը: 1989-ին, Ղարաբաղեան շարժման եւ Հայաստանի անկախացման գործընթացի բուռն շրջանում, նա Հայաստան եկաւ արդէն ոչ որպէս ամերիկեան կառավարութեան ներկայացուցիչ, այլ պարզապէս հայ, որն իր մէջ ժառանգականօրէն կրում էր նաեւ իր պապերի երազանքը՝ ազատ ու անկախ Հայաստանի մասին: Շրջեց երկրով մէկ, եղաւ սահմանամերձ շրջաններում, անգամ պաշտպանական դիրքերում, հայ կամաւորականների եւ խանդավառ ու յախուռն երիտասարդութեան մէջ: Անպատմելի ուրախ էր ու հպարտ: Բայց նաեւ տխուր ու տագնապած անկախութիւն կերտող հայրենի ժողովրդի դժւարութիւնների համար: Սակայն, ցաւալիօրէն չկարողացաւ, տեսածին ու զգացածին գեղարւեստական մարմնաւորում տալ: Դարիս ամենադաւադիր հիւանդութեանը զոհ՝ նա այս աշխարհից հեռացաւ 1994-ին Բոստոնում (ԱՄՆ), այդպէս էլ չհասցնելով թղթին յանձնել, ինչպէս ինքն է բնորոշել՝"վաղւայ գրելիքը, որ աւելի կարեւոր էր լինելու"...

 

 

Յոյս թիւ 84

13 Հոկտեմբեր 2010