ԿՈՒՐՂԻՆԵԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
100 ՏԱՐՈՎ ԱՌԱՋ ԹԷ ՅԵՏ


Վահան Իշխանեան

 

 

Խորհրդային դպրոցն աւարտածները յիշում են Շուշանիկ Կուրղինեանի "Բանւորները" բանաստեղծութիւնը, որ անգիր էին յանձնարարում.
Այդ մենք ենք գալիս՝
Մաշւած բաճկոններ, իւղոտ ու
մրոտ,
Տրորւած գդակ, աղտոտ
մազերով
Չկայ Սովետը, ու նրա հետ դպրոցական ծրագրերից ջնջւեց Կուրղինեանը: Այսօր հարցնում ես պատանուն՝ անցե՞լ էք Կուրղինեան, պատասխանում է՝ ո՞վ է նա: Շուշանիկ Կուրղինեանի անունը մնացել է միայն աւագ սերնդի դպրոցական յիշողութիւններում՝ որպէս սովետական պրոպագանդայի հետք, որպէս պրոլետարական բանաստեղծուհի:
Բայց կայ նաեւ ուրիշ Կուրղինեան, որ շատ աւելի արդիական է, քան այսօրւայ հայ իրականութեան մէջ կնոջ մասին պատկերացումները. ֆեմինիստ ու ըմբոստ բանաստեղծուհին, ում ընթերցողին է վերադարձնում "Ապրել եմ ուզում" գիրքը:
Թարգմանիչը Իլինոյսի համալսարանում դոկտորան անցնող 30-ամեայ Շուշան Աւագեանն է: Գիրքը տպագրել է Հայ կանանց միջազգային ընկերակցութիւնը ( http://www.aiwa-net.org ):
"Առաջին անգամ Կուրղինեանի բանաստեղծութիւններից մէկ-երկուսը 6-րդ դասարանի դասա-գրքում կարդացի,- գրում է Աւագեանը: - Նրա վրայով ուսուցիչը անցաւ, "կարեւոր" գրող չէր: Անցան տարիներ, Կուրղինեանի մասին մոռացայ, միայն յիշում էի, որ իմ անունով մի բանաստեղծուհի կայ: Տարիներ յետոյ, երբ կարդում էի այլ կին գրողների գրքերը, տեսնում էի, որ ինչ-որ բան պակասում էր. պակասում էին մշակութային այն առանձնայատկութիւնները, որ ինձ տարբերում էին այդ գրողներից: Նրանց ֆեմինիզմը կատարեալ չէր ինձ համար: Բրոնտէի ու Վիրջինիա Վուլֆի վէպերն արծարծում էին անգլիացի կնոջ հարցերը ու նրա առանձնայատկութիւնները, Շարլոթ Գիլմանն ու Քէյթ Շոպէնը կառուցում էին սպիտակամորթ ամերիկուհու կերպարն ու նրա ամուսնական խնդիրները, Ալիս Ուոքերն ու Թոնի Մորիսոնը գրում էին ստրկատիրութեամբ բռնաբարւած սեւամորթ կնոջ անունից: Այդ ժամանակ էր՝ 1999 թւականին, երբ սկսեցի լուրջ մտածել Կուրղինեանի գործերի մասին: Երբ Երեւանում էի, գրադարանում գտայ նրա 2 գրքերը Ահա մի կին, որը 100 տարի առաջ գրում է այն ամէնի մասին, ինչի մասին ես մտածել ու շարունակում եմ մտածել այսօր":
"Ապրել եմ ուզում" ժողովածուն վերադարձնում է ոչ միայն Կուրղինեանին, այլեւ նրա՝ կանանց համար նւաճած տարածքը, որտեղ կնոջ կեանքը տղամարդուն հմայելու ու նրա սերունդը շարունակելու համար չէ.
Ապրել եմ ուզում, բայց ոչ մեղկ
կեանքով,
Անյայտութեան մէջ, անշահ,
բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ
մտքով՝
Որպէս թոյլ էակ, քնքուշ ու
վտիտ,
Այլ ձեզ հաւասար, ձեզ պէս
բախտաւոր,
Ով դուք, այր մարդիկ, ուժեղ ու
յամառ:
Կուրղինեանը (1876-1927 թթ.) ծնւել է Գիւմրիում: 1903 թ. ցարական հետապնդումից փախչում է Ռոստով: Հետագայում վերադառնում է կրկին Գիւմրի:
Կուրղինեանի հետ ըմբոստ կանացի ոգին վերացաւ:
Նրա մարտահրաւէրը լռեց "Ձեզ հետ իմ սեռի հաշիւը մաքրած/ կռւել եմ ուզում եւ բիրտ կեանքի դէմ": Եւ հիմա նրա "կտակը" կրկին հանւել է անյայտութիւնից: Մինչեւ հիմա էլ աղջիկներին ամուսնացնելիս ծնողները հետը օժիտ են դնում՝ կահ-կարասի, սպիտակեղէն եւ այլն: Բոլոր պարագաները օջախի համար խորհրդանիշն են նորահարսի ապագայի, որ նա պիտի իրեն նւիրի ընտանիքին: Կուրղինեանն էլ է օժիտ պատրաստել "Նւէր աղջկաս" բանաստեղծութեան մէջ, որը հիմա կարծես մի նամակ է ուղղւած ժամանակակից հայ կնոջը.
Քեզ կը տամ օժիտ հոգուս
խորքերից
Չար կեանքի խեղդած ազնիւ
իդեաներ
Խորհրդային Միութիւնը հաւասարութեան, ազատութեան գաղափարներից միայն լոզունգը թողեց, որ շքերթների պլակատներից դուրս չէր կիրառւում, իսկ պլակատի յետեւում կինը ընտանիքի հոգսի տակ կքած մէկն էր, որ դրսում աշխատելուց յետոյ ճաշ էր եփում, աման ու շոր լւանում, տուն մաքրում:
Մարտի 8-ը, որ կնոջ ազատութեան պայքարի օր էր նախանշել Ռոզա Լիւքսեմբուրգը, վերածւեց կնոջը ուշադրութեան արժանացնելու մի տօնախմբութեան, որն աւելի էր ընդգծում կնոջ ու տղամարդու սոցիալական անջրպետը: Երկիրը քանդւեց, Մարտի 8-ը մնաց էլի տօն: Հիմա էլ վերակենդանացաւ մինչարդիական նահապետական մտածողութիւնը, որտեղ կինը, ինչպէս մի դերասանուհի է եթերից ասում, տղամարդու լրացումն է:
Տարւայ մէջ տասնեակ սեմինարներ են լինում կանանց ազատութեան, գենդերային թեմաներով: Զեկուցողները ներկայացնում են կանանց շարժումների միջազգային փորձը: Ո՞ւր է հայկական փորձը, կարծես չի էլ եղել, կարծես միջնադարից Հայաստանը միանգամից յայտնւել է 21-րդ դարում:
Թարգմանիչ Աւագեանի որոնումներն այլ բան են ասում. "Եթէ ուզում ես ճիշտն իմանալ, Կուրղինեանի նման գրողի չեմ հանդիպել ոչ մի մշակոյթի, գրականութեան շրջանակներում: Եւրոպական ու ամերիկեան կին գրողները հիմնականում գրում էին "բուրժուական" հարցերի մասին: Իսկ Կուրղինեանը գրում էր աղքատ կա-նանց, "աշխատաւորների մասին":


Աղբիւր` "ԱրմենիաՆաու" կայք, 10.03.06 , յապաւումներով
www.armenianow.com

 

ԵՍ ՈՒ ԴՈՒ
Գարնան օր էր, ջինջ առտու՝
Պատահեցինք ես ու դու...
Ու ինձ տւիր մի ալ վարդ,
Ասիր. "Ահա կրծքիդ զարդ"

Բայց չունէի ես ոչինչ.
Օրն էլ այնպէ՛ ս պարզ էր, ջինջ...
Մի լաւ սիրտ կար կրծքիս տակ,
Ասի, առ քեզ յիշատակ

Իմ անթառամ սրտի հետ
Գիտեմ, գոհ ես ու հպարտ...
Իսկ վարդդ ալ հոտաւէտ
Մի օր ապրեց, կրծքիս զարդ

Խորշոմ իջաւ իմ ճակտին,
Կարօտեցի՜ այն ճամփին,
Ուր պատահանք ես ու դու,
Երբ գարուն էր, ջինջ, առտու...


ԵՍ ՁԵԶ ԽՂՃՈՒՄ ԵՄ
Խղճում եմ ձեզ, բթամիտ կանայք.
Որ արդ ու զարդի յետեւից ընկած,
Թրեւ էք գալիս միշտ աննպատակ,
Լպիրշ վաճառքի դէմքերդ կոկած:

Որ ամէն հնար դուք գործ էք ածում
Միշտ արուների հաճոյքը շոյել.
Եւ գիշեր ցերեկ միայն մտածում
Խանդոտ դաւերի որոգայթ լարել

Որ կողոպտում էք դառը վաստակի
Վերջին կոպեկը ձեզ սիրող մարդու.
Չեղած ժամանակ անսիրտ անհոգի
Կեղծ զոհ ձեւացած լալիս որպէս բու:

Որ ունէք բնազդ նուրբ առուտուրի`
Կարելիին չափ թանկ էք ծախում ձեզ.
Անվերջ պայքարով լոկ հրապոյրի
Հագուստի մրցման շինում էք կրկէս:

Խղճում եմ ես ձեզ` շւայտ գերիներ,
Միտքը թաւիշի ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունէք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունէք կեղծիքով ներկած...

1907


ՆԱ Է, ԱՍՈՒՄ ԵՆ

Նա՜ է ասում են... բանաստեղծուհին -
Եւ լո՜ւռ, ակնապիշ նայում են դէմքիս.
Ոմանք հիասթափ մնում են՝ որ հին
Տձեւ ու անզարդ շորեր կան հագիս:

Նա՜ է ասում են... բանաստեղծուհին -
Անսովոր ոչինչ՝ կին է հողեղԷն...
Օ՜ մարդիկ գուցէ տեսնե՞լ կուզէին
Ուսերիս թեւեր, դէմքս՝ լուսեղԷն...

Դու ոչի՛նչ չասիր... բայց դու տեսար ինձ.
Ձեռքս բռնեցիր դողդոջուն եւ հեզ -
Այդ ակնթարթում իմ անկեղծ սրտից
Այնպէս ջերմագին սիրեցի ես քեզ...

1907


ԱՅԴ ԵՍ ԵՄ ԱՆՅԱՂԹ

Այդ ես եմ անյաղթ, հսկում ձեզ վրայ երգով հոգեթով.
Այդ ես եմ անքուն ձեզ բախտ երազում մայրական
գթով.
Ղօղանջս վայրագ հնչում է արագ
Ձեզ համար կեանքի, ով խորթ զաւակներ,
Որ ծախւած օրով ապրուստ կը մուրաք
Ու չեն չորանում տանջանքիդ ակներ:
Ղօղանջս հնչուն հնչում է արագ
Ձեր անփառք կեանքի հզօր շռինդով
Միշտ ոլորտացող պայքարին պապակ
Անյագ վրէժի ոսոխի խինդով:
Այդ ես եմ կայտառ ու ըմբոստ հոգով՝ ձեզ հետ
մնացի,
Այդ ես ձեր սիրուն թողի մեղեդիս նուրբ ու
կանացի...

1908

 

Յոյս թիւ 79

28 Յուլիս 2010