ԵՕԹ ՀԱՐՑ ՖԵՐԴՈՎՍՈՒ ԵՒ ՆՐԱ ԱՇԽԱՐՀԱՅԵԱՑՔԻ ՄԱՍԻՆ

ՖԵՐԴՈՎՍՈՒ "ՀԱՖԹ ԽԱՆԸ"

Ռոբերթ Սաֆարեան

 

 

Երբ Շահնամէի հերոսների հերոս Ռոստամը, Քէյքաւուս արքային դեւերի գերութիւնից փրկելու համար արշաւում է Մազանդարան աշխարհ, եօթ փորձութեան դիմաց է կանգնում, որոնք յաղթահարելուց յետոյ միայն՝ ազատում է Իրանի արքային: Առաջին, նրա ձին` Ռախշը սպանում է ահռելի մի առիւծի, երկրորդ՝ ծարաւից մեռնելու վտանգից ազատւում է մի ոչխարի ցուցմունքներով, երրորդ՝ սպանում է աժդահային, չորրորդ՝ սպանում է վհուկ կնոջը, հինգերորդ՝ պարտութեան է մատնում Օլադին եւ նրա բանակը, վեցերորդ՝ պայքարում է Արժանգ անունով դեւի դէմ, եօթերորդ՝ կռւում է սպիտակ դեւի հետ եւ սպանում նրան: Այսպիսով նա իր նպատակին հասնելու համար անցնում է եօթ հանգրւաններից, որոնք Շահնամէում կոչւում են "հաֆթ խան" (եօթ տուն կամ հանգրւան): Ֆերդովսու ընթերցողն էլ, մեծ գրողի կարեւորութիւնը եւ դերը Իրանական մշակոյթում ըմբռնելու համար, պիտի իր առջեւ դնի եօթ հարց եւ իր պատասխանները տայ դրանց:

Ֆերդովսին ` վիպասանը
Ֆերդովսին նախ եւ առաջ մեծ վիպասան է: Նրա հերոսները բազմազան են, օժտւած մարդկային հակասական զգացումներով եւ վարւելակերպներով, թոյլ եւ ուժեղ կողմերով, իսկ նրա հիմնական պատումներում, "Ռոստամ եւ Սոհրաբ"-ում, "Ռոստամ ու Էսֆանդիար"-ում, Սիաւոշի պատմութեան մէջ, դէպքերի դասաւորութիւնն ու անակնկալները`աննախըն-թաց են իր ժամանակի համար: Նրա պատումները լի են հերոսների մենախօսութիւններով եւ երկխօսութիւններով, ինչը դրանց յարմար է դարձնում թատերական ներկայացման համար եւ այդպէս էլ դրանք որպէս նիւթ են ծառայել իրանական "փարդէխանի" արւեստի համար, ուր մի դերասան, հանրային վայրերում, ասենք թէյատնում, կամ գիւղի հրապարակում կանգնելով դէպքերը նկարագրող մի մեծ պաստառի առջեւ՝ պատմում է Ռոստամի, Զալի, հրաշագործ թըռ-չուն` Սիմորղի եւ միւս հրաշալի դէպքերի եւ հերոսների մասին:



 

Ֆերդովսին` բանաստեղծը
Ոմանք այն տեսակէտին են, որ Ֆերդովսին բառիս բուն իմաստով բանաստեղծ չէ: Ըստ նրանց, չափածոյ խօսքն ինքնին բանաստեղծութիւն չէ: Բանստեղծութիւնը պատկերաւոր, արտայայտիչ, երաժշտական խօսքն է, իսկ Ֆերդովսին աւելի հետաքրքրւած է եղել ժողովրդական պատումները արձանագրելու եւ վերամշակելու գործով: Այս տեսակէտը կարելի է ճիշտ համարել Շահնամէի որոշ մասերի համար, սակայն այս վիթխարի գործի շատ հատւածներում, մեծ գրողի խօսքը օժտւած է հիանալի պատկերներով, բանաս-տեղծական հնարքներով եւ զգացական բովանդակութեամբ, եւ անկասկած բանաստեղծութիւն է: Այսպէս է օրինակի համար "Ռոստամ եւ Էսֆանդիար"-ի նախաբանը եւ "Ռոստամ եւ Սոհրաբ" ողբերգութեան մեծ մասը:


Ֆերդովսին` պատմաբանը
Պատմութիւնը որպէս գիտական մասնաճիւղ՝ համեմատաբար նոր երեւոյթ է: Ֆերդովսու ժամանակաշրջանում այն խառն է եղել դիւցազներգութիւնների եւ առասպելների հետ, որոնցով ժողովուրդը փորձել է բացատրել մարդու ծագման եւ զարգացման փուլերը եւ իր` որպէս առանձնայտուկ ժողովրդի կազմաւորումը: Ֆերդովսու նպատակն է եղել հաւաքել այս պատմութիւնները, որոնք շարունակում էին գոյատեւել բանաւոր եւ գտնւում էին ոչնչացման վտանգի առջեւ: Այսպիսով նա աշխատել է փրկել իր ժողովրդի պատմութիւնը հին դարերից մինչեւ նախաիսլամական Իրանի վերջին թագաւորական տոհմերի Արշակունիների եւ Սասանեանների ժամանակա-շըրջանը : Այս առումով էլ Շահնամէն ընդհանրապէս բաժանւում է էպիկական եւ պատմական շրջանների:

 


 

Ֆերդովսին` ազգային վերածնութեան ռահւիրա
Ինչ խօսք Ֆերդովսին եւ Իրանի թագաւորները հաւաքելով եւ մշակելով իրենց անցեալի պատմութիւնը հետապնդում էին արաբական տիրապետութիւնից անկախանալու քաղաքական նպատակներ: Իսկ Ֆերդովսին ինքն, ամբողջ Շահնամէում ամենա-դըրական եւ չափազանցւած ածականներով մեծարում է Իրանը, յայտարարում է, որ "արւեստն իրանցիների մօտ է եւ վերջ": Եւ ի վերջոյ, իր հռչակաւոր տողերում ասում է, որ "եթէ իրանը չլինի՝ թող ես էլ չլինեմ, թող այս երկրում ոչ ոք չլինի": Այսպիսի տողերի հիման վրայ նրան կարելի է համարել ազգայնամոլ: Սակայն հարցն ունի ուրիշ կողմ եւս: Շահնամէում Իրանի թշնամին Թուրանն է եւ նրա արքայ Աֆրասիաբը: Սակայն Թուրանն ու Իրանը սկզբում մի երկիր են եղել: Դրանից բացի, Իրանի փահլեւանները, կապերի մէջ են Թուրանի հետ: Ռոստամի կինը եւ Սոհրաբի մայրը` Թահմինէն, Սամանգանի թագաւորի դուստրն է, Սիաւոշը Իրանի թագաւորի ձեռքից փախչում եւ ապաւինում է Թուրան, ուր ամուսնանում է Աֆրա-սիաբի աղջկայ` Ֆարանգիսի հետ: Իմաստուն Փիրանը Թուրանի արքայի խորհրդատուն է, եւ քիչ չեն դէպքեր, երբ Թուրանի թագաւորը աւելի խելացի է թւում քան Իրանի արքան: Շահնամէում Իրանի եւ Թուրանի սահմանը անանցանելի սահման չէ, դրանից բացի, սահմանը ինքը կարող է ողբերգութիւնների աղբիւր համարւել, ինչպէս "Ռոստամ եւ Սոհրաբ" պատումում, ուր հօր ու որդու անջատման եւ հօր ձեռքով տղայի սպանութեան պատճառն է հանդիսանում:

Ֆերդովսու տեսակէտը կանանց մասին

Կինն ու աժդահան հողի տակ, աւելի լաւ,
Աշխարհն այս երկու արատից զերծ, աւելի լաւ
Այս տողերը յաճախ են մէջբերւում ապացուցելու համար, որ Ֆերդովսին կնատեաց է եղել: Ոմանք հաւատացած են, որ սրանք ապագայում Շահնամէին կցւած տողեր են եւ չեն պատկանում Ֆերդովսու գըրչին: Ընդհակառակը, Շահնամէի զանազան պատումների մէջ կինը երեւան է գալիս մարդկային խորն իմաստութեամբ եւ գեղեցկութեամբ: Կանայք յաճախ իրենց զաւակներին խրատում են խոյս տալ փառամոլութիւնից, եւ որոշ դէպքերում երեւան են գալիս նաեւ որպէս քաջ մարտիկներ, ինչպէս Գորդաֆարիդը, որը մենամարտում է Սոհրաբի հետ: Այսպիսի հակասական է Մեծ բանաստեղծի եւ մտածողի մօտեցումը կանանց: Երեւի եթէ հարցը դիտենք իր` Ֆերդովսու պատմական ժամանակաշրջանի տեսանկիւնից, դա այնքան էլ զարմանալի չթւայ:

 


 

Ֆերդովսու քաղաքական միտքը
Շահնամէ նշանակում է "թագաւորների գիրք". այդ պատճառով էլ իրանի իսլամական հակաթագաւորական յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ, պաշտօնական մօտեցումը այդ գրական գլուխ գոր-ծոցի նկատմամբ այնքան էլ դրական չէր: Սակայն իրականութիւնն այն է, որ թէեւ Շահնամէն թագաւորների պատմութիւնն է, սակայն դրա գլխաւոր հերոսը` Ռոստամը արքայազն չէ, եւ ներկայացնում է ժողո-վըրդի շահերը եւ բարոյական առանձնայատկութիւնները, ինչպիսին են քաջութիւնը, արդարութիւնը, իմաստութիւնը: Նա մարմնաւորում է իդեալականը, եւ "այն, ինչ պիտի լինի": Ռոստամը յաճախ խրատում է թագաւորներին եւ նրանց զաւակներին: Այս առումով, կարծես այդ արքաներն են, որ փառասիրութիւնից ելնելով յաճախ շեղւում են արդարութեան եւ իմաստութեան ճանապարհից եւ կանայք ու Ռոստամի նման փահլեւանները պիտի խրատեն նրանց եւ պէտք եղած պահին նրանց փրկեն յաճախ հէնց իրենց անխելքութեան հետեւանքով առաջացած վտանգներից: Իհարկէ, Ֆերդովսուց չպիտի սպասել դուրս ցատկել իր պատմական ժամանակաշրջանի կաղապարներից, եւ ասենք, դառնալ հանրապետական: Նրա դարաշրջանում աշխարհի քաղաքական կարգը թագաւորական էր, սակայն նա այս համակարգը համարում է ընդունելի միայն այն ժամանակ, երբ այն կառավարւում է արդարութեան սկզբունքների հիման վրայ, որոնք ըստ Ֆերդովսու՝ նոյն իմաստութեան սկզբունքներն են:

Ֆերդովսին` իմաստութեան գովերգու

Պատմական տւեալների համաձայն, Ֆերդովսին մուսուլման է եղել եւ հետեւել է Շիա դաւանանքին: Սակայն նա ամեն տեղ Աստծուն գովաբանում է որպէս հոգու եւ իմաստութեան Աստւած` "խոդաւանդէ ջան օ խերադ": Իմաստութիւնը առանցքային դեր ունի նրա աշխարհայեացքում, ինչը տարբեր է մի քանի դար յետոյ իրանական մտքի եւ գրականութեան մէջ գերիշխող միստիկական մտածելակերպից, որը սէրը, իր լայն իմաստով, գերադասում էր խելքին ու իմաստութեանը եւ մարդ արարածին անկարող էր գտնում աշխարհի անկարգութիւնը սանձելու գործում: Ֆերդովսու ժամանակը, որ Իրանի ազգային վերածնման շրջանն է, այս առումով աւելի պայծառ եւ լաւատեսութեամբ տոգորւած ժամանակ է քան ասենք Հաֆեզի օրերը, որ համընկնում է Մողոլների արշաւանքի եւ հալածանքների շրջանին:

 

Յոյս թիւ 76

16 Յունիս 2010