ԵՐԲ ԱԳՌԱՒՆ Է ԽԱԽՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ

Կոլիա Տէր Յովհաննիսեան

 


 

-Ձեր գօտին հանէ՛ք,- քաղաքավարի, բայց չոր տոնով ասաց համազգեստաւոր կին պաշտօնեան:
-Գուցէ՞ կօշիկներս էլ հանեմ,- գօտին բացելով ատամների արանքից նետեց ընկերս ու արժանացաւ պաշտօնեայի սաստող հայեացքին:
Բացի հանքային ջրի փոքր շշից, որը վերցրել էինք դեղահաբեր ընդունելու համար, ուրիշ "վտանգաւոր" կամ արգելւած բան չունէինք: Պաշտօնեան գլխի շարժումով ցոյց տալով քիչ հեռու դրւած տակառաձեւ մի աման՝ ասաց.
- Շիշը նետէք դրա մէջ կամ խմէք այստեղ:
-Ջուր է,- ընդդիմացաւ ընկերս,- գիտէք, էլի, տարեց մարդիկ ենք, հազար ու մի դեղ ենք գործածում:
-Բոլոր հեղուկներն էլ արգելւած են,- ասաց պաշտօնեան,-ջուր կարող էք ձեռք բերել տրանզիտ սրահի սրճարանից:
-Էս ինչ օրի հասանք,- փնթփնթաց ընկերս,- մի ագռաւի չափ էլ չկանք...
-Իզուր ես զայրանում,- ասացի կապելով գօտիս՝ զննման կէտը բարեյաջող անցնելուց յետոյ ու կարգաւորելով անձնական իրերս ձեռքիս պայուսակիս մէջ,-այս բոլորը արւում է մեր իսկ ապահովութեան համար:
-Չուզեցինք այդ գրողի տարած ապահովութիւնը, համը հանել են,- ընկերս չէր հանդարտւում,- իսկ ինչի՞ց են վախենում:
-Դէ, առեւանգիչներից, տեռորիստներից, միթէ պարզ չի՞:
-Իսկ ովքե՞ր են առեւանգիչները, տեռորիստները:
-Ի՞նչ ես ուզում ասել դրանով:
-Ուզում եմ ասել, որ նրանք էլ մարդ են, մա՛րդ, մա՜րդ, հասկանո՞ւմ ես, իմ, քո, այս պաշտօնեայի նման՝ մարդ. մարդը մարդուց է վախենում: Մի նայի՛ր, է՜, էս բոլոր արդիական սարքաւորումները, արգելքները, ստեղծել են եւ անընդհատ կատարելագործում են միայն մարդու վախից: Սկի մտածել ես քանի՜, քանի՜ համազգեստաւոր պաշտօնեաներ ինչպիսի եռանդով ու կարեւոր գործ անելու մոլուցքով ժամանակ են վատնում այս ապուշ աշխատանքի վրայ... Չէ՞ որ նրանք կարող էին աշխատել օրինակ արտա-դրութեան ոլորտում:
-Գուցէ զէնքի արտադրութեան մէջ, -հեգնեցի ես...
Ընկերս բան չասաց ու արհամարհական թափ տւեց ձեռքը:
Տրանզիտ սրահի շքեղ խանութների որակեալ ապրանքները շեղեցին մեր ուշադրութիւնը՝ մոռացնել տալով ապարդիւն երկխօսութիւնը: Խմիչքների բաժնում համեմատաբար ցածր գները կանչող-հրաւիրող էին:
-Ի՞նչ կասես, մի կոնեակ չգնե՞նք,- թաքնւած սարկազմով ասաց նա ու քմծիծաղեց: - Ահա եւս մարդկային մի այլ կատակերգութիւն, էստեղ խմիչքը դրւել է վաճառքի՝ խմիր ինչքան սիրտդ է ուզում, իսկ էնտեղ՝ հարեւան երկրում դա արգելւած է: Չե՞ս տեսնում, թէ ոնց է մեր կեանքն անցնում բազմաթիւ արգելքների մէջ:
-Ինչո՞ւ արգելքներ եւ ոչ՝ օրէնքներ:
-Թող լինի օրէնք, ի՜նչ տարբերութիւն, օրէնքն էլ արգելք է, տաբու. գոնէ օրէնքները ամենուրեք միանման լինէին, ինչպէս կարմիր լոյսը աշխարհի բոլոր խաչմերուկներում. չէ՞ որ այդ օրէնքները ստեղծւում են մարդու կողմից՝ մարդու համար: Իսկ մարդիկ ամէն տեղ էլ մարդ են, գոյները, լեզուները եւ...աստւածներն են տարբեր: Գիտե՞ս, մեր օրերի մարդը պարուրւած է գրւած ու չգրւած բազմաթիւ օրէնքների աներեւոյթ թելերով, խճճւած դրանց մէջ, ինչպէս ճանճը սարդի ոստայնում, բայց ինքը դա չի նկատում, նոյնիսկ չի զգում, կուրօրէն համակերպւում է եւ դրանց առկայութիւնն ընկալում է ենթագիտակցօրէն, որովհետեւ այդ թելերը սկսում են փաթաթւել նրա շուրջը աստիճանաբար, ծնւած օրւանից՝ բարուրի հետ, դառնում են նրա էութեան անքակտելի մասը, կաշկանդում նրա շարժումները՝ մարդուն վերածելով խամաճիկի... Չէ, իսկապես մարդը մի ագռաւի չափ էլ չկայ,- կրկնեց իր քիչ առաջ ասած խօսքը...
Ընկերոջս ըմբոստ բնոյթը ծանօթ էր ինձ: Գիտէի, որ պատանի տարիքում, Հայաստան գնալու մուրազը սրտում, փորձել էր լողալով անցնել Արաքս գետը: Դա յաջողւել էր, բայց Արաքսի այն ափին, ռուս սահմանապահները որսացել էին նրան, հարցաքննել ու մի քանի ամիս կալանքի տակ պահելուց յետոյ յանձնել Շահի Սաւաքին*: Այստեղ էլ նստել էր մի երկու տարի, բայց բանտից դուրս գալուց յետոյ բնաւ չէր փոխւել: Երբ դեռ Խորհրդային Միութիւնը չէր փլուզւել, յաճախ ասում էր. "Ինձ չհաւատացին, վատ ժամանակներ էին, կարծում էին լրտես եմ. սիրտս վկայում է, որ էս անգամ Արաքսն անցնեմ, թոյլ կը տան էնտեղ մնալ": Այնուամենայնիւ, չդիմացայ ու հարցրեցի քիչ նեղսրտւած.
-Իսկ ագռաւն էստեղ ի՞նչ գործ ունի, ինչի՞ ես անդադար մարդուն համեմատում ագռաւի հետ:
Տխրութեան մի ստւեր անցաւ նրա դէմքի վրայից, բան չասաց, բայց երբ տեղաւորւել էինք սրահի յարմարաւետ աթոռների վրայ ու սպասում մեր ուշացած թռիչքին՝ պատմեց հետեւեալը:
- Գիտե՞ս, երբ լողալով անցայ Արաքսը եւ յայտւեցի այն կողմում, ասես գետնի տակից բսնեցին ռուս սահմանապահներն ու թոյլ չտւեցին, որ ուշքի գամ: Թեւերս ոլորեցին, յետեւից ձեռնաշղթաներ հագցրեցին ու ռուսերէն հրամայեցին նստել գետնին: Ռուսերէն չգիտէի, կանգնած նայում էի նրանց ու ժպտում: Բոլշեւիկեան "վարդագոյն" քարոզչականութիւնն այնքան ուժեղ էր նստած ուղեղիս մէջ, որ նոյնիսկ երբ ինձ կոպտօրէն հրեցին ու գետին գցեցին, էլի ժպտում էի... Հաւատում էի, որ ինձ կը հասկանան ու... որպէս հայրենասէր հերոսի դափնիներ կը նւիրեն... Այս լաւատեսութեանը նպաստում էր նաեւ լողալով Արաքսը յաղթահարելու եւ հայրենի հողում լինելու խանդավառութիւնս: Գիտէի, որ մեր քաղաքից շատերն են փորձել, բայց ոմանք խեղդւել են դեռ գետի կէսը չանցած: Այդ պահին լցւած էի հպարտութեամբ ու ինքնավստահութեամբ: Տաք, գոլ եղանակ էր, երկինքը ջինջ, կապո՜յտ, կապո՜յտ: Հիացած նայում էի հրա-շագործ բնութեան աննման գեղեցկութիւններին: Ականջներիս մէջ անդադար Արաքսի խշշոցն էր ու թռչունների ճռւողիւնը: Բայց չգիտեմ թաց հագուստներիս, թէ ինքնավստահութիւնս հետզհետէ կորցնելու հետեւանքով՝ սկսեցի դողալ եւ միզելու պահանջ զգացի: Դիմեցի հայերէն: Մէկը մօտեցաւ ու հրացանի խզակոթով հարւածեց մէջքիս ու էլի ռուսերէն ինչ-որ բան ասաց: Երեւի ասում էր, որ պապանձւեմ: Ժամանակը անցնում էր. հետագային հասկացայ, որ սպասում էին յատուկ կապաւորին՝ ինձ ինչ-որ բանտ փոխադրելու համար: Այլեւս չկարողանալով զսպել ինձ՝ միզեցի թաց շալւարիս մէջ եւ թերեւս կեանքումս առաջին անգամ մոռացայ մարդ լինելուս հանգամանքը: Ինձ զգում էի՝ մարդկանց կողմից հալածւած գազանի դերում: Մի պահ հայ-եացքս բարձրացրի վեր (երեւի Աստծուց օգնութիւն հայցելու համար) ու աչքս ընկաւ քիչ հեռու ծառի վրայ նստած մի սեւաթոյր ագռաւի, որը ուղիղ նայում էր ինձ: Շատ չանցած՝ նա ծանր-ծանր թեւերը թափահարեց, թռաւ Արաքսի վրայով, այն կողմում հանգրւանեց մի այլ ծառի վրայ ու հեռաւորութեան պատճառով կորաւ տեսադաշտիցս... Նման պահերին, առհասարակ, մարդուն արտառոց մտքեր են այցի գալիս. նստել, մտածում եմ, թէ՝ "Տեսնես ագռաւն ի՞նչ ազգութեան տէր է, եւ անմիջապէս եզրակացնում եմ, որ ագռաւները միայն մէկ ազգութիւն ունեն եւ ամենուրեք խօսում են մէկ լեզւով, ուստի հաւատում ու հասկանում են մէկը միւսին, իսկ մարդիկ՝ ոչ... Գոնէ սրանց մէջ մէկը հայերէն իմանար...
-Յետո՞յ,- հարցրեցի անհամբեր:
-Էլ ի՞նչ յետոյ. էդ ագռաւը ասես ինձ տնազ անելու մարմաջով, դիտմամբ մի քանի անգամ ազատօրէն թռաւ այս ափից միւս ափը, վերադարձաւ, նստեց նոյն ծառին ու ասես քամահրանքով նայեց ինձ... տարիներ են անցել, բայց երբեք չեմ մոռանում այդ թռչունին: Ինձ միշտ... համեմատել եմ նրա հետ ու նախանձել: Քանի անգամ նա անարգել խախտեց սահմանագիծը, բայց ոչ այս ու ոչ էլ այն կողմում, ոչ ոք ուշադրութիւն չդարձրեց, իսկ ինձ՝ մարդուս... երկու կողմում էլ հաւասարապէս խոշտանգեցին, կտտանքների ենթարկեցին, հոգիս բերանս բերեցին... Մէկն ասէր՝ ո՞ր մեղքիս համար, ուղղակի ինձ չէին վստահում, գիտե՞ս, իրենց ողջ հզօրութեամբ հանդերձ՝ երկու կողմն էլ ինձնից վախենում էին... Ուզում էին իմանալ ովքեր են իմ տէրերը, որն է իմ առաքելութիւնը...
Օդանաւակայանի բարձրախօսից ասւեց, որ մօտենանք ելքին: Սրահը աշխուժացաւ: Կանգնեցինք շարքի մէջ: Ելքից անցնելիս, պահանջեցին, որ ցուցամատը սեղմենք կարմիր լոյսով վառւած էլեկտրոնային "աչքին"... Անձնագրերի ստուգման կէտից անցնելուց յետոյ նոյնն էինք արել. արձանագրւած մատնահետքերով ստուգում էին ուղե-ւորների ինքնութիւնը: Ամէն ինչ կարգին էր:
Երբ երկինք բարձրացանք, ակամայ մտքովս անցաւ, որ մենք էլ ագռաւի պէս հիմա թռչում ենք, կանցնենք Արաքսի վրայով, կը կտրենք սահմանագիծը, բայց ագռաւի ազատութեան ու խելքի մէկ փշուրն անգամ չունենք...

Հոկտեմբեր, 2011

* Երկրի Անվտանգութեան եւ Տեղեկատւութեան Կազմակերպութեան սկզբնատառերը՝ պարսկերէնով:

 

 

Յոյս թիւ 110

9 Նոյեմբեր 2011