ԻՆՉՈՒ ԱՅՐԵՑԻՆ "ԱՅՐՒՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ"-Ը

Ռոբերթ Սաֆարեան

 


1967 թւական, Երեւանի համալսարան, այրում են Գուրգէն Մահարու նոր հրատարակւած "Այրւող Այգեստաններ" վէպը: Գրողների միութիւնը խիստ դատապարտում է գիրքը, արտաքսում է Մահարուն:
2006 թւական. Երեւանում "Այրւող Այգեստաններ"-ի 40-ամեակի յոբելեան. Հայ գրողները բանախօսում են գրքի մասին, այն համարում փառահեղ, գլուխ գործոց, հայ գրականութեան դասական գործերից մէկը:
Դիրքորոշումների զարմանալի փոփոխութիւն, առանց մեկնաբանութեան: Առաց զղջումի: Առանց վերլուծութեան եւ բացատրութեան եւ ինքնաքննադատութեան: Ո՞վ կամ ովքե՞ր էին դրա պատասխանատուն: Ովքե՞ր կամ ո՞ր գրողները: Խօսւում է Պարոյր Սե-ւակի մասին, որ այդ օրերին Գրողների միութեան վարչութեան անդամ էր: Նաեւ Մկրտիչ Արմէնի մասին: Եթէ այդպէս է, նման վերաբերմունք մի գրողի գրքի հանդէպ, գրքի հրկիզումը, որ երեւի աննախադէպ է ժամանակակից պատմութեան մէջ, բացի նացիների Գերմանիայում (այն էլ ինչքան գիտենք փողոցում եւ ոչ թէ համալսարանում), ի՞նչ կապ ունի օրինակ Սեւակի ազգային մտածելակերպի հետ: Մի խօսքով, ինչո՞ւ տեղի ունեցաւ դա, ինչպիսի՞ գաղափարախօսութեան ու մտածելակերպի արդիւնքն էր, եւ արդեօ՞ք այդ մտածելակերպը այսօր վերացել է մեր միջից: Ի վերջոյ ամէն բան չի կարելի բացատրել որպէս թիւրիմացութիւն, կամ ամէն ինչ գցել ժամանակի սովետական իշխանութիւնների վզին:

Ինչի՞ց էին զայրացել "Այրւող Այգեստաններ"-ի հակառակորդները
Առաջին հերթին ասւում էր, որ Գուրգէն Մահարին պաշտպանում է ցեղասպանութեան պատմութեան թրքական տարբերակը, քանի որ մեղադրում է քաղաքական կուսակցութիւններին եւ մի տեսակ ազգային ազատագրական շարժումը համարում է ցեղասպանութեան պատճառներից մէկը. այդպէս էին յաւակնում նրանք: Ահա հատւած գրողների միութեան յայտարարութիւնից.
"Հեղինակը չհասկանալով պատմական իրադարձութիւնների իմաստն ու ժողովրդական պայքարի նշանակութիւնը, յանգել է անընդունելի, հակապատմական ընդհանրացումների, որ իբր հայ ժողովրդի մեծ ողբերգութեան պատճառը "բզեզների բունը անտեղի խառնելն է":
Դատապարտւում է Մահարին թէ ինչո՞ւ Վանի դիմադրութեան պայքարի օրերին զբաղւել է Աւանէս աղայի սիրավէպով, նրա սեռական յարաբերութեան նկարագրութեամբ եւ իբր թէ այսպիսով վարկաբեկել է Վանի դիմադրութիւնը: Եւ ինչո՞ւ նա չի նկարագրել Վանի ժողովրդի պայքարը թուրքերի դէմ:
Մահարին մեղադրւում էր այս մէկը սփիւռքում եւ դաշնակցականների կողմից, որ ինչո՞ւ Վանի դաշնակցականների ղեկավար Արամին ներկայացրել է որպէս կնամոլ անձնաւորութիւն:
Նրան մեղադրում էին նաեւ այն բանում, որ խօսել է հայ Մանասարեանի եւ թուրք Նանայի սիրոյ մասին եւ ինչու Նանայի ամուսնուն` միւդուրին, դրական կերպար է ներկայացրել:

Զայրացել էր թէ՛ սփիւռքը, թէ՛ Հայրենիքը
Թէ՛ դաշնակցականները, թէ՛ կոմունիստները: Թէ՛ ամբոխը, թէ՛ մտաւորականութիւնը: Ահա այսպիսի համատարած կատաղի զայրոյթ եւ հալածանք վկայում է այն մասին, որ այսպիսի հակառակ հակումները, ունէին մի գաղափարական ընդհանրութիւն, որն էր ազգային գաղափարախօսութեան մի նեղ ընկալում, որը աւելի յարմար կը լինի անւանել թրքատեացութիւն, եւ երկրորդ հակաժողովրդավարական խորն մտածելակերպը, ըստ որի եթէ չես հաւանում մի գրողի մտածելակերպը, իրաւասու ես նրան հալածել, նրա գիրքը այրել, նրանից պահանջել՝ ինքն իրեն դատապարտել եւ իր գրածը "վերանայել": Արդեօ՞ք այսպիսի մտածելակերպը այսօր վերացել է մեր միջից:
Գուրգէն Մահարին հաւատացած էր, որ "Այրւող Այգեստաններ"-ը գրում է իր քաղաքի՝ Վանի մեծարման համար, Վանի դիմա-դրական պայքարի զոհերի յիշատակը կենդանի պահելու համար: Գրքի զանազան հատւածներում նա Աւանէս աղայի բերանից հպարտանում է Վանի կռիւներին մասնակցող եւ այն ղեկավարող մարդկանցով: Աւանէս աղան հպարտանում է, որ իր երեխաները մասնակցում են կռւին, բայց նա որոշել է ամէն բան ընկալել ոչ թէ հմայւած մարդու տեսանկիւնից, այլ՝ մի մարդու, որ ոչ ամէն բանն է ընդունում, մի պահպանողական վաճառականի, որը մի տարբեր դիտանկիւն է, եւ չի տեղաւորւում կարծրատիպերի մէջ, եւ այդ պատճառով էլ դատապարտելի է դառնում բոլորի կողմից:

 

Յոյս թիւ 107

28 Սեպտեմբեր 2011