ԱԶԳԸ ԳՐՈՂԻ ԴԷՄ


Մարկ Նշանեան
 


... Ստորեւ կը բացատրեմ Գուրգէն Մահարու "Այրւող Այգեստաններ"-ը վէպի ընդունելութիւնը մի ողջ երկրի կողմից, հեղինակին վարկաբեկելու արշաւը ուղղակի ազգային արժանապատւութեան անունից , որը կազմակերպւեց 1967-ին անմիջապէս գրքի հրատարակութիւնից յետոյ, եւ այն անհաւատալի հարւածները ողջ բնակչութեան ձեռքով, սկսած հասարակ քաղաքացիներից մինչեւ մտաւորականները եւ նոյնիսկ իշխանութիւնը, որոնցից Մահարին տառապեց: Այս դէպքերը քսաներորդ դարում հայերի մտաւորական պատմութեան մասն են կազմում: Դրանք ոչ մի պատիւ չեն բերում նրանց, բայց այդուհանդերձ մի կարեւոր դրւագն են այն բարդ յարաբերութեան պատմութեան, որ հայերը հաստատում են իրենց անցեալի եւ ներկայի հետ:
"Այրւող այգեստաններ"-ի նիւթը Վանի վերջին տարիներն են. Քաղաքի դիմադրութիւնը թրքական բանակի եւ ամբոխի դէմ, որին հետեւում է վանի դատարկումը: Թւում է, որ Մահարին, իրենից առաջ շատերի նման, կատարում էր յիշողութեան գործ. Նա վերաստեղծում էր անցեալը, փորձում էր մոռացութիւնից փրկել մշտապէս անհետացած մի աշխարհ: Բայց նաեւ հաշւի էր նստում այդ անցեալի հետ, իր մանկութեան անցեալի հետ: Ի վերջոյ, նա պատմում էր մի աղէտի պատմութիւնը: Անհերքելի է, որ նրա թիրախը այն մարդիկ էին, ովքեր պատասխանատու էին այս աղէտի համար: Վանի վերջին օրերի պատմութեան մասին նրա պատումի յետին պլանում "ազգային ազատագրական" շարժումն է, զինեալ դիմադրութիւնը, Օսմանական կայսրութեան հայերի ոչնչացումը, եւ ի վերջոյ աղէտը: Վէպը արտայայտում է նոր պատմութեան մի մեկնաբանութիւն, մի անցեալ, որի հետ հայերը դեռեւս խնդիր ունէին: Վէպի շուրջ բարձրացած կատաղի վէճերը, նզովքը, հայհոյանքներն ու դատապարտութիւնները, հարցի տակ են տանում այս պատմութեան ամբողջութիւնը, բայց եւ միաժամանակ բացայայտում են հայկական հասարակութեան գործելակերպը 1967 թւականին: Այս դէպքերը հնարաւոր չէ հասկանալ սովետական ենթատեքստից դուրս, որը մօտ յիսուն տարիներ դադարեցրել էր աղէտի մասին ցանկացած աշխատանք, բոլոր տեսակի պատմագրական ուսումնասիրութիւն՝ ազատագրական շարժման մասին, անցեալը վերարտադրելու եւ այդպիսով այն յաղթահարելու որեւէ փորձ: Վէպի հրատարակումը արթնացրեց կրքեր, որոնք քնած էին մնացել երկար տարիներ: Այսօր, Վէպի որեւէ լուրջ քննարկում անհրաժեշտաբար կարթնացնի մի դար կուտակւած կրքեր, ատելութիւն, յուսախաբութիւն, միտումնաւոր մեկնաբանութիւններ, հաւատաքննութիւն, պարտադրւած տեսակէտներ, մտային նենգափոխում:
Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցաւ 1966-ին եւ 67-ին: Նախ, թոյլ տւէք մէջբերել հեղինակի կնոջ` Անտոնինա Մահարու յիշողութիւնները.
Գուրգէնն սկսեց գրել իր պատմական վէպը Վանի մասին, իր մանկութեան քաղաքի մասին, երբ շատ վատառողջ էր: Գրքի հիմնական մասը գրւեց Բալանկայում, ուր թարմ օդն ու մեղմ եղանակը նրան տալիս էին ստեղծագործական մղում: Նա շտապում էր: "Թող նախքան մեռնելս այս գիրքը աւարտեմ: Ցանկանում եմ մի բան անել սիրածս քաղաքի համար, աղէտի զոհերի յիշատակին":
Յամենայն դէպս Գուրգէնին յաջողւեց գրել իր դասական գիրքը, որը պիտի այդքան աղմուկ բարձրացնէր: "Այրւող Այգեստաններ"-ը նրան բերեց մեծ դառնութիւն եւ ցաւ, իսկ նրա բարեկամներին` յուսահատութիւն: Այդ արժէքաւոր գրական գործը ցեխում ոտնահարւեց: Անհնարին է նկարագրել այդ տգեղ արշաւը, որը կազմակերպւեց հիւանդ գրողի դէմ: Նրանք պատառոտեցին գիրքը, այրեցին այն: Քար նետեցին մեր պատշգամբին, ձմերուկի կճեպ, ամէն տեսակի կեղտ ու աղբ: Ցա-ւալի հեռախօսներ գրողին, անանուն գրութիւններ եւ նամակներ: Իհարկէ, ես շատ բաներ թաքցնում էի Գուրգէնից: Նա երբ իմացաւ, անչափ նեղացաւ. "Դու պիտի այս կեղտը փրկես պատմութեան համար: Ոչ մի բան մի՛ զեղչիր, ոչինչ մի թաքցրու ինձանից: Ես պիտի իմանամ ինչ է իմ սիրելի եղբայրների նպատակը: Գուցէ դա իմ ճակատագիրն է": Երբ դեռ Բալանկայում էր, Երեւանից նրան գրում էին. "Անիծւած թուրք, չփորձես վերադառնալ: Ամէն դէպքում, քեզ սպանելու ենք": Գուրգէնը վախենում էր վերադառնալ, բայց ես պնդեցի, որ վերադառնանք, նրան համոզեցի: Վերադարձանք Երե-ւան, նա շարունակեց աշխատել իր սենեակում, եւ փողոց դուրս չէր գալիս ...
Երբ նա գրում էր "Այրւող Այգեստաններ"-ը, Մահարին վերապրում էր իր յիշողութիւնները: Գիշերները` մղջձաւանջներ: Երազում տեսնում էր ջարդերի սարսափը: Այս սարսափելի յիշողութիւնները սաստկացրին նրա ցա-ւերը, այնպէս, որ հառաչում էր. "Սիրելի մայրիկ, ես մեռնում եմ":
Գուրգէնի մահից յետոյ, նրանք սկսեցին տանջել ինձ: Նրանք, վանեցիները, մեր սիրելի վանեցիները: Օրինակ, կէսգիշերին կը հեռաձայնէին ինձ. "Ինչո՞ւ այսքան ուշ ընկալուչը վերցրիր: Գիտես, դու ես իսկական մեղաւորը: Եթէ դու չլինէիր, նա տարբեր բան պիտի գրէր ...": Յետոյ կը հայհոյէին Մահարու յուշը: Անպէս, որ, ես էլ իմ բաժինն ստացայ: Նրանց ասում էի, եթէ բան ունեն ասելու Գուրգէն Մահարուն, թող գնան նրա ներկայի "Բնակավայրը" եւ գտնեն թէ ինչու նա գրեց այնպէս, ինչպէս որ գրեց:

Անտոնինա Մահարին, իր գրքի մի ուրիշ հատւածում, առանձացնում է Մահարուն վարկաբեկելու արշաւի կազմակերպողին, որպէս մի գրող, որ "անհետացաւ խորհրդաւոր պայմաններում", բնականաբար մատնանշելով Պարոյր Սեւակին: Ի պաշտպանութիւն վերջինի ասւել է, որ վարկաբեկման արշաւը այնքան համընդհանուր էր, որ կազմակերպողի կարիք չունէր:
...
Այսպէս, Մահարուց պաշտօնապէս պահանջեցին, որ հրաժարւի իր գործից: Հրաւէրը վերե-ւից էր, Կուսակցութիւնից, նրան մօտ ընկերոջ խողովակով: Գրողների միութիւնը պաշտօնապէս դատապարտեց Մահարուն եւ մի աւերիչ զեկոյց հրատարակւեց, կրկին նոյն պատճառաբանութեամբ. Մահարին պաշտպանում է պատմութեան թրքական վերսիոնը: Կազմակերպւած թէ ոչ կազմակերպւած, Մահարու հետաքննութիւնը ողջ 1967-ին աւելի թափ ստացաւ. Երեւանի համալսարանում գիրքը դատապարտելու նպատակով յատուկ հանդիպում տեղի ունեցաւ: Կոչ արւեց պետական հրատարակչական հաստատութեան շրջանառութիւնից հանել գիրքը: Վերջապէս, գիրքը հանդիսաւոր կերպով այրւեց հասարակութեան առջեւ: Դա Մահարու տարողութիւնից աւելի վեր էր: Իրականում արշաւը ունէր պաշտօնական, ինչպէս նաեւ ժողովրդական կողմ: Ողջ ազգը, ասես նրա արժանապատւութիւնը վիրաւորւած լինէր, ոտքի էր կանգնել գրողի եւ նրա վէպի դէմ: Արշաւը կործանիչ ազդեցութիւն ունեցաւ Մահարու վրայ: Քառասուն տարի նա իր վէպի կերպաները փայփայել էր իր մտքում, դիմացել էր բոլոր նւաստացումներին, Սիբիրից վերադարձել էր այն մտա-դրութեամբ, որ տեղի չտայ իրեն ճնշողների վրդովմունքի եւ քէնի առջեւ, եւ այժմ հոգեպէս ոչնչացել էր իր դէմ արշաւից: Անսպասելի էր, բայց նա ընդունեց վերանայել իր վէպը: Թւում է, որ նա այդ գործը կատարեց 1967-ի վերջերին եւ 1968-ի առաջին կիսամեակում: 1968-ի Յուլիսի 13-ին, իր ընկեր Լեւոն Հախվերդեանին գրեց. "Համաձայն եմ քո տւած բոլոր կարծիքների հետ (դա զարմացնո՞ւմ է քեզ): Ես վէպը չեմ փոխել: Այն վերամշակել եմ եւ յանձնել նոր տպագրութեան: Կարծում եմ դա կը գոհացնի քեզ": Գուրգէն Մահարին մահացաւ մի տարի յետոյ:
Վէպի ընդունումը սփիւռքում պակաս կատաղի չէր քան Հայաստանում: Այն միաձայնութեամբ դատապարտւեց, քանի որ պարզապէս դէմ էր գնացել պատմութեան ներկայացման հաւատարմօրէն պահպանւած հերոսական մի վարկածի, մի անխախտ դիմադրութեան, ազգային ազատագրական մի պայքարի, որը երբեմն ողբերգական, բայց բոլոր պարագաներում փառաւոր էր: ...
 

Հատւած "Աղէտի գրողները" գրքից
Անգլերէնից թարգմանեց` Ռ.Ս.
Վերնագիրը թարգմանչինն է:

Յոյս թիւ 107

28 Սեպտեմբեր 2011