1923 թւականին Թեհրանում լոյս տեսաւ Օմար Խայեամի, Բաբաթահերի եւ այլ պարսկերէն բանաստեղծութիւնների հաւաքածոն հայերէնով: Թարգմանութիւնները կատարել էր Յովսէփ Զ. Միրզայեանը, որը գրքի նախաբանում իր ափսոսանքն էր յայտնել այն մասին, թէ ինչու իրանահայերը դեռ չեն կարողացել խորապէս ճանաչել պարսիկ ժողովրդի մեծ մշակոյթը: 1963 թւին, թարգմանչի զաւակ, բանաստեղծ Զօրայր Միրզայեանը, հրատարակելով Օմար Խայեամի քառեակների՝ իր հօր միջոցով կատարւած թարգմանութիւնները, յարմար է գտել վերահրատարակել նաեւ գրքի "Ձօն Իրանահայութեան"-ը, եւ թարգմանչի ծաւալուն յօդւածը Օմար Խայեամի աշխարհայեացքի մասին, որոնք, ըստ Զօրայր Միրզայեանի, "... եւ ոչ մէկը չեն կորցրել իրենց այժմէականութիւնը": Ստորեւ ներկայացնում ենք այդ յօդւածից հատւածներ, եւ իրանահայերին ուղղւած "Ձօն Իրանահայութեան"-ը:
 

 

 

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ ԱՇԽԱՐՀԱՅԵԱՑՔԸ
(ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ)
 

Յ. Զ. Միրզայեան
 

Խայեամի շօշափած փիլիսոփայութիւնը նորութիւն չէ: Նրանից առաջ, եւ մանաւանդ նրանից յետոյ, աշխարհային հանգամանքների անկայուն բնաւորութիւնը, կեանքի անարժէք եւ վաղանց յատկութիւնը պարսիկ հեղինակները բազմապիսի ձեւերով ու ոճերով երգել են, բայց նրանց մեծ մասը, եթէ չասեմ ամբողջը, այդ մասին խօսել են որպէս գիտնականներ կամ քննադատներ, սակայն Խայեամն այդ նիւթի համար մի ինքնայատուկ, զգայուն, մելամաղձոտ եւ պատկերաւոր լեզու ունի: Նա մի քանի կարճ բառով այնպէս տիրապետում է ընթերցողի մտքին, որ նրան կատարելապէս համոզելով՝ իր տրամադրութեան իշխանութեան տակ է առնում: Յաճախ նրա տրամախոհութեան ձեւը այնքան գողտրիկ, եւ այդ քննաբանութիւնից առաջ բերած եզրափակումը այնքան հաճելիօրէն անակնկալ է, որ, կարծես թէ այդ յայտնութեան առաջ մարդ անձնատուր է լինում, եւ եթէ կարողանայ էլ՝ չի ցանկանում հակասել- մի գուցէ դրանով բեկանէ այն դուրեկան հմայքը, որ բնափոխել է ընթերցողի զգացմունքն ընտիր բառերի վարպետ հիւսւածքի ազդեցութեան տակ:
Խայեամը յաճախ է պատճառաբանում, եւ տրամաբանութիւնը թէեւ զուտ մտքի ծնունդ է, եւ խօսում է մտքի հետ, բայց այս հազւագիւտ տաղանդի գրչի տակ կարծես հրաշքով դարձել է զգացումներ յեղաշրջելու, համակւում է կարծես ինչ-որ արբեցուցիչ նիւթի ազդեցութեամբ:
Խայեամի միտքը վերին աստիճանի ազատ է եւ յանդուգն: Նա իր փիլիսոփայութեան ճշմարտութիւնն ապացուցելու համար մի քանի բառով փշրում է կրօնական շատ սկզբունքներ եւ սրբազանացած աւանդութիւններ:
Կրօնապետները նրա համար վարձկան կեղծա-ւորներ են եւ արիւնռուշտ մարդահալածներ:

Մի կրօնապետ մի կնոջ ասաց.- "Հարբած ես, ո՜վ կին. ամէն րոպէ դու անարգ հիւր ես մէկի հաճոյքին":
Իսկ կինն ասաց.- "Ո՜վ սուրբ մարդ, ինչ ասացիր, այդ կա՛մ ես, բայց ինչ որ ցոյց ես տալիս, արդեօք դու էլ կա՞ս այդպէս:

Ո՜վ մեր քաղաքի արդար դատաւոր,
Չես կարող լինել դու մեզ չափ աննենգ
Եւ մենք անդադար հարբելով հանդերձ,
Քեզնից աւելի ըզգաստ ու լուրջ ենք:

Խմում ենք մենք միշտ արիւնը որթի,
Միշտ մարդկանց արեամբ հարբում ես միշտ դու:
Անաչառ դատի՛ր, արդեօք մեզանից
Ո՞րն է աւելի վատ արիւնարբու:

Իսկ կրօնքի արտաքինը ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ մի սանձ՝ յիմարների եւ վայրենիների համար:

Տօնն եկաւ, եւ այժմ մեր բանը լաւ է,
Սաղին հին զինով կուժը կը լեցնի.
Ծոմը՝ դնչակալ, եւ աղօթքը՝ սանձ՝
Տօնն այս էշերի գլխից կը հանի:

Նա նոյնիսկ չի քաշւում բանակռւի եւ վիճաբանութեան մէջ մտնել գերագոյն էակի հետ, եւ աւանդութիւնն ասում է, որ մինչեւ անգամ Աստւած ընդունեց նրա տրամաբանութեան ճշմարտութիւնը եւ նրա երեսի կէսը, որ սեւացրել էր, նրան պատշելու համար, նորից սպիտակեցրեց:
Ահա այդ նշանաւոր քառեակը, որի պատճառով Խայեամի կէս երեսը սեւացաւ:

Անօթն իմ գինու, Տէ՜ր իմ, կոտրեցիր,
Դուռը ցնծութեան գոցեցիր դէմքիս,
Թափեցիր գինիս՝ վարդի պէս կարմիր,
Հարբա՞ծ ես, Տէ՜ր իմ, հո՜ղը գայ բերնիս:

Եւ ահա այն տողերը, որոնցով որպէս թէ նա ներում է խնդրում Աստւածից, եւ որոնց պատճառով դարձեալ նրա երեսը սպիտակում է եւ դառնում է առաջւայ նման:

Ասա՛ ինձ խնդրեմ, ո՞վ է աշխարհում, որ մեղք չունենայ,
Այն մահկանացուն, որ մեղք չգործեց, ինչպէ՞ս ապրեց նա,
Ես վատ եմ անում, եւ դու ինձ վատով պատժում ես, ո՜վ Տէր,
Ասա՛ ինձ խնդրեմ, ապա ես եւ դու ինչո՞վ ենք տարբեր:

Այս բառերով, ինչպէս տեսնում էք, Խայեամը ստորաքարշ ներողութիւն չի խնդրում Աստւածանից, այլ հանդէս է գալիս ընդդիմախօսութեան հզօրութեամբ եւ արդարադատութեան պահանջի համարձակութեամբ:
Եւ սակայն չի կարելի ասել որ Խայեամի անվախ վերաբերմունքը դէպի գերագոյն էակը առաջ է գալիս նրանից, որ նա անհաւատ է կամ թերահաւատ: Խայեամն անպայման նրանցից է, որոնք մեծ արժէք չեն տալիս կրօնական կեղեւային սկզբունքներին եւ ծէսերին, բայց ինչ վերաբերում է Աստծուն, նա խորապէս երկիւղած է, եւ վստահօրէն կարելի է ասել, որ նրա յանդուգն ոճը Աստծոյ հետ խօսելիս աւելի շատ հիմնւած է անխախտ հաւատքի վրայ քան անհաւատութեան:
Նա Աստծոյ առաջ ներկայանում է եւ իր դատը փաստաբանում ինչպէս սահմանադրական երկրի մի քաղաքացին կը ներկայանար իր Վեհապետի առաջ, իր իրաւունքներին գիտակից մարդու նման, որ պաշտպանւած է անսասան օրէնքների անխորտակելի պատնէշներով:
Նա հպատակը չէ՛ մի ինքնակալ բռնապետի, որ չգիտէ որպիսի՜ քմահաճ եւ անակնկալ պատիժների կարող է դատապարտւել թագաւորի կողմից:
Ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է ըմբռնել այս տողերը.

Եթէ ես մեղք չը գործեմ, Աստծոյ գութին ի՞նչ
կարիք
Շնորհիւ մեղքիս է միայն, որ գութն ունի
արժանիք:
-
Աստւած, որպէս մի վարդի, պճնեց ու մեզ հոգ
տարաւ,
Գիտէր թէ մեր գործերից ի՛նչ դուրս կը գայ- վատ ու
լաւ:
Կա՞յ մի յանցանք, որ գործենք առանց Նըրա
հրամանի,
Ապա ուրկի՞ց դուրս եկաւ հուրն ու տանջանք
գեհենի:
Հարիւր տարի իբրեւ փորձ, մեղք կը գործեմ ես
ազատ,
Կա՛մ, գութդ է շատ իմ մեղքից, կա՛մ քո գութից
մեղքս է շատ:

Ինչպէս պարզ երե-ւում է այս տողերից, նա մի անդրդւելի հա-ւատք ունի դէպի Աստծոյ ամենողորմութիւնը, եւ հէնց այդ պատճառով նա չի կարողանում մի րոպէ ենթա-դրել, որ այդ անհուն գութը կարող է ընկճւել կամ պարտւել բանաստեղծի հարիւր տարւայ սահմանափակ մեղսագործութիւնից, թէկուզ դիտմամբ էլ արւած լինեն նրա յանցանքները, եւ նրան յանձնել յաւիտենական գեհենի հուրին: Մանաւանդ, որ Անեմաիմաստունը- որին նա դարձեալ խորապէս հաւատացած է- գիտէ թէ բանաստեղծը մեղք է գործելու:

Ամենագէտըն ըսկզբից գիտէր կը խմեմ գինի,
Եթէ չը խմեմ Նըրա գիտութիւնն անճիշտ կը լինի:

Նա աւելի առաջ է գնում, ընդունելով Աստծուն իբրեւ իր արարիչը եւ ասում.-

Ես ի՞նչ անեմ, շաղախել ես Դո՛ւ կաւն իմ
Ես ի՞նչ անեմ, Դո՛ւ ես գործել կտաւն իմ
Ի՞նչ լաւ ու վատ, որ ինձանից է գալիս,
Ես ի՞նչ անեմ, դու ես գրել ճակատիս:

Պաշտպանելով իր իրաւունքը գթառատութեան գահի առաջ պատժազերտ մնալու համար, նրա մտքի տրամադրութիւնը դէպի այդ յաւիտենական ողորմածութիւնը, եւ սակայն, չէ անպատկառ կամ ըմբոստ: Ո՛չ, նրա մտքի գերազանց ճկունութիւնը կայանում է նրա մէջ, որ իր տկարութիւնը հզօր զէնք դարձրած՝ դատավարութեան մէջ է մտնում իր Ստեղծողի հետ:
Նա թէեւ ինքն իրեն արդարացնում է, բայց եւ այնպէս նրա յաղթութիւնը զուրկ է փառքից եւ պարծանքից: Ընթերցողը գուցէ կարողանայ սքանչանալ նրա հանճարի վրայ, որ նա մեղքը եւ թուլութիւնը - երկուսն էլ դատապարտելի եւ պարտելի թերութիւններ - միջոց է դարձնում իր ձեռքում փայլուն կերպով իր իրաւացիութիւնը ապացուցելու համար, երբ ներկայանում է հաշւետւութեան օրը: Բայց ինքը, բանաստեղծը ամաչում է իր տարած յաղթանակից:

Ասենք թէ դու ներեցիր՝ ասածս ամէն քեզ ընդդէմ,
Այն ամօթից, որ գիտես ի՛նչ եմ արել՝ ի՞նչ անեմ:

Թէեւ ինչպէս վերն ասացինք Խայեամը թերահաւատութեամբ է վերաբերւում դէպի մահմեդականութեան ուղղափառ դոգմաները եւ ոչ միայն յարգանք չունի դէպի կրօնի ընչաքաղց ու մարդահալած վարդապետները, բայց ինքն ունի մի հաստատուն դաւանանք եւ ահա՛ նրա հաւատամքը.

Աստւած է հոգին համայն տիեզերքի,
Տիեզերքը համայն՝ մարմինը Նըրա
Դասերն ու կարգերն հըրեշտակների
Ըզգայարանն են այդ կազմի հսկայ:
Երկինքը տարերք, եւ անդամներն էլ
Թագաւորութիւնն են այդ բնութեան:
Միաստւածութիւնն հէնց այս է, որ կայ,
Եւ խաբէութիւն՝ ամէն ուրիշ բան:
 

 

Յոյս թիւ 105

24 Օգոստոս 2011