ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԻՐԱՆԱՀԱՅ ԲԼԲՈՒԼ ԱՇՈՒՂ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ

ԵՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԱԿ OԲԱՄԱՅԻ ՄԻՋԵՒ

 

"Յոյս"-ի համար 94-ում հրատարակւած Ծատուրօղլու հետ մեր մուզիկալ հարցազրոյցից յետոյ" լուր չունէինք մեր համայնքի մշակութային կեանքի պարտէզի անւանի բլբուլ Աշուղ Ծատուրօղլուց, մինչեւ սրանից մի շաբաթ առաջ, երբ յանկարծ ինբաքս-ում տեսնում եմ ի-մէյլ կայ tzadooroghli@gmail.com-ից: Բացում եմ ի-մէյլը եւ կարդալով այն, հասկանում եմ նրա քանիամսեայ լռութեան պատճառը: Այսպիսի մեծ մարդիկ իզուր չեն լռում. երբ ձայն չկայ նրանցից, մի կասկածէք, որ զբաղւած են յոյժ կարեւոր գործերով: Ի-մէյլին կցւած էր ԱՄՆ-ի նախագահին հասցէագրաւծ Իրանահայ աշուղի նամակը եւ Օբամայի պատասխանը նրան: Նաեւ այդ նամակների փոխանակութիւնից յետոյ գրւած աշուղի տաղը: Թէ ինչ աստիճան կարեւոր թեմաներ են քննարկւել այդ նամակներում, դժւար է չափազանցել: Ահա կարդացէք եւ տեսէք, ինչ յանդգնութեամբ է Ծատուրը պահանջել մեր ժողովրդի իրաւունքները: Վերջին տաղը, իհարկէ, գրւել է յատուկ պայմաններում, Բեն Լադենի սպանութիւնից մի առ ժամանակ յետոյ, երբ աշուղը մի քիչ զգուշացել է, մի քիչ փոշմանել իր ցուցաբերած յանդգնութիւնից: Ինչ որ է, տպագրութեան ենք յանձնում բանաստեղծութիւնների բնագրերը, թող ընթերցողը ինքը կարդայ ու զարմանայ:
 


ԲԱՐԵՒԱԳԻՐ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒՑ ԲԱՐԱՔԻՆ

 

 

Մէ խօսք ունիմ իլթիմազով, թէկուզ մէ քիչ դառն, Օբամա,
Անգաճ արա, մատաղ իմ քիզ, հանի սրտիս խարն Օբամա,
Աշխարն աշխարով կշտացաւ, ես քեզանից սով մնացի,
Սրտումս ինթիզար ունիմ, օր ասես էն բառն Օբամա:

Ամօթ է, մա ՛րդ, խօսք իս տւի, արի Բարա ՛ք, խօսի բառըն,
Ինչ իս շիտակ խօսքը ծռում, տանում գցում ձորն ու սարըն,
Դուն էն գլխէն իմաստուն իս, մի գցի քու էյթիբարըն.
Լրանում է արդէն դարըն, թափիր գոքիդ քարն, Օբամա:

Ջղերիս հիդ խաղ իս անում, չիս նայում իմ դժար հալին,
Հէնց ասելու վախտն ի գալի, տալիս իս մեխին ու նալին,
Արի տղամարդու նման մէ անգամ էլ խփի խալին,
Էն ինչ պիտի ասես, ասա ՛, տու ՛ր իմ Մասիս սարն, Օբամա:

Է ՜յ ադալաթ հուքմի- հեքիմ, քու դռանն իմ կանչում հարա,
Ասա ՛, միզ իդ ի ՞նչ իս կամում, բալքամ դարդիս անիս չարա,
Մագամ ի ՞նչ իմ ուզում քիզնից, իմ ուզածը մէ հատ բառ ա,
Թէ վուր ասիս, գովքդ կոսի իմ չունգուռի լարն Օբամա:

Ծատուրօղլին ասաւ.- զալում, խիլքըդ Գիւլին բաբ մի անի,
Խօսք իս տւի, խօսքիդ կացի, ստով քիզ խարաբ մի անի:
Էրդողան ու Գիւլի խաթիր հարցն օրակարգից մի հանի:
Ասա ՝,- գրողը քիզ տանի,- վերջացրու էս ջառն, Օբամա:
 


ՕԲԱՄԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒՆ

 

Նամակդ ստացիլ իմ, ո ՜վ Ծատուրօղլի,
Խօսքիրդ նման ին նաբաթ ու նողլի,
Լիզուդ շաքար ունիս, լամզով կու խօսիս,
Առջիւըդ լոնգ գցի պիտի Քեօռօղլին:

Դուն շատ ուրբաթախօս ու սրամիտ իս,
Չիմ ասի, թէ ախմախ ու միամիտ իս,
Համա politics-ից հեչ բան չգիտիս,
O, I beg your pardon,ո՜վ Ծատուրօղլի:

Խփում իս համաշա միեւնույն լարին,
Գովք իս ասում անվերջ քու Մասիս սարին,
Նազլու եարը թողած կպիլ իս բառին,
I am for you sorry,ո՜վ Ծատուրօղլի:

Ախար չիս հասկանում, որ էդ մէ բառըն
Ոնց որ իմ հեծած ջուխտ ձիու օֆսարըն,
Թէ ձիռից թողեցի ինձ կուտան քարըն,
Did you understand?!,ո՜վ Ծատուրօղլի:

Հիմի որ կողմով օր ուզում՝ քշում իմ,
Յիփ տռտիգ ին տալի, սանձը քաշում իմ,
Էրկուսի հուքին էլ հալում մաշում իմ,
Էս էլ քանի՜ տարի,ո՜վ Ծատուրօղլի:

Բլբուլ իս էլի ու մտիլ իս բաղն,
Հալա դիռ չիս մարսի դուն Ղարաբաղն,
Հիմի էլ ուզում իս քու Աղրի դաղն,
Ախորժակիդ մեռնիմ, ո՜վ Ծատուրօղլի:

Մէկ էլ տեսար գլխիդ կը փչի հովն,
Կելնիս ինձնից կուզիս դու ծովից-ծովն,
Թէ վուր ուզիմ էրթամ յիս քու խաթրովն,
Խաղը‘ս տանուլ կուտամ, ո՜վ Ծատուրօղլի:

Դուն իսկի չիս գիդի խաղի կանոնն,
Ասում իս ծովից-ծով թամամն ի քոնն,
Ստորագրիլ է Վուդրօ Վիլսոնն,
Գնա, իւրնից ուզէ, ո՜վ Ծատուրօղլի:

Ծատուր ախպօրս ասիմ, գլուխս խառն է,
Գանգումս գլոբալ թամամ աշխարն է,
Դուն հէնց գիդիս դարդս էտ քու մէ բառն է,
O, don’t be so funy, ո՜վ Ծատուրօղլի:

Յիս մեր նոր աշխարքի քարտէզն իմ գծում,
Նաֆտի լուլի համար ճամփայ իմ բացում,
Դուն էլ քիզ առանց նաֆտ մէջտեղ իս քցում,
It is not kind of you, ո՜վ Ծատուրօղլի:

Արի, Ծատուր ինձնից մալուլ մի կենայ,
Չունգուռդ առ մէ ոտ Անտալիա գնա,
Մտի ծովը էրված սիրտդ հովանայ,
Take it easy my dear, ո՜վ Ծատուրօղլի:

Դէ, կէս քշեր էլաւ, քնելու ժամ ա,
Պիտի բայ-բայ ասեմ յիս քիզ ակամայ,
Մաղթում իմ քաղցըր քուն, անու՜շ երազնիր,
Տաք-տաք համբոյրներով, Բարաք Օբամա
 

 

ՏԵՍԱՐ

 


Տեսա ՞ր, Ծատուրօղլի, էդ հոքաւորին,
Անունը էլ ես չեմ ուզում տամ նորից,
Յանկարծ վեր չկենայ, բադ ազ տաս տարի
Բեն Լադենի նման գայ քեզ էլ ճարի.
Կամ թէ ուզես էրթաս դու էլ Ամրիկա,
Կողին ընկնի ու քիզ ասի.- Չէ՛, մի գայ,-
Քանի հիդ իմ ասի, խիլքիդ խիլք ասա,
Քիզ չկապւող բանի մասին մի խօսայ,
Ազգի գործերի մէջ քիթդ մի կոխի,
Ախր, դու տակն իս, թէ՞ գլուխը սոխի,
Ո՞վ իս դուն, օր նստում, ղալամ իս սրում,
Բարաք Օբամային նամակ իս գրում,
Վիլ արա,Ծատուր ջան, գնա քու բանին,
Դուն աշուղ՝ ծառայ իս Մշոյ Սուլթանին:

Դու էլ, ժողովուրդ ջան, լսի իմ կոչը,
Արի ՛, վիլ արա էդ Բարաքի պոչը,
Նամարդի մննաթը իզուր մի քաշի,
Օտարների դռան շեմը մի մաշի,
Մոռացի իլթիմազն ու աղաչանքը,
Ձեռումըդ պինդ պահի թուրն ու թֆանքը:
Ու թէ թֆանք չունիս, էլի՛ խելացի,
Աշխարում քու դոստ ու դուշմանն իմացի,
Էսքան դիմացիլ իս, քիչ էլ դիմացի:
Քու լաւ օրն էլ կը գայ, տեղդ պինդ կացի:

 

«Յոյս» թիւ 102

13 Յուլիս 2011