ՅՈՅՍ ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԱՐՏՕՆԱՏԻՐՈՋ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿԸ
ԻԻՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՒ ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՎԱԽ ՈՒ ՏԱԳՆԱՊՈՎ ՀԱՄԱԿՒԱԾ ԹՌԻՉՔ, ԵՒ Ի ՎԵՐՋՈՅ ՄԱՀ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Երբ ինքնաթիռի ուղեւորը անձնագրային ու անվտանգութեան ձեւականութիւնները կատարելուց յետոյ Իրան-էյր-ի, Էյր-Ֆրանս-ի կամ ԼուՖթանզա-ի պէս ճանաչւած ընկերութիւններին պատկանող ինքնաթիռն է մտնում, նրաց ներսը տեսնելով, ապահովութիւն ու հանգստութիւն է զգում, եւ գիտի, որ իր եւ իր ուղեկիցների կեանքը վստահելի, յանձնառու եւ պատասխանատու հաստատութեան է յանձնել։
Իսկ թռիչքը՝ ՏՈՒ-154 ինքնաթիռով
Ուղեւորը, երբ ՏՈՒ-154 ինքնաթիռ բարձրանալու հրաւէր է ստանում, տոմսը ստուգւելուց յետոյ, երբեմն տելեսկոպային կամրջից անցնում եւ ինքնաթիռ է մտնում, իսկ շատ յաճախ ստիպւած է երեք կամ չորս յարկ իջնել, իսկ վերադարձին նոյն ընթացքը զառիվեր բարձրանալ։ Եւ սա բոլորին է վերաբերւում՝ տարեց թէ երիտասարդ, հիւանդ թէ առողջ։ Իսկ երբ մարդ ներս է մտնում, առաջին իսկ հայեացքից աչքի է ընկնում ինքնաթիռի հնութիւնը. պոկւած մոկետներ, մաշւած ու տեսքը կորցրած նստարաններ, որոնցից որոշների վրայ գցել են սպիտակ կտորներ, որպէսզի ծածկեն նրանց վատ վիճակը։
Երբեմն, երբ արդէն ուղեւորը տեղաւորւում է իր նստարանին եւ ցանկանում է թիկնել, յանկարծ թիկունքում դատարկութիւն է զգում, ստիպւած ուղեկցորդուհուն է կանչում, որ նա էլ իր հերթին, ըստ սովորութեան՝ օգնութեան կանչելով իր տղամարդ գործընկերոջը, միասին կարգի են բերում նստարանը։ Եւ կամ երբեմն էլ ինքնաթիռի բարձրանալուց յետոյ, նստարանը դէպի ետ չի թեքւում, որպէսզի ուղեւորը հանգստանայ։ Թռիչքից րոպէներ անց շարժիչից լսւում է այնպիսի մի ձայն, որը չգիտես բնական է թէ անբնական։ Ուղեւորները հայեացքներ են փոխանակում, որից պարզ երեւում է, որ բոլորը վախենում ու մի անախորժ դէպքի են սպասում։ Ի վերջոյ ճուտ ու փլաւն ուտելուց յետոյ, յայտարարւում է, որ ինքնաթիռը վայրէջքի է պատրաստւում, որից ուղեւորները աւելի են հանգստանում եւ վերջապէս ինքնաթիռը ողջ եւ առողջ վայր է իջնում։
Սա է այն բոլորն, ինչ մշտապէս կատարւում է մաշւած Տոպոլովի իւրաքանչիւր թռիչքի ժամանակ, որի ուղեւորներից մէկն եմ նաեւ ես՝ առնւազն ամիսը մէկ անգամ։ Ուղեւորը սրտի խորքում զգում է տիրող անապահովութիւնն ու վտանգի առկայութիւնը։ Եւ ի վերջոյ 2009 թւականի Յուլիսի 15-ին, որն համընկնում էր իրանական 1388 թւականի Թիր ամսի 24-ին, համար 7908 չւերթն իրականացնող Տոպոլով ինքնաթիռը, Էմամ Խոմէյնի օդանաւակայանից բարձրանալուց 16 րոպէ անց, առաւօտեան ժամը 11-ին կործանւեց Ղազւին քաղաքի մօտակայքում՝ խլելով 168 անմեղ զոհերի կեանքը։

Իւրաքանչիւր աւիավթարի դէպքում պէտք է յայտնաբերել վթարի պատճառները։ Այս պարագայում ինքնըստինքեան բացառւում են երկու կարեւոր գործօններ՝ անբարենպաստ եղանակը եւ, Աստւած մի արասցէ, խափանարարական գործողութիւնը։ Ուստի այս ողբերգական վթարի դէպքում պէտք է անդրադառնալ երկու միւս գլխաւոր գործօններին՝ առաջինը` մարդկային գործօնը, որը վերադառնում է օդաչուի, նրա օգնականի եւ ընդհանուր առմամբ տեխնիկական անձնակազմի՝ օդանաւը ղեկավարելու ընթացքում թոյլ տւած սխալին, եւ երկրորդ՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքութիւնը։
Առաջին գործօնի, այսինքն՝ օդաչուի վերաբերեալ, պէտք է ասել, որ կապիտան Մասումին, Իրանի լաւագոյն օդաչուներից էր, որը մեծ փորձ ունէր յատկապէս Տոպոլով ինքնաթիռի եւ այն էլ Հայաստանի թռիչքի գծով։ Անձամբ անգամներ նրա վարած ինքնաթիռի ուղեւորն եմ եղել եւ ողջ ու առողջ տեղ եմ հասել, եւ ընդհանուր առմամբ ուղեւորը նրա ներկայութեամբ իրեն հանգիստ ու ապահով էր զգում։ Ուրեմն ակնյայտ է, որ խնդիրը ինքնաթիռի տեխնիկական անսարքութիւնը, եւ տեխնիկական պարտադիր կանոնների ու տւեալ ինքնաթիռի ստանդարտների անտեսումն է եղել։
Աշխարհում ամէն օր հարիւրաւոր օդակայաններից հազարաւոր թռիչքներ են իրականացւում, որոնց երաշխիքը՝ թռիչքային անվտանգութեան կանոնների լիակատար յարգումն է՝ ինքնաթիռը անհրաժեշտ պահեստամասերով ապահովելը եւ թռիչքային սահմանւած ժամի յարգելը կամ թէ իւրաքանչիւր թռիչքից յետոյ անվտանգութեան պարտադիր ստուգումներ կատարելը։
Սոյն ինքնաթիռի անկման օրը, քանի որ զոհերի թւում էին նաեւ Հայաստանի հինգ քաղաքացիներ, ընդ որում ինքնաթիռի անձնակազմի երկու տեխնիկները, Հայաստանի հեռուստատեսութիւնը հարցազրոյց էր կատարել այդ երկրի թռիչքային անվտանգութեան վարչութեան պետի եւ այլ մասնագէտների հետ, որոնք բոլորն էլ համակարծիք էին, որ ինքնաթիռի մէկ շարժիչը առանց պատճառի չի կարող հրկիզւել եւ դա հնարաւոր է միայն այն դէպքում, երբ շարժիչը նախապէս ինչ-որ անսարքութիւն ունեցած լինի, որն անտեսւի տեխնիկական ստուգումների ընթացքում։
Թռիչքային ապահովութեանն առնչւող խնդիրները թէեւ շատ ժամանակ են խլում, բայց եւ չպէտք է այն զոհ գնայ անապահովութեանը, յատկապէս ամառային թռիչքների պարագայում, երբ ուղեւորների թիւը բարձրանում եւ ճամբորդութեան ու օդանաւերի կարիքը աւելի է մեծանում։
Կասպիան ընկերութիւնը իր շաբաթական երկու թռիչքները (երկուշաբթի եւ հինգշաբթի) դարձրել է 5 թռիչք։ Իսկ արդեօք ինքնաթիռների քանակն ու նրանց տեխսպասարկման համար անհրաժեշտ ժամանակը նկատի՞ է առնւել, թէ՞ ոչ։
Խիստ ճշգրտութիւն պահանջող ու դժւարին է աւիաընկերութիւնների աշխատանքը։ Ինքնաթիռները անպայման պէտք է տարւայ ընթացքում մի քանի անգամ ստուգւեն միջազգային ճանաչում վայելող, անաչառ ընկերութիւնների կողմից, եւ նրանց տեխնիկական սարքին լինելու հիմամբ համապատասխան վկայականներ տրւեն։ Արդեօք այս ինքնաթիռների վերաբերեալ նման փաստաթղթեր գոյութիւն ունե՞ն։
Նախկինում եւս Կասպիան աւիաընկերութիւնը Մաշհադ-Թեհրան, Իսֆահան-Դամասկոս, ինչպէս եւ Քիշ-Թեհրան թռիչքների ժամանակ տեխնիկական խնդիրներ էր ունեցել։ Արդեօք սրանցից իւրաքանչիւրը տւեալ աւիաընկերութեան տնօրէններին ուղղւած մի ազդարարութիւն չէ՞ր, որպէսզի դադարեցնէին այդ ինքնաթիռի թռիչքները եւ վտանգի չենթարկէին անմեղ ուղեւորների եւ սիրելի անձնակազմի կեանքը, որոնք ամէնօրեայ վտանգաշատ թռիչքների ընթացքում անձնազոհաբար ծառայում են ուղեւորներին եւ բարեկամական ժպիտով ջանում ծածկել ինքնաթիռի բոլոր թերութիւնները։ Այդ սիրելիները իրենց ո՞ր մեղքի համար էր, որ պիտի այդ ծաղկման տարիքում այդպիսի դաժան ճակատագրի արժանանային։
Աւիաընկերութիւն ունենալն ու ղեկավարելը մեծ պատասխանատւութիւն ու զգուշութիւն պահանջող աշխատանք է։ Այն հանրակառքային միջքաղաքային ընկերութիւն չէ, որ ինչպէս ուզում են, այնպէս էլ ղեկավարեն եւ տէրերի հաճոյքով շարժւեն։ Օդանաւորդական ընկերութիւնները ըստ միջազգային կանոնների ու օրէնքների են աշխատում։ Ներկայիս աշխարհը կառավարւում ու շարժւում է զանազան տեխնիկաներով ու տեխնոլոգիայով, որոնց չհետեւելը՝ ուղեւորների ու անձնակազմի նման վախճանին է յանգում։
Իրանի օդանաւորդական կազմակերպութիւնը գործունէութեան արտօնութիւն ու թոյլտւութիւն տալով մասնաւոր ընկերութիւններին, որոնք ընդհանրապէս օգտագործում են մաշւած ու հին, յատկապէս ռուսական օդանաւեր, արդեօք տեղեա՞կ է տւեալ ընկերութիւնների ղեկավարութեան այդ բնագաւառում ունեցած ացեալի ու փորձի, եւ նրանց օդանաւերի ինչպիսութեան մասին։
Այնպիսի մի երկրում, որի առեւտրի նախարարութիւնը արգելել է նոյնիսկ մէկ տարի օգտագործւած մարդատար ու բեռնատար մեքենաների ներմուծումը, ինչպէ՞ս է, որ նման հին ինքնաթիռների օգտագործման թոյլտւութիւն են ստանում։ Արդեօք այս երկրի ժողովրդի ու մեր հայրենակիցների կեանքը այնքան թանկ չարժէ՞, որ նոր ինքնաթիռներից օգտւեն։ Արդեօք Ռուսաստանը, որ տարեկան միլիարդաւոր դոլարներ շահ է ստանում մեր երկրից, չի՞ կարող մի քանի նոր արտադրւած ինքնաթիռներ վաճառել Իրանի Իսլ. Հանրապետութեանը։ Արդեօք ճի՞շտ է տարածւած այն շշուկը, որ հէնց այս կործանւած օդանաւը գնւած է եղել մեր հարեւան երկրից, որն այլեւս անկարող է եղել այն պահել։
Ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառով է Իրան-Հայաստան՝ այս կարեւոր չւերթը մենաշնորհ դարձել։

Իրանի ճանապարհների ու փոխադրութեան յարգարժան նախարար,
Ինքնաթիռի կործանման աղէտի զոհերի հարազատները մեզ հարցնում են, թէ իրենց ո՞ր մեղքի համար էր, որ երկրի ջուդոյի այդ արտակարգ մարզիկները, ինքնաթիռի քաջ անձնակազմը, տասնեակ մտաւորականներ, տասնեակ զբօսաշրջիկներ, առեւտրականներ ու պետական պաշտօնեաներ, կանայք ու մանուկներ պիտի փոշիանային Թիրի 24-ի աւիավթարի հետեւանքով եւ ինչո՞ւ պէտք է այդպէս ոչնչանային։
Խնդրում եմ, կարգադրել, որ այս կապակցութեամբ անհրաժեշտ հետաքննութիւնը կատարւի, եւ ժողովրդին ու ուղեւորներին տրւի ընտրութեան՝ քաղաքացիական ամենատարրական իրաւունքը, որպէսզի ընտրեն իրենց ցանկացած օդանաւորդական ընկերութիւնն ու ինքնաթիռը, եւ այդ չւերթը եւս հանել մենաշնորհեալ ներկայ կարգավիճակից։
Ես աւելի քան 72 տարի է, ինչ ապրում եմ Թեհրանում, բայց մինչ օրս հայոց գերեզմանատանը ականատեսը չէի եղել նման սրտաճմլիկ մի տեսարանի, որը տեսայ երկուշաբթի, Թիրի 29-ին, Մաըբաս տօնի օրը։ Հայ համայնքի համար սա մի ողբերգութիւն էր, որը ոչ մի կերպ չի կարելի փոխհատուցել։

Ճանապարհների ու փոխադրութեան յարգարժան նախարար,
Խնդրում ենք Իրանի ազնիւ ժողովրդին ազատէք այս չարաբաստիկ ու անցանկալի ինքնաթիռներից, եւ դադարեցնելով նրանց օգտագործումը՝ Իրանի մաքուր ու լազուր երկինքը սրբէք նրանց աղտոտ գոյութիւնից։

Կանխայայտ շնորհակալութեամբ
Յոյս երկշաբաթաթերթի արտօնատէր
Լեւոն Ահարոնեան

Յոյս թիւ 55
29 Յուլիս 2009