Երբ սինեման սկսեց զբաղւել փիլիսոփայութեամբ
Ինգմար Բերգմանի եւ Միքէլ-Անջելօ Անտոնիոնիի մահւան առիթով


Ընթացիկ տարւայ Յուլիսի 30-ին, մի քանի ժամւայ տարբերութեամբ մահացան ժամանակակից սինե-մայի երկու աշխարհահռչակ վարպետներ՝ իտալացի Միքէլ-Անջելօ Անտոնիոնին 94 եւ շւեդացի Ինգմար Բերգմանը 89 տարեկան հասակում։ Անտոնիոնին եւ Բերգմանը լինելով Եւրոպայի գեղարւեստական սինեմայի մեծագոյն բեմադրիչնե-րից, իրենց ստեղծագործութիւններով մեծ ազդեցու-թիւն ունեցան ժամանակակից արւեստի եւ ընդ-հանրապէս համաշխարհային մշակոյթի վրայ։ Նրանք պատկանում էին այն ժամանակաշրջանին, երբ սի-նեման յայտնապէս գրաւեց իր արժանի տեղը արւեստի բնագաւառում՝ ոչ միայն որպէս ժամանցի կամ զւարճալիքի միջոց: Բեմադրիչը բարձրանալով սցենարը պատկերի վերածող լոկ տեխնիկ-մասնա-գէտի կոչումից տիրացաւ ֆիլմի հեղինակի տիտ-ղոսին։ Երբ Անտոնիոնին ու Բերգմանը մէկը միւսի ետեւից ստեղծում էին իրենց գլուխ գործոցները՝ Բերգմանը՝ Եօթերդ կնիքը (1957), Վայրի ելակները (1957), Լռութիւն (1963), Պերսոնա (1966), Ճչեր ու շշունջներ (1972), իսկ Անտոնիոնին Ճիչը (1957), Արկածը (1960), Գիշերը (1961), Խաւարումը (1962) եւ Ագրանդիսմանը (1966), եւրոպական սինեմա հասկացութիւնը օր-օրի աւելի մեծ ընդունե-լութիւն էր գտնում համաշխարհային մտաւորա-կանութեան լայն խաւերի մէջ: Եւրոպական սինեման ի հակադրութիւն ամերիկեան կամ հոլիվուդեան սինեմայի, յառնում է որպէս լուրջ, մտայնութեամբ լի, գեղարւեստական եւ հեղինակային սինեմա։ Բերգմանն ու Անտոնիոնին, անտարակոյս այս հո-սանքի գլխաւոր դէմքերից էին, եւ նրանց միաժա-մանակ կորուստը, ասես, վերակենդանացնում է այդ հետաքրքիր շրջանը, դրա հետ կապւած նոստալժիկ յիշողութիւններն ու ափսոսալու մեր օրերում նման տրամադրութիւնների բացակայութեան համար։ Այս ընդհանրութիւններով հանդերձ, Բերգմանը եւ Անտոնիոնին ամբողջովին տարբեր գեղարւես-տագէտներ են. Բերգմանը սնւում էր շւեդական եւ հիւսիսային Եւրոպայի արւեստի աւանդոյթներից, սկսած Վրմիեէրի նկարչութիւն-ներից, մինչեւ Իբսենի ու Ստրինդբերգի թատերգութիւն-ներն ու շւեդական համր սինե-մայի ֆիլմերից (մատնանշելի է, որ նրա Վայրի ելակները ֆիլմի գլխաւոր դերասանը Շւեդիայի ամենանշանաւոր ֆիլմ-բեմադը-րիչ Վիկտոր Շիւստրոմն էր)։ Նա իր ֆիլմերում արծարծում է այնպիսի փիլիսոփայական հար-ցեր, ինչպիսիք են մահւան առեղծւածը, մարդ արարածի զբաղեցրած տեղը աշխարհում՝ կրած տանջանքները, ֆիզիկական ցաւն ու գոյու-թեան իմաստը, ինչպէս նաեւ Աստծոյ գոյութեան հարցը։ Մինչ այդ, այդպիսի հարցերը մնում էին սինեմայի սահմաններից դուրս, քանի որ սինեման հիմնականում համարւում էր միայն զւարճանալու միջոց։ Այնուամենայնիւ, Բերգմանի ֆիլմերը նման չեն փիլիսոփայական ձանձրանալի յօդւածների. նրանք ունեն ամուր պատումային կառոյց եւ հիմնւած են Բերգմանի մշտական դերասանների հիանալի խաղերի վրայ։ Յամենայն դէպս, նրա գործերը թէեւ վկայում են Բերգմանի թատերական խաղերի ու բեմավիճակների (միզանսցենների) հետ ունեցած խորը ծանօթութեան մասին, բայց ամենեւին չեն կրում թատերական ներկայացումի բնոյթ, այլ իսկական սինեմայի գործեր են, քանի որ սնւում են նաեւ ապշեցուցիչ խոշոր դիմանկարներից (քլոզ-ափներից) եւ մելամաղձոտ բնապատկերներից։ Նա էներգետիկ բեմադրիչ էր. իր բեղմնաւոր կեանքի ընթացքում Բերգմանը արարեց յիսունից աւելի ֆիլմեր եւ բեմադրեց նոյն քանակութեամբ թատեր-գութիւններ։ Միքէլանջելօ Անտոնիոնին, Բերգմանի հակառակ՝ ուղղակիօրէն գալիս է սինեմայի աշխարհից. նրա ներշնչման աղբիւրներն են վաւե-րագրական ֆիլմերն ու իտալական սինեմայի ետպատերազմական շրջանի սինեմայում նէօ-ռէալիս-տական շարժումը։ Ինքն էլ իր առա-ջին երկարամետրաժ ֆիլմը նկա-րելուց առաջ նկարել էր մի քանի վաւերագրական կարճամետրաժ գործեր Իտալիայի Պօ շրջանի հասարակ ժողովրդի առօրեայ կեանքի թեմայով։ Այս ֆիլմերում արդէն նշմարելի էր նրա ոճի որոշ առանձնայատկութիւնները։ Անտոնիոնին իր ֆիլմերում զբաղւում է ժամա-նակի մտաւորականութեանը յուզող փիլիսփայական հարցերով, եւ գլխաւորապէս արդիւնաբերութեան զարգացման պայմաններում մարդ արարածի մենա-կութեան հարցով։ Նրա ֆիլմերը յայտնի են իրենց երկարատեւ պլանների ու դանդաղ ռիթմի առումով։ Իսկ նրա որոշ գործերում, հերոսները բաւականին երկար ժամանակ պարզապէս պարապ-սարապ քայլում են քաղաքի փողոցներում դիտելով պա-տահական անցորդներին ու ծաւալւող դէպքերը: Դրամատիկ առումով այսպէս կոչւած մեռած ժամա-նակ-ները Անտոնիոնիի ֆիլմերի շնորհիւ ընդունելի դարձան սինեմայում եւ լայն գործածութիւն գտան յատկապէս եւրոպական տիպի գեղարւեստական ֆիլմերում։ Մեր սերնդի՝ 60-ականների սինեմայի սիրահար-ների տեսանկիւնից, ովքեր ապրել են Անտոնիոնիի ու Բերգմանի ֆիլ-մերի հետ, յուզւել ու ոգեւորւել նրանցով, ժամանակակից ֆիլմար-ւեստի այս երկու հսկաների մահը նոյն օրում, կարծես, խորհրդանշում է արդէն իսկ անցած-գնացած մի ժամանակաշրջանի վերջնական աւարտը։

Յոյս թիւ 9
29 Օգոստոս 2007