ԱՐԲԻ ՔԵՌԻՆ ՈՒ ՄԵԾ ՄԱՄԷՆ
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԻ ՍԻՐԻԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

 

Անդրանիկ Սիմոնեան


Վերվարածները մեր տները մտան յանկարծակի, անկանչ այն հիւրերի նման, որոնք գալիս են, յետոյ դառնում են ցանկալի մասնիկը տանտիրոջ կեանքի։
Նոր տարւայ հետ եւ նրանից մի քանի օր առաջ Թեհրանում, երեւի այլ քաղաքներում ու երկրներում եւս, արբանեակային ալեհաւաքների վրայ թառեց՝ Հայաստանից հեռարձակւող Շանթ հեռուստաալիքը։ Այդ ալիքի հետ, քիչ ուշացումով, եկան նաեւ Վերվարածները, եկան ու օրը մէկ եւ կէս ժամ մնացին։ Անսովոր մի իրանահայ էլ էր նրանց տան անդամը՝ Արբին։
Հեռուստաֆիլմը հակասական զգացմունքներ առաջացրեց իրանահայ հեռուստադիտողի մօտ։ Ոմանք դժգոհեցին, ոմանք ոգեւորութեամբ ընդունեցին, ոմանք էլ մնացին անտարբեր։ Այս վերաբերմունքն, իհարկէ, նոյնը չմնաց։ Որքան աւելի շատ ցուցադրւեցին սերիալի համարները, վերաբերմունքն էլ այդքան շատ փոխւեց։ Մարդիկ հասկացան, որ պէտք չէ այդ ֆիլմում լուրջ բաներ փնտռել եւ յատկապէս պէտք չէ Արբիի կերպարում տեսնել՝ իրանահայի նկատմամբ ծանակելու միտում։
Այսօր եւ որոշակի ժամանակ անցնելուց յետոյ, յատկապէս ֆիլմի եւ նրա հերոսների շուրջ, բաւարար ինֆորմացիա ստանալուց յետոյ, աւելի հեշտ ենք կարողանում դատողութիւն անել։
Այսօր արդէն բոլորս ենք խոստովանում, որ Վերվարածների արկածները պատկերող հեռուստասերիալը լուրջ նւաճում է։ Այստեղ հայկական զօրեղ թատրոնի հմուտ դերասանները, սեփական ընդունակութիւնները դրսեւորելու նոր ասպարէզ են մտել, որտեղից եւ դուրս են եկել պարզերես։ Այստեղ հայկական հեռուստաալիքը մեծ կարողութիւն է հանդէս բերել, տարբեր միջավայրերում ընթացող հեռուստաֆիլմի ձեւաւորման համար։ Բազմասերիանոցը էլի ուրիշ բարեմասնութիւններ ունի, որոնց չենք անդրադառնում եւ կենտրոնանում ենք միայն իրանահայ մարմնաւորող ու ցուցադրող երկու կերպարների վրայ։
Արբին ընտանիքի քեռին է՝ անսահմանօրէն պարզ եւ վճիտ անձնաւորութիւն, դիւրագրգիռ ու դիւրաբորբ, ուստի եւ հաւանական չարաշահումների համար պատրաստի թիրախ։ Բայց նա որպէս իրանահայ, ունի նաեւ իր թերութիւնները, որոնցից ամենացայտունը ինքնավստահութեան պակասը եւ ժլատութիւնն է։ Արբին որպէս իրանահայ կերպար ամբողջացնում է՝ ոչ թէ իսկական իրանահայի, այլ կերպարն ստեղծող՝ սցենարի հեղինակի, ռեժիսորի եւ կատարող դերասանի ընկալումը իրանահայից ու երեւի այդ պատճառով է, որ նրա լեզուն իրանահայի չէ, պահւածքի որոշակի բաժինը խորթ է իրանահային եւ աշխարհընկալումով քիչ է նմանում իրանահային։ Արբին փաստօրէն խտացնում է այն ընկալումը, որ Հայաստանում կայ իրանահայից։ Այդ ընկալումին աւելանում է նաեւ կենցաղային մանրուքները ցուցադրող՝ երգիծական կերպարի մարմնաւորման համար անհրաժեշտ, հոգեբանական ու բարոյական ծայրայեղութիւններն ու սայթաքումները։ Արդիւնքում ստացւել է ամբողջ աշխարհում եւ յատկապէս Հայաստանում հեռուստադիտողի կողմից ամենասիրւած կերպարներից մէկը, քեռին, կամ Արբին։ Այն իրողութիւնը, որ նա տան քեռին է, աւելի է ընդգծում իրանահայի հարազատ եւ մտերիմ կերպարը ստեղծելու՝ ֆիլմաշարի հեղինակների բարի միտումը։
Մեզանում, եւ ոչ միայն մեզանում, ոմանք ցանկանում են Արբի քեռու հետ կապւող ցանկացած միջադէպ, կամ իրադարձութիւն դիտել որպէս իրանահայի դէմ ուղղւած միտում, յատկապէս եթէ կայ բացասական երանգ։ Դա հիմք է դառնում սրտնեղելու համար, նոյնիսկ որոշ շրջանակներում արծարծելու համար այդ բացասական միտումի, իբր թէ դրդապատճառներն ու շարժառիթները։ Անկեղծ ասած՝ եթէ որեւէ լուրջ թեմայի հետ կապւած նման բծախնդրութիւն դիտւէր, կարելի կը լինէր հասկանալ, բայց այս դէպքում, ոչ միայն անտեղի է, այլեւ անհեթեթ եւ այդ մասին աւելի շատ խօսելը կարող է համարւել պարապութեան ու անգործութեան նշան։
Մեծ մամէ-ն կարող է Արբիի կերպարի շարունակութիւնը համարւել։ Այս կերպարը, որ իր հերթին աւելի է բացայայտում ժլատ իրանահային, չունի անկախ եւ առանձին գոյութեան իրաւունք։ Նա օգնում է որպէսզի ընտանիքի անդամների յարաբերութիւններում եղած մանրամասները աւելի բացայայտւեն։ Դրանցից են՝ ե՛ւ սիրոյ, ե՛ւ յարգանքի զգացումները, ե՛ւ ընտանիքի անդամների միմեանց նկատմամբ ունեցած դատողութիւններն ու սպասելիքները։ Մեծ մամէն նաեւ, ուրիշների նկատմամբ, ընտանիքի վերաբերմունքի բացայայտողն է։ Այդ առումով նրան վերապահւած է, ընտանիքի հետ կապի մէջ գտնւող մարդկանց նկատմամբ չափորոշիչ լինելու ֆունկցիան։ Նա ընտանիքում ունեցած իր պահւածքի բարոյական իրաւունքն ստանում է տան տիկնոջից՝ Անթառամից։ Անթառամը անհուն սէր ունի տատի նկատմամբ, սէր, որը նոյնութեամբ անցել է նաեւ տան միւս անդամներին։ Սէրը այս տան սիւնն է եւ դրա դրսեւորման բացայայտ պլանում կանգնած են քեռին, տատին, մայրիկը, Լիպարիտը եւ Կնեազը։ Այս մարդկանց՝ մինեանց նկատմամբ տածածը, անսքօղ սէրն է։ Այս շրջանակից դուրս սէրը սքօղւում է։ Կնեազը Կարինէին չի բացայայտ ասում սիրոյ մասին, Լիպարիտն էլ Զիտային չի ասել։ Նրանց միջեւ յարգալից ու ջերմ բան կայ, խոր զգացմունք, հոգեւոր ամուր կապ, բայց կրակոտ արտայայտութիւններով չի դրսեւորւում։
Անթառամը տան դուստրն է, որ ապրել է Հայաստանում։ Երեւի Սփիւռք-Հայաստան՝ առկայ եւ բացակայ կապն ու անհասանելիութիւնն է այդքան ջերմ զգացմունքների բորբոքւելու բուն պատճառը
Սա պէտք է նախաբան լինէր կարծես թէ՝ շատ ծաւալւեցի։ Թողնենք ուրիշ առիթի։
 

ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ ԱՍՏՂԸ. ԻՆՉՊԷ՞Ս Է ՍԵՐԳԷՅ ԴԱՆԻԷԼԵԱՆԸ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՒՈՒՄ 93-ԱՄԵԱՅ ՄԵԾ ՄԱՄԷԻ


Մամի ջան, հե՞րես ասաբի էլնում (նեարդայնանում),-մեծ մամէն կոպալը հմուտ աճպարարի պէս պտտում է օդում ու հարւածում կողքիններին։ Օսսս,-եզրափակում է կարատէի յայտնի շարժումով։ Եթէ նկարահանման տաղաւարում ծիծաղ է ու իրարանցում, ուրեմն՝ Սերգէյ Դանիէլեանն է ներսում։ Հէնց հագնում է մեծ մամէի կարմիր կիսաշրջազգեստն ու փումփուլիկաւոր հողաթափերը, արդէն կերպարի մէջ է, կարեւոր չէ՝ նկարահանումը սկսւած է, թէ ոչ։ Ու 45-ամեայ Սերգէյը վերածւում է 93-ամեայ մեծ մամէի՝ Մաթիլդայի, ում ամէն ժեստն ու խօսքը, չարաճճիութիւններն ու դաւերը ծիծաղի ալիք են բարձրացնում նկարահանման սրահում, ապա ալիքը գնում ու տարածւում է հարիւր հազարաւոր հեռուստադիտողների բնակարաններում։
Խանութում մի կին Սերգէյին ասել է. Վայ, դու էսքան ջահել ե՞ս, իսկ նա պատասխանել է. Ու դեռ աւելին՝ տղամարդ եմ։
Մեծ մամէի կեանքը սկսւում է դեռ չհանդերձաւորւած. ամէն առաւօտ Սերգէյ Դանիէլեանը, ով շրջապատում յայտնի է Եօժ մականունով, արթնանում, սուրճ է խմում ու նստելով սեւ ջիպը՝ բարձր միացնում է իր սիրած սօուլ երաժշտութիւնն ու սլանում Պտղնի գիւղ՝ Վերվարածների նկարահանման։ Մեծ առանձնատուն է՝ ընդարձակ բակով, երկնագոյն ջրաւազանով ու մի հսկայ եղեւնիով, որից անընդհատ կոներ են ցած թափւում։
Հէնց այս տանն է Շանթ հեռուստաալիքի՝ երբեմնի զւարճալի մանրապատումներից կենցաղային, կատակերգական սերիալի վերաճած Վերվարածները կեանք ստանում։ Օպերատորները լոյս են դնում, ռեժիսորը սցենարն է նայում, իսկ դիմայարդարը սկսում է Սերգէյին շպարել, ու աչքիդ առաջ նստած տղամարդը թառամում է, կնճռոտում ու սեռափոխւում։
Դիմայարդարումը հեռուստադիտողի համար է, ինքը՝ Սերգէյը, պառաւ կնոջ կերպարի մէջ մտնելու համար նման բաների կամ ինչ-որ յատուկ ատրիբուտի կարիք չունի։ Իր գրած պիեսի հիման վրայ բեմադրւած Սերոժիկ ներկայացման մէջ նա՝ առանց արտաքինը փոխելու, նոյն տղամարդու հագուստով ու անշպար, վայրկենապէս կերպարանափոխւում ու փոխնիփոխ խաղում է մի քանի սերնդի կանանց ու տղամարդկանց դերեր՝ հօր ու մօր, զոյգ տատիկ-պապիկների, հօրաքրոջ ու դեռ նախապապի էլ։ Քանի որ մեծ փորձ ունեմ կանանց դերեր խաղալու, հէնց դերն առաջարկեցին, hաճոյքով համաձայնւեցի։ Սերոժիկ ներկայացման մէջ իմ տատիկները չեն կրկնւում, ամէն մէկը իւրայատուկ է՝ իր քայլւածքով, բերանի շարժումներով, բնաւորութեամբ։ Ես տատիկների մեծացրած թոռ եմ, ծնողներս երկար ժամանակ արտասահմանում են աշխատել,-պատմում է Սերգէյը։
Հայ տատի բարի, զուսպ ու ծանրակշիռ կերպարի, նահապետական Մեծ տիկնոջ փոխարէն մեծ մամէն մարմնաւորում է կամակոր ու քմահաճ, սրամիտ ու չարաճճի, խորամանկ ու իր ջանի ղադրն իմացող մի կենսունակ պառաւի, որն իր իշխանութիւնն է հաստատում՝ ողջ օջախը շանտաժի ենթարկելով։ Ու հէնց այդ անկեղծութեան շնորհիւ նա դառնում է հեռուստադիտողների օջախների լիարժէք անդամ՝ չնայած որ լեզւական ու մշակութային առումով այնքան հարազատ ու հասկանալի չէ հայաստանցուն, ինչքան ռուսախօս բաբուլեաները, եւ, օրինակ, Արբիին ամուսնացնելու իր յամառ ջանքերը բացատրում է ոչ թէ օջախ կազմելու, այլ՝ թոռանը հորմոնալ դիսբալանսից փրկելու անհրաժեշտութեամբ։
Սերիալում մեծ մամէն իր իշխանութիւնը հաստատում է՝ Ճպլի վրայ խանչալ հանելով փեշերի տակից, հարազատներին կեղծ հացադուլով շանտաժ անելով, Գարսեւանի ռուսաստանեան սիրային արկածները հետաքննելով, Անթառամի ճաշերը հեգնելով, Արբիի ու Սաթենիկի անմեղ կապը դետեկտիւի հմտութեամբ բացայայտելով։ Նրա այդ իշխանութիւնը տարածւում է նաեւ հեռուստադիտողի վրայ, ով հիանում է 93-ամեայ էքսցենտրիկ ու էկզոտիկ պառաւի կենսասիրութեամբ, պճնամոլութեամբ, կոլորիտով ու չարաճճիութեամբ։ Բայց Սերգէյը կարծում է, թէ հեռուստադիտողին մեծ մամէն միայն էկրանից ու ապահով դիստանցիայով է հմայում, եւ ոչ ոք չէր ուզենայ տանը նման պառաւ ունենալ։
Սերգէյը կարծում է, որ կինն աւելի մեծ դեր է խաղում սերնդի մտածելակերպի ձեւաւորման մէջ, քան տղամարդը, չէ՞ որ կինն է երեխայ դաստիարակում։
Վերվարածների սկզբնական սերիաներում Սերգէյը խաղում էր կոմպոզիտոր Միսակի դերը։ Ժամանակակից արւեստագէտի գրոտեսկային ծաղրանկարը, սակայն, նոյնքան չարչրկւած է, որքան վեհացրած ու ողբերգական, միայն ժողովրդի ցաւից տառապող սրբապատկերային մարմնաւորումները։ Եւ հետագայում սցենարիստի ներմուծած նոր կերպարով տատիկների մեծացրած թոռան մեծ մամէն դարձաւ սերիալի աստղը։
Մեծ մամէի բացառիկ յաջողութիւնը յիշեցնել է տալիս Սերգէյի առաջին դերը։ Փոքր ժամանակ, երբ նոյնիսկ դեռ խօսել չգիտէր, սկսել էր կաղալով քայլել։
Անհանգստացած մայրը երեխային բժիշկի էր տարել։ Մասնագէտը երկար զննելուց յետոյ ոչ մի արատ չէր գտել, յետոյ հարցրել էր՝ կարո՞ղ ա տանը կաղ մարդ կայ։ Մայրը պատասխանել էր՝ այո, տատիկը։ Բժիշկը եզրակացրել էր, որ երեխան ուղղակի կրկնօրինակում է տատիկի քայլւածքը, տնազն է անում։ Փաստօրէն, բժիշկն այդ պահին ախտորոշել է Եօժի հի-ւանդութիւնը՝ դերասան Եօժն այնքան է աշխատում, որ մեծ մամէն պարսկահայի խօսւածքը ճշգրտօրէն արտաբերի, որ ոչ մի պարսկահայ չի կարող կռահել, թէ Մաթիլդայի տակ թաքնւած է Երեւանի Այգեձորում մեծացած ու Չեխովի ռուսական դպրոցն աւարտած տղայ։ Նրա տեքստը նախ թարգմանւում է պարսկահայերէն, յետոյ Եօժն իր պարսկահայ ընկերների հետ ճշգրտում է պարսկերէն բառերը, առոգանութիւնը, շեշտադրումներն ու հնչերանգը. օգնում է նաեւ իր հրաշալի երաժըշտական լսողութիւնը (փողային գործիքներ է նւագում)։ Իսկ երբ մի անգամ ստիպւած է եղել Թաքնըւած տաղանդ-ից վազել Վերվարածներ ու խորհրդատու ընկերներին չի գտել, կոլեգա, ժիւրիի անդամ Վիոլետ Գրիգորեանն է նրան սովորեցրել պարսկերէն որոշ անէծքներ՝ մոռդեշուր ուն ռիխթեթո բեբարէ (մեռել լողացնողը տեսքդ տանի), որոնց իմաստը թէեւ հայաստանցի հեռուստադիտողը չի հասկանում, բայց ծիծաղից փլւում է նոյնքան, ինչքան պարսկահայ դիտողը։
Տօն օրերին,երբ մեծ մամէն սկը-սում է պճնւել, ինչն աւելի բնորոշ է սփիւռքահայ ծեր կանանց, քան հայաստանցիներին, Սերգէյն ու ռեժիսորը մեծ խանդավառու-թեամբ ընտրում են խոշոր ականջօղեր ու տարբեր զարդեր, ապա հիանում մեծ մամէի նոր տեսքով։ Կեղծամն ու գլխաշորն ահաւոր շոգացնում են Եօժին, ընդմիջումներին արագ հանում է դրանք, կարմիր կիսաշրջազգեստը բարձրացնում, դարձնում է մինի իւբկա՝ զովանալու համար, ու ստեղծւում է կադրից դուրս մեծ մամէի մի այլ հեռուստադիտողին անծանօթ, բայց շատ ծիծաղաշարժ կերպարանք, որի պատճառած ուրախութիւնը վայելում է միայն սերիալի նկարահանող խումբը, որ ասես թատրոնի հանդիսատեսի կենդանի արձագանքն է ապահովում դերասանի համար։
Եթէ փողոցում Սերգէյին աւելի յաճախ ճանաչում են որպէս Թաքնւած տաղանդ-ի ժիւրիի անդամ ու Վերվարածներ-ի մեծ մամէն, ապա թատերասէրները գիտեն նրա աղմկայարոյց ներկայացումների դերակատարումները՝ Լոռեցի Սաքօն, Ազատաբարոյ, Իոցարտ եւ այլն։ Իսկ գրական շրջանակներում նրան որպէս գրողի ճանաչեցին, երբ Սերոժիկ պիեսը տպագրւեց Ինքնագիր գրական հանդէսի 5-րդ համարում։
Հանրայայտ լինելուց արդէն տհաճութիւն է զգում, երբ իրեն մատնացոյց են անում փողոցում. աւելի անտանելի է, երբ հետն ապէ-ով ու դու-ով են խօսում՝ ասես հարիւր տարւայ ծանօթներ։ Դրա համար էլ գերադասում է իր մուգ ապակիներով ջիպից իջնել միայն ուշ երեկոյեան՝ ծանօթ խանութից գնումներ անելու։
Աղբիւր՝ Անկախ շաբաթաթերթ
 

Յոյս թիւ 56
12 Օգոստոս 2009