Երգիծանք, երգ ու սարսափ
Սուինի Թադ՝ Ֆլիթ Սթրիթի սատանա սափրիչը


Բեմադրիչ՝ Թիմ Բերթոն
Դերակատարներ՝ Ջանի Դեփ (Սուինի Թադ),
Հելենա Բոնամ Քարթեր (տիկին Լաւիթ), Ալէն
Ռիքման (Դատաւոր)

Դրիմ Վորքս-ի արտադրութիւն
Սցենարը՝ Ջան Լոգան, Ստեֆըն Զոնդհայմի եւ Հիւ Ուիլերի երաժշտական ներկայացման հիման վրայ, որն իր հերթին վերցւած էր Քրիստոֆըր Բոնդի գրչին պատկանող թատերգութիւնից ։
117 րոպէ
aՇատ խեղճ ու կրակ որբուկների համար
Առաջին կուշտ պատառն իրենց կեանքի
իրենց հօր մարմնից պատրաստւած մսի պատառն է եղել՝
Սափրիչ Սուինի Թադի խանութում

Համաշխարհային բեմի պատմութեան ամենաարիւնալի թատերգութիւնը, այժմ Ամերիկայի առաջնակարգ ֆիլմ-բեմադրիչ Թիմ Բերթոնի միջոցով վերածւել է սինեմայի պատմութեան ամենաարիւնալի երաժշտական (մուզիկալ) ֆիլմի։ Ջանի Դեփի ու Հելենա Բոնհամ Քարթերի անողոք խաղարկութեամբ, Դանթէ Ֆերերիի մռայլ բեմայարդարութեամբ եւ Դարիւշ Վոլսկիի ստւերապատ նկարահանութեամբ, Բերթոնը վերարտադրել է այնպիսի մի Լոնդոն, որը յիշեցնում է Դիքենզի վէպերի մէջ նկարագրւած տասնիններորդ դարի մշուշապատ ու աղքատ քաղաքը։
Ի՞նչ է պատմում այս ֆիլմը։
Տարիներ սրանից առաջ Լոնդոնում ապրում էր Բենջամին Բարկեր անունով մի սափրիչ, որն ապրում էր երջանիկ կեանք իր անուշիկ կնոջ եւ աղջկայ հետ։ Նա սիրում էր իր ընտանիքը, սակայն չար դատաւոր Թուրփինը կեղծ մեղադրանքներով նրան դատապարտում է Աւստրալիա՝ աքսորի եւ տիրանում նրա կնոջն ու երեխային։ Ֆիլմն սկսում է այն պահին, երբ սափրիչը փախել է բանտից ու վերադառնում է Լոնդոն։ Նա շրջում է Լոնդոնի փողոցներն ու այցելում իր հին խանութը, ուր հանդիպում է հին օրերի տանտիրուհի՝ գեղեցիկ, սեւաչեայ տիկին Լաւիթին։ Վերջինս նրան պատմում է նրա ընտանիքի դառը ճակատագրի մասին։ Սափրիչը բարձրանում է վերնայարկ, իր անունը փոխում է Սուինի Թադի ու վերսկսում է իր աշխատանքը՝ որպէս սափրիչ։ Նա վրէժխնդրութեամբ լեցուն, մորթում է իր յաճախորդներին ու գցում ներքնայարկ, ուր տիկին Լաւիթը կտրատում է նրանց, եփում, ու վերածում է համեղ մսի պատառների։ Նրա պատառները համբաւ են հանում ամբողջ Լոնդոնում։
Իհարկէ, սցենարի հեղինակները ամէն բան անում են, որ ֆիլմի հերոսների, կամ աւելի ճիշտ կը լինի ասել հակահերոսների, մարդասպանութիւնները ինքնապաշտպանութեան ու արդար վրէժխնդրութեան բնոյթ ունենան։
Սա առաջին անգամն է, որ Ջանի Դեփը երգում է մի ֆիլմում. այն էլ ոչ մի անգամ կամ երկու անգամ, այլ համարեա ամբողջ ժամանակ, քանի որ ֆիլմի դիալոգները ամբողջութեամբ երգւում են։
Սուինի Թադը պարունակում է Բերթոնի սիրած տարրերը՝ ֆանտաստիկը, հրէշայինը, տարօրինակը, անասելին, ռոմանտիկը։ Իսկ Ջանի Դեփը, դերա-կատար, որը խաղացել է նրա վեց ֆիլմերում սկսած Մկրատ ձեռքերով Էդւարդը, նրա համար ամենայարմար միջոցն է իր երեւակայայկան կէս լուրջ, կէս երգիծական աշխարհը կերտելու համար։
Ի՞նչն է Բերթոնին մղում դէպի այսպիսի դաժան պատումներ։ Նախ պիտի ասել, որ Սուինի սափրիչի պատմութիւնը ունի երկար անցեալ. ժամանակին եղել է յաջող թատերգութիւն եւ յետոյ՝ յաջող երաժշտական թատրոն Բրոդւէյում։ Բացի դրանից, այս պատմութիւնները արմատ ունեն ժողովրդական բանահիւսութեան մէջ, եւ իրենց մռայլ ու սարսափելի դէպքերով ու կերպարներով հանդերձ, շատ աշխոյժ արկածախնդրական եւ գրաւիչ են։ Նրանք մի տեսակ նեկայացնում են մարդու հոգեբանութեան մութ անկիւնները, որոնք առիթ չեն գտնում արտայայտւել աւելի լուրջ ու պաշտօնական մշակութային կեանքում, եւ գուցէ հէնց այդ պատճառով էլ սարսափի ժանրը, դա լինի հեքիաթ, ներկայացում թէ ֆիլմ, միշտ էլ ունեցել է իր երկրպագուները ։
Բերթոնը մանկական անմեղութեամբ սիրում է այս արիւնալի հեքիաթները եւ մեծ հմտութեամբ դրանք վերածում արկածալի ֆիլմերի։ Նրա ֆիլմերը մերօրեայ հեքիաթներն են, որ արտադրւում են հսկայական գումարների ծախսումով ու սպառւում ամբողջ աշխարհում։ Սուինի Թադը, արդէն իսկ, մի քանի մասնաճիւղերում Օսկար եւ Գոլդեն Գլոբ մրցանակների թեկնածու է։

Թիմ Բերթոն
Ծնւել է 1958 թւականի Օգոստոսին. հռչակ է վայելում որպէս Հոլիվուդի միակ ֆիլմ-բեմադրիչը երբ խօսքը վերաբերում է մաքաբր ժանրին (մաքաբր են կոչւում այն ֆիլմերն ու ներկայացումները, որոնք սարսափելի են մահւան հետ կապւած խմդիրներով զբաղւելու պատճառով)։ Նրա ամենայաջողած գործերն են՝ Մկրատ ձեռքերով Էդւարդը, Բաթմանի վերադարձը, Մարսը յարձակւում է ֆիլմերը, իսկ ամենաանյաջողը՝ Կապիկների մոլորակը։ Հետաքրքիր է իմանալ, որ նա իր աշխատանքը սինեմայի բնագաւառում սկսել է որպէս անիմաթոր (քարթունների նկարիչ) եւ այդ հանգամանքը մինչ այժմ իր ազդեցութիւնն է գործում նրա ֆիլմերի վրայ, որոնք թէեւ նկարահանւում են կենդանի դերասաններով, սակայն պարզապէս նմանում են քարթունների։

Կազմեց՝ Ռ. Ս.

Յոյս թիւ 19
30 Յունւար 2008