Ճնճղուկների երգը՝
Իրանի ներկայացուցիչը Օսկար-ում

Ռոբերթ Սաֆարեան

Մաջիդ Մաջիդին իրանցի այն կինօ-ռեժիսորների շարքին է պատկանում, որոնք վայելում են միջազգային համբաւ եւ կարողանում են օտարերկրացի պրոդիւսերներ գտնել։ Մի քանի տարի առաջ նրա Երկնային երեխաներ ֆիլմը Օսկար մրցանակի թեկնածուներից էր, իսկ այս տարի նրա վերջին ֆիլմն է առաջադրւել որպէս Իրանի սիմեմայի ներկայացուցիչ՝ Օսկար մրցանակի համար։ Առ ի բացատրութիւն ասենք, որ ամէն տարի աշխարհի զանազան երկրներ առաջադրում են իրենց ֆիլմը Օտարալեզու ֆիլմերի կատեգորիայում այլ երկրների ֆիլմերի հետ մրցակցելու համար։ Առաջադրւած ֆիլմերից հինգը յայտարարւում են, որպէս թեկնածուներ, իսկ դրանցից մէկը վերջնականապէս շահում է մրցանակը, որպէս տարւայ լաւագոյն օտարալեզու (այսինքն ոչ-անգլերէն) ֆիլմը։ Ճնճղուկների երգ-ը Իրանի կողմից առաջարկւել է մրցութեան մասնակցելու համար, սակայն հինգ թեկնածու ֆիլմերի ցանկը դեռ չի յայտարարւել։
Հէնց այս օրերին Թեհրանի սինեմաների պաստառների վրայ է ֆիլմը։ Այն պատմում է ջայլամաբուծական մի ագարակում աշխատող հասարակ մի բանւորի պատմութիւնը։ Կորում է ջայլամներից մէկը, Քարիմը զրկւում է իր աշխատանքից, եւ անճարութիւնից ու մի քիչ էլ պատահաբար, սկսում է Թեհրանում աշխատել իր մոտոցիկլետով ու յաճախորդ փոխադրել քաղաքի մի անկիւնից միւսը։ Նա այսպիսով ծանօթանում է քաղաքային կեանքի տարբեր ռիթմի ու քաղաքացիների բնաւորութիւնների ու ապրելաձեւի հետ։ Նա միաժամանակ կանգնում է մի շարք դժւար բարոյական որոշումների դիմաց. պատահաբար նրա ձեռքն է ընկնում մի սառնարան, որը կարող է վաճառել իր բազմաթիւ կարիքներին պատասխանելու համար, սակայն լուրջ տատանումներից յետոյ, այն վերադարձնում է տիրոջը։ Մաջիդին խուսափում է պարզունակ բարոյական կարգախօսներ առաջադրելուց. նոյն այն տեսարանում, որ Քարիմը վերադարձրել է սառնարանը, լսում ենք խանութպանի ձայնը որ հարիւրաւոր սառնարաններ ու այլ տան կահոյք է պատւիրում, ու մի քիչ կասկածում է, որ այդ մարդու գործը ճի՞շտ է եղել. ինչպէս կասկածում է ինքը՝ Քարիմը։ Ուրիշ դէպքում, երբ նա ուզում է նւէր տալ թափառական աղջնակին, հինգ հարիւր թումանանոց թղթադրամը չի կարողանում մանրել, հետեւաբար երկար տատանումից յետոյ,թէեւ ֆիլմը յատկապէս շեշտում է երեխայի քաղցր ու գեղեցիկ դէմքն ու ժպիտը, սակայն բան չի տալիս նրան։ Այս դրւագներում, ֆիլմը զարգանում է հարթ ու հետաքրքիր. միգուցէ միայն մի քիչ խանգարում են աւելորդ շեշտադրումները ջայլամների, ջայլամի ձւերի ու կենդանուն վերաբերող այլ նշանների վրայ։ Ասես ջայլամը ներկայացնում է մի տեսակ անհասկանալի կապ վերացական ինչ-որ գոյութեան հետ, կամ մի տեսակ խղճի եւ բարոյական գիտակցութեան նշանն է։
Ֆիլմի երկրորդ կէսը սակայն այդքան յաջող չէ։ Քարիմը մի պատահարի բերումով տան վերանորոգման աշխատանքի ժամանակ ընկնում է եւ վիրաւորւում։ Տանը հանգստանալիս, նա ծանօթանում է իր ընտանիքի զոհաբերութեան նմուշների հետ։ Սակայն ֆիլմը կորցնում է իր թափն ու հետաքրքրութիւնը։ Որոշ տեսարաններում, նաեւ ոճային ներդաշնակութիւնը. օրինակ ձկների թափւելու տեսարանում, որն իր կոպիտ եւ չափազանցւած բնոյթով, չի համապատասխանում մինչ այդ ֆիլմի նուրբ ոճին։ ...
Ռեզա Նաջին, ֆիլմի առաջին դերակատարը, շահել է Բեռլինի կինօփառատօնի լաւագոյն դերասանի մրցանակը։ Նա Մաջիդիի գրեթէ բոլոր ֆիլմերում յայտնւել է գլխաւոր դերերում։ Հետաքրքիր է իմանալ, որ Մաջիդիին խորհուրդ են տւել այս ֆիլմում այլեւս չօգտւել Նաջիից, եւ գործում թարմութիւն մտցընելու համար, նոր դերասան բերել։ Մաջիդին մի առ ժամանակ փնտրել է յարմար դերասան, սակայն չի կարողացել իր ցանկացածը գտնել եւ վերջում նորից դիմել է Նաջիին։
Մաջիդիի ֆիլմերը թէեւ շատ ճոխ են պատկերային առումով, բայց նա իրեն հիմնականում պատմութիւն պատմող ռեժիսոր է համարում։ Ինքն այս մասին ասում է. Իմ կարծիքով սինեմայի էութիւնը կախւած է պատումից։ Պատումը մի կողմ դնելու դէպքում, շատ բան կը կորցնենք։ Մեր պատմութիւնը այս ֆիլմում այնպիսին էր, որ կարող էր մեղադրւէինք սենտիմենտալիզմի մէջ, իսկ միւս կողմից մեղադրւէինք հասարակական լոզունգներ տալու համար։ Փորձեցինք այնպէս շարժւել, որ խուսափէինք երկուսից էլ։
Մաջիդին Ճնճղուկերի երգը ֆիլմում մի կողմից հանդէս է գալիս հասարակութեանը ուշադիր զննող քննադատական հայեացքով, իսկ միւս կողմից, զբաղւում է իր գլխաւոր հերոսի ներքին կեանքով։ Նա չի բաւարարւում իրադարձութիւնների արտաքինով միայն, եւ աշխատում է ներթափանցել մարդկանց ներքին աշխարհը։
 

Յոյս թիւ 37
29 Հոկտեմբեր 2008