ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ ՖԻԼՄԻ ՀԱՅԱԶԳԻ ԲԵՄԱԴՐԻՉ՝ ՎԱՐՈՒԺ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻԻ ՀԵՏ
ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԷՆ ԳՆՈՎ ՖԻԼՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ

 

Բեհրուզ Ռազիիֆար

 

Համաշխարհային դասական մի երկի վրայ հիմնւած սցենարով ֆիլմ պատրաստելը նման է սրի սայրի վրայ քայլելուն։ Առաւել նուրբ է կացութիւնը, երբ փոխառնողի մշակոյթը տարբերւում է փոխառեալ վայրից։
Վարուժ Քարիմ Մասիհին (որ շատ էլ չի սիրում խօսել) 17 տարի դադարից յետոյ, Շեքսպիրի Համլետ-ի հիման վրայ պատրաստած իր Տարակուսանք ֆիլմով վերադարձաւ կինօարւեստ եւ շահեց Ֆաջր փառատօնի լաւագոյն ֆիլմի Բիւրեղեայ առասպելահաւ (Սիմորղ Բոլուրին) մրցանակը։
Տարակուսանք ֆիլմի հանրային էկրանաւորման առիթով, առանձին մի հարցազրոյցի խնդրանքով դիմեցինք նրա բեմադրիչին եւ Իրանում ինքնատիպ ոճ ունեցող պրոդիւսերին։




 

 

 

-Թւում է, թէ Տարակուսանք-ի խնդիրը վերադառնում է տարիներ առաջւան, երբ պատրաստել էիք Վերջին վարագոյրը, այսինքն՝ 90-ական թւականներին։
-Իհարկէ, ես մի հարցազրոյցում Տարակուսանք ֆիլմի կինօսցենարի մասին խօսել եմ հանգամանօրէն, եւ այդ ուրւագիծը եւ թէ մի քանի այլ նախագծեր այն թեմաներից էին, որ ուզում էի պատրաստել հէնց 90-ական թւականներին, որ իհարկէ ոչ մէկն էլ չիրականացաւ, մինչեւ որ 2000 թւականի առաջին տարիներին, կարելի է ասել միանգամայն պատահաբար, եւ ֆարաբի սինեմատոգրաֆիայի Ֆոնդի մշակութային բաժնի պատասխանատու Ռեզա Բալայի օժանդակութեամբ այս նախագիծը յայտնւեց արտադրման ընթացքի մէջ։

-Հիմա հարցը սա է. ինչո՞ւ Համլետը եւ ինչո՞ւ այժմէական ձեւով։
-Թէ ինչու՞ Համլետ, որովհետեւ ես այս սցենարը շատ եմ սիրում եւ իսկական տեքստը այնքան զօրեղ է ու վսեմ, որ մտածում էի, եթէ նոյնիսկ դրա որոշ մասերն էլ կարողանամ գլուխ բերել, անշուշտ լաւ գործ է լինելու։ Բայց թէ ինչու այժմէական ոճով, որովհետեւ, եթէ ես այն վերածէի մի պարսկական սիւժէի, որը տեղի ունենար պատմական որեւէ ժամանակաշրջանում, ինչպէս որ Կուրոսաւան է վարւել Մակբես-ի հետ Արիւնոտ գահը ֆիլմում, թւում է, թէ այդպիսով նրա արտադրութեան բախտը զրոյի հասցրած կը լինէի։ Մտածէք, թէ ներկայ պայմաններում ո՞վ դրամագլուխ կը յատկացնի Համլետ-ի փոխառութեամբ ծանր մի սիւժէ ունեցող պատմական մի ֆիլմի արտադրութեան համար. այդ իսկ պատճառով էլ մտածեցի, թէ լաւագոյն ձեւն այն է, որ այժմէական դարձնեմ այն։

-Ի՞նչն է պատճառը, որ շարունակ շեշտում էք Շեքսպիրի Համլետ-ի հետ ունեցած ֆիլմի կապը, քանի որ դիտողը, վերջապէս, մի քանի տեսարանից յետոյ անդրադառնալու է դրա փոխառութեանը։
-Նախ, ամէն դիտող ձեզ պէս Համլետ-ի սցենարը չի կարդացել, եւ թերեւս կարելի լինի ասել, դա առաջին հերթին շատ պարզ ու յստակ է երեւում։ Սակայն հէնց այժմ ես ոմանց ճանաչում եմ, որ եթէ Գարոյի բացատրութիւնները չլինէին, թերեւս ամենեւին չհասկանային, թէ ինչի մասին է սիւժէն։ Կարծում էք մեր դիտողների քանի՞ տոկոսն է Համլետ կարդացել։ Ուրեմն եթէ կարդացել է, պէտք է որեւէ տեղ անդրադառնայ, թէ ինչ-որ բան կատարւում է իր կեանքում, որը նման է Համլետ-ի ճակատագրին։ Հէնց այս դիտանկիւնից է, որ Սիաւաշը իրազեկւում է մի բանի մասին, որից Համլետ-ն անտեղեակ էր իսկական սցենարում, եւ սրանից յետոյ է, որ ֆիլմի հերոսների միջեւ տեղի ունեցած երկխօսութիւնները, իրականում կազմում են կինօսցենարի կառուցւածքային մասը, որպէսզի վերջում մի ելք գտնւի ողբերգական ճակատագրից խոյս տալու համար։

-Քարիմ Մասիհին 17 տարի ֆիլմ չպատրաստեց։ Արդեօք բծախնդրութիւ՞նն էր արգելք հանդիսանում նոր գործ ձեռնարկել, թէ՞ հանգամանքները նպաստաւոր չէին այդ տարիներին։
-Ինչպէս ասացի, Տարակուսանք-ի կինօսցենարի պատրաստումը սկսւել է 90-ական թւականներին, ուրեմն չի լինի ասել, թէ ես չէի կամենում յաջորդ գործն սկսել։
Թէ՛ Տարակուսանք-ը եւ թէ՛ այլ սցենարներ կային , որոնց վրայ աշխատում էի, սակայն դրանք կամ քննութիւնից չէին անցնում կամ էլ պայմանները թոյլ չէին տալիս։ Յիշում եմ, որ մի որոշ ժամանակ Մելիք Մետրանի սիրավէպը պատրաստելու ետեւից էի, որը գրել է Հաշեմինեժադը, եւ որն առանց խոչընդոտի վաւերացւել էր անցեալում։ Սակայն պետական ու սեփական ձեռնարկութիւնները պատրաստ չեղան ներդրում կատարելու։ Իսկ ինչ վերաբերւում է բծախնդրութեան՝ դա այդպէս չէ։ Ես մտածում եմ, որ սինեման յատուկ չափանիշեր ունի, որոնց գոնէ նւազագոյն չափով պէտք է յարգել, եւ ճիշտ չէ որ հէնց այնպէս, որովհետեւ ցանկանում ենք ֆիլմ պատրաստել, ինչ որ պատահեց, վերցնենք ու սկսենք նկարել։
Տարակուսանք-ը առանցքային երկխօսութիւն է։ Այսպիսի դիտակէտի ընտրութիւնը եւ այն, որ դիտողը պատմութիւնը հետապնդում է Սիաւաշի հետքերով, նրան այնպիսի դրութեան մէջ չի դնում, որ չկարողանայ ընկալել կամ թէ անհաղորդ դառնալ ֆիլմին։ Իհարկէ, սա էլ ասեմ, որ Տարակուսանք-ի կինօսցենարի նախատիպը, ինչպէս քննադատներն էին ասում, ընդհանուր հասկացողութեան տեսակէտից էր։ Այսինքն երկու կողմերը հետապնդում էին պատմութիւնը, որը եւ շատ ընդարձակ էր։ Սակայն դա երկու ուղղութեամբ դժւարութիւններ էր առաջ բերում մեզ համար. նախ, որ ֆիլմի տեւողութիւնը երկարում էր, եւ մեր կինօդահլիճների համար սովորականից երկար ֆիլմերի ցուցադրումը ընդունելի չէ. ապա՝ պահանջւած ծախսերն էլ գոնէ մեր ուժերից վեր էր։ Այդ իսկ պատճառով, որպէսզի վերջապէս ֆիլմը պատրաստւէր, ես փոփոխութեան ենթարկեցի այն եւ ներկայ վիճակին հասցրի։

-Դերասանների ընտրութիւնը ո՞նց կատարեցիք. օրինակ, ինչո՞ւ Բահրամ Ռադանին ընտրեցիք։
-Նկատի ունենալով Բահրամ Ռադանի տւեալներն ու կարիերան, ըստ իս, նա յարմար էր Սիաւաշի դերի համար, մանաւանդ, որ նկարահանման առաջին փուլում, նրա մազերը երկար էր եւ մեր պատմութեան Սիաւաշին աւելի մօտ էր։ Բայց, երբ ֆիլմը երկար դադար ունեցաւ, նա իր ունեցած պարտաւորութիւնների պատճառով հարկադրւեց մազերը կարճացնել։ Իհարկէ, մենք էլ ճարահատւած էինք։
Միւս դերակատարների ընտրութեան մասին մտածւել էր։ Օրինակ՝ գուցէ Թարանէ Ալիդուստիի ներկայութիւնը հէնց սկզբից ակնյայտ էր ինձ համար, կամ թէ, երբ Համեդ Քոմէյլին եկաւ եւ փորձեր կատարեցինք, զգացի, որ նա շատ մօտ է կանգնած Գարոյի կերպարին։
Մահմուդ Մոթիին 30 տարուց աւել էի ճանաչում, եւ քանի որ կարող դերասան է, միշտ ուզել եմ համագործակցել նրա հետ։ Ալիռեզա Շոջանուրիի մասին կարծում էի, թէ այլեւս թողել է դերասանական արւեստը։ Այդուհանդերձ, առաջարկեցինք, եւ բարեբախտաբար ընդունեց։ Տիկին Գորգանիին բնաւ չէի ճանաչում եւ Մահ Թալբաթի դերի համար մի քանի հոգուց թեստեր ստացանք, մինչեւ որ ընկերներից մէկը նրան առաջարկեց. միւսներն էլ այսպիսով ընտրւեցին։

-Ձեր ֆիլմը Օսկար մրցանակին ներկայացրած Իրանի 7 ֆիլմերից մէկն էր. ի՞նչ կարծիք ունէք այս մասին, ու նաեւ Էլիի մասին որպէս եզրափակիչ ընտրութիւն։
-Ես էլ այդ մասին թերթերում կարդացի, եւ ցաւօք ժամանակ չունեցայ Էլիի մասին ֆիլմի պէս միւսներն էլ դիտելու։ Բայց Ասղար Ֆարհադիի Գեղեցիկ քաղաք ֆիլմը անցեալում տեսել եւ հաւանել էի։ Եւ եթէ հիմա էլ ոմանք նստել ու քննարկել եւ այդպիսի որոշում են ընդունել, բարի զուգադիպութիւն է։ Դա շատ կարեւոր է, որ մի լաւ ֆիլմ է որպէս Իրանի ֆիլմարւեստի ներկայացուցիչ մասնակցում Օսկար մրցանակին, քան այն, թէ ով է պատրաստել։

-Ձեր երկրպագուներն ուզում են իմանալ, թէ 17 տարի եւս պիտի սպասե՞ն, մինչեւ մի նոր ֆիլմ տեսնեն ձեզանից։
-Յոյս ունեմ, որ այդպէս չի լինի. ես մտադիր եմ ինչ-որ գործ սկսել, տեսնենք, թէ ինչ կը ստացւի։

Թարգմանեց՝ Ժ.Ալլահվերդեան

 

Յոյս թիւ 61

21 Հոկտեմբեր 2009