Ծերունին ու ես

Խաչիկ Խաչեր

Մինչեւ բլուրի գագաթը շատ ճանապարհ չէր։ Հանգիստ քայլելով մի տասնհինգ-քսան րոպէ տեւեց մինչեւ անցայ նրա ոլոր-մոլոր պտոյտներն ու հասայ։ Բլուրի ճիշտ ծայրին, ամենաբարձր տեղում, մի ծածկւած ջրամբարտակ են կառուցել եւ կողքի սրահում էլ մի շատ խորը ջրհոր փորել։ Ջուրը պոմպերով հանում էին հորից, լցնում ջրամբարտակը եւ դրանով ջրում բլուրի լանջին եւ նրա շուրջ բոլորը փռւած ծառերը, թփերն ու մարգագետինները։ Ջրամբարտակի հարաւային պատի տակ համարեա թէ ամբողջ օրը ստւեր է լինում։ Պատի չորս կողմը խիտ ու բարձրաբերձ ծառեր են։ Առատ ջուրը օգնել է ծաղիկներին ազատ ու համարձակ ծլելու եւ հիմա նրանք ետմթնշաղի ցօղերի կաթիլներներով արբած բուրում են հազար ու մի անուշ բոյրով։ Առաւօտները այնտեղ, թէ ստւեր է լինում եւ թէ վայրի անտառի նման մի քանի ձեւի ու ընտանիքի պատկանող թռչուններ միասին ճռւողում են ու ծլւլում։ Այդտեղ թէկուզ եւ մի քանի րոպէ միայն, սակայն էլի աշխարհից հեռու լինելու, նրա թոհ ու բոհից անջատւելու եւ բնութեան գրկում լինելու մի հրաշագեղ զգացում է պարուրում մարդու հոգին։ Շաբաթական մէկ կամ երկու անգամ, արեւածագի հետ ես գալիս եմ այստեղ, թէ բնութեան հրաշալիքների բաժինս վայելելու, եւ թէ մի քանի րոպէ մարմնամարզութեամբ զբաղւելու համար։
- Ձախ ձեռքը աջ ոտքին, աջ ձեռքը ձախ ոտքին։ -Դպրոցում կանչում էր իմ մարզանքի առաջին ուսուցչուհիներից մէկը, թմփլիկ ու ճերմակ թուշերով, սրճագոյն մազերով, կարճ հասակով, օրիորդ Ալան։ Հիմա էլ դեռ նրա սուր ձայնը ականջիս մէջ է։
-Ձա՛խ, ա՛ջ։ Ձա՛խ, ա՛ջ։- Նոյն շարժումը կրկնում էր նաեւ աւարտական դասարանի մարզանքի ուսուցիչ պարոն Սոլբին։
Հիմա էլ դեռ ես նրանց հրամանով եմ շարժւում։ Մերթ Ձախ ձեռքը աջ ոտքին, աջ ձեռքը ձախ ոտքին, եւ մերթ էլ Ձա՛խ, ա՛ջ։ Ձա՛խ, ա՛ջ հրահանգների ներքոյ շարժումներս կատարելով Թռչունների ծլւլոցն այսօր ի մասնաւորի, թէ ուժեղ է, եւ թէ ինձ թւում է, որ այս առաւօտւայ համերգը համալրւած է մի քանի նոր ձայներով։ Ամէն ինչ երազայինի նման է։ Որքան լաւ է, որ այս մետաղատարած ու ծխակոլոլ քաղաքի համարեա թէ մէջտեղում ստեղծւած զբօսայգու այս մասը քիչ թէ շատ անձեռնմխելի է մնացել, որովհետեւ շատ -շատերը իրենց նեղութիւն չեն տալիս մինչեւ բլուրի գագաթը բարձրանալու։ Բայց յանկարծ գեղեցիկ մտքերիս թելը կտրւում է միանգամայն։ Ինձնից մի տաս-տասնհինգ մետր հեռաւորութեան վրայ, մարմարեայ ցանկապատի տակ հաւաքւած քարերի ջարդօններին մի մարդ է նստել, որին ես չեմ նկատել։ Մարդը արձանացած է։ Չի շարժւում։ Անթարթ աչքերով նայում է իմ կողմն ու մնում է նստած։
Նոր շարժում սկսելու համար մի քիչ թռւռում եմ, թեւերս օդում ճօճում, հետ ու առաջ վազում, շունչ առնում եւ կանգնում։ Վզի շարժումների հերթն է։ Ես ու չշարժւող մարդը իսկականից դէմ առ դէմ ենք հիմա։ Միայն թէ, նա նստած է, ես կանգնած։ Սառն ու անտարբեր հայեացքն իմ կողմը յառած անթարթ աչքերով նայում է նայում եւ ոչ մի շարժում։ Վզիս մարզաշարժումներն էլ աւարտւում են։ Մի կարճ պահ լուռ ու անշարժ դադարից յետոյ, փորձում եմ գլխով բարեւել նրան։ Մի քանի անգամ կրկնում եմ այդ գլխով բարեւելու շարժումը։ Ո՛չ մի հակազդեցութիւն։ Հիմա ձեռքերս լայն բացած պէտք է մէջքիցս վերեւ, մարմինս թեքեմ եւ որքան հնարաւոր է ձեռքս թափով դէպի հետ տանեմ։ Այս շարժմանը օրիորդ Ալան չգիտեմ թէ ինչ էր ասում, բայց պարոն Սոլբին գոռում էր.
-Տղայ, մէջքիցդ ներքեւը չպիտի շարժւի։ Թեւդ այնպէս պիտի դէպի յետ թափ տաս, որ երեսդ ամբողջութեամբ շուռ գայ դէպի յետ։
Ես հիմա այդպէս եմ անում։ Եւ ամէն անգամ, որ փոխում եմ թեւս, ձախից աջ, եւ աջից ձախ դառնալով, նայւածքս գամւում է արձանացած ծերուկի վրայ։ Նա ոչ մի շարժում չի անում։ Ձեռքերը ծնկներին դրած, քարացած, պապանձւած, նստել է ու ինձ է նայում։
Յանկարծ առանց նախապէս որոշելու մի քանի քայլ մօտենում եմ նրան եւ բարձր ձայնով կանչում.
-Ինչ էլ լաւ տեղ էք նստել։ Լաւ ճաշակ ունէք։
Էլի ոչ մի պատասխան։ Այս անգամ գոռում եմ բարձրաձայն.
-Ինչ էլ լաւ տեղ էք նստել։ Լաւ ճաշակ ունէք։
Եւ ինձ թւում է, որ մեր մօտակայքի թռչունները իմ գոռոցից, վախւորած թեւածում են ու տազ անում իրենց թաքստոցներում։ Յետոյ ես նեղացած նրա անտարբերութիւնից փորձում եմ ինքս էլ անտարբեր ձեւանալ եւ չտեսնելու տալ ինձ արհամարհող ծերուկին։ Վերադառնում եմ նախկին տեղս։
Ժամացոյց չունեմ, բայց վստահ եմ, որ մի ամբողջ ժամ գոնէ մարզւել եմ բնութեան այս անկիւնում։ Իմացածս ու յիշածս շարժումներն արդէն իրենց աւարտին են մօտենում։ Արեւն էլ բաւական վերեւ է եկել։ Տաքն իրեն զգալի է դարձրել։ Ու երբ ես կարծեցեալ մարզակցիս յետեւից ընկած աջ ու ձախ եմ ցատկում ու կանչում Հիմա կը բռնեմ։ Հիմա կը բռնեմ, աչքի տակով նկատում եմ, որ արձանացած մարդը շարժւում է։ Նա հիմա կանգնել է տեղից, ձեռքում ձեռնափայտ։
-Հը, յոգնեցի՞ք։
Կանչում եմ դարձեալ բարձր ձայնով։ Դարձեալ նրա հայեացքն իմ կողմն է, բայց ո՛չ մի արձագանք։ Ո՛չ մի պատասխան։
Եւ ահա արձանը սկսում է շարժւել։ Նա ձեռնափայտի օգնութեամբ դանդաղօրէն առաջ է շարժւում եւ մօտենում է ինձ։
Ես հասել եմ նստել - կանգնել շարժմանը։ Լայն բացած թեւերս պտտեցնում եմ ուսերիս շուրջն ու նստում - կանգնում եմ։ Հետն էլ հաշւում եմ, մէկ, երկու - Թեւերս մի ամբողջ շուրջ պտտեցնում եմ, նստում եմ, կանգնում։ -Հաշիւը կորցնում եմ Նստում եմ- կանգնում։ Բայց հայեացքս լռակեաց մարդու վրայ եմ պահել։ Նա հազում է խռպոտ։ Տեսնում եմ, թէ ինչպէս է ազատ ձեռքով գրպանից մի թաշկինակ հանում եւ սրբում բերանի շուրջը։ Ես մեքենայաբար, նստում եմ կանգնում։ Դանդաղել եմ, պարզ է, բայց դեռ նստում եմ, կանգնում Նստել կանգնել
Մարդը ձեռնափայտը գետնին խփելով գալիս է, գալիս է եւ չի սակայն հասնում ինձ
Ջարդւել եմ, յոգնել։ Կորել եմ քրտինքի տակ, բայց դեռ շարունակում եմ, նստել կանգնել Քրտինքը վազում է ճակատովս, զգում եմ, որ արդէն շնչահեղձ եմ լինում, բայց մարդը գալիս է, գալիս է ու տեղ չի հասնում
Եւ ահա նա յայտնւում է իմ առջեւ։
Մօտիկից նայում եմ նրա խունացած, խոնաւ աչքերի մէջ։ Յանկարծակիօրէն ագռաւների ուժեղ կռկռոց է բարձրանում մեր գլխավերեւում։ Ծերուկը ձեռքը դնում է ճակատին ու նայում նրանց կողմը։ Յետոյ էլ ձեռնափայտն է բարձրացնում եւ թափահարում օդում։
-Շուն, շան որդիներ - Հայհոյում է բարձրաձայն ագռաւների հասցէին։ Դէմքին ոչ մի արտայայտութիւն չկայ։
Ահա եւ մենք դէմառդէմ ենք կանգնած։ Ես՝ հեւասպառ, նա՝ հանդարտ ու հանգիստ Ես՝ հարցերի շարանը լեզւիս ծայրին, նա՝ լուռ ու անտարբեր։
Մի պահ ինձ թւում է, որ ես ընկնելու եմ շուտով։ Շարժումներս դադարեցրել են։ Ամէն մի թեւս մէկ տոննա է կշռում։ Նա դանդաղ եւ աներեր անցնում է կողքովս, եւ երբ ես հաւաքելով ամբողջ ուժերս ճիգ եմ անում նրա ականջին գոռալու.
-Ի՞նչ կը լինէր եթէ բարեւներիս մի թեթեւ պատասխանէիք, - նա, այդ արձանացած, ձեռնափայտը ուսին դրած, դանդաղաքայլ մարդը, միանգամայն շրջւում է դէպի ինձ եւ նայում աչքերիս մէջ։
Ես ոչ մի բան էլ չեմ կարողանում կարդալ նրա աչքերի մէջ։
Ուղեղս երեւի դադարել է աշխատելուց
Գլխապտոյտ ունեմՍրտխառնուք
Իսկ նա ձեռնափայտը գետնին թխկթխկացնելով, արձանաքայլ եւ հաստատակամ շարունակում է իր ճամփան։

Հենրիկ Էդոյեանի
բանաստեղծութիւնների ժողովածու


Վերջերս ստացանք Հենրիկ Էդոյեանի բանաստեղծութիւնների ժողովածուն՝ Փողոցի բաժանւող մասում վերնագրով։ 112-էջանոց սոյն գիրքը հրատարակւել է Ապոլոն հրատարակչութեան միջոցով, 2006 թւականին, եւ պատկերազարդւած է Ջորջ Դը Կիրիկոյի նկարներով։ Էդոյեանը ժամանակակից հայ բանաստեղծութեան լաւագոյն ներկայացուցիչներից է, որի գործերը իրենց պարզ (առերեւոյթ պարզ) լեզւով եւ ինքնուրոյն, մեծամասնաբար քաղաքային պատկերներով, մեծ բաւականութիւն են պատճառում ընթերցողին։ Հետեւեալ բանաստեղծութիւնները հէնց այդ ժողովածուից ենք ընտրել։


 

 

 

 

Յոյս թիւ13
31 Հոկտեմբեր 2007