Բախտ

Ռոբերթ Սաֆարեան

Կինը յղի էր։ Քսան րոպէից աւել էր, որ կառավարական աշխատողների բնակութեան շէնքերի առջեւի լայն բուլւարում, որը քաղաքի կենտրոնը միացնում էր օդակայանին, տաքսու էին սպասում՝ քաղաք մեկնելու՝ բժշկական ստուգան համար։ Այրող արեւն ընկել էր փողոցի ասֆալտի, բուլւարի մէջտեղի վարդաթփերի ու բետոնէ քանիյարկանի շէնքերի վրայ, որոնց բնակարաններից մէկում ապրում էին նաեւ նրանք։ Քսան րոպէից աւել էր, որ նրանք՝ կինն ու տղամարդը, սպասում էին տաքսու, եւ այդ քսան րոպէում, ոչ մի բառ չէին փոխանակել, եւ ոչ էլ նայել էին իրար։ Սպասելուց կարգին ձանձրացել էին, երբ մի գեղեցիկ փաթրոլ կանգ առաւ նրանց ոտքերի առջեւ։ Տղամարդը նախ մտածեց՝ վարորդն ուզում է ինչ-որ հասցէ հարցնել, սակայն մէկ-երկու քայլ մօտենալով մեքենային նկատեց, որ նա շրջւել է եւ ետեւի նստարանի իրերն է դասաւորում. ըստ երեւոյթին, մտադիր էր նրանց նստեցնել։ Նա կոկիկ ու մաքուր արտաքինով միջահասակ մի տղամարդ էր։ Երբ տղամարդը մեքենայի առջեւի պատուհանի մօտ հասաւ, վարորդն հարցրեց. Քաղա՞ք էք գնում։ Տղամարդը, որ մի քիչ զարմացել էր, տարակուսանքով գլուխը շարժեց ու ասաց. Այո՛։ Դէ նստէք, կը հասցնեմ։ Նեղութիւն կը լինի։ Ոչ մի նեղութիւն, ես էլ գնում եմ քաղաք։ Մարդն էլ բան չասաց, վերադարձաւ դէպի կինն ու կանչեց. Ե՛կ, պարոնը բարեհաճում է եւ մեզ կը հասցնի քաղաք, եւ սուս ու փուս բարձրացան մեքենայ։
Մեքենան շարժւեց, բուլւարի վերջին հրապարակով անցաւ եւ մտաւ քաղաքի բարակ փողոցները։ Խանութները մեծամասնաբար փակ էին, իսկ փողոցներով ոչ մի անցորդ չէր անցնում։ Սակայն մեքենայի դրսի անցուդարձը այլեւս չէր հետաքրքրում նրանց։ Այն վառւող դժոխքում այդպիսի երկար սպասումից յետոյ, մեքենայի ներսը իսկական դրախտ էր։ Մեքենան զովամուղ ունէր, որից փչւող մեղմ հովից շարժւում էին նրա անցքերին կապած նուրբ գունաւոր ժապաւէնները։ Իսկ ռադիոյից հաճելի երաժշտութիւն էր լսւում, որն աւելի հաճելի էր դարձնում մեքենայի ներսի զովութիւնը։ Իսկ վարորդի օծանելիքի բուրմունքը լրացնում էր այս բոլորը։ Ղեկի ետեւը նստած մարդն այլեւս գործ չունէր նրանց հետ. ոչ հարցրեց թէ՝ ճաշից յետոյ, այս տաքին ո՞ւր էք գնում, եւ ոչ էլ հետա-քրքրւեց՝ որտեղացի՞ էք. ոչ մի նման հարց, որն առհասարակ, եթէ հազարից մէկը ձրի նստեցնում էր մի անցորդի, իր հետաքրքրութիւնը բաւարարելու կամ լռութիւնը կոտրելու համար, հարցնում էր նրանից։ Բայց այս վարորդը բոլորովին տարբեր էր։ Ինքն էլ իր մեքենայի նման դրախտային էր։ Այս փոքրիկ քաղաքի միւս բնակիչների հակառակ, գործ չունէր ուրիշների գործին։ Մարդը մտածմունքի մէջ էր. կինն էլ։ Տղամարդն ինքն իրեն մտածում էր, որ իր ամբողջ կեանքում այդպիսի բախտ չէր բերել։ Ինչ ժամանակին էր հասել այս փրկարար հրեշտակը։ Սպասելու պահին կնոջ երկար լռութիւնը պատահական չէր։ Երբ արեւի տակ կանգնել էին, նա արեւի ճառագայթների ջերմութեանը դիմանալուց բացի, խիստ մտահոգւած էր, որ կինը ինչպէս է վերջ տալու լռութեանը։ Ելնելով քանի տարի ամուսնական կեանքի փորձից, լաւ գիտէր, որ այդ լռութիւնը լաւ բան չէր նշանակում։
Վարորդը տղամարդուց հարցրեց, թէ ստոյգ ո՞ւր են գնում, եւ նա յայտնեց այն փողոցի անունը, ուր գտնւում էր բժշկի կաբինետը։ Մեքենան ճիշտ բժշկի դռան աջեւ նրանց իջեցրեց։
Քաղաքում օդը մի քիչ աւելի հով էր այն անապատից, ուր կառուցել էին նրանց բնակութեան բետոնէ շէնքերը։ Մայթի վրայ, մի քանի ծառ կար եւ դրանցից մէկի շւաքում, մի թիթեղէ ջրաման էր դրւած, որի շուրջը թաց գունի էին փաթաթել եւ շուրջը մի քանի մետաղէ բաժակ էին շարել։
Տղամարդը մտածեց, որ յարմար առիթ է՝ լռութիւնը ընդհատելու։ Նայեց կնոջն ու ասաց. Համա լաւ բախտ բերեցինք, հա։ Կինը կարծես հէնց դրան էր սպասում. հա, իսկապէս. իսկապէս մեծ բախտ բերեցինք։ Տէր Աստւած, մարդիկ ապրում են, մենք էլ ապրում ենք։ Եւ յետոյ ամբողջ ժամանակ, երբ նստել էին բժշկի սպասասրահում, խօսեց։ Ասաց, որ կարօտել է մօրը եւ քոյրերին, որոնք ապրում են Թեհրանում, որ մենակութիւնից գժւել է, որ սիրտն ուզում է մեքենայ ունենան, զովամուղ ունենան, արձակ օրերը հարեւաններին հրաւիրեն իրենց տուն, ուրբաթ օրերը զբօսանքի գնան։ Յետոյ մատով փորը ցոյց տւեց ու ասաց. Էս ի՞նչ մեղք է գործել։ Էս ինչո՞ւ պիտի տանջւի։
Տղամարդը. կարծես, առաջին անգամն էր նկատում կնոջ մեծացած փորը։ Մինչ այդ, կարծես այդ փորը ոչ մի կապ չունէր իր հետ, եւ երեխան կնոջ մարմնի մի մասն էր միայն։ Երբ բժշկական ստուգումից յետոյ իջնում էին աստիճանները, այդ նոր արարածի ներկայութիւնը իրենց կեանքում, որն իրեն ու իր կողքին ծանր քայլող կնոջը շաղկապելու էր իրար, նրան չէր լքում։ Մտածում էր, երեւի կինը վատը չէր գայ, որ այն մաքուր հագնւած վարորդի կինը լինէր։ Երբ աստիճանները վերջացան ու ոտք դրին փողոցի մայթը, օդը աւելի էր հովացել։ Կինը լուռ էր։ տղամարդը նայեց նրա տխուր դէմքին ու բարձրացած փորին եւ իր ամբողջ էութեամբ ըմբռնեց իրականութիւնը՝ նա երբեք չէր կարող այն մարդու մեքենայից ունենալ, նրա նման հագնւել, եւ նրա օծանելիքից իր վրայ ցանել, իսկ կինը մինչեւ կեանքի վերջը յիշելու էր այդ մաքուր մարդուն ու նրա զով մեքենան, եւ երբեք իրեն բախտաւոր չէր զգալու։ Անորոշ ապագայի մտքից ծանրացել էր նրա գլուխը։

Յոյս թիւ 18
16 Յունւար 2008