Նոր Տարին կառուսելում

Շանթ Բաղրամեան

Նոր տարին մի քանի օրից դիմաւորելու էր մեզ։ Ինչպիսի իւրօրինակ օրեր ապրեցինք։ Դպրոցական քննութիւնները աննախադէպ կերպով, յետաձգւել էին մի ամսով, ուրեմն հանգիստ շնչում էինք ու սպասում գալիք լաւ օրերին։ Իհարկէ, սա դեռ բոլորը չէր, այն տարի տօնական օրերը աւելի նշանակալից էին, որովհետեւ Անգլիայից մեզ մօտ էր ժամանել հօրաքրոջս աւագ տղան Յովիկը ու իր անգլուհի կինը՝ Ռոզը։
Քառասունհինգը անց Յովիկը, որ մի երկու տասնամեակ էր, ինչ բնակւում էր Լոնդոնում, մեզ զբաղեցնում էր նախ իր բերած նւէրներով ու անգլիական քաղցրեղէններով, ապա իր արկածախնդիր կեանքից հետաքրքիր պատմութիւններ պատմելով։
Ըստ երեւոյթին, նա հասցրել էր բաւականին վայրեր այցելել ու հաւատարիմ մնալ այն սկզբունքին, որ արդէն իսկ մի քանի անգամ շեշտել էր իր խօսքերում ՝ թէ մարդ պիտի մոռանայ անցեալն ու նոր կեանքի յետեւից գնայ, մի խօսքով անակնկալներով լի, արկածախնդրական կեանք վարի։
Նա պատմում էր Մեծ Բրիտանիայում ապրած իր օրերի մասին, մերթ խօսում էր Դիստրիկ լճի մասին, որն ըստ իրեն՝ Լորդ Բայրոնի մուսաններն այնտեղ էին եկել, մերթ պատմում էր արդիական արւեստի թանգարանի հրաշքների վերաբերեալ, եւ յանկարծ յիշում էր թէ՝ ինչպէս Գլասկոյում ընկերները իրեն պարտադրել էին շոտլանդական փէշ հագնել։
Ապա ոգեւորւած պատմում էր Մանշի ջրանցքի մասին ու նաեւ իր վերջի փարիզեան այցելութիւնից մանրանկարներ էր պատմում, սակայն Լոնդոնի pub-երը (Յովիկը չէր սիրում այդ վայրերը հայերէնով կոչել) նրա պատմութիւնների գերակշռող տեսադաշտն էին, նամանաւանդ այն պատճառով, որ Ռոզին հանդիպել էր bridge (կամուրջ) pub-ում։ Նա պատմում էր ու մենք ուշաթափ լսում էինք, եւ իհարկէ երանի տալիս մեր սիրելի հիւրին։
Ու այսպէս մի քանի օր մեզ լաւ անցաւ պարզապէս Յովիկի ներկայութեան պատճառով, բայց ասեմ թէ՝ Ռոզի հետ քիչ էինք շփւում, երեւի լեզուն չիմանալու պատճառով, բայց վերջիվերջոյ նա մեր հարսն էր ու շատ տեղին էր ընկալւում նրա ներկայութիւնը մեր տանը, եւ այս փաստը պատճառ էր դառնում, որ մենք շատ հեշտութեամբ մոռացութեան տանք այն բոլոր պատմութիւնները, որ պատմել էր հայրս Յովիկի քաջագործութիւնների մասին, երբ նա ապրել էր մեզ մօտ՝ Թեհրանում։ Հայրս պատմել էր թէ նա աշխոյժ գործունէութիւն է ծաւալել Հայ Դատի համար Ու ո՞վ կը մտածէր թէ հիմի Սալբիի, Անահիտի ու Զեփիւռի փոխարէն մեր տնում ման էր գալիս Ռոզը։
Մօտենալով տարավերջի օրերին՝ Յովիկի պատմութիւնները շրջադարձ խաղացին ու սկսւեց լոնդոնեան Ամանորի դիմաւորման տօնակատարութիւնների վէպը, իսկ տարւայ վերջին օրւայ համար նա պահել էր նաեւ մի անակնկալ՝ նա ոգեւորութեամբ սկսել էր պատմել թէ նոր հազարամեակը մուտք է գործել Ռոզի ու Ջակի (կնոջ եղբօր) հետ, Լոնդոնի աչքում։
Մենք զարմացած իրեն էինք նայում, երբ նա շարունակեց անգլերէնով, մեզ համար հարցը, երեւի, աւելի հասկանալի դարձնելու համար,- այո London eye-ում, ուրեմն մի հսկայ կառուսել է՝ Թայմզ գետի ափին, այնքան մեծ է այդ կառուսելը,- յաղթական շարունակեց նա,- ամբողջ Լոնդոնը ոտքիդ տակ է, երբ բարձրանում եւս կառուսելով վեր։
Յետոյ մի անգլիական ժպիտ շողաց Յովիկի դէմքին ու շարունակեց,- գիտէք ո՞րն էր հրաշալին, այն, որ մենք, այսինքն՝ մեր վագոնը, գտնւում էր կառուսելի գագաթնակէտին, երբ 2000 թւականն սկսեց։
Ու իր հրաշք պատմութիւնն աւարտելուց անմիջապէս յետոյ, իր մօտ քաշեց Ռոզին, որն այդ պահին մեր կողքից էր անցնում, ապա պարային մի շարժումով հասաւ սենեակի անկիւնն ու իր ցոյցն աւարտեց մի համբոյրով, որից շիկնած Ռոզը, հազիւ ազատւելով Յովիկի գրկից, չքացաւ։
Մեզ համար ամենազարմանալին այն եղաւ, երբ՝ յանկարծ մեր լոնդոնեան անուրջներից շեղւեցինք ու նկատեցինք թէ Յովիկը շշմած նայում է պատին փակցւած սեւ-սպիտակ լուսանկարին, մի հին նկար, որը գիտէինք թէ հայրս այնքան է սիրում, որ նրան յարմար շրջանակում կաղապարել էր։
Մի քանի պահ Յովիկը տխուր հայեացքը սեւեռել էր պատկերին, իսկ դրանից յետոյ, ի զարմանս մեր, նա շատ չխօսեց, եւ այս վիճակը շարունակւեց մինչեւ ընթրիքի ժամը։
Ամանօրեայ սեղանը ամէն ինչ կարգաւորեց, սեղան նստելիս մութ ամպերն շտապ նոսրացան ու նորից Յովիկն սկսեց իր մոնօլոգը։
Այս անգամ նա պատմում էր Իմպերիալ Քօլէջի, Թօնի Բլէրի ու փաունդի արժէքի մասին, իհարկէ չէր մոռանում պատմել pub-երի, ի մասնաւորի Bridge (կամուրջ) pub-ի մասին։
Նոր տարւայ տօներն անցան եւ Յովիկն ու Ռոզը գնացին։
Մի քանի օր անց տնում նստած հայրս յանկարծ ասաց.
- Էն պատի վրայի լուսանկարը նկարւել ենք 30-35 տարի առաջ՝ իմ ու Յովիկի մեծ մօր տանը, նոր տարւայ նախօրեակին։
Լաւ յիշում եմ։ Հէնց նոյն օրն էր, որ ես ու Յովիկն ու մեծմօրս հարեւանի թոռնուհի՝ Սալբին զբօսնելու գնացինք ու կառուսել նստեցինք, էն փոքր կառուսելներից, որ յաճախ շրջում ու անցնում էին Թեհրանի փողոցներից։ Լաւ եմ յիշում, տօնածառի մօտ նկարւեցինք եւ հէնց նոյն պահին էր, որ Յովիկը՝ մի տեսակ շնչասպառ եղած ականջիս շշնջաց՝ Յարո՛ւթ, ես Սալբիին սիրում եմ

Յոյս թիւ 19
30 Յունւար 2008