ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԲՆԱԿՈՒԹԵԱՆ

ԵՐԵՔ ՔԱՂԱՔՆԵՐԸ
 

Ռոբերթ Սաֆարեան

 


Թեհրան

Թեհրանը շրջապատւած է երեք երկրաշարժային ճեղքերով, որոնցից իւրաքանչիւրի ակտիւացումը կարող է աւերակի վերածել այս քաղաքը: Սրանցից ամենավտանգաւորը` "Շահրէ Ռէյ"-ի ճեղքը, գտնւում է քաղաքի հարաւում: Դրա ժամանակ առ ժամանակ ակտիւացման հետեւանքով, պատմութեան ընթացքում անգամներ հիմնայատակ կործանւել է Ռէյ պատմական քաղաքը: Թեհրանի հիւսիսում կայ մի երկրորդ ճեղք, որն այդպէս էլ կոչւում է "հիւսիսային ճեղք". դրան է միանում Թեհրանի արեւմտեան բարձունքներից դէպի "հիւսիսային Ճեղք" ձգւող "Մաշա" ճեղքը: Սրանցից բացի, մի շարք այլ ճեղքեր եւս կան քաղաքի կենտրոնական եւ արեւմտեան մասերում: Մասնագէտների հաւաստմամբ Թեհրանում անպայման լինելու է երկրաշարժ, միայն թէ բնականաբար յայտնի չէ թէ՝ ստոյգ երբ եւ ինչ ուժգնութեամբ, սակայն այն ինչ պարզից էլ պարզ է՝ դրա պատճառած վնասներն ու աւերումը, լինելու է անչափ մեծ, յատկապէս նկատի ունենալով քաղաքի 12 միլիոնանոց բնակչութիւնը:
Երեւան

Երեւանի մէջ եւ մօտակայ շրջաններում կան առնւազն երեք ակտիւ երկրաշարժային ճեղքեր, որոնք կարող են ցանկացած պահի ցնցել եւ մեծ վնասների ենթարկել սովետական շրջանին շինւած անորակ բազմայարկ շէնքերը: Ակտիւ են Երեւանի, Գիւմ-րիի եւ Արաքսի ճեղքերը:
Հայաստանի ամենավաղ շրջանի երկրաշարժը, ըստ պատմաբանների, տեղի է ունեցել 550 թւականին Քրիստոսից առաջ: Այս թւականից մինչեւ 1932, տեղի են ունեցել երկու 7.0 եւ 7.4 չափ ուժգնութեամբ երկրաշարժեր եւ տասնհինգ 5.0-էն 6.9 ուժգնու-թեամբ երկրաշարժեր: 893 թւականին Դւինի 6.0 չափի ուժգնութեամբ մի երկրաշարժ 70,000-ից աւելի մարդկային զոհեր է խլել եւ Հայաստանի այդ մայրաքաղաքը մեծ մասամբ կործանել։ Իսկ 1679-ի Գառնիի երկրաշարժը կործանել է Երեւան քաղաքը՝ խլելով 8000-ից աւելի զոհեր: 1840-ին տեղի է ունեցել 7.4 ուժգնութեամբ Արարատեան երկրաշարժը:
Գլենդէլ

Բազմաթիւ ճանաչւած երկրաշարժային ճեղքեր գծգծել են Գլենդէլի շրջանը, ինչը սովորական երեւոյթ է համարեա ամբողջ հարաւային Կալիֆորնիայում: Աւելի ճա-նաչւած են Սիերա Մադրէի եւ Հոլիվուդի ճեղքերը, քաղաքի հիւսիսային եւ հարաւ-արեւմտեան շրջաններում: Իսկ Վերդիգոյի ու Ռէյմոնդի ճեղքերը անցնում են քաղաքի կենտրոնական եւ հիւսիս-արեւելեան շր-ջաններով: Սան Անդրէասի ճեղքի ամենամօտ մասը Գլենդէլին գտնւում է քաղաքից 29 մղոն հեռաւորութեան վրայ: Այս ճեղքի երկայնութեամբ տեղի ունեցած վերջին մեծ երկրաշարժը արձա-նագրւել է 1857 թւականին:
1971-ի Սան Ֆերնանդոյի երկրաշարժը տեղի ունեցաւ Սիերա Մադրէ ճեղքի արեւմտեան ծայրում եւ պատճառ դարձաւ մօտա-ւորապէս 12 մղոն երկարութեամբ մակերեսային ճեղքւածքի: Դրա մի հատւածը գտնւում էր Գլենդէլի հիւսիս արեւմուտքում, քաղաքից միայն մի քանի մղոն հեռաւորութեամբ: Այդ երկրաշարժի հետե-ւանքով 31 կառոյց Գլենդէլում վնասւեցին եւ պարտադրաբար քանդւեցին, եւ տասնեակ ծխնելոյզներ տապալւեցին: Իսկ 1994-ի Նորթրիջի երկրաշարժի կենտրոնը գտնւում էր Գլենդէլից 18 մղոն հեռու: Դրա հետեւանքով եւս քաղաքը բաւական վնասներ կրեց, այդ թւում քաղաքի հանրային փարքինգը եւ "Գլենդէլ Գալե-րիա"-ի փարքինգի կառոյցների մի մասը եւ դրա արտաքին սիւները վնասւեցին:

Ահա այսպիսին է դրութիւնը Թեհրանում, Երեւանում եւ Գլեդէլում. քաղաքներ, ուր ապրում են մեծ թւով իրանահայեր: Այսօր իւրա-քանչիւր թեհրանահայ սերտ կապի մէջ է, Երեւանի եւ Գլենդէլի հետ. անպայման հարազատներ ունի Գլենդէլում, եթէ նոյնիսկ անձամբ չի երթեւեկում Լոս Անջելեսի մերձաւորութեամբ գտնւող այդ փոքրիկ քաղաքը, եւ հաւանաբար բնակարան ունի Երեւանում եւ տարին մի քանի անգամ մեկնում է այնտեղ կամ էլ նրա երեխաները համալսարան են յաճախում այդ քաղաքում:
Եւ ահա հարց է առաջանում, թէ դա ինչպէ՞ս է ստացւել, որ այս երեք քաղաքներն էլ գտնւում էն երկրաշարժերի գօտիների վրայ: Բախի չար կատակ համարե՞նք թէ՞ պատահականութիւն, որ երբ իրանահայերը նոյնիսիկ Ամերիկա են մեկնում, բնակութիւն են հաստատում այնպիսի մի շրջանում, որտեղ բաւական բարձր է երկրաշարժի հաւանականութիւնը:

 

Յոյս թիւ 73

5 Մայիս 2010