ՆՈՐՈՒԶԻ ԾԱԳՈՒՄԸ

Ահրիմանը (Չար ոգին) երաշտ ու աղէտ բերեց երկրի վրայ, բայց Ջամշիդ թագաւորը պատերազմ յայտարարեց նրա դէմ եւ ի վերջոյ, յաղթեց նրան։

 

Իրանական նոր տարին, որը կոչւում է Նորուզ, զուգադիպում է գարնան առաջին օրւան, Մարտի 21-ին։ Դրա ծագման մասին աւանդոյթներ եւ յիշատակութիւններ շատ կան, որ ստորեւ կանդրադառնակք դրանցից մի քանիսին։
Ըստ զրադաշտական աւանդութեան ու նաեւ պարսիկ եւ արաբ շատ գրողների ու բանաստեղծութիւնների, Նորուզի առաջացումը վերագրւում է Փիշդադեան հարստութեան թագաւոր Ջամշիդին։
Ջամշիդ թագաւորը մի գահ է պատրաստում, որ դեւերը այն առնում են իրենց ուսերին ու բարձրացնում վեր. մէկ օրւայ մէջ Դամաւանդ սարից նրան տանում, հասցնում են Բաբելոն։ Մարդիկ այդ տեսնելով շատ են զարմանում եւ այդ յատուկ օրը կոչում են Նորուզ։
Ֆարսի բլբուլը անմահ Ֆերդոսին նկարագրել է այդ միջադէպը։
Հեքիմ Օմար Խայեամը իր Նորուզնամէ-ում այս տօների առթիւ խօսելով յիշատակում է. Դրա համար է, որ արեգակը 365 օրում վերադառնում է Համալ (խոյ) ամսի առաջին րոպէին, եւ երբ Ջամշիդը իմացաւ այդ մասին, այդ օրը կոչեց Նորուզ։ Այնուհետեւ միւս արքաներն ու բոլոր մարդիկ հետեւեցին նրան եւ շուքով տօնեցին այդ օրը, ապա աւետեցին համայն ժողովրդին, որպէսզի նրանք էլ իմանալով նշեն այդ թւականը։ Արքաներին եւս անհրաժեշտ է, որպէսզի թագաւորական պատշաճութեամբ տօնախմբութիւն կատարեն այդ օրը։
Իւրաքանչիւր անհատ այդ բարեբաստիկ տօնի առիթով թող ուրախանայ եւ խանդավառւի, որպէսզի մինչեւ գալիք Նորուզ ինքն իրեն լաւ զգայ։
Այդ եղանակը Ֆարւարդեգան էր կոչւում, որը հանդիսանում էր նախնիների տօնը. մարդիկ այնպէս էին ընկալում, թէ այդ ամսւայ առաջին 5 գիշերներին ննջեցեալների ոգիները իրենց հարազատներին այցի են գալիս նրանց վիճակն ստուգելու համար։ Եթէ տունը մաքուր էր, ամէն ինչ կարգին էր, ոգիները ուրախանում էին, հակառակ դէպքում, տխուր եւ անհանգիստ հեռանում։
Մի այլ աւանդութեան համաձայն, Ջամշիդ թագաւորը շաքարեղէգը գտնում է հէնց այդ օրը եւ մարդիկ զարմանում են դրա յայտնութեան ու յատկութեան համար։ Այնուհետեւ Ջամշիդ թագաւորը կարգադրում է, որ դրա հիւթից շաքար պատրաստեն եւ նւիրեն մարդկանց։ Այդ օրը Նորուզ անւանեցին։
Ասում են, թէ Ահրիմանը (Չար ոգին) երաշտ ու աղէտ բերեց երկրի վրայ, բայց Ջամշիդ թագաւորը պատերազմ յայտարարեց նրա դէմ եւ ի վերջոյ, յաղթեց նրան։ Այդպիսով արմատախիլ եղան սովն ու երաշտը. դրա վերանալով ծառերն ու չորացած ճիւղերը կանաչեցին։ Ժողովուրդն այդ օրը Նորուզ կոչեց եւ այդ բարեբաստիկ օրը ամէն մէկը մի տաշտի մէջ գարի ցանեց, եւ այստեղից էլ Նորուզին կանաչ աճեցնելու սովորոյթը ժողովրդի մէջ տարածւեց, որը եւ պահպանւել է առայսօր։
Աբու Ռէյհան Բիրունին իր Ալբաղիէ ստեղծագործութեան մէջ ընդգծում է. Նորուզի տօնակատարութիւնների ծէսերից էր, որ տան 7 սիւների առջեւ 7 տեսակի հացահատիկ ցանեն, եւ ո՜ր մէկը լաւ աճէր, նշանակում էր առատ բերք էր տալու այն։
Ինչպէս տեսնում ենք, Նորուզը զուգադիպում է գարնանամուտին եւ բը- նութեան վերազարթումին ու դրա հետ կապւող ծէսերին։ Ուստի այդ տօներն ու աւանդական սովորոյթները ընդհանրապէս շրջակայ երկրներում տեղի էին ունենում փոքրիշատէ յար եւ նման կերպով։
Փոքր Ասիայում, Յունաստանում, Հայաստանում եւ այլ վայրերում գարնանամուտի նման տօնակատարութիւններ տեղի են ունեցել, որոնք հետագայում էլ այսպէս թէ այնպէս պահպանւել եւ նշւել են գալիք սերունդների կողմից։
Պատմական տւեալները խօսում են այն մասին , թէ Պարսկաստանում մինչեւիսկ Ջամշիդ թագաւորից առաջ տօնւել է Նորուզը։ Ըստ աւանդոյթների, հին Յունաստանում մայրութեան աստւածուհի՝ Ատիսի յարութեան օրերին, երբ բնութիւնը վերակենդանանում էր, տօնը, խրախճանքն ու ծէսերի կազմակերպումը վայելուչ էր։ Այդպիսի ծէսերից էր միրէ նոռուզ-ը։ Մարդիկ իրենց միջից ընտրում էին մէկին որպէս պետ կամ միր, որը թէկուզ ծաղրածուի տարազով, իրաւունք ունէր բոլորին անվերապահօրէն քննադատելու զաւեշտական խօսքերով ու ծիծաղաշարժ արարքներով։ Նրա իշխանութիւնը տեւում էր 5 օր։ Դա միանգամայն նման է հայկական բարեկենդանին, որտեղ նոյնպէս ընտրւում է ռէս կամ գզիր, որը երեսը ներկում է, գլխին դնում գունաւոր եւ պոպոզաւոր գըլխարկ, ներկայանում ծիծաղելի տարազով եւ վայելում է ամէն կարգի ազատութիւն ծաղրելու համար իսկական իշխանին կամ իշխանաւորներին։
Հին օրերի յիշատակն է հէնց այսօրւայ Հաջի Ֆիրուզները, որոնք կարմիր զգեստներով եւ սեւացրած դէմքերով, Նորուզի օրերին յայտնւում են հեռուստատեսութեան էկրաններում, փողոցներում, հրապարակներում եւ ուրախութիւն պարգեւում մարդկանց։ Նրանք իրենց ռիթմիկ արտայայտութիւններում յաճախ են յանգերգում Հաջի Ֆիրուզն է, տօնը՝ Նորուզն է, տարեկան միայն մի քանի օր է։

 

 

Յոյս թիւ 70

10 Մարտ 2010