Ո՞Վ Է ՀԱՅ

Թամար Գեւոնեան

 

Կարելի՞ է մի հայ մուսուլման, Բահայի կամ Հինդու լինել։ Այսպիսի մի հարց է ծագում մի օր էթնիկ ինքնութեան մասին մի զրոյցում, եւ այն մասին, թէ ինչու այն շաղկապւում է կրօնական ինքնութեան հետ։
Կան մարդիկ, մեծամասնաբար սկոլարներ Հայաստանում, որոնք խիստ դէմ են` վերագրել հայկական ինքնութիւնը որեւէ մէկին, որ չի դաւանում քրիստոնէութեանը, յատկապէս դրա ուղղափառ ուղղութեանը։ Նրանք յաւակնում են, որ հայ լինել, ինքնըստինքեան, նշանակում եւ ենթադրում է լինել քրիստոնեայ։ Այս տրամաբանութիւնը ընդունելի կարող էր լինել, եթէ չլինէր այն փաստը, որ հայերը որպէս էթնիկ խումբ գոյութիւն են ունեցել երկար տարիներ քրիստոնէութիւնից առաջ` մինչեւ նրանց կողմից քրիստոնէութեան ընդունումը դաժան ու արիւնալի ձեւով։ Անցումը նոր կրօնի, որն այժմ մեր ինքնութիւնն է կազմում, խաղաղ անցում չէր եւ ինքը` Գրիգոր Լուսաւորիչը պատերազմ յայտարարեց։
Հայաստանը, սրանից երկու հազարամեակ առաջ, ունէր այլազան բնակչութիւն։ Ռազմավարական առումով գտնւելով տարածաշրջանի քառուղիներում, բազմաթիւ մշակոյթներ անցան այդ տարածքով, որոնցից ոմանք որոշեցին բնակութիւն հաստատել այնտեղ։ Հետեւաբար, այն օրերին Հայաստանը մշակութապէս այլազան երկիր էր, կրօնական առումով հանդուրժող եւ բաւականին կոսմոպոլիտեն։
...
Խաղաղասէր քրիստոնեաներ դառնալու գործընթացը բնաւ խաղաղ գործընթաց չէր։ Տրդատ թագաւորի լեգենդը զեղչում է պատմութեան հիմնական մասը, անտեսելով կրօնափոխութեան ինչպիսութիւնը։ Այդ գործընթացը թէեւ սկսեց խաղաղ, սակայն դարձաւ արիւնալի, երբ ազնւականները, եւ հին կրօնի հոգեւորականներն ու հետեւորդները դիմադրեցին ժամանակի պետութեան ջանքերի դէմ։ Հարիւր հազարաւոր մարդկանց բռնի կրօնափոխութիւնը, ինչ խօսք, միայն Աստծոյ խօսքը տարածելու նպատակով չէր կատարւում։ Տրդատ թագաւորը, կրօնի քողի ներքոյ, կարողացաւ երկիրը մաքրել քաղաքական ընդդիմադիր ուժերից, թշնամու գործակալներից եւ իւրացնել գոյութիւն ունեցող տաճարների հարստութիւնը։ Ամէն մարդ պարտաւոր էր ընդունել նոր կրօնը կամ կորցնել իր գլուխը։ Տրդատի աջակիցը այս գործում ինքը` Գրիգոր Լուսաւորիչն էր` Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը։ Իսկ նրա պաշտպանը եւ խանդավառ հետեւորդը Տրդատի կին Աշխէնն էր, որն ի դէպ հայ չէր։
Մի տասնամեակի չափ կարճ ժամանակաշրջանում, Հայաստանը մի մշակութապէս բազմազան ազգից, որը պաշտօնական լեզու չունէր, վերածւեց մի ազգի, որը հովանաւորում էր միաձեւութիւնն ու միաձուլումը, որում հայերէն լեզւի գործածութիւնը դարձաւ մի պահանջ եւ խիստ պարտադիր։ Գոյապահպանումը հիմնական մարդկային բնազդ է, եւ շատերը գերադասեցին կրօնափոխ լինել, քան կորցնել իրենց կեանքը։ Պարտադրեալ կրօնափոխներից ոմանց զաւակները, մօտաւորապէս երկու հազարամեակ յետոյ, քսաներորդ դարի սկզբնական տարիներին, պարտադրւած կանգնեցին մի ուրիշ դժւար ընտրութեան առջեւ` մահ կամ կրօնափոխութիւն, սակայն այս անգամ իսլամի։
Ինչո՞ւ ինքնութիւնը կապւած է հաւատքին։ Ի՞նչ կարելի է ասել այն հայերի մասին, որոնք ուղղափառ (օրթոդոքս) են, բայց մի բառ հայերէն չգիտեն եւ ոչ էլ բան գիտեն հայոց պատմութեան մասին։ Ի՞նչ կարելի է ասել այն խառն ժառանգութեան տէր հայի մասին, որը բուռն սէր ու խանդավառութիւն է ցուցաբերում հայկական մշակոյթի նկատմամբ, սակայն դաւանում է այլ կրօնի։ Արդեօք նրանք լրացնո՞ւմ են հայ դասւելու պայմանները։
Վերջերս ներկայ էի լուսանկարչական մի ցուցահանդէսի։ Հարին, որը հանրայայտ լուսանկարիչ է, իր լուսանկարներից մէկի մասին փոխանցում էր հետեւեալ տեղեկութիւնները. Լուսանկարը պատկերում էր, ըստ երեւոյթին, մուսուլման գիւղացի կանանց, որոնք իրենց երեխաներին կրծքներին սեղմած, կարծես փախչում են հեղեղի վտանգից։ Սակայն իրական պատմութիւնը հետեւեալն է. Նրանք քուրդ կանայք են, որոնք իրենց երեխաների մահւանից եւ մեծ տառապանքներ կրելուց յետոյ, ստանում են Թուրքիայի կառավարութեան իրաւունքը` գաղթել Գերմանիա։ Սակայն պատմութեան ամենահետաքրքրական մասը,- բացատրում է Հարին, -այն է, որ մաքսատնից անցնելիս, երբ նրանք պիտի արձանագրէին իրենց անունները իրենց նոր հայրենիքում ապրելու համար, իւրաքանչիւրը տալիս է մի հայկական անուն։ Նրանք իրականում վերականգնում էին իրենց կորցրած ինքնութիւնը։ Այսօր, նրանք կազմում են մի փոքր գեղեցիկ համայնք եւ նոյնիսկ ունեն իրենց եկեղեցին։
Այսօր, հեռաւոր երկրամասերում, որոնք մի ժամանակ Մեծ Հայքի մէջ էին մտնում, իսկ այսօր Թուրքիայի մաս են, գոյութիւն ունեն մեծ թւով հայեր, որոնք համարեա թէ բոլորը ընդունել են մահմեդականութիւնը։ Նրանք թէեւ պահպանում են իրենց հայկական ինքնութիւնը եւ իրենց իւրայատուկ հայկական բարբառը, սակայն այլեւս չեն դաւանում քրիստոնէական կրօնին։ Արդեօք մենք նրանց հա՞յ ենք համարում։
Ենթադրւում է, որ մի քանի միլիոն թաքուն հայեր են ապրում Թուրքիայում ու յարակից շրջաններում։ Հայ-թրքական փրոթոքոլների ստորագրման հետեւանքներից մէկը, որի մասին սակաւ է մտածւել, այն ազդեցութիւնն է, որ երկու երկրների յարաբերութիւնների բարելաւումը կարող է ունենալ այդ հայերի վրայ եւ դառնալ այն խթանիչ ուժն ու քաջալերանքը, որին այդ հայերը կարիք ունեն` ոտքի կանգնելու եւ իրենց արմատները վերականգնելու եւ մեր թիւը բազմացնելու։ Արդեօք կարո՞ղ ենք մերժել նրանց հայկական ինքնութիւն պարգեւել։ Ի վիճակի՞ ենք այդպէս անել։


Անգլերէնից թարգմանեց Ռոբերթ Սաֆարեանը
Աղբիւր` Ասպարէզ, 20/11/2009

Յոյս թիւ 69

24 Փետրւար 2010